Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 10 » Իշխանությունը` քաղաքացուն
16:13
Իշխանությունը` քաղաքացուն


Երեւանի ավագանու 2013 թվականի ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի կարգախոսն է. 

Իշխանությունը` քաղաքացուն:

Համաձայն մեր Սահմանադրության 2-րդ հոդվածի, իշխանությունը պատկանում է ժողովրդին, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այսօր իշխանությունը օտարված է քաղաքացիներից եւ հաշվետու չէ նրանց առջեւ, քանի որ տարիներ շարունակ ընտրությունները կեղծվում են եւ մենք չունենք օրինական ընտրովի իշխանություն, որին կարող ենք վստահել:
Երեւանի եւ ամբողջ Հայաստանի զարգացման ծրագիր մենք տեսնում ենք նրա մեջ, որ ինչպես Երեւանում, այնպես էլ ողջ երկրում իշխանությունը վերադարձնենք քաղաքացներին։ 

Սա մեր մայրաքաղաք Երեւանում քաղաքական, սոցիալ-տնտեսական և կառավարման համակարգն արմատապես փոխելու եւ առողջացնելու Հայ Ազգային Կոնգրեսի ծրագիրն է: 

Խոստովանենք. այլեւս հնարավոր չէ ապրել մի իրավիճակում, որտեղ քաղաքացու կյանքն օրեցօր վատթարանում է: 21-րդ դարում հայ մարդու արժանապատիվ ապրելու եւ բարեկեցիկ կյանք վարելու իրավունքը վեր է ածվել օրվա «դառնահամ» հաց վաստակելու գոյապայքարի: Հայաստանի այսօրվա ապօրինի իշխանությունների կամայականություններն ավելի ու ավելի սանձարձակ են դառնում՝ ամեն քայլափոխի ոտնահարելով քաղաքացիների օրինական իրավունքները:

Այս ամենը հետեւանք է Հայաստանում ստեղծված արատավոր քաղաքական եւ տնտեսական համակարգի, ինչը վարչախմբին թույլ է տալիս ժողովրդից բռնազավթած իշխանությունն ապօրինաբար պահել իր ձեռքում եւ օգտագործել որպես անձնական հարստացման միջոց :
Գործելով մենաշնորհների եւ ապօրինի արտոնությունների դաշտում, խեղդելով ազատ մրցակցությունը` նրանք գերշահույթներ են ստանում, անխնա կեղեքելով ժողովրդին: Ժողովրդից շորթած գերշահույթների մի մասը ծառայում է ընտրակեղծիքների միջոցով ժողովրդից իշխանությունը զավթելու եւ կրկին ու կրկին վերարտադրվելու նպատակին: 

Միայն ժողովրդի կամքն արտահայտող ժողովրդավարական ինստիտուտները կարող են կազմաքանդել արմատացած այս արատավոր համակարգը, միայն ժողովրդի աջակցությամբ ձեւավորված իշխանությունն է ի զորու պաշտպանել յուրաքանչյուրի շահը, հաստատել օրինականություն, արդարություն, յուրաքանչյուր քաղաքացու համար աշխատելու, կրթվելու, ստեղծագործելու եւ մարդավայել ապրելու հավասար հնարավորություններ: 
Այս ամենը անմիջապես կառողջացնի գործարար միջավայրը, կնպաստի պետական միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործման բարձացմանը, կսանձի գների աճը, կստեղծի տասնյակ հազարավոր աշխատատեղեր եւ կթեթեւացնի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը, կկանխի մեր ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթը:

Ազատագրելով Երեւանն իշխող ռեժիմից, մենք կքանդենք նրա քաղաքական մենաշնորհը, էապես կթուլացնենք նրա դիրքերը: Երեւանի քաղաքապետարանը իշխանության բուրգի ամենակարեւոր հենասյուններից է, առանց որի Սերժ Սարգսյանի բռնապետությունն այլեւս կկորցնի վերահսկողությունը քաղաքական գործընթացների նկատմամբ: Հաղթելով Երեւանում, մենք ճանապարհ կբացենք Հայաստանի ամբողջ իշխանությունը կարճ ժամկետում իր տիրոջը` ժողովրդին վերադարձնելու համար: 

Հայ Ազգային Կոնգրեսի՝ ընտրողի դատին ներկայացվող ծրագիրը կազմված է երկու մասից: 

