Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 10 » Քոչարյան, Սարգսյան՝ դու՛րս մեր երկրից
14:14
Քոչարյան, Սարգսյան՝ դու՛րս մեր երկրից

ԱՆԱՀԻՏ ԲԱՅԱՆԴՈՒՐ 

«ՔՈՉԱՐՅԱՆ, ՍԱՐԳՍՅԱՆ՝ ԴՈՒ´ՐՍ ՄԵՐ ԵՐԿՐԻՑ». 
Անահիտ Բայանդուրի բաց նամակը

Մեր քաղաքում, դեռ շատ հարազատ ու տաք, ծանոթներն ու բարեկամներն իրար հանդիպելուց միմյանց զգուշացնում են. «Զգույշ եղեք, սրանք ամեն ինչի պատրաստ են»։ Ու միանգամից հոգիդ դառնանում է, որովհետեւ դա նորմալ չէ. մենք չենք ցանկանում լինել «զգույշ» եւ բարձրաձայն չխոսել նրա մասին, ինչ մտածում ենք։ 

Եվ չենք ուզում տեսնել, թե ինչպես է մեր զրուցակիցը վախեցած շուրջը նայում՝ «հո մեզ չեն լսում»։ Մենք սովորել ենք խոսել բաց այն ամենի մասին, ինչ մեզ անհանգստացնում է։ Իսկ առաջին հերթին մեզ անհանգստացնում է այն, որ իշխանության ղեկի մոտ հայտնվել է մի մարդ, ով ներքուստ բարդույթավորված է ու չափազանց անկիրթ, եւ մեր երկիրը չի հասկանում։ Այս ամենին դժվարությամբ կարելի էր դիմանալ, բայց այդ մարդը տարիների ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ մեր երկիրը աշխարհի ծայրում գտնվող փոքրիկ թագավորություն չէ, որտեղ ինքը, ինչպես նախկինում, գործում է խորհրդային կարծրատիպերով, որոնք յուրացրել էր մանկուց եւ որոնք ամրապնդվել էին կոմերիտակուսակցական կարիերայով։ 

Նաեւ իր անտաղանդ զույգը՝ Սերժ Սարգսյանը, այդպես էլ չհասկացան, որ գործ ունեն իրենց համար խորթ, անհասու մշակույթի, ավանդույթների եւ բարոյականության հետ։ 

Այդ զույգը չհասկացավ, որ իրեն պահելով ժամանակակից բառապաշարով ասած «բաց», կապանքներից զերծ եւ «բարձր խավին» բնորոշ կեցվածքով, հեղինակազրկում են մեր երկիրն ու այն աննման, ինքնատիպ վայրը, որից իրենք ժամանել են ղեկավարելու մեր երկիրը։ 

Նրանք իրենց անսահման ագահությամբ ջնջում են այն սուրբ զբացողությունը այդ վայրի հանդեպ, որը ստիպեց մեր ժողովրդին հանուն այդ երկրամասի ազատության դիմակայել «ցրտի ու մթի տարիները»։ Նրանք մինչ օրս չհասկացան, որ տարեցտարի դառնալով ընդգծված, գրոտեսկային հակահերոսներ, անտանելի են դարձել մեզ համար, նրանք այստեղ օտար են։ 

Եվ նրանք որքան էլ ջանան երեւալ ինքնավստահ, նմանվում են գավառական գաստրոլյարների եւ առաջացնում են զզվելի մի հակակրանք։ Նրանք մատնում են իրենց տեսակը։ 

Հայտնի է արդյո՞ք նրանց, որ մարդիկ իրենց համարում են դեւ-վիշապ, որ նստել են ջրի բերանին եւ ամեն օր պահանջում են զոհաբերություն։ 

Հայտնի՞ է նրանց արդյոք, որ ցանկացած քաղաքական գործչի մահ, առաջին հերթին կապվում է իրենց անվան հետ՝ երկու, երեք չարաբաստիկ անհատների։ 

Իսկ մահ մեր երկրում շատ է եղել։ 

Եվ վերջին 10 տարվա դատապարտվածի սոսկալի զգացողությունը ժողովրդի մոտ վերափոխվում է այդ զույգին իրերը հավաքելու եւ ինչ-որ հեռու տեղ գնալ խնդրելու վճռականության։ 

Որովհետեւ, եթե սկզբում չէինք ուզում հրապարակայնորեն անհանդուրժողականություն ցուցաբերել նախկինում Ղարաբաղի նախագահի նկատմամբ, չցանկանալով ստվեր գցել մեր սրտի համար թանկ հայրենիքի այդ հատվածի վրա, ապա հիմա վտանգի տակ է արդեն Հայաստանը։ 

Մենք հասել ենք եզրագծին։ 

Այլեւս բոլոր հնարավորությունները սպառված են։ Երկրում աներեւակայելի սահմանի է հասել աղքատությունը։ Մենք կորցնում ենք կյանքի որակը։ 

Մենք միացնում ենք հեռուստացույցը եւ ականատեսը դառնում գռեհիկության. սուտը, տգիտությունը եւ գողությունը տիրոջ իրավունքով մտել են մեր տուն։ 

Բայց ի՞նչ է պատահել եւ ինչո՞ւ ենք ստիպված հանդուրժել։ 

Ո՞վ ասաց, որ դա կարող է շարունակվել հավերժ. հանուն ինչի՞։ 

Որտե՞ղ մնաց այն վեհ նպատակը, որը արդարացնում է զրկանքները։ 

Չկա այն այլեւս։ Նա լքեց մեզ արհամարհական, որովհետեւ մենք հանդուրժեցինք ամեն ինչ՝ եւ հոկտեմբերի 27-ին սարսափելի ոճրագործությունը եւ անմեղ մարդու անպատիժ սպանությունը «Առագաստ» սրճարանում, եւ խոսքի ազատության ոտնահարումը, ի դեմս եթերազրկված «Ա1+ » հեռուստաընկերության, եւ ցինիկաբար կեղծվող ընտրությունները ու նմանօրինակ այլ փաստեր։ Եվ նույնիսկ հեռուստատեսությամբ հեռարձակված Ռոբերտ Քոչարյանի գռեհիկ հումորը՝ վատ պարողին խանգարող հանգամանքների եւ միակ տղամարդու մասին... 

Դա փողոցային գրգռված թափթփուկների խոսակցության մակարդակ է, որը դարձել է պետական ոճ եւ չափանիշ։ Նման բան մեր երկրում դեռ չէր եղել եւ այդպիսի բան հանդուրժել չի կարելի։ 

Եւ որքան շուտ վերը նշված անձինք լքեն մեր երկիրը, այնքան արագ մարդիկ մեր երկրում ազատորեն շունչ կքաշեն եւ ինչ-որ կերպ հաշվի առնելով վերջին տարիների ամոթալի փորձը, կգտնեն իրենց կեցության արժանի ձեւ։ 

Մարդիկ, որ այսօր կոչվում եք ՀՀ նախագահ եւ վարչապետ. Ձեզ հայտարարում ենք «պերսոնա նոն գրատա». ձեր գործողությունների հակասահմանադրականությունը ավելի քան ակնհայտ է։ 

Մենք շատ երկար ենք ձեզ հանդուրժել։ 

Դու´րս մեր երկրից։ 

2008 թ. հունվար, Ա1+ 

Կատեգորիա: Բաց նամակ | Դիտումներ: 1324 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Ռոբերտ Քոչարյան, Անահիտ Բայանդուր, Սերժ Սարգսյան | - Վարկանիշ -: 5.0/1