Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 22 » Լեւոն Զուրաբյանը կոչ արեց բոլոր կուսակցականներին ու անկուսակցականներին միավորվել և հասնել ժողովրդի վերջնական հաղթանակին
16:27
Լեւոն Զուրաբյանը կոչ արեց բոլոր կուսակցականներին ու անկուսակցականներին միավորվել և հասնել ժողովրդի վերջնական հաղթանակին
ilur.am

Այսօր Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկած Հայոց համազգային շարժման համագումարի ժամանակ ելույթով հանդես եկավ Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօր ես խոսելու եմ՝ ներկայացնելով Կոնգրեսի ոչ կուսակցական հատվածը, որովհետև թեև այն կուսակցությունների դաշինք է, բայց նրա հզորության մեծ մասը գալիս է նրանից, որ այս դաշինքը կարողացավ միավորել բազմաթիվ անկուսակցականների, որոնց համար քաղաքական պայքարը մասնագիտություն չէ, կոչում չէ: Բայց նրանք, ելնելով երկրի այս ծանր վիճակից, չեն կարող մասնակցել քաղաքական այդ պրոցեսներին՝ հայ ժողովրդի ազատագրման քաղաքական այս պրոցեսներին: Բայց քանի որ ես կուսակցական առաջնորդ չեմ, ծրագրային ելույթ չեմ ունենա, դա կուսակցության առաջնորդի գործն է, ես պետք է խոսեմ զգացումների մասին, որոնք միշտ ունենում եմ, երբ բախտ է վիճակվում մասնակցել ՀՀՇ-ի համագումնարներին:

Հայոց Համազգային Շարժման սիրելի՛ զինակիցներ, իրականում ես համարում եմ ձեզ ամենահարազատներն ինձ համար, ընդհանրապես հպարտ եմ, որ երեք հանգրվանում մենք ձեզ հետ եղել ենք նույն թիմում: Առաջին հանգրվանը՝ ես հպարտ եմ, որ ձեզ հետ միասին կազմել եմ մի թիմ, որը լուծեց Հայաստանի համար կարևորագույն խնդիրներ. Հայաստանը 1988 թվականից մինչև 1991 թվականը գտնվում էր մի վիճակում, երբ երեք առանցքային մարտահրավերների առջև էր կանգնած:

Մեկը՝ կառուցել անկախ պետություն, որն ինքնին լուրջ մարտահրավեր էր, ամեն մի ազգ չի կարողանում հաջող կերպով կատարել, երկրորդ մարտահրավերն այն էր, որ պետք է անցում կատարվեր ստալինյան ադմինիստրատիվ համակարգից դեպի ազատ շուկայական տնտեսություն, դա էլ է բարդագույն խնդիր, որը 1991 թվականին դեռ ոչ մի ազգ երբեք չէր կատարել, և ոչ ոք չուներ դեղատոմսեր այդ անցումը կատարելու համար: Մեր թիմը՝ նկատի ունեմ ձեզ, Հայոց Համազգային Շարժումը, փայլուն կատարեց այդ մարտահրավերը հաղթահարելու խնդիրը:

Երրորդ մարտահրավերը՝ Ղարաբաղյան պատերազմում հաղթելու անհրաժեշտությունն էր, մի ահավոր մարտահարվեր, որը նույնպես դեռ անկախ պետություն չստեղծած պետությունը, դեռ իր տնտեսության՝ անցումային շրջանում գտնվող պետությունը կարողացավ հաղթել, հաղթել Ղարաբաղյան պատերազմում, ժողովրդի ուժերի լրջագույն պրկումով, և այն ուժը, որը կարողացավ կազմակերպել ժողովրդի այդ հաղթանակը, դուք եք՝ ՀՀՇ-ն:

Երկրորդ հանգրվանը՝ ես հպարտ եմ, որ ձեզ հետ միասին կազմել եմ մի թիմ, որը արդեն հինգ տարի է՝ պայքարում է Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար, որովհետև այդ երեք կարևոր մարտահրավերները մենք ձեզ հետ նախկինում հաղթահարել ենք, բայց այսօր բոլոր երեք նվաճումները գտնվում են վտանգի տակ:

Անկախությունը վտանգված է, այսօր մենք ունենք մի իշխանություն, որը գտնվում է տարբեր ճնշումների ներքո, մի կողմից Ռուսաստանն է՝ մաքսային միության առաջարկով, մյուս կողմից՝ Եվրամիությունն է, որը կոնկրետ ծրագրեր է ներկայացնում՝ կապված եվրաինտերգրացիայի հետ: Փաստորեն, Հայաստանի իշխանությունների առջև բացահայտ դնում են ընտրության հարցը, և ցավն այն է, որ մենք ունենք այսօր Հայաստանում մի իշխանություն, որը այդ ընտրությունը կատարելիս ոչ թե ղեկավարվելու է Հայաստանի շահերով, ոչ թե ղեկավարվելու է մեր ազգի շահերով, այլ ունենալու է միայն մեկ հաշվարկ իր ուղեղում՝ որ ընտրությունը կապահովի նրա իշխանության վերարտադրությունը: Սա ցավալի մի երևույթ է, և այսօր Հայաստանը կանգնած է մի այսպիսի ընտրության առջև: Փաստորեն, մենք չունենք իշխանություն, որը կարող է ապահովել հայ ժողովրդի սուվերեն ընտրություն:

Անկախությունը, ուրեմն, վտանգված է:

Երկրորդը՝ շուկայական տնտեսության հարցն է: Մենք ունե՞նք Հայաստանում շուկայական տնտեսություն: Ո՛չ: Այն մեծ գործը, որ արվեց, այսօր ջուրն են գցել, այսօր տնտեսությունը կենտրոնացրել են մի 50 ընտանիքի ձեռքերում, այսօր, ինչպես ցույց տվեց Հայ ազգային կոգնրեսի կողմից նախաձեռնած այդ օրենսդրական փաթեթի առաջխաղացումը ԱԺ-ում, Հայաստանի իշխանությունները բացահայտ պաշտոնապես հայտարարում են, որ իրենք որևէ նպատակ չունեն պայքարելու մենաշնորհների դեմ:

Ես չգիտեմ՝ ինչն է ավելի վատ, գիտե՞ք, կապիտալիստն՝ առանց մրցակցության, ավելի վատն է, քան պոպուլիզմը, քան սոցիալիզմը: Իսկ Հայաստանում այսօր այդպիսի կապիտալիզմ է, որտեղ չկա մրցակցություն, ինչն ընդհանրապես սպանում է շուկայական այդ ազատ տնտեսության ոգին, ուրեմն սա էլ է վտանգի տակ:

Եվ ամենաահավորը՝ այսօր վտանգված է նաև ձեռքբերումը Ղարաբաղյան պատերազմում, այսօր Ադրբեջանը այնքան մեծ գերակշռություն է ստանում Հայաստանի նկատմամբ, այսօր ռազմաքաղաքական բալանսը այս ապօրինի, ոչ կոմպետենտ, կոռումպացված իշխանությունների քաղաքականության պատճառով այնքան ակնհայտորեն շեղվում է հօգուտ Ադրբեջանի, որ իսկապես առաջացել է պատերազմի վերսկսման վտանգ: Եվ այն նվաճումը, որ մենք միասին ունեցել ենք, մենք այսօր կարող ենք կորցնել: Այս ամենից հետո ես ուզում եմ խոսել երրորդ հանգրվանի մասին, քանի որ վստահ եմ, որ մենք ենք, ձեզ հետ միասին, նաև այն թիմը, որ Հայաստանում իրականացնի իշխանափոխություն և կհաստատի ժողովրդավարություն:

Մենք պետք է շատ լավ հասկանանք, թե ինչ հակառակորդի հետ գործ ունենք: Այս իշխանությունները դաժան, ցինիկ, ամեն ստորության ընդունակ իշխանություններ են: Եթե պետք է պահել իշխանությունը, ապա նրանք պատրաստ են սպանել 10 մարդ, պետք լիներ 100-ը՝ կսպանեին, եթե պետք է, նրանք պատրաստ են 150 քաղբանտարկյալ տարիներ շարունակ պահել բանտերում: Եթե պետք է քանդել տնտեսությունը, քանդել համաշխարհային հռչակ ստացած, օրինակ «Բջնին», այդ ձեռնարկության հնարավորությունները, դա էլ կանեն, մարդկանց կզրկեն աշխատանքից, կքանդեն տնտեսություն, միայն թե պահեն իշխանությունը:

Եթե պետք է գաղտնալսում անել, ապա այդ էլ կանեն, գաղտնալսում, և ՎԵՐՋ: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում գնում է թուրքմենիզացիայի, Թուրքմենստան դարձնելու գործընթաց, այսօր Հայաստանի իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ զբաղված են այդ գործընթացով: Մենք կարողացել ենք հինգ տարվա մեջ ստեղծել այդ դիմադրության շարժումը, և այսօր ամենամեծ արժեքը, որ մենք ունենք քաղաքական այս իրողության մեջ, այդ դիմադրության շարժումն է: Եկեք պահպանենք, միասնական լինենք, քանի որ մեր ախոյանը շատ կեղտոտ ու ստոր ախոյան է, որի հետ պայքարելու համար մեզ պետք է միասնություն, ուժերի համախմբում:

Կոչ ենք անում բոլոր կուսակցականներին ու անկուսակցականներին՝ հասկանալ, թե ինչ խնդիր է մեր առջև դրված, միավորվել և հասնել ժողովրդի վերջնական հաղթանակին»:
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 820 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0