Ստենդալ
իսկական անունը` Մարի-Անրի Բեյլ
ֆր.՝ Marie-Henri Beyle,
ֆրանսիացի գրող, ֆրանսիական ռեալիստական վեպի հիմնադիրներից մեկը
1783թ. հունվարի 23, Գրենոբլ — 1842թ. մարտի 23, Փարիզ
Անրի-Մարի Բեյլ Ստենդալը ֆրանսիական գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից է: Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են «Վանինա Վանինի», «Կարմիրն ու սեւը», «Պարմի մենաստան», «Լյուսեն Լեւեն», «Իտալական քրոնիկներ», «Զբոսաշրջիկի գրառումներ» եւ այլն:
Ծնողական քնքշանքից զուրկ մեծացած այս երեխայի տաղանդին, հավատում էր միայն մորաքույրը. նա խնամում էր Անրիին սկսած այն պահից, երբ մահացավ Ստենդալի մայրը, ապա լքեց հայրը: Տեղական դպրոցն ավարտելուց հետո` 1799 թ., Անրին մեկնեց Փարիզ: Այստեղ նրան հաջողվեց ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն: Ստենդալը գրական գործունեություն սկսեց ծավալել 1827թ-ից: Կյանքի վերջին տարիներին Ստենդալի հոգեվիճակն անհանգստացնում էր նրա մտերիմներին. նա ուներ վատ տրամադրություն եւ հուզվում էր առանց որեւէ պատճառի: Հաճախ նրա օրագրում հայտնվում էին տարօրինակ գրառումներ եւ դրանցից մեկը նման էր կանխատեսման. «Ես կուզեմ մեռնել փողոցում, զբոսանքի ժամանակ. ճիշտ այնպես, ինչպես անտեր շները»: Նրա ցանկությունն իրականացավ. Ստենդալը մահացավ Փարիզում` 1842թ. մարտի 23-ին, զբոսանքի ժամանակ:
Հիմնական ստեղծագործությունները
- «Արմանս» վեպ (հհ. 1-3, 1827);
- « Վանինիա Վանինի» նովել (1829, թարգմանվել է հայերեն).
- «Կարմիրն ու սևը» (ֆր.՝ Le Rouge et le Noir; 2 հատոր, 1830, թարգմանվել է հայերեն)
- «Պարմի մենաստանը» («La Chartreuse de Parme»; 2 հատոր 1839—1846, թարգմանվել է հայերեն)
- «Իտալական քրոնիկներ» (հարատրակվել են 1855թ.)
- «Զբոսաշրջիկի նոթերը» (հհ 1—2, 1838)
- «Լյուսիեն Լևեն» (անավարտ վեպ, 1834—1836, հրատարակվել է 1929թ.).
- «Անրի Բրյուլարի կյանքը» (1835, հրատարակվել է 1890թ.)
- «Եսասերի հիշողությունները» (1832, հրատարակվել է 1892թ),
- «Լամիել» (անավարտ, 1839—1842, հրատարակվել է 1889, ամբողջությամբ` 1928թ.)
- «Չափազանց մեծ բարեհաճությունը կործանարար է» (1839, հրատարակվել է 1912—1913թթ.)
- «Նապոլեոն» (թարգմանվել է հայերեն)
- «Մոցարտի կյանքը» (թարգմանվել է հայերեն)
Քաղվածքներ
- Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջություն է պահանջվում անդնդի եզրին մոտենալու և այն պոկելու համար:
- Հիրավի, կյանքի կեսը, և ընդ որում գեղեցկագույն կեսը գաղտնիք է մնում այն մարդու համար, ով չի սիրել կրքոտությամբ:
- Սիրելի կնոջ նույնիսկ խստությունը լի է թովչանքով, որը մեզ համար ամենաերջանիկ րոպեներին չենք գտնում ուրիշ կանանց մոտ:
- Իմ սիրող դեմ պայկարող կնոջ հաստատակամությունը ամենահոյակապն է այն ամենից, ինչ գոյություն ունի այս աշխարհում:
- Ես մարդու բնավորություն եմ անվանում նրա բարոյական սովորույթների ամբողջությունը:
Սիրո քնքշություն
Ստեղծագործական եւ հասարակական բուռն գործունեության ընթացքում Ստենդալի սիրտը գրավված էր կոմսուհիԿլեմենտինա Կյուրիլի կողմից: Նրանց սիրավեպը շարունակվեց երկու տարի, սակայն Կլեմենտեն լքեց Ստենդալին ամենաանսպասելի պահին եւ հեռացավ` ամուսնանալով մեկ ուրիշի հետ:
Այս նամակներն ուղղված են Կլեմենտինա Կյուրիլին:
ՍԻՐՈ ՔՆՔՇՈՒԹՅՈՒՆ
«Փարիզ, 1824թ.
