Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Արամազդ Ղալամքարյան
տնտեսագետ, քաղաքագետ



Աշխատում է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունում, որպես մարքեթինգի
պատասխանատու: 
Կրթությունը՝ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը,
Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ քաղաքագիտության մագիստրոս է: 
Նախկինում աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում, Հայէկոնոմբանկում:
Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: 


wŸ Հոդվածներ  wŸՀարցազրույցներ  wŸԵլույթներ 

«Երեւանը բոլորիս տունն է, եւ մրցակցությունը չպիտի խանգարի առողջ համագործակցությանը»

«ՉԻ»-ն շարունակում է ներկայացնել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին Հայ ազգային կոնգրես կուսակցության ցուցակում ընդգրկված քաղաքացիներին։ Արամազդ Ղալամքարյանը մարքեթինգի ու հանրային հարաբերությունների մասնագետ է, նաեւ Հայ ազգային կոնգրես նախաձեռնող խմբի անդամ։ Արամազդի կյանքի կարգախոսն է` ապրել՝ պատրաստ լինելով մեռնել հաջորդ իսկ վայրկյանին։

Արամազդ, ինչքանո՞վ ես կարեւորում ընդդիմության մասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին։

- Այսօր, երբ Հայ ազգային կոնգրեսը մտել է կուսակցաշինության փուլ, մասնակցությունը ցանկացած ընտրության ուղղակի քաղաքական հրամայական է։ Կարեւոր է ընտրողին, քաղաքացուն ցույց տալ այն նորը, թարմը, սպասվածը, որ Կոնգրեսն առաջարկում եւ առաջարկելու է։ Ավագանու ընտրությանը Կոնգրեսը ներկայանում է  նախադեպը չունեցող մի ցուցակով՝ հսկայական փորձ ունեցող քաղաքապետ ու քաղաքական պայքարի հնոցով անցած 41 երիտասարդ։ Նման բան չի եղել Հայաստանի պատմության ընթացքում։ Տեսնենք, թե ընտրողն ինչպես կընդունի մեզ։

Ինչպե՞ս ես պատկերացնում ընտրակեղծիքների դեմ պայքարը առաջիկա երեւանյան ընտրություններում։

- Ընտրակեղծիքների դեմ պայքարը տեսնում եմ յուրաքանչյուրի ներսում կայացվող որոշման տեսքով։ Ինձ համար չկա ամենակարող ռեժիմ. սա միայն թուլակամության արդարացում է։ Թող յուրաքանչյուր ոստիկան, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր ուսուցիչ, դիտորդ, վստահված անձ ինքն իր ներսում որոշում կայացնի։ Դրանով նա Կոնգրեսին չէ, որ օգնելու է, այլ ինքն իրեն, իր երեխային։ Վերջիվերջո, մարդ արարածի ամենաանկաշառ, ամենաանողոք, կոմպրոմիսների չգնացող դատավորն իր ներսի ես-ն է, իր խիղճը։ Կարելի է կեղծել ու մոլորեցնել շուրջդ գտնվող բոլորին, բայց ինքդ քեզ չես խաբի։ Իսկ քանի՞ գրոշ արժե էն կյանքը, երբ հայելու մեջ չես կարողանում նայել ինքդ քո աչքերին։ Այս հարցը թող տա յուրաքանչյուրը, ով ներգրավվելու է ընտրությունների պրոցեսում։

Ըստ քեզ, ինչո՞վ են տարբերվում այս ընտրությունները նախագահական կամ այլ ընտրություններից։

- Երեւանի ավագանու ընտրությունը նման է ԱԺ ընտրությանը, քանի որ քվեարկողի առջեւ ներկայանում են կուսակցություններ՝ իրենց ցուցակներով։ Սա՝ ֆորմալ կողմը։ Իսկ ըստ էության այս ընտրությունները չեն տարբերվում մյուսներից. դրանք նոր շանս են՝ իշխանությունը քաղաքացուն վերադարձնելու։ Ընդ որում, քաղաքացին ի՛նքը պետք է վերադարձնի Սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունը։ Այս անգամ՝ Երեւանում։

Ինչպիսի՞ն ես պատկերացնում քո աշխատանքը Երեւանի ավագանու կազմում։

- Բաց՝ թե՛ ընտրողների, թե՛ թիմակիցների, թե՛ ավագանու մյուս բոլոր անդամների ու քաղաքապետարանի աշխատակազմի առջեւ։ Երեւանը բոլորիս տունն է, եւ մրցակցությունը չպիտի խանգարի առողջ համագործակցությանը։ Իմ աշխատանքն այդ հունի մեջ եմ պատկերացնում։

Ո՞րն է այն խնդիրը, որ ավագանու անդամ դառնալու դեպքում կլուծես առաջին հերթին։

- Միանշանակ՝ մետրոպոլիտենի ընդլայնման խնդիրը։ Որպես ավագանու անդամ, քաղաքի գործադիր մարմնի առջեւ այս խնդրի լուծման համար ֆինանսական ու ոչ ֆինանսական նոր հնարավորություններ որոնելու ու հայտնաբերելու հարց կբարձրացնեմ։ Կոնգրեսի խմբակցությամբ կաջակցենք այս խնդրի շուտափույթ լուծմանը, ինչն իր հերթին մեծ նվեր կդառնա մայրաքաղաքի մի քանի թաղամասերի բնակիչների համար։
Հարցազրույցը վարեց՝ Անի Գևորգյանը

«Չորրորդ իշխանություն», 6 ապրիլ 2013 թ

Արամազդ Ղալամքարյան. 



Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (27.04.2013)
Դիտումներ: 1497 | Տեգեր: Անի Գևորգյան, Արամազդ Ղալամքարյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0