Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Բոլորը

Վոլֆգանգ Մոցարտ
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ 
գերմ. Wolfgang Amadeus Mozart 
ավստրիացի նշանավոր երգահան



1756թ. հունվարի 27, Զալցբուրգ - 1791թ. դեկտեմբերի 5, Վիեննա

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտն իր կյանքի ընթացքում գրել է 600-ից ավելի ստեղծագործություն: Նա աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր եվրոպական երաժիշտներից է, իսկ նրա գործերը այսօր լայնորեն կատարվում են դասական երաժշտության համերգների ընթացքում:

Կենսագրությունը

Մոցարտը ծնվել է Զալցբուրգում, որն այն ժամանակ Զլասբուգյան արքեպիսկոպոսության մայրաքաղաքն էր (այժմ այդ քաղաքը Ավստրիայի տարածքում է): Ծննդյան երկրորդ օրը մկրտվել է: Մկրտության գրքում զետեղված գրությունը տալիս է նրա անունը լատիներեն` որպես Johannes Chrysostomus Wolfgangus Theophilus (Gottlieb) Mozart: Այդ անուններից առաջին երկուսը տրվել են ի պատիվ սբ. Հովհան Ոսկեբերանի և չէին օգտագործվում առօրյա կյանքում, չորրորդը Մոցարտի կյանքի ընթացքում փոփոխվում էր (լատիներեն` Amadeus, գերմաներեն` Gottlieb, իտալերեն` Amadeo, ինչը նշանակում է „Աստծո սիրեցյալը": Ինքը Մոցարտը գերադասում էր, որ իրեն անվանեն Վոլֆգանգ:

Մոցարտի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան շատ վաղ տարիքում, երբ լրացել էր նրա երեք տարեկանը: Նրա հայրը` Լեոպոլդ Մոցարտը եվրոպական առաջատար մանկավարժների թվին էր պատկանում: Նա սովորեցրեց Վոլֆգանգին կլավեսին, ջութակ և երգեհոն նվագելու հիմունքները: Ուսուցման նպատակների մեջ էին մտնում նաև եվրոպական մայրաքաղաքներ որդու և դստեր հետ կատարվող ճանապարհորդությունները: Լոնդոնում փոքր Մոցարտը գիտական հետազոտությունների առարկա էր, իսկ Հոլանդիայում, որտեղ պահքի ժամանակ խստիվ արգելվում էր երաժշտություն կատարել, Մոցարտի համար բացառություն արվեց:

