Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Արթուր Մինասյան
բժիշկ-ստոմատոլոգ



Ավարտել է՝ Երևանի պետական բժշկական համալսարանը։
Զբաղվում է քաղաքացիական լրագրությամբ։
Աշխատել է ԼՂՀ ՊԲ-ում իբրև բուժծառայության լեյտենանտ։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին։
Անկուսակցական է: 


wŸ Հոդվածներ  wŸՀարցազրույցներ  wŸԵլույթներ 

Արթուր Մինասյան

Ազատության հրապարակը «պաշարված է»

Հայաստանում տարբեր ժամանակաշրջաններում եղել են իրավիճակներ, երբ ընդդիմադիր քաղաքական խմբերը մրցակցել են երկրում ստեղծված ռեժիմի դեմ փողոցային կամ հանրահավաքային պայքարի ղեկն իրենց ձեռքում պահելու համար։

Զանգվածային հրապարակային պայքարը Հայաստանի անկախությունից ի վեր կարեւորագույն քաղաքական գործընթաց է, քանի որ հատկապես 1998-ի հեղափոխությունից ու 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ընդդիմադիր ընտրազանգվածը զրկվել է իր ասելիքը, պահանջները տեղ հասցնելու բոլոր ինստիտուցիոնալ հարթակներից։ Եվ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իր արդյունավետ գործունեության, գաղափարների ու ծրագրերի արդյունքում քաղաքացիների վստահությունը վայելելու միջոցով փողոցային պայքարի վերահսկմանը հասած ընդդիմադիր քաղաքական ուժն ինքնըստինքյան դարձել է ողջ ընդդիմադիր դաշտի ավանգարդը։ Այլ կերպ այդ քաղաքական ուժին մեզանում ընդունված է անվանել հիմնական ընդդիմադիր ուժ։ Եվ ահա, հենց այդ հիմնական ընդդիմադիր ուժի կոչման համար էլ երբեմն մրցակցել են քաղաքական ուժերը։

Հայաստանում փողոցային կամ հանրահավաքային պայքարի խորհրդանիշն Ազատության հրապարակն է, եւ վերը նշված մրցակցությունն այլ կերպ կարելի է անվանել Ազատության հրապարակին տիրանալու գործընթաց։ Եղել են դեպքեր, երբ քաղաքական այս կամ այն ուժն իր պայքարի արդյունավետ ռազմավարության, մարտավարության ու գաղափարների հաշվին բավական երկար ժամանակ պահել է հրապարակային պայքարն իր ազդեցության դաշտում, ինչի համար ընդդիմադիր դիրքերից հանդես եկող այլ խմբերի կողմից անգամ մեղադրվել է փողոցը մոնոպոլիզացնելու մեջ։ Այսպես, հարթակն ու փողոցը մոնոպոլիզացնելու մեջ էր մեղադրվում 2007-ից ակտիվ քաղաքականություն վերադարձած Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին հաջողվել էր աննախադեպ հաջողություն արձանագրել. այն ժամանակ սկիզբ առած համաժողովրդական շարժումը հրապարակում ակտիվ ընթացավ մի քանի տարի։

2013-ի նախագահական ընտրություններից հետո հանրահավաքային պայքարի ղեկն անցավ ընտրություններին հաղթած Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքը, որից ռեժիմը խլել էր հաղթանակը։ Հովհաննիսյանին հաջողվեց հակառակ ռեկորդը սահմանել` շատ կարճ ժամանակահատվածում զրոյացնել իրեն տված` քաղաքացիների վստահության քվեն։ Մի կողմ թողնենք դրա պատճառները, հատկապես որ վերջին շրջանում այդ մասին բազմաթիվ վերլուծություններ են գրվել։ Փաստն այն է, որ իր նկատմամբ մարդկանց վստահության շատ արագ սպառվելու պատճառով Հովհաննիսյանի ձեռքից փողոցային պայքարի ղեկը ակամա փախավ։ Ղեկը թեեւ փախավ, բայց այն ձեռքում պահելու ցանկությունը դեռեւս մեծ է։ Եվ այս իրավիճակը հանգուցալուծելու համար Հովհաննիսյանը կրկին դիմում է աննախադեպ մի քայլի` Ազատության հրապարակը մոնոպոլիզացնում է իրավաբանորեն։