Առաջինը` Քաղաքական ծրագիրը, դա Երեւանում` ընդդիմության հաղթանակի միջոցով, այնպիսի քաղաքական միջոցառումների իրագործումն է, որոնք ուղղված կլինեն Սահմանադրական կարգի վերականգմանը, ընտրակեղծիքների մեքենայի տապալմանը, Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի առողջացմանը եւ վերափոխմանը: 
Երկրորդը ` Երեւանի ծրագիրը, որով կներկայացվեն Հայ Ազգային Կոնգրեսի անելիքները տեղական ինքնակառավարման լիազորությունների շրջանակներում, այսինքն մայրաքաղաքի զարգացման ծրագիրը: 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ`ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Սահմանադրական կարգի վերականգնում
  • Կարճ ժամանակում քաղաքային իշխանության մասշտաբով գործով դրսեւորելով մեր որակների տարբերությունը ապօրինի վարչախմբի համեմատությամբ` քաղաքական մեխանիզմներով կհասնենք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների միջոցով երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորմանը եւ սահմանադրական կարգի վերականգնմանը։
  • Սահմանադրական դատարան դիմելու միջոցով կվերացվեն Երևանի մասին օրենքով սահմանված` Սահմանադրությանը և Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիային հակասող դրույթները. մասնավորապես կբացառվի ՀՀ կառավարության կողմից Երևանի ավագանին լուծարելու հնարավորությունը, Երևանի բյուջեի որոշ ծախսերի ուղությունները բացառապես կառավարության կողմից սահմանելը, Երևանի վարչական շրջանի ղեկավարներին տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններ վերապահելը ու համայնքային սեփականությունը տնօրինելը:
  • Կվերականգնվի տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործելու կարևորագույն երաշխիք հանդիսացող, Երևանի ավագանու և քաղաքապետի`պետական կառավարման մարմիններից իրականում անկախ, ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով : 
  • Քաղաքային իշխանությունները պատասխանատու կլինեն բացառապես օրենքի և երևանցիների առջև:
  • Կապահովվի Սահմանադրությամբ և օրենքներով համայնքներին վերապահված պարտադիր և պատվիրակված լիազորությունների լիարժեք կատարումը և դրանք իրականացնելու երաշխիքները` հետևողականություն կցուցաբերվի Երևանի քաղաքապետարանի համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարներն անխափան ստանալու գործում:
  • Երևանը ֆինանսական առումով պետք է դառնա ինքնաբավ:
  • Երևանցիների հետ հանրային քննարկումների միջոցով կմշակվեն տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը բարեփոխելու վերաբերյալ առաջարկներ, մասնավորապես` կնախաձեռնվի Երևանի մասին օրենքի բազմաթիվ թերությունների և այլ օրենքների հետ հակասությունների վերացումը: 
  • Համաքաղաքային նշանակություն ունեցող խնդիրների լուծման նպատակով օրենքով սահմանված կարգով կանցկացվեն համաքաղաքային հանրաքվեներ: 
Հակակշիռների ստեղծում
  • Մայրաքաղաքը երկրի քաղաքական կյանքի ծանրության կենտրոնն է։ Այստեղ հաստատված լեգիտիմ եւ ժողովրդի վստահությունը վայելող քաղաքային իշխանությունը լուրջ հակակշիռ կլինի երկրի ոչ լեգիտիմ իշխանությանը, կդառնա նրա համար կոշտ զսպաշապիկ։ Ի տարբերություն Հայաստանի այլ համայնքների, Երեւանի քաղաքապետը ունի անկախության լուրջ երաշխիքներ: 
  • Իշխանությունը ընտրությունների միջոցով ձեւավորելու իրավունքի վերականգնում, ընտրակեղծիքների մեքենայի վերացում
  • Երեւանի վարչական ռեսուրսն այլեւս չի օգտագործվի որեւէ ուժի քաղաքական նպատակների սպասարկման համար: Դպրոցների, հիվանդանոցների եւ Երեւանի քաղաքային իշխանություններին ենթակա այլ հիմնարկների աշխատողները կազատվեն ընտրակեղծիքներ կազմակերպելու ապօրինի եւ ստորացուցիչ հանձնարարություններ կատարելուց:
  • Մեր հաղթանակը կջախջախի ընտրակեղծիքների մեքենան։ Մեկ անգամ նման արդյունքը տեսնելով՝ մարդկանց մեջ կվերականգնվի սեփական ձայնի վճռորոշ լինելու հավատը եւ իշխանության կրող ու լիարժեք քաղաքացի լինելու զգացումը։
Ավազակապետական կոռուպցիոն բուրգի փլուզման գործընթացի սկզբնավորում