1762թ. Մոցարտի հայրը իր որդու և դստեր հետ իրականացրեց ճանապարհորդություն Մյունխեն և Վիեննա, իսկ այնուհետև Գերմանիայի այլ քաղաքներ, Փարիզ, Լոնդոն, Հոլլանդիա, Շվեյցարիա: Ամենուրեք Մոցարտը զարմանք և խանդավառություն էր հարուցում` հաղթող դուրս գալով իրեն առաջարկվող դժվարին երաժշտական ստուգատեսներից: 
1763թ. Փարիզում հրատարակվեցին ջութակի և կլավեսինի համար Մոցարտի առաջին սոնատները: 
1766 -1769 թթ. ապրելով Զալցբուրգում և Վիեննայում` Մոցարտն ուսումնասիրում է հռչակավոր երգահաններ Հենդելի, Ստրադլլայի, Կարիսսիմիի, Դուրանտեի ստեղծագործությունները, ապագա կայսր Հովսեփ 2-ի պատվերով մի քանի շաբաթվա ընթացքում գրում է «Թվացյալ պարզամիտը» (իտալ. La Finta semplice), սակայն իտալական թատրոնի անդամները, որոնց փոխանցվեց 12-ամյա երգահանի ստեղծագործությունը, չցանկացան կատարել այն, և նրանց ինտրիգներն այնքան ուժեղ էին, որ Մոցարտի հայրը չհամարձակվեց պնդել օպերայի կատարման վրա:
1770—1774 թթ. Մոցարտը անցկացնում է Իտալիայում: 
1771 թ. Միլանում բեմադրվում է Մոցարտի «Միհրդատ, Պոնտոսի թագավորը» (իտալերեն` Mitridate, Re di Ponto) օպերան, որը մեծ խանդավառությամբ է ընդունվում հանդիսատեսի կողմից: Նույն հաջողությամբ է անցնում նաև նրա երկրորդ իտալական օպերայի` «Լուցիո Սուլլայի» (Lucio Sulla,1772) բեմադրությունը: Զալցբուրգի համար Մոցարտը գրում է «Սկիպիոնի քունը» (իտալերեն` Il sogno di Scipione) օպերան (1772), Մյունխենի համար` «Չքնաղ այգեպանուհին» (La bella finta Giardiniera) օպերան, 2 ժամերգություն, օֆֆերտորիում (1774): 17 տարին թևակոխելու պահին նրա ստեղծագործությունների մեջ արդեն հաշվվում էին 4 օպերա, 13 սիմֆոնիա, 24 սոնատ և բազմաթիվ այլ ստեղծագործություններ:
1775—1780 թթ., չնայած նյութական ապահովություն գտնելու փնտրտուքներին, Մյունխեն, Մանհայմ և Փարիզ կատարած անպտուղ ճանապարհորդությանը և մոր կորստին, Մոցարտը գրում է 6 դաշնամուրային սոնատ, սրինգի և տավիղի համար համերգը, № 31 D-dur «Փարիզյան» մեծ սիմֆոնիան, հոգևոր խմբերգեր, բալետային համարներ:
1779թ. Մոցարտը ստանում է արքունի երգեհոնահարի տեղը: 1781թ, հունվարի 26-ին Մյունխենում հաջողությամբ բեմադրվում է Մոցարտի «Իդոմենեոս» օպերան, որը համարվում է իտալական opera-seria ժանրի գլուխգործոցներից և այսօր էլ չի իջնում օպերային թատրոնների բեմերից: Յուրաքանչյուր նոր օպերայով Մոցարտի ստեղծագործական հանճարը ավելի ու ավելի էր ի հայտ գալիս: «Առևանգումը հարեմից» ( գերմաներեն` Die Entführung aus dem Serail) օպերան` գրված կայսր Հովսեփ 2-ի հանձնարարությամբ 1782թ., լավ ընդունելության արժանացավ Վիեննայում և շուտով մեծ տարածում գտավ Գերմանիայում: Նույն 1782թ. Մոցարտը տեղափոխվում է Վիեննա, որտեղ և ամուսնանում է Կոնստանցա Վեբերի հետ:
Վիեննայում Մոցարտը հանդես էր գալիս համերգներով, երաժշտության մասնավոր դասեր էր տալիս, ստեղծագործում: 
1783—1785 թթ. ստեղծվում են 6 հայտնի լարային քառյակները, որոնք Մոցարտը ձոնում է իր ժամանակակից համբավավոր երգահան Հայդնին: 1786 թվականին գրում է «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան, որը ապշեցնում է իր ձևի վարպետությամբ, երաժշտական բնութագրության կատարելությամբ, անսպառ ներշնչմամբ: Վիեննայում «Ֆիգարոյի ամուսնությունը» գրեթե աննկատ անցավ, սակայն Պրահայում այն ապշեցուցիչ հաջողություն է ունենում, ինչը ստիպում է թատրոնի տնօրենին Մոցարտին նոր օպերա պատվիրել: Հաջորդ տարի (1787) Մոցարտը Պրահայի համար գրում է «Դոն Ժուան» օպերան, որը էլ ավելի ջերմ ընդունելության է արժանանում:
1787թ. Մոցարտին շնորհվեց արքունի երգահանի պաշտոնը` 800 ֆլորին ռոճիկով: 1788թ. Մոցարտը գրում է իր երեք ամենահայտնի սիմֆոնիաները` № 39 մի բեմոլ մաժոր (KV 543), № 40 սոլ մինոր (KV 550) և № 41 դո մաժոր «Յուպիտեր» (KV 551):
1790թ. բեմադրվում է «Այդպես են վարվում բոլորը» (Cosi fan tutte), իսկ 1791թ., Լեոպոլդ 2-րդ կայսեր թագադրության առիթով, «Տիտոսի ողորմածությունը» (La Clemenza di Tito) օպերաները: 1791թ. վերջերին ջերմ ընդունելության է արժանանում Վիեննայում բեմադրված «Կախարդական սրինգ» օպերան:
1791թ. վերջերին մինչև իր մահը Մոցարտն աշխատում է «Ռեքվիեմ»-ի վրա (KV 626), որը սակայն չի հասցնում ավարտել: 
Մոցարտը մահացել է 1791թ. դեկտեմբերի 5-ին, հնարավոր է, երիկամային վարակից, (թեև առ այսօր մահվան պատճառը վեճեր է հարուցում, հայտնի վարկածով Մոցարտին թույնել է նրան ժամանակակից երգահան Անտոնիո Սալիերին): Մոցարտը թաղվել է Սմ. Մարկոսի գերեզմանատանը ընդհանուր շիրմափոսում, ուստի թաղման ճիշտ տեղը անհայտ է:

