Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 30 » ԿԵՂԾ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ՆԱԵՎ ՖԵՅՔ Է
01:06
ԿԵՂԾ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ՆԱԵՎ ՖԵՅՔ Է

Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն 
մեր ժողովրդի միջից հանել է պարտվողի հոգեբանությունն 
ու ներդրել հաղթողի ու պայքարողի կամքը


2012-ի աշնանից իշխանությունները՝ նախագահական ընտրություններին ընդառաջ մի անասելի նոր քարոզչական պատերազմ սկսեցին իրենց թիվ մեկ հակառակորդ՝ ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ։ Այդ քարոզչական պատերազմն անմիջապես արտացոլվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Առաջացան այսպես կոչված 100-ավոր ֆեյքեր՝ կեղծ օգտատերեր՝ մարդիկ, ովքեր սոցցանցերում գրում և տարածում են ամենավարկաբեկիչ հորինվածքները ոչ իրենց անուններով։ Ինչու՞։ Ինչների՞ն է պետք։ Որովհետև դա աշխատանք է, որովհետև մեկ ֆեյքը մեկ հաստիք է։ Իսկ մարդ մի քանի հաստիք ունենալու համար չի կարող մի քանի անուն ունենալ, ուստի նրան պետք է մի քանի կեղծանուն՝ մի քանի հաստիք ունենալու համար, ինչը երկկողմանի ձեռնտու գործ է և՛ իշխանական քարոչամեքենայի կառավարիչներին, քանի որ դրանով տպավորություն է ստեղծվում, թե շատերն են դեմ քարոզչաթիրախին, և՛ այն գործակալներին, ովքեր քողարկված են զբաղվում կեղտոտ քարոզչությամբ՝ շրջապատում միգուցե պահպանելով նորմալ մարդու իմիջը։ 

Հակաքարոզչական այդ հզոր ալիքն առաջացրեց նաև ոչ քիչ թվով «քաղաքական վերլուծաբանների», որոնց աշխատանքը բոլորովին չի տարբերվում ֆեյքերի աշխատանքից, քանի որ խնդիրը քաղաքական թիրախին հարվածելն է և ոչ թե առողջ տրամաբանությունը, մանավանդ, որ իշխանական լրատիամիջոցների դռներն էլ լայնորեն բաց են այդ «գործիչների» համար։ 

Այսպես, մի ֆեյբուքցի կա՝ Կարեն Թումանյան, ով ստորագրում է «Անարդարության և անհավասարության հաղթահարումը մայր հայրենիքում» ՀԿ-ի նախագահ, ում պարզունակ հակաքարոզչական նյութն իր էջերում զետեղել է galatv.am կայքը։

«Տեր-Պետրոսյան, հեռանալուց գոնե ներողություն խնդրեիք խեղճ մարդկանցից, չէ՞ որ նրանք Ձեզ հավատում էին»,- այսպես արտահայտվեց մի ծեր ուսուցչուհի, երբ խոսքը գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերջին որոշման մասին: Այնուհետև շարունակեց. «Ես իհարկե հասկանում եմ, որ նա չափազանց խելացի քաղաքական գործիչ է և նա քաղաքական շախմատ է խաղում բոլոր քաղաքական դաշտերում, և նրա ամեն մի խաղը նման չէ մյուս պարտիաներին: Սակայն այստեղ մի շարք հարցեր են առաջանում»- ահա այսպիսի սրտառուչ խոսքերով է սկսում Կ.Թումանյանը՝ իր ասելիքը քողարկելով ծեր ուսուցչի անվան տակ։ 

Հենց առաջին իսկ պարբերությունը հոդվածագիրն սկսում է ապակողմնորոշմամբ. որտե՞ղ և ե՞րբ է Տեր-Պետրոսյանը հայտարարել հեռանալու մասին, որ խեղճուկրակ ուսուցչուհին խոսում է դրա մասին։ Ընդհակառակը, արդեն եղել են ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանի պաշտոնական հայտարարություններն այն մասին, որ առաջին Նախագահը չի հեռանում։ Իսկ ինչու՞ է կեղծում Կարեն Թումանյանը և ընթերցողին ապակողմնորոշում խաղարկելով Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ եղած հավատը, պարզաբանվում է նրա հաջորդ մտքերում։