Հայաստանում ստեղծված բազմաթիվ կոռուպցիոն սխեմաների մեջ իր զգալի մասնակցությունն ունի Երևանի քաղաքապետարանը: Հողահատկացումները, երթուղային գծերի բաշխումը, ճանապարհաշինությունը, գնումների իրականացումը և շահութաբեր այլ գործունեության տեսակները «յուրայիններին» հատկացնելը դարձել է Երևանի քաղաքապետի հիմնական գործառույթը` նրան դարձնելով կոռուպցիոն սխեմաների կարևոր օղակ: Կբացառվի Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը այդ սխեմաներում`այդպիսով հնարավոր դարձնելով նշված երևույթը հիմնովին վերացնելը: Կդադարեցվեն ապօրինի արտոնությունները, կստեղծվի հավասար մրցակցային դաշտ բոլոր գործարարների համար, կհեշտացվեն գործարարության տարբեր տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզիաների տրամադրումը: 
  • Խոսքի ազատության ապահովում անկախ հեռուստատեսությունների եւ ռադիոկայանների միջոցով
  • Երեւանում կստեղծվի մալուխային (կաբելային) հեռուստատեսություն, որով հեռարձակվելու հնարավորություն կստանան բոլոր ցանկացող հեռուստաընկերությունները, այդ թվում նաեւ նրանք, որ փակվել են իշխանությունների կողմից։ Մալուխային (կաբելային) համակարգը կօգտագործվի նաեւ ռադիոսփռման եւ ինտերնետային ծառայությունների մատուցման համար: Այսպիսով կճեղքվի իշխանությունների կողմից պարտադրված տեղեկատվական շրջափակումը եւ վերահսկողությունը Էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ:
  • Կարվի ամեն ինչ հաղորդակցման և տեղեկատվական միջոցների հասանելիության էական բարելավման ուղղությամբ:
  • Հավաքների ազատության հարգում
Երեւանի ավագանու 2009 թվականի ընտրությունների ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսն իր ընտրական ծրագրում խոստացել էր, որ կվերականգնվեն հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքները: Այդ նախընտրական խոստումը Հայ Ազգային Կոնգրեսը կարողացավ իրականացնել, մնալով ընդդիմություն` շնորհիվ հետեւողական հանրահավաքային ճնշման իշխանությունների վրա: Արդյունքում իշխանությունները ստիպված էին աստիճանաբար վերականգնել հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքները, իսկ 2011 նաեւ դադարեցրեցին Ազատության հրապարակի ապօրինի եռամյա շրջափակումը:
  • Բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն կտրվի ազատորեն օգտվել Երեւանի հրապարակներից եւ փողոցներից`զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար:

ԵՐԵՎԱՆԻ ԾՐԱԳԻՐ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԵՎԱՆՑՈՒՆ

Մենք ցանկանում ենք, որ Երևանը դառնա ավելի հարմար, ավելի գեղեցիկ, կայուն և ապահով ապրելավայր:

Վերջին տարիներին իրականացված քաղաքաշինական ծրագրերի արդյունքում Երևանը կորցրեց ոչ միայն իր յուրահատուկ տեսքը, հսկայական կանաչապատ, հանրային օգտագործման տարածքներ, այլ նաև իր պատմական նկարագիրը: Առանց այն էլ փոքրաթիվ պատմական հուշարձան շենքերի մեծ մասը անխնա, բարբարոսաբար քանդվեցին: Անհրաժեշտություն է առաջացել մնացած պատմական արժեք ներկայացնող շենքերի վերականգնումը, պահպանությունը: Շենքերի և շինությունների ընդհանուր տեսքին, ինչպես նաև հանրային օգտագործման տարածքներին և շենքերին վերաբերող չափանիշները պետք է բարձացվեն: Բացի այդ, քաղաքի կառուցապատված միջավայրը պետք է ավելի հստակորեն արտացոլի և ընդգծի Երևանի մայրաքաղաքի կարգավիճակը:

