Ջորջ Գորդոն Բայրոնի և հայերենի նկատմամբ ունեցած նրա սիրո մասին
1816 թվականին, դեկտեմբերի 2-ին, Վենետիկ է գալիս անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը` հայոց լեզու սովորելու և ծանոթանալու հայ գրականությանը:
1816 թ-ին Բայրոնն ընդմիշտ հեռացել է Անգլիայից. ապրել է Շվեյցարիայում և Իտալիայում: Նույն թվականի աշնանը հաստատվել է Վենետիկում, որտեղ ծանոթացել է Մխիթարյան միաբանության գործիչների հետ. հայոց լեզու և պատմություն ուսումնասիրելու նպատակով կանոնավոր այցելել է Սբ Ղազար կղզի: Նրան ուսուցանել է ականավոր գիտնական, բառարանագիր և թարգմանիչ Հարություն Ավգերյանը: Բայրոնը նրա հետ հրատարակել է անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն քերականության դասագրքերը, որտեղ նմուշներ է զետեղել հայ հին և միջնադարյան գրականությունից, օգնել է անգլերեն-հայերեն բառարանի ստեղծմանը, գրել իր նշանավոր առաջաբանը, որտեղ արծարծել է հայ ժողովրդին թուրքական ու պարսկական լծից ազատագրելու խնդիրները: Հայերենից անգլերեն է թարգմանել երկու թուղթ Նոր կտակարանից, երկու գլուխ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», հատվածներ՝ Ներսես Լամբրոնացու «Ճարտասանությունից», Աստվածաշնչի այն մասերը, որոնք պակասել են անգլերեն թարգմանության մեջ:
Նա Հայաստանի մասին ասել է.
«Ինչպիսին էլ եղած լինի հայերի ճակատագիրը, իսկ դա անցյալում դառն է եղել, ինչպիսին էլ լինի նա ապագայում, նրանց երկիրը հավետ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը»:
«Եթե Անգլիային պատկանում է բանաստեղծի մարմինը, իսկ Հունաստանին՝ նրա սիրտը, ապա իր հոգու մի մասը դուք՝ հայերդ եք ժառանգում, թերևս ազնվագույնը, քանզի ձեզ են մնում բանաստեղծի խաղաղությունն ու մտերիմ սերը...»:
Բայրոնի մտքերը
1. Առավել առաքինի է չորացնել մեկ կաթիլ արցունք՝ քան արյան օվկիան հեղել:
2. Տառապանքը՝ իմաստունների ուսուցիչն է:
3. Մենք ապրում ենք, որովհետև հույսը դիմում է մեր հիշողությանը, և նրանք երկուսնել խաբում են մեզ:
4. Միտքը՝ կյանքի նստվածքն է:
5. Ընկերությունը՝սերն է առանց թևերի:
6. Մենության մեջ մարդը ավելի հաճախ քիչ է մենակ զգում իրեն:
7. Հին նամակները կարդալը հաճելի է, քանի որ արդեն անհրաժեշտ չէ նրանց պատասխանել:
8. Ի վերջո ինչ է սուտը ՝թաքնված ճշմարտություն :
Էլ չենք կարող մենք թափառել
Էլ չենք կարող մենք թափառել
Գիշերային լուսնյակի տակ,
Թեկուզ սերը դեռ չի մարել,
Եվ դրսում լույս է սպիտակ:
Սուրն իր պատյանն է լուռ մաշում,
Մարդու կուրծքն է փշրում հոգին,
Սիրտը դադար է երազում
Հուզումներից իր կաթոգին:
Թեկուզ գիշերը այս բարի
Ստեղծված է սիրո համար
Բայց էլ քեզ հետ չենք թափառի
Լուսնյակի լույսի տակ վառ:
Հմայքը անցավ
Հմայքը անցավ…Այդպես է կյանքի
Օրենքն հեղհեղուկ, ու մենք խելահեղ
Խնդում ենք այնժամ, երբ տնքանք պիտի.
Ցնորքը լավագույն բարեկամն է մեր:
Խոկման ամեն մի պահն հուշում է մեզ
Տառապանքի մասին բնության ,
Որ իմաստաբար գործում է ինչպես
Մարդը նահատակ մինչև գերեզման:
Մնաս բարով, և եթե պետք է հավիտյան,
Էհ ինչ արած հավիտյանս մնաս բարով:
Թեկուզ և դու լինես անգութ, երբեք սակայն
Սիրտս քո դեմ չի լցվելու ցասման հրով:
Ինչ-որ չէիր կարող կարդալ դու այս կրծքում,
Որի վրա քո գլուխն էր հակվում լռին,
Երբ որ իջնում էր կոպերիդ խաղաղ մի քուն
Այսուհետև չես իմանա ամենևին...
Ես, անկասկած, գործել եմ բյուր հանցանք ու մեղք,
Բայց խոցելու համար այսքան դաժան ու խոր
Չէիր կարող գտնել ուրիշ, ուրիշ մի ձեռք,
Քան այն, որ ինձ պարուրել էր, գրկել մի օր:
Սակայն թող քեզ պատիր խոհեր չմոլորեն.
Սերն հանգում է դանդաղորեն, անգիտակից,
Մի հավատա, որ կարող են հանկարծորեն
Պոկել երկու սիրող սրտերը իրարից...
Մնաս բարով.
Այսպես, խզած ամեն մի կապ,
Քեզնից հեռու, կորցրած սեր ու ապավեն,
Խորշակահար, մեն միայնակ, տերևաթափ,
Ես ավելի մահանալ չեմ կարող արդեն: