Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 25 » Հայաստանում ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է կատարվում
01:09
Հայաստանում ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է կատարվում

Աշոտ Սարգսյան

Տարիուկես առաջ Շառլ Ազնավուրը այսպիսի մի տագնապ հնչեցրեց. «Ներկայումս իմ երկրում ՆԵՐՔԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է տեղի ունենում: Դա համարում եմ քաղաքականապես անընդունելի: Կառավարությունը, հնարավորություն չտալով Հայաստանին շնչել, երկիրը զրկում է երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով, խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է անհապաղ լուծվի»։

Միայն Սերժ Սարգսյանի իշխանավարության ընթացքում, պաշտոնական տվյալներով, Հայաստանից արտագաղթել է 250.000 մարդ։ Արտագաղթի պաշտոնական տյալները, ինչպես հայտնի է, կեղծվում՝ նվազեցվում են, իրականում այդ թվը շատ ավելի մեծ է։ Այսօր՝ ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ երթը դրա լագագույն ապացույցն էր։ Ազատության հրապարակից մինչեւ Ցեղասպանության զոհերի հուշարձան երթը, որպես կանոն, տեւում էր շուրջ 2,5 ժամ։ Ընդ որում՝ սկսած Ծիծեռնակաբերդի բլրի ստորոտից մինչեւ հուշարձան, մարդկանց հսկայական քանակի պատճառով, ճանապարհին ամեն մի քանի տասնյակ մետրը մեկը հոսքը կանգնեցվում էր։ Այդ կանգառների վրա ծախսվում էր մեկ ժամից ավելի։ Նույն ժամին նույն տեղից մեկնարկած երթն այս տարի տեւեց ընդհանուր մեկուկես ժամից պակաս, քանի որ բլուրը բարձրանալիս ոչ մի տեղ կանգնելու կարիք չեղավ։ Մարդկանց սակավությունն ակնհայտ էր։ Դա Ազնաուրի՝ տարիուկես առաջ հնչեցրած «SOS»-ի տեսանելի հետեւանքն էր։

Հայաստանում ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է կատարվում, ու դրա հեղնակը ոչ թե Հայաստանը նվաճած օտարներն են, այլ երկրում իշխանությունը բռնազավթած, երկիրն անհագուրդ ու ինքնամոռաց թալանող ռեժիմը։ Այդ ճանապարհին, արդեն մխրճված բազմաթիվ հանցանքների մեջ, հանցավոր ռեժիմի պարագլուխներն իրենց անձնական փրկության այլ ելք չեն տեսնում, քան թալանը բազմապետկելը եւ երկիրն իր բնիկ բնակչությունից ծրագրված դատարկելը։ Այդ բանը հստակ խոստովանեց ռեժիմի վարչապետը, ինչի համար ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլեւ, ահա, նորից է նշանակվում նույն պաշտոնում։

Հայոց վերջին երկու հազար տարվա պատմության մեջ, սկսած Հռոմեական կայսրությունից, չի եղել մի նվաճող, ով իր առջեւ Հայաստանը հայերից դատարկելու նպատակ դրած լինի։ Դա չեն արել պարսիկները, չեն արել բյուզանդացիները, չեն արել արաբները, չեն արել մոնղոլները։ Անգամ Թուրքիան նման ծրագիր չի ունեցել ամբողջ 600 տարի։ Հայաստանը առանց հայերի թողնելու ծրագիրը Թուրքիան մշակեց եւ իրականացրեց միայն 19-րդ դարի վերջին եւ 20-ի սկզբին՝ կանխելու համար հերթական ազատագրական շարժման հետեւանքով իրեն սպառնացող տարածքային կորստի վտանգը։ 

Հայաստանում իշխող ռեժիմը երկիրը դատարկելու մոլագար ծրագիրն իրականացնում է՝ փրկելու համար իր կատարած թալանն ու սեփական կաշին՝ կատարած հանցանքների համար պատասխան պահանջողներից։ Այսինքն՝ նպատակների հարթության վրա ցեղասպան Թուրքիան շահում է հայկական իշխող ռեժիմի համեմատ։ Ասել է թե՝ պետք է խոսել ոչ թե արտագաղթի, այլ բռնագաղթի մասին։ Թուրքիայի ձեռքում 100 տարի առաջ բռնագաղթի գործիքը յաթաղանն էր, սրանց ձեռքում բռնագաղթի գործիքը ժողովրդին ունեզրկելը, իրավական ու սոցիալական անել վճակին հասցնելը, չքավորության ու անհուսության մատնելն է։

Արդեն մոտ 50 տարի է, ինչ Հայաստանում ուրիշ որեւէ առիթով, որեւէ միջոցառման Հայաստանում այնքան մարդ չի մանակցում, որքան ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին։ Ովքեր աչք ունեն՝ այսօր այդ երթում տեսան ռեժիմի գործած ՆԵՐՔԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ զգաստացնող պատկերը։


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1442 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Շառլ Ազնավուր, Աշոտ Սարգսյան | - Վարկանիշ -: 0.0/0