Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 26 » Սերժ Սարգսյանին շնորհավորել չի կարելի
16:49
Սերժ Սարգսյանին շնորհավորել չի կարելի
Սերժ Սարգսյանին շնորհավորել չի կարելի, պարոն Բագրատյան


Բագրատյանը «լոլո» է կարդում

Նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հասարակայնության հետ կապերի բաժինն ստիպված պարզաբանում է «Բագրատյանը կշնորհավորի հաղթած թեկնածուին...» վերնագրերով լրատվամիջոցներում տարածված Բագրատյանի խոսքը, սակայն դրանից ասելիքի էությունը չի փոխվում։ 

«Շնորհավորելն իսկապես քաղաքական մշակույթի շարքից է,- կարծում է Բագրատյանը:- Եթե ընտրություններն անցել են արդար ու թափանցիկ, եթե խնդիրներ չեն եղել ընտրացուցակների հետ կապված, եթե ընտրակեղծիքների, ընտրակաշառքների պրակտիկան բացառվել է, եթե ճնշումներ չեն գործադրվել տարբեր թեկնածուների վրա` քարոզչական եւ տեխնիկական  հարթություններում, եթե, եթե, եթե…. ապա հաղթող թեկնածուին շնորհավորելը, այո, քաղաքական մշակույթի շարքից է»:

Ուշադրություն դարձնենք, որ թվարկված բոլոր «եթե»-ները վերաբերում են ընտրության օրվան, ամենաշատը՝ նաեւ նախընտրական շրջանին։ Սերժ Սարգսյանին ցանկացած դեպքում չի կարելի շնորհավորել, որովհետեւ.

Ա) նա իշխանության է եկել ծանր հանցագործության շնորհվ՝ խաղաղ ցուցարարների վրա կրակելով, մարդասպանությամբ, պետական հեղաշրջման միջոցով։ Ըստ այդմ՝ նա ծանր հանցագործ է։ Ամբողջ հինգ տարի այդ մասին ասել է Հայ Ազգային Կոնգրեսը, նրա մեջ նաեւ Հրանտ Բագրատյանը։

Բ) Հինգ տարի Սերժ Սարգսյանը Հայաստանում իշխել է որպես ոչ օրինակարգ նախագահ, բանտերն է նետել 150-ից ավելի իր քաղաքական հակառակորդներին՝ բոլորը նույն Կոնգրեսի ներկայացուցիչներ, որի անդամ է նաեւ Հրանտ Բագրատյանը։ 

Գ) Իրականացրել է երկրի ծրագրված բռնագաղթ, ինչի հետեւանքով Հայաստանը ստիպված է եղել լքել ըստ պաշտոնական տվյալների 200.000, իսկ իրականում կրկնակի ավելի մարդ։

Դ) Իր հիմնական եւ իրական քաղաքական հակառակորդների համար ստեղծել է տեխնիկական անհաղթահարելի խոչընդոտներ, ինչի հետեւանքով նրանք թեկնածություններ չեն առաջադրել նախագահական ընտրություններում։

Ե) Պարտակել է Մարտի 1-ին կատարված սպանությունների գործը։

Սրանք բոլորը քրեորեն հետապնդելի հանցագործություններ են։

Բացի այդ, նա նաեւ ամբողջ հինգ տարի քաղաքական ընդդիմությանը զրկել է հասարակության հետ հաղորդակցվելու, զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու հնարավորությունից։ Ողջ հեռուստաեթերը 24 ժամ աշխատել է իր քաղաքական ընդդիմությանը մրոտելու ու նրա վրա ցեխ շպրտելու համար՝ առանց պատասխանի հնարավորություն տալու։ Դրանից հետո նախընտրական 20-25 օրվա կտրվածքով ինչպե՞ս կարելի է խոսել Հայաստանում «արդար ու թափանցկ ընտրության» հնարավորության մասին։

Այնպես որ՝ մինչեւ ընտրարշավ Սերժ Սարգսյանը արդեն լիուլի վաստակել է ցանկացած դեպքում, ցանկացած ձեւով ընտրվելու դեպքում իր ոչ օրինակարգությունը։ Ուրեմն եւ՝ տրված հարցին Հ. Բագրատյանը պետք է պատասխաներ՝ Դա քաղաքական կուլտուրա է։ Բայց դա չի վերաբերում հայաստանյան տվյալ պայմաններին եւ Սերժ Սարգսյանին։ Եթե այնպես լինի, որ նրանից բացի ուրիշ մեկը ընտրվի իմ նշած պայմաններով, ես կշնորհավորեմ։ Սերժ Սարգսյանին, որպես հանցագործի, շնորհավորելը բացառում եմ։

Մնացածը, ըստ Բագրատյանի նախընտրելի արտահայտության՝ «լոլո կարդալ» է։ 

Գրիգոր Բաղդաարյան
Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 981 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Հրանտ Բագրատյան, ընտրարշավ, Սերժ Սարգսյան, Մարտի 1 | - Վարկանիշ -: 5.0/1