Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 27 » Հոկտեմբերի 27-ի խարանը
12:56
Հոկտեմբերի 27-ի խարանը
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԽԱՐԱՆԸ

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հավերժ մնալու է որպես Հայոց պետականության գլխին կախված ամոթալի խարան, ինչը կարելի կլինի որոշ չափով մեղմել միայն գործի լիակատար բացահայտման դեպքում»։
Լեւոն Տեր-Պետրոսյան

 

Հոկտեմբերի 27-ի աշխարհը ցնցած ոճրագործության դատավարությամբ՝
  • Մի քանի ստահակներ ստացան ցմահ բանտարկություն։
  • Կազմակերպիչների գործը փակվեց, իբր, այդպիսիք չլինելու պատճառով։
Բայց իրենց «վճիռը» կայացրին նաեւ զոհերի հարազատները եւ փաստա­բանները, ովքեր դատարանի դահլիճից հեռանալիս հայտարարեցին. «Հոկտեմ­բերի 27-ի գործը չի բացահայտվի այս իշխանության օրոք»։
Եւ դա նաեւ ամբողջ ժողովրդի վճիռն էր ու համոզմունքը։
Համաժողովրդական այս վճիռ-համոզմունքը հենված էր հետեւյալ հիմքե­րի ու փաստերի վրա.

1. Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ծանրակշիռ շարժառիթներ 
ունեին Վազգեն Սարգսյանից ու Կարեն Դեմիրճյանից ազատվելու համար

  • 1998թ. նախապես պայմանավորվե­լով, որ իրենցից ոչ մեկը չի առաջա­դրվելու Նախագահի պաշտոնում, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարա­կանից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը եւ Ռ. Քոչարյանը խախտեցին պայմանավորվածությունը։ Նրանց միացան նաեւ Սամվել Բաբայանը եւ Արկադի Ղուկասյանը՝ Վ. Սարգսյանին կանգնեցնելով փաստի առաջ։ Ռ. Քոչարյանը, խախտելով Սահմանադրությունը, առաջադրվեց Նախագահի թեկնածու։
  • Արդեն որոշակի անվստահություն ու­նենալով Քոչարյանի նկատմամբ՝ Վ. Սարգսյանը շարունակեց իր ազդե­ցության տակ պահել խորհրդարա­նական մեծամասնությունը։ Ապա նա դաշնակցեց Կարեն Դեմիրճյանի հետ, 1999-ին նոր, ավելի հզոր մեծա­մասնություն ստացավ Ազգային ժո­ղովում, ինքը դարձավ վարչապետ, Կարեն Դեմիրճյանը՝ Աժ նախագահ։
  • Ինքնասիրահարված Քոչարյանը հայ­տնվեց «անգլիական թագուհու» կարգավիճակում՝ առանց փաստա­կան իշխանության (Սահմանադրու­թյունը նման վիճակ նախատեսում էր)։ Անսահման վիրավորված՝ նա ինքն էլ իրեն անվանում էր «դի­տորդ»։
  • Վիրավորված էր նաեւ Սերժ Սարգս­յանը։ Նրա գլխավորած ՆԳ եւ ԱԱ միացյալ նախարարությունը Վ. Սար­գսյանը բաժանել Էր երկու մասի՝ նրան թողնելով միայն ԱԱ նախարա­րությունը։ Դրանով էականորեն կր­ճատվել Էր Սերժ Սարգսյանի իշխա­նությունը եւ սահմանափակվել էին նրա ազդեցության ոլորտները։
  • Վ. Սարգսյանը եւ Կ. Դեմիրճյանը վերջին խոսքերով կոպտել Էին Ռ. Քոչարյանին եւ դուռը խփել նրա երե­սին, երբ Քոչարյանը նրանց հրավիրել Էր քննարկելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջա­նակներում Մեղրին Լաչինի հետ փո­խանակելու իր ծրագիրը։
  • Վերջնականապես համոզվելով, որ իրեն խաբել են, զայրացած Վ. Սարգս­յանը 1999 թ. ամռան վերջին անզգու­շություն էր ունեցել տարբեր միջա­վայրերում խոսել այն մասին, որ պետք Է հեռացնել Քոչարյանին եւ Նախագահ ընտրել Կ. Դեմիրճյանին։ Այդ լուրերը հասել էին Ռ. Քոչարյա­նին։
Հիշենք, որ հոկտեմբերի 27-ի ոճրա­գործությունը կազմակերպվել էր այն­պես, որ հնարավոր լիներ Վ. Սարգս­յանին եւ Կ. Դեմիրճյանին վերացնել միաժամանակ։

2. Քոչարյանի առաջին տարօրինակ գործողությունները

  • Քոչարյանը հոկտեմբերի 27-ին անմի­ջապես Մոսկվայից հրավիրեց «Ալ­ֆա» ջոկատը՝ ահաբեկիչներին ոչն­չացնելու համար, ինչից հետո ան­հնար կլիներ պարզել կազմակերպիչ­ների հարցը։ Դա լավ հասկացավ բանակի ղեկավարությունը եւ թույլ չտվեց այդ ջոկատին գործել։
  • Ոճրագործների պարագլուխը առե­րեսում պահանջեց իր, Քոչարյանի եւ վերջինիս աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հետ։ Ալեքսան Հարությունյանը Հունանյանի մտերիմ ընկերն էր։ Քոչարյանը ստիպված էր գնալ այդ առերեսմանը, մեկ ժամ զրուցել Հունանյանի հետ, կատարել նրա պայմանները։
  • Նույն Ալեքսան Հարությունյանը հա­ջորդ օրը հարբած ու ծայրահեղ հու­սահատ գնաց Պաշտպանության նա­խարարություն, որտեղ արդեն հռն­դում էին տանկերը, բոլորի ներկայու­թյամբ հայհոյեց Ռ. Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին որպես կատար­վածի համար պատասխանատուներ ու խնդրեց. «Ինձ հետ ինչ ուզում եք արեք, երեխաներիս ձեռք չտաք»։ Այսինքն՝ նա համոզված Էր, որ ամեն ինչ բացվելու Է։
  • Առաջիններից մեկը Քոչարյանը հայ­տարարեց, որ կատարվածը բացահայտելու խնդիր գոյություն չունի, այն ընդամենը մի «ուչաստկովիի գործ է»։ Այսինքն դրանով հրահանգեց, որ կազմակերպիչներ չփնտր­վեն։ Նրան միացան նաեւ ուրիշները, օրինակ Վազգեն Սանուկյանը Հունանյանի բանդային կոչեց «ռոման­տիկներ»։ Մինչդեռ նմանօրինակ դեպքերում առաջին հերթին փնտր­վում են հենց կազմակերպիչները։
  • Որեւէ պատասխանատու պետական պաշտոնյա Ռ. Քոչարյանի կողմից հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար չպատժվեց։ Ընդհակառակը՝ Քոչարյանը նրանց վերցրեց իր պաշտպանության տակ։ Սերժ Սար­գսյանը հրաժարական տվեց միայն «Արդարություն» դաշինքի կտրուկ ճնշման տակ, բայց անմիջապես էլ նշանակվեց Նախագահի աշխատակազմի ղեկավար։


3. Ոճրագործի ով լինելը

Ն. Հունանյանը ԱԱ գործակալ էր։ Նա սերտ կապեր է ունեցել նախարարու­թյան սպայական անձնակազմի հետ։ Մեկ այլ ԱԱ գործակալ՝ Հանրային հե­ռուստատեսության աշխատակից, Հու– նանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նա­զարյանը նրա խորհրդատուն էր ոճրա­գործության ամբողջ ընթացքում։ Հանձնվելուց առաջ Ն. Հունանյանը մեկ հիմ­նական պայման էր դրել, որ իրենց պա­հեն ԱԱ նախարարության մեկուսարա­նում։ Սերժ Սարգսյանին երեք տարբեր աղբյուրներ նախօրոք տեղյակ էին պահել Հունանյանի ծրագրերի մասին, ինչին նա որեւէ ընթացք չէր տվել։

4. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի
ապօրինի ճնշումները եւ ոճրագործներին պաշտպանելը

