Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Արմեն Օհանյան
հայ արձակագիր, հանրային կապերի մասնագետ



ծնվել է 1979թ., մայիսի 17-ին, Երևանում

չկան ազատաԳրողներ, գրականությունը նույնպես ազատաԳրական պայքարի կարիք ունի  


Կենսագրություն

Երևանաբնակ, ծագումով ղարաբաղցի ինժեներ-մետալուրգի և արմատներով խոյեցի բուժքրոջ երկրորդ որդին է. ավագ եղբայրը կիթառահար Հարություն Օհանյանն է, ունի նաև կրտսեր քույր: Նախադպրոցական տարիների մի մասն ապրել է հոր մանկավարժ ծնողների հետ` Սևանի մանկապատանեկան առողջարաններից մեկում, որտեղ վերջիններս աշխատում էին: Ընտանիքի տեղափոխություններով պայմանավորված` սովորել է տարբեր դպրոցներում, իսկ ավագ դպրոցն ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտին առընթեր «Իմաստասեր» քոլեջի` ֆիզմաթ թեքումով դասարանում: 1996-2000թթ. ուսանել է ԵՊՀ-ում, ստացել փիլիսոփայության բակալավրի դիպլոմ: Ուսանողական տարիներին տպագրվել է առաջին անգամ «Այսօր»-ի հավելված «8 ու կես» շաբաթաթերթում, որտեղ վարել է մշակութային սյունակ: 2000-2007 թթ. եղել է գյուղական ուսուցիչ` հայ-իրանական սահմանին գտնվող Կարճևան համայնքում, դասավանդել է նաև Մեղրու պետական քոլեջում: Զուգահեռաբար 2000 թվականից ծավալել է հասարակական գործունեություն. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի» ակտիվ անդամ է, «Սկսել ա» երիտասարդական շարժման հիմնադիրներից: Մշտական բնակության վերադառնալով Երևան` 2007-2008 թթ. ստանձնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից իրականացված «Խաղա´ ժողովրդավարություն, դարձրո´ւ իրականություն» ծրագրի համակարգողի պարտականությունները. ծրագիր, որի արդյունքում ստեղծվել է առաջին հայալեզու, իրավա-քաղաքացիական բնույթի ուսուցողական համակարգչային խաղը` «Դարձի´ր նախագահ»: Այնուհետ վերաորակավորվել է որպես հանրային կապերի մասնագետ, աշխատել տարբեր հաստատություններում, այդ թվում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, «Հայաստան» համահայկական հիմնադրամում: 2008-ից միացել է Հայաստանում սկիզբ առած համաժողովրդական շարժմանը, աշխատել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզչական թիմում: Մարտի մեկի իրադարձություններին հաջորդող երկու օրը Երևանի ոստիկանատներից մեկում ապօրինաբար պահվելուց հետո, ի նշան բողոքի, դադարեցրել է իր հեռակա ուսուցումը ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում: 2013-ին ստեղծված «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հիմնադիրներից է:

Ստեղծագործական ուղին

«Գերաստղ Մարիո»-ն` Հարություն Թումաղյանի համահեղինակությամբ. ՆՓԱԿ, 2012թ.
Գրական ուղին մեկնարկել է բավական ուշ` 30 տարեկանում, սակայն կարճ ընթացքում հայ արդի գրական միջավայրում ճանաչում է ձեռք բերել` ստեղծելով ինտերակտիվ արձակի նորարար-փորձարարական գործեր: Առաջին պատմվածքները հրապարակվել են «Ինքնագիր»[1] գրական հանդեսում, այնուհետև պարբերաբար տպագրվել է «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթում: Օհանյանի արձակին հատուկ է համահեղինակության սկզբունքը, որտեղ իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես արդեն կայացած գրողներ, այնպես էլ` ցանկացած ընթերցող: Խաղը նրա ստեղծագործությունների անքակտելի մասն է, ընթերցողին ներգրավելու և արդի հայ գրական գորընթացի մեկուսացումը հաղթահարելու նրա նախընտրած միջոցը: Իբրև պոստմոդեռնիստ նա խախտում է գրական ավանդույթով սահմանված կարգը, վերաիմաստավորում անցյալը («Կիկոսի վերադարձը», «Կարմիր բերԵՏ»): Հրապարակավ հանդես է եկել առկա հայ գրական գործընթացի կոշտ քննադատությամբ` համարելով այն բռնաճնշող մշակույթն ամրապնդող և նկարագրողական.

Արմեն Օհանյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն: «Անտարես» հրատարակչության և «Գրանիշ» գրական ակումբի կազմակերպած «Արձակ-2011»-ի («Կիկոսի վերադարձը» պատմվածքի համար) և «Արձակ-2012»-ի («Գերաստղ Մարիոն» պատմվածքի համար) մրցույթների հաղթողներից է. պատմվածքները տեղ են գտել «16 պատմվածք» և «19 պատմվածք» ժողովածուներում:



7or-ի հարցազրույցը Արմեն Օհանյանի հետ



«Մենք ունենք մի թերություն, անունը` իշխող կուսակցություն»

Ներկայացնում ենք Հայ ազգային կոնգրես կուսակցության ցուցակում ընդգրկված գրող, հրապարակախոս Արմեն Օհանյանի հետ մեր հարցազրույցը։

Արմեն, ինչպե՞ս եք պատկերացնում ընտրությունների` Երեւանի ավագանու ընտրությունների վերահսկման գործընթացը։

