Սերգեյ Գասպարյան - Հայեր - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Սերգեյ Գասպարյան

Երևանի ավագանու Հայ ազգային կոնգրեսի թեկնածու



wŸ Հոդվածներ  wŸՀարցազրույցներ  wŸԵլույթներ 

Սերգեյ Գասպարյան. Մայիսի 6-ի առավոտյան երեւանցին կզարթնի եւ կզգա, որ ինքը նորից իր մայրաքաղաքի տերն է


iLur.am-ի հետ զրույցում ասում է Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակի 29-րդ հորիզոնականը զբաղեցնող երիտասարդ Սերգեյ Գասպարյանը:

Սերգեյ, դու ընդգրկված ես Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակում, որտեղ գերակշիռ մասը երիտասարդներ են: Քո կարծիքով, նման երիտասարդական ցուցակն ավելի շատ կօգնի՞, թե՞ կխանգարի Կոնգրեսին այս ընտրություններում:

Միանշանակ կօգնի: Որովհետեւ, չմոռանանք, որ մի կողմից մեր ցուցակը գլխավորում է Վահագն Խաչատրյանի նման փորձառու քաղաքական գործիչը, մյուս կողմից՝ երիտասարդներ, այսինքն՝ նոր լիցք, նոր մտածելակերպ, բառիս լավ իմաստով՝ կրեատիվություն, թարմություն, եռանդ: Ընդ որում, կցանկանայի  մեկ այլ հանգամանքի վրա էլ ուշադրություն դարձնել: Թող տպավորություն չստեղծվի, որ այլ կուսակցությունների նախըտնրական ցուցակներում երիտասարդներ չկան: Կան, հենց նույն ՀՀԿ-ի ցուցակում էլ ըստ էության, երիտասարդներ կան: Բայց նրանց գործունեությանը հետեւելով՝ տեսնում ես, որ նրանք երիտասարդ են միայն տարիքով: Իսկ էությամբ, մտածելակերպով եւ գործով՝ այն ամենի կրողն են, ինչը որ հատուկ է իրենց ավագ գործընկերներին, որոնց մեծ մասն էլ՝ խորհրդային կաղապարներով է շարունակում առաջ շարժվել: Նեղանալ չլինի, բայց նրանք ինձ հաճախ կոմերիտականների են հիշեցնում, եւ հետեւաբար, ասել, որ ՀՀԿ-ն եւս մասամբ երիտասարդներով է հանդես գալիս այս ընտրություններում, մեղմ ասած, չափազանցություն կլինի: Երիտասարդությունը տարիքով չէ միայն պայմանավորված, եւ հենց այդտեղ նաեւ մենք՝ նկատի ունեմ մեր ցուցակը, շահում ենք: Համադրեք եւ կտեսնեք: Նայեք մեր ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանին, նա փորձառու գործիչ լինելով հանդերձ, ավելի եռանդուն գործիչ է, քան՝ իշխանական երիտասարդները: Նայեք մեր երիտասարդներին, նրանց մեծ մասը շատ ավելի բանիմաց ու փորձառու է, քան իշխանական ցուցակի «փորձառու» գործիչները: Ուրեմն, այսպիսի ցուցակը ուրիշ էլ ի՞նչ կարող է տալ Կոնգրեսին, բացի օգնելուց:

Սերգեյ, իշխանությունների, հատկապես այս շրջանում քաղաքային իշխանությունների հասցեին հնչեցվող քննադատությանը իշխանությունները արձագանքում են հիմնականում նույն ձեւ՝ ասում են, թե պարզապես սեւ քարոզչություն են իրականացնում ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի դեմ, քանի որ ասելու՝ քննադատելու բան չկա: Որպես ավագանու թեկնածու, ի՞նչ կասես, Երեւանում խնդիրներ կա՞ն, եւ եթե կան, ապա որո՞նք են այդ խնդիրները:

