Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 12 » Մուկուչյանի չկայացած հարցազրույցը
01:09
Մուկուչյանի չկայացած հարցազրույցը

Գաղջ Productions

Տիգրան Մուկուչյանի չկայացած հարցազրույցը

Գաղջ Productions-ի թիմը կապ է հաստատել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, և մեզ հաջողվել է նրանից ստանալ ֆեյսբուքյան չկայացած ասուլիսի շրջանակներում քաղաքացիների ուղղած հարցերի մի մասի պատասխանները:


- Պարոն Մուկուչյան, փոքրիկ Աշոտիկն ունի 5 խնձոր: Քանի՞ խնձոր ունի փոքրիկ Աշոտիկը:
- Նայած փոքրիկ Աշոտիկը որ կուսակցությունից է: Եթե նա հանրապետական է, ապա ունի 15 խնձոր, իսկ եթե Ժառանգություն կուսակցությունից է, ապա ունի 4 տանձ և 2 դամբուլ:

- Աշխատանքից ազատ ժամերին ի՞նչ եք կեղծում:
- Ազատ ժամերը։

- Ի՞նչ դաջվածքներ կան ձեր մարմնի վրա:
- Ես դաջվածքների մեծ սիրահար եմ, սակայն բոլոր փորձերս ապարդյուն են եղել: Դրանք իմ մարմնի վրայից արագ ցնդում են:

- Պարոն Մուկուչյան, տոլմա փաթաթել գիտե՞ք:
- Ձեր հարցը կոռեկտ չէ:

- Պարոն Մուկուչյան, Orange-իս մեջ 200 դրամ քցի, գամ տուն կտամ:
- Բարև Րաֆֆի, մենք համագործակցում ենք միայն լիմոնների հետ:

- Մի տեսակ տխուր եք երևում, պարոն Մուկուչյան, հո բան չի՞ պատահել:
- Ճիշտն ասած, երեկ երեկոյան մթնոլորտը մի քիչ գաղջ էր: Կարծես թե մոտս կատարակտ է սկսվել:

- Ես, ցավոք, չկարողացա մասնակցել ընտրություններին: Խնդրում եմ ասեք՝ ո՞նց կարող եմ իմանալ, թե ես ում եմ ընտրել:
- Մտեք karusel.am էլէկտրոնային կայքը և կիմանաք ոչ միայն ում եք ընտրել, այլ նաև, թե ում եք համակրելու հաջորդ ընտրություններում:

- Իսկ որքա՞ն է լինում 2+2՝ ըստ ԿԸՀ-ի:
- 2+2= (2+2)x0=5x0
(2+2)x(5+4+1-8-2)=5x(5+4+1-8-2)
2+2=5

- Իսկ Դուք հավատում ե՞ք Եհովային:
- Ո՛չ, որովհետև Ադիբեկյանի վկայությամբ նա 20%-ի շանս էլ չունի:

- Ե՞րբ առաջին անգամ զգացիք, որ ինչ թիվ ուզենաք կարող եք խփել:
- Երբ մեկ տարեկան հասակում ընկա օրորոցից և գլուխս խփեցի հատակին: Ու հետո կրկին ընկա և խփեցի… Ու հետո կրկին ու կիրկին…

- Իսկ Դուք փոքր ժամանակ «Փոքրիկ իշխանը» կարդացե՞լ եք: Իսկ Ձեզ ո՞վ է ընտելացրել:
- Այո՛, ես ամեն առավոտ արթնանում եմ և կարգի եմ բերում իմ մոլորակ-գլուխը:

- Ինչպե՞ս եք ազատվում ականջների շրջանում անցանկալի մազերից:
- Այո՛, իմ հետևում շատ ականջի մազեր կան:

- Պարոն Մուկուչյան, այսօր պետք է ինքնաթիռի տոմս գնեմ, բայց աշխատավարձս դեռ չեն փոխանցել: Գրպանումս կա ընդամենը 6.500 դրամ: Ի՞նչպես խորհուրդ կտաք այն հաշվել, որպեսզի գրպանիս պարունակությունը դառնա 235.000 դրամ: Շնորհակալություն:
- 6.500-ը բաժանեք քաղաքացիներին, և դա կտա իր պտուղները:

- Արդյո՞ք Ձեզ թվաբանություն դասավանդողը կենդանի է, եւ եթե այո՝ ի՞նչ կենդանի:
- Քվեաբիթի։

- Պապայի՞ն եք շատ սիրում, թե մամայի՞ն:
- Ես ունեմ 4 պապա և 5 մամա, և ամենաշատը սիրում եմ քեռուս:

- Դուք աչքի բժշկի մոտ գնացե՞լ եք վերջին մեկ տարում:
- Այո՛, և պարզվեց, որ ես լավատես եմ:

- Քաղաքու՞մ եք սիրում մեքենա վարել, թե մայրուղու վրա: Հաճախ ե՞ք դուրս գալիս մայրուղի:
- Ես մեքենա չեմ վարում վատ տեսողության պատճառով, բայց փետրվարի 18-ին դուրս էի եկել Երևան-Գյումրի մայրուղի:

- Ե՞րբ սկսեց գրել Չեբուրաշկայի կերպարի վերլուծականը:
- Երբ աշխատում էի Գենայի անվան հաշվիչ մեքենաների ինստիտուտում:

- Ի՞նչ գույնի թանաք եք սիրում:
- Որդան կարմիր:

- Որո՞նք են նշվածներից ձեր սիրած հանցագործությունները՝ մարդասպանություն, պետական կեղծարարություն, գողություն, կամ նշեք ձեր տարբերակը:
- Զանգ ընկերոջը:
- Եւ ովքե՞ր են նշվածներից ձեր սիրելի հանցագործները՝ Սերժ Սարգսյան, Մհեր Սեդրակյան, Տիգրան Մուկուչյան, Տարոն Մարգարյան, կամ նշեք ձեր տարբերակը:
- 50/50

- Պարոն Մուկուչյան, մատե մատե՝ քանի՞ մատե:
- Ես մատե չեմ խմում, նախընտրում եմ էսփրեսո:

- Պարոն Մուկուչյան, ի՞նչ գիրք եք կարդացել վերջին ընտրությունների օրերին ժողովրդի հայհոյանքներից շեղվելու համար:
- Կարդացել եմ Ա. Էյնշտեյնի անվան հաշվապահական հաշվառման ինստիտուտի ժամանակակից արվեստի և քիմիայի ամբիոնի հրատարակած «Քվեաթերթիկների հարաբերականության տեսություն» գիտաֆանտաստիկ հոդվածը:

- Պարոն Մուկուչյան, դուք «Ազատություն» ռադիոկայանի կողմից հարցեր ջնջելը ճի՞շտ համարում եք, թե՞ ոչ:
- Ես ընդհանրապես ջնջելը, փոխելը և լցոնելը ճիշտ եմ համարում:

- Ո՞վ է Մուկուչյանը բեմից դուրս:
- Բեմից դուրս՝ լոկ մի Տիգրան:

- Որտե՞ղ եք Ձեզ տեսնում հեղափոխությունից հետո:
- Հեղափոխությունից հետո ես ինձ տեսնում եմ մեծ բեմում:

Գաղջ Productions

Կատեգորիա: Կես կատակ, կես լուրջ | Դիտումներ: 1409 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Տիգրան Մուկուչյան, Գաղջ | - Վարկանիշ -: 5.0/1