Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 15 » Բ26-ի քարոզչական զավակները
19:03
Բ26-ի քարոզչական զավակները


Բաղրամյան 26-ի նոր հրահանգը Կոնգրեսի մասին

Ընդամենը 2 օր է անցել Հայ ազգային կոնգրեսի համագումարից և արդեն հստակ երևում է, թե ինչ նոր հրահանգ է իջեցրել Բաղրամյան 26-ը՝ Կոնգրեսին դեմ հակաքարոզչություն իրականացնողներին։ 

Կոնգրեսում ներդրված ականները գրեթե միաժամանակ տրաքացնելով, Բ26-ի նպատակն էր ռեժիմին դեմ ընտրազանգվածին բաժան-բաժան անելը, ինչին առաջին հերթին ծառայեցնում են նախկինում ընդդիմադիր կեցվածք ունեցող համեմատաբար կարկառուն լիդերիկներին և նրանց համախոհ կոչվածներին։ Դրանք բաժանվում են երեք խմբի.

1. Շահնազարյանն իր 10 հոգանոց «պառվաբոշեքով», 
2. Նիկոլն իր 20 հոգանոց նենգաբարո «սկզբունքայիններով»,
3. Բագրատյանն իր 10 հոգանոց «աբիժնիկներով»։

Այս երեք խմբերին և Բ26-ի կարկառուն լրատվամիջոցներին միավորում է մեկ ընդհանուր գաղափար՝ շրջանառել Կոնգրեսի երկու անվանում՝ ՀԱԿ և ՀԱԿԿ՝ պատրանք ստեղծելով, թե դրանք տարբեր Կոնգրեսներ են։ Մի կողմից շահնազարյանական, նիկոլական և բագրատյանական խմբերին ստիպում են շարունակել իրենց կոնգրեսական համարել, այսինքն՝ ՀԱԿ, մյուս կողմից՝ ավանդական իշխանականների միջոցով, շրջանցելով «Կոնգրես» անվանումը, շեշտում են՝ ՀԱԿԿ։ Նպատակը պարզ է՝ արհեստականորեն տարանջատել կոնգրեսականներին կուսակցականներից, նույնն է թե՝ կոնգրեսականներին կոնգրեսականներից։ 

Սակայն հանրությունն արդեն տեղեկացված է, որ նորաստեղծ կուսակցության հայերեն լրիվ անվանումն է՝ «Հայ Ազգային Կոնգրես», կարճ՝ «Կոնգրես», հապավումը՝ «ՀԱԿ»: Վերջ: 

Բաղրամյան 26-ի հակաքարոզչական այս արշավը 2 նպատակ ունի.

1. Ավագանու ընտրություններում քվեաթերթիկների մեջ ամրագրել ՀԱԿԿ՝ այդպիսով մոլորություն ստեղծել սակավ տեղեկացված ընդդիմադիր զանգվածի մեջ՝ անուղղակիորեն ստեղծելով «Կոնգրեսի» բացակայության պատրանք։
2. Միասնականության տպավորություն ստեղծել Կոնգրեսից պոկած խմբերում՝ դարձյալ սակավ տեղեկացված ընդդիմադիր զանգվածի մեջ մոլորություն ստեղծելու նպատակով. պատահական չէ, որ վաղուց արդեն գտնվելով Կոնգրեսից դուրս, Նիկոլն ու նիկոլականները, Բագրատյանն ու բագրատյանականները շարունակում են իրենց կոնգրեսական համարել։

Մի կողմ թողնենք, թե որքանով է բարոյական լինել Կոնգրեսից դուրս, բայց ատամներով պահել Կոնգրեսի մանդատը, իրականում դրանով, ըստ իրենց, կայացնում են Կոնգրեսի իշխանական թև, ինչը պատեհ առիթով կարող են տարածել ամբողջ Կոնգրեսի վրա։

Սակայն, Բ26-ի քարոզչական այս արշավն ուղղված է միմիայն սակավ տեղեկացված կամ Բ26-ի քարոզչության տակ գտնվող ընդդիմադիր մարդկանց ապակողմնորոշելուն՝ այսօր արդեն Երևանը հանրապետականներից վերցնելու ծրագրին հնարավորինս խոչնդոտելու նպատակով։

Թեև ընդդիմությանը հաջողվել է Բաղրամյան 26-ի ականների պայթյունը վերածել սովորական փուչիկների պըտոցի, այնուամենայնիվ հայաստանայան ընդդիմության և ռեժիմի քարոզչական պատերազմում ընդդիմության հնարավորությունները դեռևս անմրցունակ են։ Ռեժիմի դեմ ուժերին անհրաժեշտ է նախընտրական քարոզարշավի շրջանակներում առավելագույնս օգտվել օրենքով հասանելի տրամադրված քարոզչամիջոցների հնարավորություններից։

Բաղրամյան 26-ի գործերը լավ չեն։ Լավ օրից չէ, որ իշխանական ահռելի հնարավորություններով քարոզչամեքենան մնացել է սակավ տեղեկացված մարդկանց նախկին կոնգրեսականների միջոցով եռակի, քառակի, հնգակի անգամ ապակողմնորոշելու հույսին, քանի որ Բաղրամյան 26-ի այս զավակները, ինչպես և լեյտենանտ Շմիդտի որդիները՝ նույն «բոսյակներն են»։

Գրիգոր Բաղդասարյան

Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 1761 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Գրիգոր Բաղդասարյան, Հրանտ Բագրատյան, Դավիթ Շահնազարյան, Նիկոլ Փաշինյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0