Ապակողմնորոշիչ հոդվածագիրը շարունակում է «ուուցչուհու» խոքերով. «Ինչպե՞ս է լինում, որ նրա տարբեր խաղաոճերում միշտ ժողովուրդն է պարտված դուրս գալիս»։ Այս մտքով վատ միտք հետապնդող հոդվածագիրը լրացնում է իշխանական այն քարոզչամեղեդին, թե իբր «ժողովուրդը պարտված է»։ Միանշանակորեն, այսպիսի պարտվողական տրամադրություն տարածելը ձեռնտու և հարմար է իշխանություններին՝ հատկապես ընտրություններից առաջ։ Իսկ իրականությունն այն է, որ ընդդիմության առաջնորդը որոշում է կայացրել չմասնակցել իշխանական ընտրաֆարսին՝ դրանով մատային վիճակում թողնելով ռեժիմին, ինչն սկսում է պարզորոշ հասկանալ ռեժիմի հեռացմանը կողմ ընտրազանգվածը և գնահատում քայլի անհրաժեշտությունը։

Հոդվածագրի պարզունակ մտքերը շարունակվում են. «Ինչու՞ էր նա դեռ մեկ տարի առաջ մարդկանց համոզում, որ անհապաղ անհրաժեշտ է արտահերթ նախագահական ընտրություններ»: Ըստ այս մտքի ստացվում է, որ ժողովուրդը չի ուզել արտահերթ ընտրություններ, այլ նրան համոզել է Լևոն Տեր-Պետրոսյանը և չի կատարել։ Փաստորեն Տեր-Պետրոսյանը մեղադրվում է մեկ տարի առաջ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հրամանագիրը չստորագրելու մեջ։ Խոսքերն ավելորդ են։ 

«Ինչու՞ էր նա պնդում, որ ավազակապետության բուրգը պետք է անհապաղ հեռանա, իսկ դրա փոխարեն ինքն է հեռանում քաղաքական պայքարի հարթությունից»: Այս միտքը հոդվածագիրն արդեն կրկնում է, որ ընթերցողի մոտ ամրապնդվի Տեր-Պետրոսյանի հեռանալու մասին միֆը, ինչը քողարկում է, որ դա միմիայն իշխանական ցանկություն է։

Հաջորդ պարբերությունից հոդվածագիրն արդեն պարզորոշ ջրի երես է դուրս բերում իշխանության և ընդդիմադիր դաշտում գործող իշխանության սպասարկուների սերտ համագործակցությունը՝ իհարկե իրողությունը շրջելով ընդդիմության առաջնորդի դեմ.  «Ինչու՞ էր նա անընդհատ մեղադրում իշխանությանը անհաջող սերնդափոխության մեջ, երբ իրեն այդպես էլ չհաջողվեց պատրաստել մարտունակ երիտասարդ կադրեր»: Միտքն այստեղ չի ընդհատվում, պարզապես ընդմիջվում է մեկ այլ պարբերությամբ՝ «Ինչու՞ հեռանալուց նա արհեստական քայլերով քայքայեց Կոնգրեսը» և նորից շարունակվում՝ «Ինչու՞ թև ու թիկունք չդարձավ Նիկոլ Փաշինյանին և նմանատիպ երիտասարդների համար»: Նախ, Կոնգրեսի քայքայման մասին օր ու գիշեր իշխանական քարոզչամիջոցներով շրջանառվող լուրերը նմանվում են Մարկ Տվենի մահվան մասին ժամանակին մի թերթում տպագրված լուրին, որին մեծ գրողը պատասխանել էր մի կարճ հեռագրով՝ «Իմ մահվան մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են»։ Բայց, այնուամենայնիվ, հոդվածագիրը հասկանալով, որ Կոնգրեսի քայքայման մասին լրջորեն խոսելն անհեթեթություն է, դա տեղադրել է իշխանական սերնդափոխության և Նիկոլ Փաշինյանի մասին հիշատակման պարբերությունների արանքում՝ ընթերցողի մոտ միաժամանակ տպավորություն ստեղծելու համար, թե խոսքը գնում է  երիտաարդ, լուրջ քաղաքական գործչի մասին։ Եվ բնականաբար այդ պարբերությանը պիտի հաջորդեր հետևյալ միտքը. «Ինչու՞ նա չհստակեցրեց ընդդիմադիր դաշտը՝ զատելով այն իշխանության «հաճախորդներից»: Իրականում բավականին երիտասարդ «քաղվերլուծող» է հոդվածագիրը, հակառակ դեպքում իրար հետևից չէր շարադրի «իշխանության սերնդափոխության, «Կոնգրեսի քայքայման», Նիկոլ Փաշինյանի և «իշխանության հաճախորդների» մասին հիշատակումները։ Սա էլ թերևս ենթագիտակցական ինքնախոստովանություն է, քանի որ ընթերցողն այս չորս հիշատակումների հաջորդականությունից հակառակ եզրակացության է հանգում։