  • Հետաքննության մարմինը (զինվորա­կան դատախազությունը) 2000թ. գարնանը մի քանի անգամ բողոքեց իր վրա գործադրված ճնշումների դեմ։ Այդ ճնշումների դեմ բողոքեց նաեւ Հանրապետական կուսակցու­թյունը։ Զինդատախազության վրա կարող էր ճնշում գործադրել միայն երկրի նախագահը եւ նրա աշխատակազմի ղեկավարը, որ արդեն Սերժ Սարգսյանն էր։
  • Զինդատախազը հայտարարեց, որ ոճրագործությունը կազմակերպիչ­ներ է ունեցել եւ ակնարկեց Հունան­յանի կապը Սերժ Սարգսյանի ղեկա­վարած Ազգային անվտանգության հետ։ Քոչարյանը, խախտելով օրեն­քը եւ գերազանցելով իր լիազորու­թյունները, զինդատախազին արգե­լեց մասնակցել Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ի գործով կազմա­կերպված լսումներին՝ վախենալով, որ նա կարող է ավելին ասել։
  • Իրենց վերահսկողության տակ գտ­նվող լրատվամիջոցներով Քոչարյա­նը եւ Սերժ Սարգսյանը բացահայտ պաշտպանության տակ առան մար­դասպաններին ու նրանց մեղսակից­ներին։ Միաժամանակ, նույն լրատվամիջոցներով նրանք սկսեցին անխնա վարկաբեկել զոհերին, մաս­նավորապես Վ. Սարգսյանին եւ Կ. Դեմիրճյանին։
  • Քոչարյանի նախաձեռնությամբ Ազ­գային ժողովը համաներման օրենք ընդունեց։ Կոպտորեն խախտելով օրենքը՝ Քոչարյանի հրահանգով համաներումը կիրառվեց 27-ի գործով 6 կարեւոր մեղադրյալների նկատ­մամբ, եւ նրանք ազատ արձակվե­ցին։
  • Քոչարյանը պաշտոնապես հայտա­րարեց, որ ոճրագործները չեն գնդա­կահարվի։ Իր այդ խոստումը նա 2003թ. փորձեց ամրագրել Սահմա­նադրությամբ։
5. Ապացույցներ կեղծելը եւ կարեւոր վկաներին չեզոքացնելը

  • Վազգեն Սարգսյանի փաստաբանի պահանջով Մոսկվայում կատարված փորձաքննությունը ցույց տվեց, որ մոնտաժվել, կեղծվել է հոկտեմբերի 27-ի տեսաժապավենը։
  • Նույն կերպ մոնտաժվել, կեղծվել էր ահաբեկչության ժամանակ կատար­ված ռադիոձայնագրությունը։
  • Անհետ կորավ մեկ այլ տեսաժապա­վեն, որն ամփոփում էր միջանցքում կատարված անցուդարձը, մասնավո­րապես Ռ. Միրոյանի սպանության նկարահանված կադրերը։
  • Ասպարեզում չհայտնվեց այն տեսա­ժապավենը, որտեղ պատկերված է Ալեքսան Հարությունյանի այցը Պաշտպանության նախարարություն եւ նրա ինքնախոստովանությունը։
  • Բանտում սպանվեց ոճրագործների հանցակից, նրանց համար զենք ձեռք բերած, մեղադրյալ Ն. Եղիազարյանը։
  • Երկրից դուրս բերվեցին եւ հեռավոր երկրներ ապրելու ուղարկվեցին հոկ­տեմբերի 27-ի գործով կասկածյալ­ներ ու կարեւոր վկաներ։ Նրանցից մեկը որոշ ժամանակ անց արտա­սահմանում սպանվեց։
  • Ո՛չ քննչական մարմինները, ո՛չ էլ դա­տարանը այդպես էլ չստացան Ն. Հունանյանի եւ Ռ. Քոչարյանի մեկժամյա զրույցի ձայնագրությունը։
  • Չնայած բազմաթիվ պահանջներին, ԱԱ նախարարությունը դատարան չներկայացրեց նաեւ Ն. Հունանյանի՝ իր մոտ պահվող անձնական գործը։
* * *

Անցել է բավականին ժամանակ։ Բոլորին թվում էր, թե այլեւս այս գործին անդրա­դարձ չի լինի, որ ողջ ժողովուրդը կուլ տվեց ու մարսեց այս անմարսելի ոսկո­րը։ Բայց դա խրված է մեր բոլորի կո­կորդում։ Դրա հետեւանքով է առաջին հերթին, որ Հայաստանում ամենուրեք հաստատվել ու թանձրացել է մարդու արժանապատվությունը վիրավորող վախի մթնոլորտը։ Դրա հետեւանքով է, վերջին հաշվով, որ չի դադարում ար­տագաղթը։ Միակ թեկնածուն, որ հա­մարձակվեց հոկտեմբերի 27-ի հարցը կրկին բարձրացնել ու դրա բացահայ­տումը 2008 թվականի նախագահական ընտրություններում իր նախընտրական ծրագրի մաս դարձնել, Հայաստանի Հանրապետու­թյան Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Հենց դա է պատճառը, որ վարչախմբի ահաբեկված պարա­գլուխները՝ մեկ անգամ եւս մատնելով իրենց, ոչ մի միջոցից չեն խորշում եւ նրա դեմ կատաղի հակաքարոզչություն են ծավալել նույնիսկ այս ընտրությունների ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանն չի առաջադրել իր թեկնածությունը։ Բազմափորձ քաղաքա­կան ու պետական գործիչը, սակայն, շատ լավ է հասկանում, որ Հոկտեմբե­րի 27-ը միայն խարան չէ մեր ժողովրդի ու երկրի ճակատին, այլ հյուծիչ մի խոց, որ կարող է վերջնական կործանման հասցնել ցանկացած օրգանիզմ։


