Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 14 » Ամերիկյան դաժան խաղեր
01:27
Ամերիկյան դաժան խաղեր

Աշոտ Սարգսյան

«ՁԱՅՆԵՐԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ» ամերիկյան խնդիրը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը վերջին ընտրությունների առիթով ասել է.
«Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր կլինի, եթե ընդդիմությունն ավելի շատ աշխատի` տեր կանգնելով իր ձայներին և հետեւողականորեն քննի արձանագրված ընտրախախտումները»։

«ՁԱՅՆԵՐԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ» խնդիրը դնելով, դեսպանն ըստ էության արձանագրում է այն փաստը, որ ընտրությունների ժամանակ ընդդիմության ձայները գողացվում են։ Գողն էլ, բնականաբար, ոչ հարեւան հանրապետությունն է, ոչ էլ որեւէ օտարերկրյա դեսպանատուն, այլ՝ Հայաստանի իշխանությունը։ Ձայներ գողանալն էլ այլ բան չէ, քան իշխանության ուզուրպացիա, իշխանության յուրացում՝ միակ ամենածանր հանցանքը, որը որպես այդպիսին արձանագրված է անգամ Սահմանադրության մեջ, միակ բանը, որ չի հանդուրժում առաջադեմ միջազգային հանրությունը։

Այս արձանագրմամբ դեսպանը հաստատում է, որ Հայաստանում իշխանությունը գող է, գողիշխանություն է, ավազակապետություն (կլեպտոկրատիա), որը ստեղծվել է ձայներ գողանալու միջոցով եւ գոյատեւում է ձայներ գողանալու շնորհիվ։ Դեսպանն իրավացի է իր գնահատականում։ Այդպես 1998-ին գողացվեցին Կարեն Դեմիրճյանի, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանի, 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, 2013-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները։ Չորս անգամ՝ նախագահական իշխանության յուրացման կամ՝ ամենածանր հանցագործության արձանագրված փաստ եւ... ոչ մի համարժեք արձագանք առաջադեմ միջազգային հանրության կողմից։ Ավելին՝ բոլոր դեպքերում նույն առաջադեմ միջազգային հանրության դիտորդական առաքելությունները, միջազգային կազմակերպությունները, նաեւ ԱՄՆ Պետդեպի՝ Մարդու իրավունքների տարեկան զեկույցները «վավերացրել են» այդ ընտրություննները։ Ճիշտ է քննադատել են, հաճախ՝ խիստ, բայց չեն ասել՝ իշխանության ուզուրպացիա, գնահատել են մեկը մյուսից «մեկ քայլ առաջ»։
Գուցե այդպսի՞ն է եղել նրանց ունեցած ինֆորմացիան։

Մի դիպված թույլ չի տալիս այդպես մտածել. «Վիկիլիքսի» հրապարակումները։ Ասում են՝ ԱՄՆ պաշտոնյաներին դուր չի գալիս դրանց վկայակոչումը, սակայն դրանով այդ փաստաթղթերի հավաստիությունը չի իջնում։ Ահա, 2008թ. ԱՄՆ դեսպանատունը հստակ զեկուցում է իր կառավարությանը, որ Սերժ Սարգսյանը ընտրություններում չի հաղթել, հավաքել է ոչ ավելի, քան 30-35%, եւ որ երկրորդ փուլի դեպքում ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը «ջախջախիչ հաղթանակ» կտանի։ Բնականաբար, նույն ինֆորմացիան ունեցել են նաեւ առաջադեմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչ պետությունները։ Ավելորդ է ասել, թե ինչ տեղի կունենար, եթե փետրվարյան օրերին այդ բանն ասվեր հրապարակավ... Առնվազն այսօր կարիք չէր լինի հորդորել Հայաստանի ընդդիմությանը «ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ԻՐԵՆՑ ՁԱՅՆԵՐԻՆ»։

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1599 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Աշոտ Սարգսյան | - Վարկանիշ -: 5.0/1