Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան


ԿՈՄԻՏԱՍ ՓՈՂՈՑԸ

Կոմիտաս փողոցը
որ սկսում է առավոտյան ժամը վեցին
մարզահրապարակի տեսք ընդունող այգով
ու չորս ցայտաղբյուրներով
ապա ուղիղ գծով զառիվեր ձգվում մինչև գնացքի գիծը
հետո շեղվում
ու շարունակվելով վերջանում
Ազատության պողոտային հատվելով

Մեծ երգահանի անունով կոչվող այս փողոցը
որ հայտնի է «Արաբկիր» հանրախանութով
«Պրագա» հյուրանոցով
«Կոմիտաս» կինոթատրոնով
ու շուկայով
ցերեկային ինքնամոռացումից
պիկ ժամին սթափվում
ու յուրահատուկ արթնացում է ապրում
աշխատանքն ավարտած մարդկանցով
որ մինչև տուն հասնելը
խլրտում են խանութներում
իր կենցաղային կառույցներով
որ ներսից նայելիս կորցնում են հմայքը
իր սովորական դարձած երևույթներով
ու ականավոր բնակիչներով.

ողջ Կոմիտասը ոտնատակ տվող մի «թևքաշ» Սուրո
որ պահում է գլուխը
արտասահմանյան սիգարեթներ վաճառելով

արևածաղիկ վաճառող Սերոժ
վաթսունը վաղուց անց
հումորի չհնացող պաշարով
որ ֆուտբոլի օրերին
առանց այն էլ տատանվող վաճառակետը
մարզադաշտի մոտակայքն է տեղափոխում
ու վաստակած փողով
հաճախ հարբում

հավերժահարսերի համեստությամբ
սեքսուալ աչքերով ուսանողուհիներ
որ ինստիտուտում սերտում են տարբեր լեզուներ
և կանգառում անհանգիստ թարթում ներկոտած աչքերը
մինչև իրենց տղաների կամ ավտոբուսների գալը.

Փողոցը հատող բեռնատար ծանրաքարշ գնացք
որ կանգնեցրել է երթևեկությունը
ու անհամբեր վարորդներին
լուտանք տեղալու առիթ ընձեռնել

Այգի
ապակիները կոտրտված սրճարանով
որի բռնաբարված նստարաններին
ամռանն անհանգիստ ցնցվում են
կոմիտասցիների կլորիկ հետույքները

Դեղատուն
«Տ» տառը օձ դարձրած ցուցանակով
դիմացում
տնտեսական խանութ
երկաթի քսուկի սուր հոտով
ու բյուրեղապակե սպասքի գույնզգույն փայլով

Գինիների խանութ
որտեղ վաճառում են օղի
կոնյակ
շամպայն
գարեջուր
ու սպիրտազերծ կոկտեյլ.
ազնվականական պահվածքով ու չթառամող գեղեցկությամբ
հրապուրիչ վարիչ
որի մատների մատանիները
անզոր մի փայլով
անդրադարձնում են արեգակի վերջին ճառագայթները

Фото և Photo մետաղե կարմիր տառերի վրա
դեղին լուսաազդագիր՝ «ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱՏՈՒՆ»
որտեղ նկարվելուց վեց օր անց
տալիս են գունավոր երևակված լուսանկարներ

Վարսավիրանոց
որտեղ ելումուտ են անում
մազերը ծանոթ վարսավիրների մոտ հարդարած
սրածայր, փայլեցրած կոշիկներով տղաներ
որ գեղեցկաոտք օրիորդներին
«ախչի»-ով են դիմում
ու բացասական վերաբերմունքի արժանանալուց հետո
յուրովի ընկալած գեղեցկությունը
միատեսակ մեկնաբանում

Ծանրաբեռնված խաչմերուկ
տաքսիների կանգառով
որտեղ գիշերները
մեքենաներով միլիցիոներներ են հերթապահում

Առաջին հարկում մարզադպրոցով
բարձրահարկ բնակելի շենք
քիչ ներքև
երկու արծաթափայլ աղբարկղով կանգառ
որ առավոտյան մինչև ժամը իննը
մորուքավոր մոլոկանի հավաքած աղբը
եզդի աղբահավաքը
դատարկում է ասորի վարորդով աղբատարի մեջ

Ավելի ներքև
արևահար վարագույրներով կարի արհեստանոց
որի մոտով անշտապ անցնում են
ծառայությունը վեցից մինչև տասը փողոցում անցկացնող
միլիցիոներական համազգեստով ու հաղորդիչով
մի զույգ զինվոր
որ ժամանակ առ ժամանակ անցնող տղաներից
սեփական լեզվով
սիգարեթ են խնդրում

Եվ տասնչորս տարեկան դպրոցական աղջիկներ
որ դասերը սերտելուց հետո
թույլ ներկել են աչքերն ու շուրթերը
և զբոսնում են
դեռևս
տան շրջապատում
հաճախակի հիանալով
անցորդներին բախվելուց ճարպկորեն խույս տվող
skate-board կոչվող սահատախտակով սրընթաց սլացող պատանիներով

Լուսաֆորներով հագեցած խաչմերուկ
գունավոր մեքենաների չընդհատվող հոսքով
և հետիոտների համար փողոցն անցման սպիտակ հոծ գծեր
որ երևանյան շոգին դիմացած ասֆալտի հետ
ամռանը ձևախեղել է արևը

Կոշիկ վերանորոգողի կրպակ
որի հետևում թաքնվում են
մասնավոր ծաղիկներ վաճառող
երկու նիհարավուն ու վախեցած կանայք

Դեղին ցուցանակ
«ԼԱՀՄԱՋՈ» մակագրությամբ
որտեղ օրենքով մինչև ժամը յոթը
թույլատրվում է գարեջուր վաճառել

Երկհարկանի խորհրդավոր շինույթ
պարսպաքարերով շրջապատված
լայն դարպասով ու պահակակետով

Հինգ հարկանի շենք
որի տանիքն ազդարարում է
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է»
Առջևում
լրագրերի կրպակ
որտեղ աշխատում է քեռիս
պաղպաղակի վաճառման կետ
ու նորից կանգառ

քսաներկու, ապրիլ
1987 թվական
քաղաք Երևան


Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 1206 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 0.0/0