Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 20 » Պայքարը անշառ չի լինում
18:01
Պայքարը անշառ չի լինում

Արեգ Գևորգյան

Պայքարն անշառ չի լինում

Երբ հանրահայտ Բազազն ու բերետները երթերի, ցույցերի ժամանակ սադրանքներ էին իրականացնում՝ հրում էին, հայհոյում էին, հարվածում էին՝ չխնայելով ոչ մեծահասակներին, ոչ կանանաց, ոչ երեխաներին, ունեին մեկ հորդոր մեզ բոլորիս, որի կատարումից անմիջապես հետո մեզ կթույլատրվեր անել ամեն ինչ:
 
Երթերի ժամանակ պահանջը մեկն էր. քայլել մայթերով: Չենթարկվողները դաժանաբար պատժվում էին՝ ծեծվում, բերման ենթարկվում: Այդ գործողությունները բացատրվում էին նրանով, որ երթը, որը հնարավոր է անցկացնել մայթերով մենք միտումնավոր՝ խոչընդոտելով երթևեկությունը անցկացնում էինք փողոցներով: Մեզ մեղադրում էին ոստիկաններին չենթարվելու մեջ: Նրանք իրավացի էին: Մենք իսկապես չէինք ենթարկվում, մենք ցույց էինք տալիս մեր անհնազանդությունը, մենք միտումնավոր դառնում էինք անկառավարելի, որովհետև իշխանությունների համար միմիայն անկառավարելի բողոքն է դառնում խնդիր և գլխացավանք: Համոզված եմ` եթե մենք ենթարկվեինք այդ պահանջներին, ապա որևէ խոչընդոտի չէինք հանդիպի:
 
Իշխանությունները չէին ուզում ազատվել բողոքից, նրանց անհրաժեշտ էր կառավարելի բողոք: Այս տարիների ընթացքում իշխանությունների ներկայացուցիչները մեզնից պահանջում էին «առողջ» քննադատություն, բայց ոչ «Սերժիկ, հեռացիր» կամ «Սերժիկ, հանցագործ», որովհետև դա էր նրանց համար խնդիր, այլ ոչ թե «առողջ» քննադատությունը: Նրանք մեզ հորդորում էին չպահանջել քաղբանտարկյալների ազատարձակում, այլ սպասել դատարանների «օրինական» վճիռներին, որովհետև «քաղբանտարկյալ» բառն էր նրանց համար խնդիր: Նրանք կոչ էին անում չմտնել Ազատության հրապարակ՝ անցկացնել հանրահավաքները Մատենադարանում, որովհետև նրանց համար ավելի պրոբլեմատիկ էին Ազատության հրապարակում կանգնած 15 երիտասարդները, քան մատենադարանի 1000 քաղաքացիները... Իսկ այժմ իշխանական այս նույն քարոզչությունը իրականացվում է ֆեյսբուքում: Բազամթիվ օգտատերեր միտումնավոր իրականացնում են պայքարը մեղմելու և կառավարելի դարձնելու ծրագիրը: Կրկին սկսվել են «առողջ» քննադատություն իրականացնելու, «իմաստավորության հարթությունում» պայքարելու կոչերը:
 
Այսօր կրկին մեզ հորդորում են քայլել մայթերով, առանց գոռալու, շառից-փորձանքից հեռու, և առավել ակտիվ սա արվում է համացանցում, որովհետև իշխանությունների համար վտանգավորը ոչ թե «իմաստավոր» կռիվներն են, այլ կոշտ քննադատությունը, իրերը իրենց անունով՝ Սերժիկին՝ Սերժիկ, Սաշիկին՝ Սաշիկ, Միշիկին՝ Միշիկ կոչելը: Իսկ, եթե կուզենաք տեսնել «իմաստային», «առողջ» պայքար այցելեք իշխանական հայտնի կայքերը, կարդացեք բազմաթիվ իմաստային հարցազրույցները, հոդվածները, հայտարարությունները, գտեք իշխանական ֆեյքերին, բոլորիդ հայտնի ԱԱԾ-ական օգտատերերին և ամենաառողջ քննադատությունը կտեսնեք այնտեղ: Այդ «առողջ» քննադատությունն այնքան «առողջ» ու «իմաստային» է, որ մարդկանց վերջ ի վերջո բերում է ավելի «վեհ» արժեքների գիտակցմանը և որպես չարյաց փոքրագույն է ներկայացնում Միշիկին ու Սաշիկին ենթարկվելու գաղափարը:
 


Հ.Գ. Եթե մենք ուզում ենք հասնել փոփոխությունների, ապա իրավունք չունենք ենթարկվելու նմանատիպ քարոզչական տրյուկներին: Միակ ելքը անհնազանդությունն է և ռեժիմի կողմից անկառավարելի լինելը: Իսկ անկառավարելի լինել՝ շատ ժամանակ կարող է նշանակել թվացյալ մեծամասնության ծաղրի և բռնությունների թիրախ դառնալ: Բայց հենց սա է պայքարը, երբեմն ոչ այդքան հաճելի, խոչընդոտներով ու բազմաթիվ դժվարություններով լի:
Պայքարն անշառ չի լինում:
Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 921 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: ԱԱԾ, Պայքար, ոստիկանություն, Սերժ Սարգսյան, Արեգ Գևորգյան | - Վարկանիշ -: 5.0/1