Կառավարման նոր մշակույթ
  • Երեւանի քաղաքային իշխանությունների գործունեության մեջ կներդրվի կառավարման քաղաքական նոր մշակույթ, որը կհամապատասխանի ժամանակակից առաջադեմ երկրների պրակտիկային եւ կծառայի քաղաքացիների շահերին: 
  • Քաղաքապետարանի աշխատանքը կլինի թափանցիկ, իսկ նրա պաշտոնյաները հաշվետու քաղաքացիների առջեւ: 
  • Կմեծացվի քաղաքացիական որոշումների կայացման գործընթացում հասարակության ներգրավվածության որակը և թափանցիկությունը: 
  • Յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա մասնակցել Երեւանի զարգացմանը վերաբերող ցանկացած որոշմանն առնչվող քննարկումներին: Երեւանի քաղաքապետարանի նախագծերի եւ ծրագրերի հանրային քննարկման համար կստեղծվեն հասարակական ֆորումներ:
  • Հնարավորություն կընձեռնվի քաղաքապետարանի բյուջեի ծախսերի ու մուտքերի առցանց մշտադիտարկումը քաղաքացիների կողմից: Այդ նպատակով կօգտագործվի ժամանակակից համակարգչային ֆինանսական համակարգ, որը կապահովի թափանցիկությունը:
  • Հարկերը եւ սպասարկման վճարները կկատարվեն բանկային համակարգի միջոցով:
  • Կմշակվի «Ունեցիր քո ասելիքը» ուղեցույցը, որը կօգնի մարդկանց ազդեցություն ունենալ ընդունվող որոշումների վրա: 
  • Կստեղծվի «քաղաքացիական ցանց», որը կներգրավի բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց նախաձեռնություններով, քաղաքացիական դիրքորոշումներով ակտիվորեն մասնակցում են Երևանին վերաբերող բազմաբովանդակ հարցերի, խնդիրների վերհանմանը, քննարկումներին, նպատակ ունենալով հետագայում «ցանցը» հասցնել խորհրդատվական մակարդակի: Սա կօգնի խորհրդատվության քաղաքականությանը վստահ լինելու, որ քաղաքային իշխանության մոտեցումները համապատասխանում, բավարարում են քաղաքացիների կարիքները, պահանջները: 
  • Երեւանի քաղաքապետարանի բոլոր առանցքային փաստաթղթերը, այդ թվում Երեւանի գլխավոր հատակագիծը, մատչելի կդառնան յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաեւ կտեղադրվեն Համացանցում, ինչը թույլ կտա վերացնել ինֆորմացիայի նկատմամբ վերահսկողության շահարկումը կոռուպցիոն նպատակներով եւ հավասար պայմաններ կստեղծի բիզնեսի զարգացման եւ առքուվաճառքի պլանավորման համար:
  • Քաղաքացիներին հնարավորություն կտրվի մասնակցել, հետևել Երևանի ավագանու նիստերին:
  • Կստեղծվի կանաչ գոտիների և պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող մշտական դիտորդական խումբ, որի իրավասությունները կսահմանվեն իրավական ակտով: Այն կունենա անհետաձգելի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու լիազորություն:
  • Քաղաքային որոշումների կայացման գործընթացի ներգրավման բարելավման նպատակ հետապնդող այլ նախաձեռնությունները կբարձրացնեն քաղաքացիների, համայնքների հետ հաղորդակցման մակարդակը:
  • Արմատապես կվերանայվի «բացառիկ` գերակա հանրային շահ» եզրույթի իրավական նշանակությունը` դրա տակ հասկանալով պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող հանրային առաջնահերթությունը և ոչ թե մասնավոր սեկտորի նյութական շահը:
  • Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կազմակերպություններում թափուր հաստիքները կհամալրվեն իրապես թափանցիկ մրցույթների միջոցով: 
  • Քաղաքացիների ազատությունների, իրավունքների, սեփականության և օրինական շահերի պաշտպանությունը մայրաքաղաքում 
  • Երևանցիները կձերբազատվեն պետական չինովնիկների, օլիգարխների և նրանց մերձավորների, ինչպես նաև տարբեր տեսակի «զորքերի» կամայականությունից: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հասարակական կարգը պահպանող համապատասխան ծառայությունը սեղմ ժամկետում` քաղաքացիների համակեցության կանոնների համաձայն, օրինականություն, կարգ ու կանոն կհաստատի Երևանի փողոցներում, հասարակական վայրերում, քաղաքը անվտանգ և ապահով դարձնելով երևանցիների և հյուրերի համար:
  • Կճանաչվի տասը և ավելի տարի հողը և դրա վրա կառուցված գույքը բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետողների` մասնավորապես նախկին այգեգործական ընկերությունների անդամների սեփականության իրավունքը:
  • 2000-2013թթ իրացման գոտիներում հայտնված և տուժած քաղաքացիները կստանան արդարացի հատուցում: Հատուցման կարգը և սկզբունքները կհամաձայնեցվեն տուժողների կամ նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ:
Քաղաքաշինություն 

Վերջին տարիներին Երևանի կենտրոնում կառուցապատումն իրականցվել է ոչ թէ քաղաքաշինական նորմերին համապատասխան և Երևանում ապրելը հարմարավետ դարձնելու, այլ «Էլիտար սանձարձակության» սկզբունքով, անթույլատրելի խտությամբ և բարձրությամբ, ընդհանուր օգտագործման և բակային տարածքների հաշվին, ինչի արդյունքում աղավաղվել է մայրաքաղաքի ճարտարապետական, պատմական, մշակույթային տեսքը, վերացել են արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգությունն ու տարհանումն ապահովող գոտիները: Կանաչ զանգվածների անթույլատրելի նվազեցումը հանգեցրել է անապատացման ակնհայտ դրսևորումների և օդի աղտոտվածության: Էականորեն նվազել են բազմաբնակարան բնակելի ֆոնդի որակական ու ֆիզիկական ցուցանիշները: 
Վերջին տարիներին մայրաքաղաքը կառուցապատվել է «կետային» սկզբունքով և բակային տարածքների, ընդհանուր օգտագործման կանաչ գոտիների, զառիթափ լանջերի հաշվին:

