Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան


ԱՆՎԱԴՈՂԸ
Սև Հենդոյին

Մի մի երեխա
Կամ գուցե պատանի
Կամ էլ մի ծերուկ
Աղբանոցից
Թե փողոցից
Անվադող
Սև
Շրջանակաձև
Վաղուց գործածված
Կամ գուցե և նոր
Գլորեց փողոց
Ու անվադողը
Սկզբում դանդաղ
Ապա արագ
Ապա ավելի արագ
Հետո էլի արագ
Դրանից հետո ավելի արագ
Սուրաց փողոցով
և մարդիկ
փողկապավոր
կամ առանց փողկապ
ու կանայք
մայրեր
կամ այրիներ
ու տատիկներ, պապիկներ, երեխաներ
պատահականորեն փողոցում հայտնված պաշտոնյաներ
ու շներ,կատուներ
ու տրորվող մրջյուններ
չկարողացան կասեցնել նրան
ու անվադողը
ամեն մի քարի
ամեն մի փոսի
ամեն մանրուքի վրայից այնպես գեղեցիկ
ու այնպես բարձր ցատկ էր կատարում
որ ամեն տարերք
անգոյանում էր
և մարդիկ
կամ նայում էին
կամ չէին նայում
կամ գլորողին հայհոյում էին
կամ գրողին չէին հայհոյում
կամ մարդիկ
որ նկատում էին
և չէին նկատում
և թվում էր թե
կբախվի ծառի
գուցե և պատի
բայց անվադողը
ոլորապտույտ շրջանակներով
աստիճանաբար թեքվեց մի կողքի
ու վերջին պահին
երբ կարծում էիր թե պիտի կանգնի
էլի ոլորվեց
էլի ու էլի
ապա նորից ու դարձյալ ու կրկին
ու արդեն գրեթե ասֆալտին կպած
ցընցըվեց հանկարծ
պառկեց անհանգիստ
ու անշարժացավ
Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 951 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 0.0/0