Մենք արդեն մի անգամ գրել էինք այն մասին, որ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն Ազատության հրապարակը մոնոպոլիզացնելու նոր ձեւ են գտել։ Այսպես, կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մի շարք իրազեկումներ էր ներկայացրել քաղաքապետարան, ինչի հետեւանքով ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 24-ը Ազատության հրապարակը իրավաբանորեն «զբաղված» էր։ Այն ժամանակ մենք գրել էինք. «Եթե Արմեն Մարտիրոսյանի մտքով անցնի քաղաքապետարանին իրազեկել նաեւ ապրիլի 24-ից  հետո Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու մասին, մինչեւ մայիսի 5-ի ընտրությունները Արմեն Մարտիրոսյանի կողմից Ազատության հրապարակի «պաշարումն» ամբողջական կդառնա»։  Եվ պատկերացրեք, մեր մտահոգությունն անտեղի չէր։ Մարտիրոսյանը հետագայում քաղաքապետարանին իրազեկել էր ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 1-ը ամեն օր Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին։ Բայց սա դեռ ամենը չէ։ Մարտիրոսյանը քաղաքապետարանին իրազեկել է նաեւ մայիսի 3-ին, նույն կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը` մայիսի 4-ին եւ 5-ին, ապա կրկին Արմեն Մարտիրոսյանը` մայիսի 6-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին։ Եվ այդպես` մինչեւ մայիսի 15-ը, իսկ արդեն 16-ին` Մատենադարանում, քանի որ նույն օրը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին հասցրել է իրազեկել Գարեգին Չուգասզյանը։ Մայիսի 17-ից 22-ն էլ ամեն օր Ազատության հրապարակում որոշել է հավաքներ անցկացնել ոմն Վ. Ավետիսյան։

Թե քանի հանրահավաք է անցկացրել այս ամսվա ընթացքում «Ժառանգություն» կուսակցությունն Ազատության հրապարակում, մատների վրա կարելի է հաշվել։ Իսկ թե ինչու է բիրիքով իրազեկումներ ներկայացնում քաղաքապետարան, կարելի է ենթադրել։ Իհարկե, այստեղ օրենքի որեւէ խախտում չկա, եւ «Ժառանգության» ներկայացուցիչներն օգտվում են իրենց քաղաքացիական իրավունքներից, բայց համաձայնեք, որ տպավորություն է ստեղծվում, թե Ազատության հրապարակը տեխնիկապես վերահսկողության տակ պահելու խնդիր է լուծվում` ցանկացած անհրաժեշտ պահի այնտեղ սեփական հանրահավաքն անցկացնելու եւ մյուս քաղաքական ուժերի հանրահավաքներն այնտեղ կազմակերպելը խոչընդոտելու նպատակով։ Հիշո՞ւմ եք, ժամանակին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքների իրազեկումը մերժելու նպատակով իշխանությունները տարատեսակ համերգներ, միջոցառումներ, ցուցահանդեսներ էին կազմակերպում, խաղահրապարակի վերածում Ազատության հրապարակը։ Այժմ դրա անհրաժեշտությունը չկա, ինչպես ասում են` «Ժառանգության» ջանը սաղ լինի։

«Ժառանգության» ներկայացուցիչները միայն մի բան չեն հաշվարկել. Երեւանում բազմաթիվ հրապարակներ կան, որտեղ քաղաքացիները կարող են հավաքներ անցկացնել։ Իհարկե, Ազատության հրապարակն իր յուրահատուկ էֆեկտն ունի, բայց դա էլ խնդիր չէ։ Այնպես որ, նրանք զուր էներգիա են սպառում։

 Հ.Գ. Հատկանշական է, որ Տեր-Պետրոսյանին հրապարակը մոնոպոլիզացնելու մեջ անհիմն մեղադրողների մեծ մասը ժամանակին հենց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն էին։ 
chi.am

Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (27.04.2013)
Դիտումներ: 1931 | Տեգեր: ՀԱԿ, Արթուր Մինասյան | - Վարկանիշ -: 0.0/0