Ստեղծված վիճակը շտկելու համար`
  • մայրաքաղաքի բնակչության և շահագրգիռ կազմակերպությունների հետ կքննարկվեն մայրաքաղաքի կառուցապատմանն առնչվող բոլոր ծրագրերը և գոտիավորման նախագծերը,
  • քաղաքաշինական նորմերը չեն ստորադասվի պատվիրատուի քմահաճույքին,
  • կբացառվի քաղաքի «կետային» և բակային տարածքների, ընդհանուր օգտագործման կանաչ գոտիների, զառիթափ լանջերի հետագա կառուցապատումը,
  • կիրականացվի Երևանի կենտրոնը բեռնաթափելու համալիր ծրագիր:
Երևան քաղաքում գտնվող և պատմամշակութային ժառանգություն հանդիասցող օբյեկտների ցանկում գտնվող բոլոր հուշարձանները կպահպանվեն իրենց գտնվելու վայրում: Բիզնես միջավայրի կարիքների համար դրանք ձևախեղելու կամ տեղափոխելու դեպքում հուշարձանը զրկվում է իր պատմական կամ մշակութային արժեքից: Հետևապես, դեռևս պահպանված և քաղաքային իշխանությունների վանդալիզմին զոհ չգնացած եղած բոլոր հուշարձանները ենթակա են հատուկ հոգածության և պահպանման: 
  • Կիրականացվի մայրաքաղաքի շենքերի և շինությունների, ինժեներատեխնիկական կառույցների գույքագրում և անձնագրավորում: 
  • Կձևավորվի քաղաքաշինական միասնական, բոլորի համար մատչելի տեղեկատվական շտեմարան: 
Խորհրդատվական, տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև պատշաճ վերահսկողություն իրականացնելու միջոցով համատիրություններին կպարտավորեցվի իրենց կողմից սպասարկվող բնակելի շենքերում իրականացնել տանիքների, վերելակների, ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան սպասարկում: 
  • Քաղաքաշինության բնագավառում կկիրառվի բժշկության մեջ ընդունված «չվնասելու» սկզբունքը` ձեռնպահ մնալով չհիմնավորված կառուցապատումից: 
  • Կիրականացվի բակերի կառուցապատման համալիր ծրագիր, կստեղծվեն պուրակներ, հանգստյան գոտիներ, ջրավազաններ, մանկական տարբեր խաղահրապարակներ:
  • Արտաքին գովազդի վահանակները կտեղադրվեն հաշվի առնելով անվտանգության կանոնները և մայրաքաղաքի արտաքին տեսքը չխաթարելու հանգամանքը: 
Տրանսպորտ
  • Մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկությունը կարգավորելու համար կներդրվի կարգավորման ավտոմատ կառավարման համակարգ:
  • Կվերանայվի Երևանի տրանսպորտային երթևեկության սխեման: Ուղևորների համար այն կդարձվի առավել հարմարավետ, շահագործման մեջ կդրվեն քաղաքային ժամանակակից տրանսպորտային միջոցներ, այդ թվում էլեկտրոմոբիլներ, կապահովվի մետրոպոլիտենի արդյունավետ շահագործումը: 
  • Կավարտվի մետրոպոլիտենի Բարեկամություն-Աջափնյակ հատվածը, ինչպես նաև կնախաձեռնվի Աջափնյակ-Սիլիկյան թաղամաս-Մալաթիա-Չարբախ երթուղու կառուցումը: 
  • Վերգետնյա տրանսպորտի համար կստեղծվեն պատշաճ կահավորված կանգառներ:
  • Քաղաքային տրանսպորտը կհարմարեցվի տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող քաղաքացիների պահանջներին:
Բնապահպանություն, կանաչապատում, բարեկարգում և աղբահանություն

