Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 8 » ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է «ԿԱՆԱԶ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ
16:57
ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է «ԿԱՆԱԶ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ

Ավելի քան 25 տարի դադարից հետո Ազատության պողոտա 19 հասցեում գտնվող «Կանազ» մշակույթի կենտրոնում վերականգնվում է կինոցուցադրությունը։ Այդ առիթով կենտրոնում մայիսի 9-ը հայտարարված է բաց դռների օր։ Ժամը 2-ից մինչև 9-ը «նոն ստոպ» սկզբունքով կցուցադրվեն մուլտֆիլմ, կատակերգություն, մելադրամա և այլն։ Հրավիրվում են բոլոր ցանկացողները։

Մայիսի 10-ից կինոցուցադրումները կլինեն օրը 4 սեանս ռեժիմով՝ ժամը 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին։ Տոմսերի արժեքը չի գերազանցի 500 դրամը։ Առաջիկա ամսում կցուցադրվեն միայն հասարակության կողմից սիրված կինոնկարներ և մուլտֆիլմեր։ 

Կինոսերները հնարավորություն կունենան մեծ էկրանին, ձայնային ժամանակակից Dolby համակարգով դիտել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են օրինակ «Կովկասի գերուհին» և Շուրիկի մյուս արկածները, ֆիլմեր, որոնք դիտելիս հանդիսատեսը հսկայական հաճելի տարբերություն կզգա՝ ի հակադրություն հեռուստաէկրանների կամ տնային կինոթատրոնների։ 

Կցուցադրվեն ֆիլմեր, որոնք ավագ սերնդի ներկայացուցիչներն առաջին անգամ դիտել են մեծ էկրաններին՝ «Բլեֆ», «Կամակոր տղամարդու սանձահարումը», «Անժելիկան և թագավորը», «Իտալացիների անհավատալի արկածները Ռուսաստանում», «Ժանդարմը և այլմոլորակայինները», «Ֆանտոմաս», «Ութ ու կես», «Ինն ու կես», հնդկական, պարսկական, արաբական ֆիլմեր։ Կլինի հայկական և հայերեն ֆիլմերի հատուկ ժամ։

Ծրագրված է հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության օրը նույնպես հայտարարել բաց դռների օր։ Այդ օրը երեխաները հնարավորություն կունենան դիտելու այսպես կոչված «ստերեո»՝ 3D ֆիլմեր։

Ցուցադրությունների ծրագիրը կկազմվի «Կինո Կանազ» ֆեյսբուքյան խմբի առաջարկների հիման վրա։ Կոլեկտիվ առաջարկների դեպքում հնարավորություն կլինի դիտել նախօրոք պատվիրված ֆիլմեր։ 

«Կանազ» մշակույթի կենտրոնի ղեկավարությունը սիրով կընդառաջի հանրությանը հայտնի և անհայտ կինոռեժիրորներին՝ ցուցադրելու վերջին տարիներին նկարահանած ֆիլմերը, կուրսային կամ դիպլոմային աշխատանքները։

«Կանազ» մշակույթի կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժին, հեռախոս (010) 23-09-31

 
 
 
 
 
 
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 4756 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Կինո «Կանազ» | - Վարկանիշ -: 0.0/0