-  Շատ վառ ու պայծառ։ Նորմալ երկրում ընտրությունների կազմակերպումը, ներառյալ վերահսկումը, պիտի ապահովի պետությունը, ուրեմն, թեկնածուն չպիտի մտածի` ինչպես պահեմ ձայներս, այլ` ինչպես ստանամ ձայներ։ Իրոք, մեզ մոտ էլ իշխանությունը, որ պետության հետ նույնականացել է, վերահսկում է ընտրությունները եւ դա անում է շատ լավ, բայց հակառակ նշանով` կեղծելով, ուրեմն, հարցը վերաձեւակերպում ենք, ինչպես ես պատկերացնում ընտրություններն անվերահսկելի դարձնելու գործընթացը, թե չէ մենք կունենանք հերթական, նորմալ խայտառակ ընտրությունները, եվրոյոնջաները կգրանցեն իրենց քայլ առաջը, թվանկարիչ Մուկուչյանն էլ իր շնորհքը ցույց տալու առիթը բաց չի թողնի, իսկ մենք էլ, սովորականի պես, 300 սպարտացիներով կռիվ կտանք ամեն երեւանցու ձայնը պահելու համար։ Իրավիճակն անվերահսկելի կդառնա էն դեպքում, երբ վարի տանք անընդմեջ կատարելագործվող ընտրակեղծիքի մեքենայի շարժիչը, էս մեքենայի «շոֆերը», որի հավաքական անունն է ՀՀԿ, կդառնա մեզ պես «վազող», ու քանի որ հաստափոր է ու ճարպոտ, ազնիվ մրցավազքի դեպքում վերջին տեղը կգրավի, ու էլ չի կարող գազ տալ ու 300-ի տակ` «ինչքան պետք է, էնքան խփենք» սկզբունքով արագություն բացել։ Անհնարին ոչինչ չկա, մի երկու փական, մի երկու պտուտակ  շարքից դուրս եկավ, էլ ոչ մի մեքենա տեղից պոկել չի լինի, այդ թվում եւ ընտրակեղծիքների մեքենան` նախկինում «պազիկ», ներկայումս «ծյունինգ» արած «չոռնի ջիփը»  իր «գոլդ» համարներով հանդերձ կդառնա չաշխատող ժեշտի կտոր։

Կարեւորո՞ւմ ես քարոզչության գործընթացին երիտասարդների մասնակցությունը։

- Այո, բայց պիտի ասեմ` տարիքը կապ չունի խելքի հետ, «քարոզիչը» պիտի խելք ունենա, հավատա իր ասածներին ու պատրաստ լինի կռիվ տալ իր արժեքների համար։ Թող մեծամիտ կամ անաստված չհնչի, բայց Քրիստոսն էլ էր երիտասարդ, երբ քարոզում էր ու երբ խաչվեց, Տարոն Մարգարյանի հասակակիցն էր` 33 տարեկան։ Չեմ ասում` խաչվենք հանուն հայրենիքի, բայց գոնե մտածենք ու աշխատենք ոչ թե մեր ու մեր մերձավոր շրջապատի բարօրության, այլ յուրաքանչյուր քաղաքացու, ամեն մի երեւանցու համար։ Ուրեմն, տարիքը առավելություն չի, օրինակ, մեր քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը ցմփոր իշխանավոր ջահելի կերպարից շատ հեռու` տեսքով էլ, հոգով էլ երիտասարդ է ու նաեւ տարիքի բերումով` ավելի փորձառու, անկաշառ պետական գործիչ, իսկ  խելքի մասին ես կլռեմ, ընտրողն ինքը կդատի։  

Որո՞նք են Երեւանում առկա այն հիմնական թերությունները, որոնք կցանկանաս վերացնել ավագանու անդամ դառնալու դեպքում։ Նշիր, ասենք, երեք հիմնական խնդիրները։

- Մենք ունենք մի թերություն, անունը` իշխող կուսակցություն, մնացածը լուծելի հարցեր են, մենք յուրատեսակ խաչակրաց արշավանքի ենք գնում, ընդդեմ հակաքաղաքային մի աղանդի, որ կոչվում է տարոնականություն, որ կասեցնենք մեր մայր քաղաքի վերջնական գեղականացումը։ Տարոնավանցիները պիտի հասկանան, որ Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է, ուրեմն էստեղ պիտի ծնվի ու աշխարհով մեկ տարածվի մեր` հայոց քաղաքակրթությունն ու քաղաքավարությունը, իսկ ցեղատեսակային վարքուբարքը երեւան գալու հնար չպիտի ունենա։ Սա իսկական երեւանցիների ու տարոնավանցիների միջեւ թեժ պայքար է լինելու, որտեղ հաղթող ընդդիմությունը շանս կստանա երկրի քարացած սրտում տեղաշարժել հայկական տարածությունն ու ժամանակը` բռնապետությունից դեպի հանրապետություն։

Կարո՞ղ ես նշել վերջին տարիների ընթացքում Երեւանում տեղի ունեցած գոնե մեկ դրական փոփոխություն։

- Իհարկե կարող եմ, բայց չեմ նշի, քանի որ բազմաթիվ դրական փոփոխություններից ոչ մեկը կապված չէ քաղաքային իշխանության հետ, ինչ որ իրենք են արել` պարզապես սիրուն չի...

Հարցազրույցը վարեց՝ Անի Գևորգյանը

«Չորրորդ իշխանություն», 27 մարտ 2013 թ.


Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (27.04.2013)
Դիտումներ: 1722 | Տեգեր: Անի Գևորգյան, Արմեն Օհանյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 5.0/1