Հաջորդ 2 պարբերությամբ հոդվածագիրն արդեն խոսքը կտուրն է գցում. «Ինչու՞ ԱԺ-ում մի քանի տեղ ունենալու համար նա դադարեց քննադատել և իրեն յուրահատուկ հմտությամբ պախարակել 8 ամիս առաջ «ազատ, արդար ու թափանցիկ» կերպով ընտրված Ազգային ժողովը» և «Ինչու՞ ժողովրդի հետ անկեղծ խոսելու փոխարեն նա վերջերս սկսեց խաղալ երկխոսության լեզվով՝ նախապես հասկանալով, որ տարբեր հարթություններում գտնվող առկա իշխանության հետ հնարավոր չէր երկխոսել»:  Որպեսզի հոդվածագիրն իր նյութը գրելու նպատակը քողարկված պահի, թեև հենց ինքն է իր ենթագիտակցությամբ պարզորոշ բացահայտում իր միտումները, նա անցնում է իշխանական «ընդդիմությանը մի քանի մանդատ էր պետք» արդեն ծիծաղ առաջացնող քարոզի ծածուկ, գաղտագողի կրկնությանը՝ վրիպելով, որ ընդամենը մեկ պարբերություն առաջ մեղադրանք հնչեցնելով երիտասարդ գործչին թև ու թիկունք չլինելու մեջ, միտումնավոր չի հնչեցնում, որ նույն սկզբունքային գործիչը բազմիցս է երկխոսությանը կողմ արտահայտվել... հետո՞ ինչ, որ այսօր հակառակն է ասում. այդ ո՞ր մի իշխանահաճո գործիչն այդպես չի վարվել՝ Գեղամյա՞նը, Արթուր Բաղդասարյա՞նը, թե՞ Շահնազարյանը...

Վերջաբանում մեր հերոս-հոդվածագիրն արդեն երրորդ անգամ կրկնում է առաջին պարբերության ապակողմնորոշիչ թեզը՝ «Ինչու ՞ «դադարի անհրաժեշտությունը» գիտակցելու փոխարեն նա ամեն ինչ չարեց իր ներկայությունը երկրի ու ժողովրդի կյանքում հավերժացնելու համար»։ Եվ քանի որ նյութը հեշությամբ տեղավորվում է իշխանական քարոզի շրջանակներում, ուստի պետք է գանք իշխանահաճո հոդվածագրին տրամաբանորեն հակառակ եզրահանգման. թեև Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն մեր ժողովրդի միջից հանել է պարտվողի հոգեբանությունն ու ներդրել հաղթողի ու պայքարողի կամքը, բայց, այնուամենայինվ կանգնած է նույն ժողովրդին պարտվողականության տանող իշխանություններին հեռացնողի դիրքերում և շարունակում է առաջնորդել համաժողովրդական պայքարը։ 

Գրիգոր Բաղդասարյան
Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 960 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 4.5/2