Իսկ Երեւանում խնդիրներ չկա՞ն: Իհարկե, կան: Իհարկե, ՀՀԿ-ն պետք է նման արձագանք տա, դա բնական է: Բա էլ ի՞նչ պետք է ասեն: Լավագույն դեպքում պետք է մատնացույց անեն մի երկու ծիլ ու ծաղիկ ու ասեն՝ տեսեք՝ ինչ լավ քաղաքապետ ունենք, ինչքան խոտ է աճեցրել: Ես միտումնավոր եմ ասում խոտ, ոչ թե՝ կանաչ տարածք: Որովհետեւ, կանաչ տարածքը, որպես այդպիսին, հետեւողականորեն ոչնչացվում է: Այսինքն, կանաչ տարածքները ոչնչացնում  ու բետոնապատում են, հետո տեսախցիկների առաջ մի քանի ծաղիկ են տնկում ցուցադրաբար, եւ ասում են, թե կանաչ ենք աճեցնում: Եւ ոչ միայն կանաչ տարածքները: Փակ շուկան խնդիր չէ՞: Ազատության հրապարակում հենց այս պահին Միքայել Մինասյանի սրճարանի մոտ իրականացվող շինարարություն-բետոնապատումը խնդիր չէ՞: Գրավաճառների հարցը խնդիր չէ՞, այդ նստարանների պատմությունը խնդիր չէ՞: Բայց սրանք դեռ տեսանելի խնդիրների մի մասն են, որոնց կարող ենք առերեսվել ամեն օր: Ինձ համար օրինակ՝ կարեւոր է ոչ թե այն, որ Տարոն Մարգարյանը սիրուն նստարաններ է տեղադրել Երեւանի փողոցներում, այլ այն, որ այդ նստարանների գնման հետ կապված կասկածներ եղան եւ կան: Օրինակ՝ մամուլում բազմիցս է գրվել, որ եթե այդ նստարանները բերեին արտասահմանից, ավելի էժան կնստեին՝ մաքսազերծմամբ հանդերձ: Խնդիր չէ՞ սա: Իհարկե, խնդիր է: Բյուջետային անհասկանալի ծախսեր են արվում՝ միլիոններ են ծախսում թափառող շներին վնասազերծելու, Տարոն Մարգարյանի եւ քաղաքային իշխանությունների արտասահմանյան շրջագայությունների, մի քանի շենքերի կամարները նկարազարդելու եւ այլ նման բազմաթիվ բաների վրա, եւ ես որպես քաղաքացի ուզում եմ իմանամ, հասկանամ՝ այդ ի՞նչ ծախսեր են արվում, արդյո՞ք այդ ծախսերը արդյունավետ են: Ի վերջո,ես եմ այդ հարկերը վճարում, ես ու իմ նման քաղաքացիները, եւ եթե ես այդ խնդիրները տեսնում եմ, էլ ինչպե՞ս ինձ պետք է «խաբեն» խոտ ու ծիլով:

Սերգեյ, իսկ ինչպե՞ս ես պատկերացնում Կոնգրեսի աշխատանքը ավագանում՝ ընտրություններից հետո: Ի՞նչ կանի Կոնգրեսը, որը չի անում օրինակ՝ Տարոն Մարգարյանը:

Տեսեք՝ ըստ իս, խնդիրը այստեղ այն չէ, որ մենք կգանք ու տաս նստարան կավելացնենք կամ կպակասեցնենք, կամ նման այլ բաներ: Ոչ: Մենք ուղղակի եւ առաջին հերթին կաշխատենք թափանցիկ: Օրինակ՝ եթե տեղադրում ես նստարան եւ վճարում ես կոնկրետ գումար, ապա ամեն ինչ պետք է արվի այնքան բաց ու թափանցիկ, որ մարդկանց մոտ հարցի նշույլ անգամ չառաջանա: Թափանցիկ ու վերջ: Սա ամենակարեւոր հարցն է: Իմ՝ նկատի ունեմ Կոնգրեսի, աշխատանքը կարող են հավանել կամ չհավանել, կարող են ասել՝ այսպիսի գույնի նստարան տեղադրելու փոխարեն լավ կլիներ այլ գույնի նստարան տեղադրել, բայց՝ ծախսերի, արդյունավետ ծախսերի ու թափանցիկության հետ կապված խնդիրներ չպետք է լինեն: Չպետք է լինեն ու վերջ: Ու ես սա չեմ ասում որպես լավություն, որ տեսեք՝ այ մենք այնքան բարի ենք, որ կգանք ու «լայաղ կանենք» ձեզ հաշվետու լինել: Ոչ: Ես սա ասում եմ որպես նորմա: Որովհետեւ այդպես պետք է լինի: Բա ուրիշ էլ ինչպե՞ս են աշխատում: Ես ուղղակի ասում եմ, որ եթե մենք լինենք իշխանության, մեր աշխատանքի հետ կապված կասկածներ չեք ունենալու, որ մենք բաց ենք լինելու, մենք՝ թափանցիկ ենք լինելու, մենք հաշվետու ենք լինելու: Որովհետեւ այդպես պետք է լինի:

Այսինքն, ներկայիս քաղաքային իշխանությունները հաշվետու չե՞ն:

Իհարկե՝ ոչ: Եթե հաշվետու լինեին, ապա թող բարի լինեին ու մեզ ասեին, ասենք՝ «Երեւան» հիմնադրամի գումարները կոնկրետ ինչպե՞ս են ձեւավորվում եւ կոնկրետ ինչպե՞ս են ծախսվում: Կետ առ կետ: Տող առ տող թող ասեն: Չկա, չեն ասում:

Հաշվետվություն են ներկայացրել:

