Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 16 » Սադրիչ հարցեր Մյասնիկ Մալխասյանին
12:33
Սադրիչ հարցեր Մյասնիկ Մալխասյանին
Այսօր առավոտվանից մի շարք կայքերով տարածվում է «Ժողովուր» թերթում տպագրված հետևյալ հարցազրույցը, որից հստակ երևում է հարցազրույց վերցրած լրագրողի ակնհայտ հակաքարոզչական միտումները։ Ներկայացնենք հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր մեկնաբանությունները և ընդգծումները նշելով թանաքագույնով։ 

ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ինքը վերջին անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին տեսել է հունվարի 9-ին՝ նրա ծննդյան օրը:

- Պարո՛ն Մալխասյան, Հայ ազգային կոնգրեսն այսօր նիստ է հրավիրել, Դուք մասնակցելո՞ւ եք «պայթյունավտանգ» այդ նիստին:

Լրագրողը մեծ ցանկություն ունի ՀԱԿ քաղխորհրդի նիստը ներկայացնելու «պայթունավտանգ», թե ինչու՞՝ ինքնին պարզաբանվում է հարցազրույցի ընթացքում։

- Ես ՀԱԿ-ի քաղխորհրդի անդամ չեմ, քաղխորհրդի նիստերին մասնակցում են քաղխորհրդի անդամները:

Մյասնիկ Մալխասյանի պատասխանից պարզվում է, որ լրագրողը չգիտի, որ նախկին քաղբանտարկյալը ՀԱԿ քաղխորհրդի անդամ չէ, ուստի եզրակացնում ենք, որ նրա հարցերը նախ  նախատեսված են եղել քաղխորհրդի նիստին որևէ մասնակցի համար։

- Իսկ ընդհանրապես Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե իրականում ինչ է կատարվում ՀԱԿ-ում: Կարծես Դուք էլ եք մի կողմ «քաշվել» ու չեք խառնվում Կոնգրեսում կատարվող իրադարձություններին:

Հարցը ոչ միայն կոռեկտ չէ, այլև ուղղորդված. կոռեկտ չէ, որովհետև ինչու՞ պիտի ՀԱԿ անդամին «ընդհանրապես չհետաքրքրեր», թե ինչ է կատարվում ՀԱԿ-ում և ուղղորդված է, որովհետև իշխանական քարոզչամիջոցներով է միայն օր ու գիշեր տարածվում, թե իբր ՀԱԿ-ի համակիրներին այլևս հետաքրքիր չէ ՀԱԿ-ը։

- Անշուշտ հետաքրքրում է, ես ՀԱԿ-ի ճակատագրով առաջին իսկ օրվանից առ այսօր հետաքրքրվում եմ, իմ մասնակցության ձևաչափը չի փոխվել:

- Այժմ բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի միջև տեղի ունեցող հակամարտությունը: Ի՞նչ է կատարվում իրականում, Դուք տեղյա՞կ եք:

Այստեղ միայն իշխանությունների ուշադրության կենտրոնում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի գործողությունները, որին, ի դեպ սեփական կուսակցության 70%-ը դեմ է, իսկ Լևոն Զուրաբյանի հետ հակամարտություն գոյություն չունի. պարզապես Մակեյանը խնդիր ունի խառնակչություն առաջացնել ՀԱԿ-ում. նման պատվեր իշխանությունների կողմից ունեն նաև ՀԱԿ ևս մի երկու կարկառուն դեմքեր։

- Ես տեղյակ եմ այնքանով որքանով մամուլում են տեղեկություններ հրապարակվում, ու չեմ կարծում, որ Մակեյանի ասածներն այդտեղ դոմինանտ են: Նա կարող է իր տեսակետը հայտնել, իսկ որոշումները կայացնում է քաղաքական խորհուրդը: Այսքանը:

Մալխասյանի պատասխանը հաստատում է, որ նման խառնակչություններ միայն մամուլի, կավելացնեի՝ իշխանական մամուլի հրապարակումներում են։

- Նշվում է նաև, որ ՀԱԿ-ի «կազմաքանդման» գործում մեծ դերակատարություն ունի Գագիկ Ջհանգիրյանը:

Ակնհայտ սադրանք է երկու առումով. նախ ՀԱԿ-ի կազմաքանդման երկնագույն երազանքը միայն իշխանություններն ունեն, հետևաբար նման բան գոյություն չունի, և երկրորդ՝ փորձ է արվում Գագին Ջհանգիրյանի անվան շուրջ խառնակչություն առաջացնել, այսինքն մնայն հարցով փորձ է կատարվում ակնհայտ սուտ տեղեկություն տարածել, ինչը նաև հաստատում է պ-ն Մալխասյանն իր պատասխանով։

- Ես միանշանակ կասեմ, որ այդպիսի բան չի կարող լինել, նախ՝ ՀԱԿ-ը քանդված չէ, և կարծում եմ առաջիկայում իր ուժերը կհավաքի և իր ասելիքը կասի: Կարծում եմ՝ ավելորդ խոսակցություններ են:

