Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան


ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՆԻՎՆԵՐԸ

Մեքենաներից պոկվում են անիվները
ու խաչմերուկների կարմիր լույսերի տակ
բախվում ակնոցավոր մարդկանց
փոշոտում նրանց սև տաբատները
ու խուլ աղմուկով պառկում ասֆալտին

Մանկապարտեզներից ու դպրոցներից փախչում են
երեխաները
և վազեվազ հասնում խաչմերուկները
որ մի քիչ թռչկոտեն
ռետինե անվադողերի վրա
քանի դեռ նրանց բարկացած մայրիկները
կամ հայրիկները
հետույքներին ապտակներ տեղալով
չեն տարել տները

Իսկ տատիկները
որ մոռացել են գուլպա կամ ձեռնոց գործելը
և պապիկները
որ բակերում թողել են նարդի կամ շախմատ խաղալը
անվադողերի, երեխաների ու ծնողների միջև
միջնորմներ են դարձել
և խոսում և լռում են
ցանկանում որևէ բան փոխել

Տարբեր բաժանմունքներում
աշխատանքը թողել են միլիցիոներները
և խաչմերուկներում տուգանում են
մեքենաների վարորդներին
որ կամ հարբած են
կամ շտապում են
հարազատներից մեկնումեկի մոտ
որն հոգու վրա է
և ամեն վայրկյան կարող է մեռնել

Եվ շտապ օգնության մեքենաները
որոնց ահազանգել են հաճախորդները
որ փողոցներում ժամերով սպասում են
բայց հասնում են նրանց
պոկված անիվները
որոնց վրա թռչկոտում են երեխաները

Եվ զբաղված են միայն գիտական աշխատողները
որ այսօր ստանալու են աշխատավարձը
ու խանութներում հերթ են կանգնելու
և գնելու են հասանելիք կարագը
որ մինչև ամսվա վերջ
չմոռանան ճաշ եփելը
իսկ մինչ այդ ամենը
հաշվիչ մեքենաներին են հանձնել
ամենաբարդ խնդիրները
որ պարզվի
թե ինչու են պոկվել անիվները

Եվ պետական մարմիններում աշխատող
բարձրաստիճան պաշտոնյաները
մոլուցքով փորփրում են փաստաթղթերը
թե չկա՞ն արդյոք
անիվների պոկվելու հրամանները
հետո հապշտապ հեռախոսազանգերով կապվում են
եղանակը կանխագուշակող սարքերի հետ
որ չուշացնեն իրենց կանխատեսումները
և գյուղերում ապրող մտավորականներին
նախօրոք հայտնեն
անիվների պոկվելու որոշումները

Եվ օդանավերը, գնացքներն ու շոգենավերը
բեռնավորված տանում են նոր լուրերը
որ աշխարհին հայտնեն
անիվների պոկվելու պատճառները
և նրանց պատմական անհրաժեշտությունը

Իսկ հեռու՜ գյուղերում
գյուղերին կից դաշտերում
արածում են կաթնատու կովերը
որոնց համար միևնույն են մեքենաները
և գլորվող ու ընկնող անիվները:


Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 1041 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 5.0/1