Մայրաքաղաքում աղտոտվածությունը աղետալի է նույնիսկ արդյունաբերական ձեռնարկությունների չգործելու պարագայում: Օդային ավազանի աղտոտվածությունը 3-20 անգամ, իսկ հողերինը տասնյակ անգամ գերազանցում են թույլատրելի սահմանային չափանիշը: Մայրաքաղաքի ջրային ավազանները և հոսող գետերը ծանր մետաղներով, կեղտաջրերով և տարբեր թափոններով աղտոտված են նորմայից մոտ 11 անգամ ավելի:
  • Այս վիճակը շտկելու համար անհապաղ միջոցներ կձեռնարկվեն վերականգնվելու և ավելացնելու Երևանի կանաչապատ տարածքները` մասայական ծառատնկումների, նոր պաշտպանիչ անտառաշերտերի հիմնման միջոցով:
  • Կանաչապատման ծրագրերի մեջ տարեկան կներառվի առնվազն 200 հեկտար` Երևանի կանաչ տարածքները աստիճանաբար հասցնելով սահմանված չափանիշներին:
  • Կվերականգնվի բուսաբանական այգին` իր ենթակառուցվածքներով: Պատշաճ ուշադրության կարժանանա Երեւանի կենդանաբանական այգին:
  • Կվերականգնվեն կանաչ գոտիները, այդ թվում սիզամարգերը, կկատարվի նրանց գույքագրումը և դասակարգումը ըստ գործառնական նշանակության:
  • Այգիներում և պուրակներում կբացառվի կապիտալ շինություններ կառուցելը:
  • Կվերակառուցվի Աէրացիայի կայանը:
  • Երևանի կանաչ տարածքները, գյուղատնտեսական նշանակության հողերը, պուրակները, այգիները ոռոգելու նպատակով կվերականգնվի և կընդլայնվի մայրաքաղաքի ոռոգման համակարգը: Աստիճանաբար անցում կկատարվի ծառերի «կաթիլային» ոռոգմանը: 
  • Աշխատանքներ կիրականացվեն մայրաքաղաքում մակերեսային ջրերի աղտոտումը կանխելու, ջրամատակարարման ցանցում կորուստները նվազեցնելու և խմելու ջրի որակը բարձրացնելու համար: 
  • Մայրաքաղաքում կիրականացվի մշտադիտարկում (մոնիտորինգ) փողոցները, բակերը, ընդհանուր օգտագործման տարածքները բարեկարգելու և սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակում դրանք պահելու համար: Կտեղադրվեն հատուկ ցուցանակներ, որտեղ կնշվեն պատասխանատուների տվյալները և հեռախոսահամարները, իսկ բնակիչները հնարավորություններ կունենան իրենց կարծիքն ու առաջարկությունները քաղաքային իշխանություններին հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ:
  • Կստեղծվի փողոցների և շենքերի արտաքին կահավորման՝ ժամանակակից քաղաքին բնորոշ համակարգ, մասնավորապես բոլոր փողոցների և շենքերի վրա կտեղադրվեն նույնականացման միանման ցուցանակներ և ուղեցույցեր: 
  • Մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատումը կիրականացվի բացառելով դրանց ամենամյա վերանորոգման արատավոր ավանդույթը:
  • Մայրաքաղաքի մայթերը, փողոցային և ստորգետնյա անցումները կհարմարեցվեն և մատչելի կդարձվեն հաշմանդամների, երեխաների սայլակների տեղաշարժման համար:
  • Քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների որակը և կազմակերպումը արմատապես փոխելու համար կներդրվի սկզբունքորեն այլ հայեցակարգ, որը կիրառվում է իրեն ժամանակակից համարող, իր քաղաքացուն և քաղաքը հարգող քաղաքային իշխանությունը մաքուր քաղաք, ոչ մի գրամ աղբ առանց վերամշակման սկզբունքով:
  • Առանձնակի ուշադրություն կդարձվի Նուբարաշենի աղբավայրին: 
Սոցիալական ոլորտ
  • Բազմազավակ, խիստ կարիքավոր ընտանիքների համար Երևանում կստեղծվի սոցիալական բնակարանային ֆոնդ: 
  • Բնակության վայր չունեցող (անօթևան) անձանց համար կհիմնվեն «սոցիալական հյուրանոցներ»:
  • Կներդրվի և կիրականացվի սոցիալական խնդիրների արագ արձագանքման` «սոցիալական շտապ օգնության» ծրագիր:
  • Բազմազավակ ընտանիքների համար կիրականացվեն սոցիալական ծրագրեր, մասնավորապես` կտրվեն ամսական հավելավճարներ և տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցում:
Առողջապահություն