Ստեղծագործությունները

Օպերաները

Առաջին պատվիրանի պարտքը (Die Schuldigkeit des ersten Gebotes), 1767
Ապոլոն և Հիացինտ (Apollo et Hyacinthus), 1767
Բաստիեն և Բաստիենե (Bastien und Bastienne), 1768
Թվացյալ պարզամիտը (La finta semplice), 1768
Միհրդատ, Պոնտոսի արքա (Mitridate, re di Ponto), 1770
Ասկանիոսը Ալբայում (Ascanio in Alba), 1771
Ազատագրված Բետիղուան (Betulia Liberata), 1771 — օրատորիա
Սկիպիոնի քունը (Il sogno di Scipione), 1772. Опера-серенада (пастораль)
Լուցիո Սուլլա (Lucio Silla), 1772. Опера-сериа
Թամոս, Եգիպտոսի արքան (Thamos, König in Ägypten), 1773, 1775
Թվացյալ այգեպանուհին (La finta giardiniera), 1774-5
Հովիվ-արքան (Il Re Pastore), 1775
Զաիդե (Zaide), 1779
Իդոմենեոս, Կրետեի արքան (Idomeneo), 1781
Առևանգում հարեմից (Die Entführung aus dem Serail), 1782
Կահիրեի սագը (L’oca del Cairo), 1783
Խաբված ամուսինը (Lo sposo deluso), 1786- անավարտ
Թատրոնի տնօրենը (Der Schauspieldirektor), 1786- անավարտ
Ֆիգարոյի ամուսնությունը (Le nozze di Figaro), 1786
Դոն Ժուան (Don Giovanni), 1787
Այդպես են վարվում բոլորը (Così fan tutte), 1789
Տիտոսի ողորմածությունը (La clemenza di Tito), 1791
Կախարդական սրինգը (Die Zauberflöte), 1791

Այլ ստեղծագործություններ

17 ժամերգություն, այդ թվում
  • «Թագադրման», KV 317 (1779)
  • «Մեծ» C-moll, KV 427 (1782)
  • «Ռեքվիեմ», KV 626 (1791)
շուրջ 50 սիմֆոնիա, այդ թվում`
  • «Փարիզյան» (1778)
  • № 35, KV 385 «Հաֆներ» (1782)
  • № 36, KV 425 «Լինցի» (1783)
  • № 38, KV 504 «Պրահայի (1786)
  • № 39, KV 543 (1788)
  • № 40, KV 550 (1788)
  • № 41, KV 551 «Յուպիտեր» (1788)
27 համերգ դաշնամուրի և նվագախմբի համար
5 համերգ ջութակի և նվագախմբի համար
Համերգ երկու ջութակի և նվագախմբի համար (1774)
Համերգ ջութակի, ալտի և նվագախմբի համար (1779)
2 համերգ տավիղի և նվագախմբի համար (1778)
Համերգ հոբոյի և նվագախմբի համար (1777)
Համերգ կլարնետի և նվագախմբի համար, K. 622 (1791)
Համերգ ֆագոտի և նվագախմբի համար, K. 191 (1774)
4 համերգ վալդհորնի և նվագախմբի համար
10 սերենադ լարային նվագախմբի համար, այդ թվում
  • «Փոքրիկ գիշերային սերենադ (1787)
19 սոնատ դաշնամուրի համար
դաշնամուրի համար վարիացիաներ, ռոնդոներ, ֆանտազիաներ, պիեսներ
50-ից ավել մեներգեր
անսամբլներ, երգչախմբային ստեղծագործություններ, երգեր և այլն:
Կատեգորիա: Բոլորը | Ավելացրեց: armenlur (26.01.2013)
Դիտումներ: 1233 | Տեգեր: ավստրիացիներ, Մոցարտ, երգահաններ | - Վարկանիշ -: 0.0/0