***

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությու­նից անցել է շուրջ 14 տարի, եւ այսքան ժամանակ անց էլ լինում են անակնկալ խոստովանու­թյուններ ու ինքնաբացահայտումներ։ Առայժմ դրանց հեղինակը ոչ այլ ոք է, քան նույն Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը։ ՊԱԶ-ի նախկին վարորդ, այ­սօր հարյուրավոր միլիոնների տեր այս մարդուն ծովը արդեն ծնկներից է թվում։ Նա բազ­մաթիվ մարդկանց ներկայությամբ հո­խորտացել էր. «Մենք էդքան մարդ­կանց պառլամենտում պառկցրինք ոչ թե նրա համար, որ էսօր վլաստը էդպես հեշտ ու հանգիստ տանք ուրիշներին։ Պետք լինի էդքան էլ կպառկցնենք» (տես «Հայկական ժամանակ», 27.12.2007)»: Դրանից հետո ՍԵրժը եղբոր վրա զայրացել ու դաստիարակել էր. «Դու հո էշ չես...», եւ արտաքսել էր ԱՄՆ, որ հեռու լինի, նոր բաներ դուրս չտա եւ չխանգարի իր ընտրարշավին։ Բայց Սաշիկին այստեղ էլ հարցրել են, թե նա իրո՞ք նման բան է ասել։ «Դաս­տիարակված» Սաշիկը այս անգամ պատասխանել է. «Ես հո էշ չե՞մ, որ տենց բան ասեմ։ Ինչի՞ պտի Ռոբի արածը մեր վրա վերցնենք»:
Սաշիկի այս երկու արժեքավոր վկա­յությունները միմյանց գումարելով ստանում ենք «ովքեր են կանգնած եղել հոկտեմբերի 27-ի ոճրագործու­թյան թիկունքում» հարցի տրամաբա­նական պատասխանը։ Իսկ իրավական պատասխանը կտա անկողմնակալ դա­տաքննությունը, որն անպայման տեղի կունենա ավազակապետության տապալումից հետո։

***

Քարոզարշավի ընթացքում նախագահի ոչ մի թեկնածու բառ անգամ չի արտասանել «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտելու անհրաժեշտության մասին և դեռ նեղացողներ կան, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոյանի առաջնորդած Հայ Ազգային Կոնգրեսը ոչ միայն չի մանակցում թատերականացված ներկայացմանը, այլև չի սատարում ոչ մի թեկնածուի։ 

Սույն տեղեկանքի բոլոր փաստերն ստուգված են եւ հրապարակված մամուլում



Ի ԴԵՊ

 

Նկարի ձախ կողմում «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Դերենիկ Բեջանյանն է։ Նրանից աջ` առաջին պլանում «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին է։ Վերջինիս կողքին` 2008-ի փետրվարին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց բողոքի ցույցեր կազմակերպող Արտյոմ Խաչատրյանն է, ով հանրությանը հայտնի է «Շիզոլինի» մականվամբ։ Նկարի աջ կողմում` հետին պլանում նստածը «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանն է։ Նկարի կենտրոնական մասում` հետին պլանում նստած ճաղատ գլխով մարդու ինքնությունն անհայտ է, քանի որ դեմքը հստակ չի երեւում։ Բերված նկարը, ամենայն հավանականությամբ, արվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալների խցում։ Նկարը մոտ 2 ամիս առաջ է տեղադրվել ինտերնետում։ ՀՀ օրենսդրությունը խմբակային տեսակցություն չի նախատեսում, այն էլ` դատապարտյալների խցում։ Բացի այդ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ով է ապահովում Հոկտեմբերի 27-ի ոճրագործների բարեկեցությունը։

«Հայկական Ժամանակ» -  Նոյեմբեր 26, 2009


Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 4006 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Լևոն Տեր-Պետրոսյան, Հոկտեմբերի 27, Նաիրի Հունանյան, Սերժ Սարգսյան, Ալեքսան Հարությունյան, Ռոբերտ Քոչարյան | - Վարկանիշ -: 3.7/3