Բժշկական ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու, մատչելի դարձնելու, սոցիալական արդարության և համերաշխության սկզբունքներ սերմանելու ու ռեսուրսները նպատակային օգտագործելու համար`
  • Երևանում կներդրվի առողջապահական «հիմնական ծառայությունների փաթեթից» (անվճար բուժօգնությունից) օգտվելու և անվճար դեղորայք ստանալու հնարավորություն տվող` էլեկտրոնային վճարահաշվարկային անհատական քարտերի համակարգ: Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին անվճար կտրամադրի էլեկտրոնային անհատական քարտեր: Այդ համակարգը քաղաքացիներին հնարավորություն կտա անվճար բժշկական ծառայություն ստանալու համար ընտրություն կատարել քաղաքային ենթակայության բուժհաստատությունների միջև: Բնակչության մատուցած ծառայության համար բուժհաստատությանը կվճարի քաղաքապետարանը: Համակարգը կապահովի բժշկական հաստատությունների արդյունավետ ֆինանսավորումը և կբացառի ֆինանսական միջոցները վատնելու հնարավորությունը: 
  • Իրականացվող բարեփոխումները հնարավորություն կտան բուժաշխատողներին վարձատրել արժանավայել` իրենց կողմից մատուցված ծառայություններին համարժեք:
  • Երկարատև խնամքի կարիք ունեցող և քրոնիկ հիվանդների համար կստեղծվեն հատուկ հաստատություններ ու ցերեկային խնամքի կենտրոններ (հոսպիսներ):
Երիտասարդություն, կրթություն, մշակույթ և սպորտ
  • Երիտասարդների համար կկառուցվեն թաղամասեր, որտեղ բացի մատչելի բնակարաններից կլինեն նաև համապատասխան ենթակառուցվածքներ` կինոթատրոն, մշակույթի կենտրոն, գրադարան, մարզահրապարակներ, երիտասարդ ընտանիքների հոգսերը թեթևացնող բազմազան ծառայություններ (մանկապարտեզ, զվարճանքի, երեխաների որակյալ խնամքի կենտրոններ): 
  • Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ երիտասարդ մասնագետներին հնարավորություն կընձեռվի բարձրացնելու մասնագիտական որակավորումը այլ պետություններում:
  • Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային
  • պայմանները կհամապատասխանեցվեն ժամանակակից պահանջներին,
  • կապահովվեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով, համապատասխան նյութատեխնիկական բազայով, կնորացվի դպրոցական գույքը ։ 
  • Երևանի դպրոցների գրադարանային ֆոնդը կհամալրվի գեղարվեստական, մեթոդական և մասնագիտական գրականությամբ։ Կստեղծվեն Էլեկտրոնային գրադարաններ։
  • Ոսումնական հաստատությունների մարզադահլիճները և մարզահրապարակները կհամապատասխանեցվեն ժամանակակից պահանջներին։
  • Դպրոցները կդադարեն քաղաքական գործընթացների մասնակցելու արատավոր երևույթից:
  • Մանակավարժական կոլեեկտիվները կզբաղվեն միայն և միայն կրթա-դաստիարակչական, օրենքներով իրենց վերապահված գործունեությամբ: 
  • Քաղաքապետարանի հաշվին յուրաքանչյուր տարի կկազմակերպվի մանկապատանեական արձակուրդային հանգիստ` ձևավորելով այդպիսի ավանդույթ: 
  • Երևանում պարբերաբար կիրականացվեն մշակութային կենտրոնների գործունեությունը բարելավող համալիր ծրագրեր, ներառյալ դրանց շենքային պայմանների բարելավումը, ավանդույթներ ունեցող մայրաքաղաքին բնորոշ միջոցառումների կազմակերպումը: Մշակույթի զարգացումը հիմնված կլինի քաղաքապետարանի կողմից համապատասխան պատվերների, մրցանակաբաշխությունների, մշակույթային տարբեր տոնահանդեսներ, ցուցահանդեսներ անցկացնելու վրա: 
  • Քաղաքում կբացվեն համայնքային կենտրոններ և սրահներ:
  • Համայնքային կենտրոնները, որոնք կգործեն քաղաքի բոլոր համայնքներում պետք է դառնան, առանց տարիքային սահմանափակման, բոլոր երևանցիների հանգստի, մշակութային միջոցառումների, տարբեր համայնքային և համաքաղաքային միջոցառումների անցկացման վայր-հավաքատեղ:
  • Միջոցներ կձեռնարկվեն նաև մայրաքաղաքի գոյություն ունեցող գրադարանային ֆոնդը (ներառյալ մասնագիտականները) պահպանելու և համալրելու, գրադարանների կահավորանքը արդիականացնելու ուղղությամբ: Կստեղծվի Երևանի վիրտուալ գրադարան:
  • Լայնամասշտաբ աշխատանքներ կտարվեն Երևանում նոր խաղահրապարակների, լողավազանների, ժամանցի և սպորտային վայրերի կառուցման համար, որոնք մատչելի կլինեն բոլորի համար: Քաղաքի հանրային տարածքների մի մասը կհարմարացվեն այդ նպատակների համար: 
  • Երևանը զբոսաշրջության համար ցանկալի վայր դարձնելու համար համապատասխան պետական և մասնավոր կառույցների հետ կմշակվի նոր հայեցակարգ: 
  • Մայրաքաղաքում խստորեն կկիրառվեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջները:
Կոմունալ ոլորտ
  • Կօգտագործվեն բոլոր իրավական միջոցները երևանցիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար:
  • Կբարելավվի քաղաքի էներգետիկ համակարգի կառավարման արդյունավետությունը, քաղաքային տնտեսության և քաղաքացիներին որակյալ ու մատչելի ծառայություններ մատուցելու համար կկիրառվեն էներգոխնայություն և շենքերի լայնածավալ ջերմամեկուսացում ապահովող նոր տեխնոլոգիաներ, նպատակ ունենալով աստիճանաբար անցում կատարելու էկոլոգիական մաքուր համակարգի` կանաչ էներգետիկայի: Դրա արդյունքում կբացվեն հազարավոր աշխատատեղեր: 
Բազմաբնակարան շենքերի կառավարում