- ՀԱԿ շատ անդամներ դժգոհում են, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմակիցների հետ շփվում է միայն ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի միջոցով:

Դարձյալ ակնհայտ կեղծիք և սուտ տեղեկություն տարածելու փորձ։ Նման դժգոհություն արտահայտել են ոչ թե ՀԱԿ շատ անդամներ, այլ ՀԱԿ-ում ներդրված մեկ-երկու ականներ, որոնց փիառով զբաղվում են իշխանական բոլոր քարոզչամիջոցները՝ իրենց դռները լայնորեն բացելով նրանց համար։

- Իհարկե նման բան չկա, եթե ինչ-որ մեկը Լևոն Տեր-Պետրոսյանին ասելիք ունի, քննարկելու բան ունի, կարող է գնալ ու քննարկել:

- Օրինակ՝ Դուք ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին ու ի՞նչ հարցեր եք քննարկել նրա հետ: Տեր-Պետրոսյանը տեղյա՞կ է, թե ինչ խմորումներ են տեղի ունենում Կոնգրեսում:

Լրագրողի համառություն ոչինչ չի բացահայտում և չի կարողանում սադրել Մալխասյանին։

- Հունվարի 9-ին եմ հանդիպել՝ իր ծննդյան օրը: ՀԱԿ-ում ի՞նչ է կատարվում, ՀԱԿ-ում ընդամենը բազմակարծություն է, որտեղ ամեն մեկը կարող է իր կարծիքն արտահայտել: Այդտեղ վատ բա՞ն կա:

- Բայց Ձեր նշած «բազմակարծության» պատճառով ՀԱԿ-ն այսօր կազմաքանդվել է ու փլուզման եզրին է:

Այստեղ լրագրողը ևս մեկ անհույս փորձ կատարում ՀԱԿ-ը փլուզման եզրին ներկայացնելու համար, բայց իրականությունը լրիվ հակառակն է։

- Բազմակարծությունից, ընդհակառակը, ամրանում են, հզորանում, չեմ կարծում, որ բազմակարծությունից փլուզում տեղի կունենա:

- Բայց փաստն այն է, որ միայն դժգոհություններ են լսվում այս ընթացքում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը չի էլ արձագանքում: Ըստ Զեզ՝ նրան չի՞ հետաքրքրում Կոնգրեսի ճակատագիրը:

Նման փաստ գոյություն իշխանական քարոզչական տիրույթից դուրս գոյություն ունենալ չի կարող։ Լրագրողը պարզապես Մալխասյանի «զահլեն» տանում է։ 

- Այդ հարցերն ուղղեք Լևոն Տեր-Պետրոսյանին:

- Իսկ նրա վերջին հայտարարությունն ինչ նշանակություն ունեցավ Ձեզ համար, դա փախո՞ւստ էր պայքարից, թե՞ հեռացում քաղաքականությունից:

Մեր խղճուկ լրագրողին ոչ մի կերպ չի հաջողվում ՀԱԿ անդամից կորզել ցանկալին՝ իրականության տեղ անցկացնելու նպատակով։

- Տեր-Պետրոսյանն իր հայտարարությունով հանգամանալից բացատրեց, և կարծում եմ հավելյալ բացատրության կարիք չի զգացվում: Այնտեղ ամեն ինչ պարզ ասված է:

- Դուք արդեն որոշե՞լ եք, թե ինչ եք անելու: Ի վերջո, պատգամավոր էիք, ԵԿՄ փոխնախագահ, կորցրիք Ձեր դիրքը, հնարավորությունները, որպեսզի կանգնեիք Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, սակայն նա բոլորին հիասթափեցրեց ու խաբեց:

Այստեղ լրագրողն ուղղակի ցինիկացել է, քանի որ նրա ոչ մի միտում չի արդարացնում Մալխասյանը։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հիասթափեցնելու ու խաբելու մասին միտքը կեղտող քաղոզչություն է:

- Նման զգացողություն չկա՝ խաբված լինելու, ես չեմ պայքարել ինչ-որ դիրքեր ունենալու համար: Իմ կենսագրությունը, իմ ընկերների կենսագրությունը գալիս է ապացուցելու, որ հանուն ժողովրդավարության, հանուն մեր երկրի հզորացման, զարգացման մենք թողել ենք մանդատը, որպեսզի մեր ժողովուրդն արժանապատիվ ապրելու իրավունք ունենա: Կարծում եմ, որ այդ պայքարի ճանապարհ բռնողն իրեն խաբված չի զգա: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, մինչև հասնենք մեր ուզած հանգրվանին, մինչև կառուցվի մեր երազած Հայաստանը:

Այս կարգի նյութերը սովորաբար տպագրաության չեն ուղարկում, բայց դե իշխանական քարոզչամեքենան թքած ունի լրագրողների և լրատվամիջոցների փչացման վրա։ Արժանապատվություն ունեցող լրագողները վաղուց չեն աշխատում իշխանությունների համար։


Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 945 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1