- Տեսել եմ, այդ այդպես կոչված հաշվետվությունը: (Ծիծաղում է): Ես այն, անկեղծ ասած, շատ մեծ վերապահումով հաշվետվություն կանվանեի: Կարդացի, հասկացա, որ ունեցել են մոտ 3 մլրդ դրամի չափ մուտք, մի մասը՝ Երեւանի քաղաքային բյուջեից, այսինքն, էլի իմ գրպանից, մյուս մասը՝ անհատներ ու կազմակերպություններ են տվել, (ովքե՞ր, ինչպե՞ս, էլի պարզ չէ), ու ծախսել են այդ գումարը՝ ինչ-որ միջոցառումների համար, եւ նաեւ ինչ-որ կազմակերպությունների են օգնություն տրամադրել: Էլի՝ ինչպե՞ս, ո՞ւմ, ինչի՞ համար, պարզ չէ: Դա հաշվետվություն չէ, դա Երեւանի բնակիչներին ուղղված կոնկրետ ծաղր է: Ու հարցն այժմ մեկն է՝ մենք պետք է մարսե՞նք նման ծաղրական վերաբերմունքը մեր հանդեպ, երբ անում են այն, ինչ իրենք են հարմար գտնում ու հարկ էլ չեն համարում մեզ նորմալ հաշվետվություն ներկայացնել: Ու քանի որ ես եմ որպես քաղաքացի նրանց՝ ներկայիս ավագանուն ու քաղաքապետին իմ հարկերով ֆինանսավորում, այսինքն՝ կոպիտ ասած նրանց գործատուն եմ, հիմա ես նրանց ասում եմ՝ դուք լավ չեք աշխատում, ես ձեզ հեռացնում եմ աշխատանքից: Վերջ: Էլ չհիշեցնենք իրենց, թե ինչպես են ընտրվել: Այսինքն, թե ինչպես են կեղծել ընտրությունները:

Այս անգամ չեն կեղծի՞:

- Այս անգամ էլ, միշտ էլ կփորձեն կեղծել, եւ կկեղծեն, հենց որ կեղծելու մեկ փոքր հնարավորություն անգամ ունենան: Իհարկե, կփորձեն: Որովհետեւ իրենք իշխանությունը պահելու որեւէ այլ միջոց չունեն: Չկեղծեն, բա ի՞նչ անեն: Խնդիր ունեն՝, Սերժ Սարգսյանի ասած՝ խփեն, եթե ոչ այնքան, ինչքան ուզում են, գոնե այնքան՝ ինչքան կարող են: Բայց չմոռանանք, որ կա դիմադրություն, եւ այդ դիմադրությունը գնալով ավելի մեծ թափ է հավաքում: Հայ ազգային կոնգրես, ԲՀԿ, ՀՅԴ: Եթե այս երեք ուժերը միասնաբար պայքարեն ընտրակեղծիքների դեմ, եթե բռնեն այն ձեռքը, որը կփորձի կեղծիքներ իրականացնել, կամ գոնե՝ բռնեն որքան որ հնարավոր է, համատեղեն իրենց ներուժն ու ջանքերը, ինչը արդեն նկատվում է, հավատացեք, ՀՀԿ-ն հնարավոր է նույնիսկ նվազագույն շեմը չանցնի: Ես հասկանում եմ, որ բարդ է լինելու, դժվար է լինելու, բայց չմոռանանք՝ արդեն ավելի քան հինգ տարի այնքան դժվարություններ ենք հաղթահարել, որ նույնիսկ ծիծաղալու է մտածել, թե կվախենանք բարդություններից կամ կընկրկենք դժվարությունների առաջ: ՀՀԿ-ն ոչ միայն Երեւանում, այլեւ՝ Հայաստանում ձայն չունի, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ազատագրենք Երեւանը ՀՀԿ-ից եւ իշխանությունը վերադարձնենք քաղաքացուն: ՀՀ քաղաքացուն: Չմոռանանք մեր կարգախոսը. «իշխանությունը՝ քաղաքացուն»:  

Ի՞նչ կլինի ընտրությունների հաջորդ օրը ըստ քեզ, ինչպիսի՞ն ես տեսնում 
մայիսի 6-ը:

- Մայիսի 6-ի առավոտյան, ըստ իս՝ երեւանցին կզարթնի եւ կզգա, որ ինքը նորից իր մայրաքաղաքի տերն է: Քաղաքացին կզարթնի՝ չվախենալով, որ թաղի խուժանը կգա ու կփորձի ահաբեկել իրեն, որ համատիրությունից կամ թաղապետարանից կգան, ու ամեն մեկն իր փայ ատկատը կուզի: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ երեւանցին զարթնի, եւ տեսնի, որ Երեւանն ազատ է շնչում այլեւս: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մայիսի 6-ին Երեւանը վերադարձնենք քաղաքացուն՝ ՀՀ քաղաքացուն:

 Զրուցեց Քրիստինե Խանումյանը 
ilur.am

Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (29.04.2013)
Դիտումներ: 521 | Տեգեր: ՀԱԿ, Քրիստինե Խանումյան, Սերգեյ Գասպարյան | - Վարկանիշ -: 0.0/0