Այսօր խիստ հրատապ է բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի բարձացման և կառավարման համակարգի բարելավման հարցերը: Երևանի 4765 բազմաբնակարան շենքերը գտնվում են անմխիթար վիճակում: Շենքերի տեխնիկական վիճակը չի համապատասխանում որևէ նորմատիվի: Վատթար վիճակում է շարունակում գտնվել վերելակային տնտեսությունը: Ստեղծված վիճակի հիմնական պատճառն այն է, որ այդ շենքերի կառավարման մարմինները (համատիրություն, լիազորագրային կառավարում, վարչական շրջանի ղեկավար) չեն իրականացնում օրենքով իրենց վերապահված լիազորությունները, շենքերի պահպանման պարտադիր նորմերի կատարման մասով բավարար վերահսկողություն չեն իրականացում։ Դրա փոխարեն կառավարման այդ մարմինները, մոռանալով իրենց հիմնական պարտականությունները, վերածվել են «քաղաքական կառույցների», ընտրությունների կեղծարարության ընդհանուր համակարգի մեջ դառնալով հիմնական գործող օղակներից մեկը: 
  • Կմշակվի բազմաբնակարան շենքերի կառավարման նոր հայեցակարգ, շենքերի բնակիչները հնարավորություն կստանան իրական մասնակցություն ունենալ իրենց իսկ շենքերի, հարակից տարածքների օգտագործման կառավարման աշխատանքներին։
  • Կառավարման գործընթացը կլինի թափանցիկ, բնակիչները մշտապես հնարավորություն կունենա ստանալ տեղեկություններ նախատեսվող, կատարված աշխատանքների, ֆինանսական ծախսերի վերաբերյալ: 
  • Կբացառվի շենքերի կառավարման մարմինների որևէ մասնակցություն քաղաքական գործընթացներին:
Առևտուր և սպասարկում
  • Երևան քաղաքում առևտրի և սպասարկման ոլորտում տիրող անմխիթար վիճակը անհապաղ բարելավելու նպատակով առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների համար կսահմանվեն հատուկ կանոններ: 
  • Երևանցիների և սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կձևավորվի համապատասխան ծառայություն, որը կհսկի առևտրի կանոնների, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների որակը:
  • Փոստային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությամբ, մայրաքաղաքում կվերականգնվի երևանցիներին անհատական փոստային ծառայություններ մատուցելու համակարգը: Դրա միջոցով հնարավոր կլինի մայրաքաղաքի բնակչությանը թերթեր, ամսագրեր, ինչպես նաև մատուցված հանրային ծառայությունների անհատականացված հաշիվներ առաքել:
  • Վերացնել վճարովի ավտոկանգառների գործող ինստիտուտը:
Գործարարության աջակցություն
  • Քաղաքային իշխանությունները Երևանում կապահովեն գործարարության զարգացման հիմնական պայմանները` հավասարություն, մրցակցություն, պետական կառավարման մարմինների չեզոքություն: Գործարարությունը կտարանջատվի հանրային կառավարումից: Քաղաքային իշխանության ղեկին հայտնված յուրաքանչյուր գործիչ կունենա չեզոք կառավարիչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները:
  • Փոքր և միջին գործարարներին օժանդակելու ու մայրաքաղաքում բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար քաղաքապետարանը կնախաձեռնի օրենսդրական համապատասխան փոփոխությունների գործընթաց:
  • Գործարարության տարբեր տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզիաների տրամադրումը կպարզեցվի, կհեշտացվի, հաշվի կառնվի ոչ միայն քաղաքի տարբեր շրջանների առանձնահատկությունները, այլ նաև տարբերակում կմտցվի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար:
Սիրելի Երևանցիներ

Մայրաքաղաքում առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք պահանջում են ինչպես հրատապ, այնպես էլ ծրագրային համակարգված լուծումներ: Քաջատեղյակ լինելով մայրաքաղաքի իրական վիճակին` Հայ Ազգային Կոնգրեսում մշակվել են համապատասխան ծրագրեր այդ հիմնախնդիրները և առօրյա հոգսերը լուծելու համար:
Ունենալով քաղաքական կամք, վճռականություն և համապատասխան ներուժ` Հայ Ազգային Կոնգրեսը Ձեր աջակցությամբ և մասնակցությամբ ձեռնամուխ կլինի մայրաքաղաքը արժանավայել ապրելու վայր դարձնելու դժվարին, բայց միաժամանակ պատվավոր գործին:



Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 1283 | Ավելացրեց: Sara | Տեգեր: ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0