Իմ հրեշտակ, այն բանից հետո, ինչ մենք հանդիպեցինք երեք օր շարունակ, ես կարծում եմ, որ սկսել եմ քեզ ավելի սիրել, եթե դա իհարկե հնարավոր է… Մենք ավելի մտերմացանք եւ մեզ բաժանում էր միայն այն հիմար ավանդապաշտությունը, որն արդյունքն է քո շրջապատի թերզարգացվածության: Սակայն ես կարծում եմ, որ այս երեք օրն այնքան բան փոխեցին մեր կյանքում եւ մեր զգացմունքներում, որ մենք դուրս ենք եկել այդ նախապաշարված մարդկանց հասարակարգից:
Աստված իմ, երեկ ես երջանիկ էի` իմ ատելի չորեքշաբթի օրը: Ես դեռ տոնում եմ մեր երջանկությունն ու կշարունակեմ տոնել այն, մինչ նամակներս կհասնեն քեզ: Եվ ես գրում եմ քեզ` «Per sfogarmi»:
Ես այնքան շատ եմ սիրում քեզ այսօր, ես այնքան շատ եմ պատկանում քեզ այսօր` ես քոնն եմ ամբողջովին: Ես կարիք չունեմ նույնիսկ այս ամենը գրելու քեզ: Ես կարծում եմ եւ ուզում եմ հավատալ, որ եթե եւս մեկ շաբաթ, մենք նման մի քանի օր անցկացնենք, այլեւս երբեք չենք բաժանվի: Սա պահ է, որը երբեք չի կրկնվի իմ կյանքում: Ուզում եմ հավատալ, որ սա կատակերգություն չէ: Իսկ թե նման մի բան է` թույլ տուր դառնալ ադ կատակերգության մասնակիցներից մեկը»:
«Փարիզ, 1824թ.
Սիրելիս, որպեսզի ավելի քիչ քեզ տխրեցնեմ իմ տարօրինակություններով, ուզում եմ անել մեկ այլ տարօրինակություն` պատմել քեզ իմ մասին:
Իմ առավելություններն ու արժանիքները, եթե իհարկե կան, կախված են իմ տարօրինակություններից, վատ հակումներից ու տհաճ կողմերից. տհաճ ոչ միայն իմ, այլեւ շրջապատող աշխարհի համար: Ես համեմատում եմ ինձ նորակոչիկի հետ: Նրան կանչել են ծառայության, տրամադրում են ձի: Եթե նա ունի ղեկավարելու որոշակի հմտություններ ու կարողություններ, ապա կկարողանա գլուխ հանել ձիուց: Ձին նրա ամբողջ էությունն է` անկառավարելի, անսանձ, սակայն միեւնույն ժամանակ` ծույլ եւ երկչոտ: Սակայն նա դրանով չի դադարում ձի լինելուց, այն էլ ծառայողական: Ճիշտ այս ձիու պես, բոլոր նման հատկություններով էլ օժտված եմ ես:
Ես սկսել եմ ճանաչել ինձ վերջին երկու տարում, այդ ամենը սկսվեց Իտալիայում: Այնտեղ յուրաքանչյուրն անում է այն, ինչն իրեն դուր է գալիս, այն` ինչն իր բնույթն է, եւ բացարձակ չի անհանգստանում իր հարեւանի համար: Իր հոգատարության կենտրոնում միայն ինքն է: Ֆրանսիայում ամեն ինչ այլ է, այստեղ յուրաքանչյուր քայլից առաջ մտածում են. «Իսկ ի՞նչ կասի իմ հարեւանը»:
Ինչ վերաբերում է ինձ, մի անհանգստացեք, ես սիրում եմ Ձեզ: Գիտեք, հնարավոր է, որ այս սերը չի համապատասխանում սիրո այն տեսակին, որին Դուք ծանոթ եք Ձեր շրջապատից կամ էլ գրքերից: Ես սիրում եմ Ձեզ ամբողջ կրքով: Ես շատ կուզեի, որ իմ սերը փոքր-ինչ նման լիներ այն սիրուն, որը Դուք կցանկանաիք ստանալ` նուրբ եւ հոգատար:
Ինձ սարսափեցնում է այն միտքը, որ Դուք տխուր եք չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին: Պե՞տք է արդյոք, որ ավելացնեմ նախորդ եւ առաջիկա բոլոր տհաճությունները, որ կան եւ դեռ կհադիպեն Ձեր կյանքում: Մի՞թե իմ սերն ու քնքշությունը, ստիպելու է Ձեզ` սպանել Ձեր մեջ ապրող զգացմունքները: Մի՞թե իմ սիրո այս տեսակը, կսպանի Ձեր սիրուն: Մի՞թե այս անիծյալ յուրահատկությունը, որն ապրում է իմ մեջ, իմ սրտում ու զգացմունքներում, ունակ է Ձեզ սխալ պատկերացում տալու իմ զգացմունքների եւ սիրո մասին, սիրո այն քնքշության մասին, որը ես տածում եմ Ձեր հանդեպ: Այն քնքշության մասին, որ զգում եմ իմ սիրո մեջ»:
Հ.գ – Մի անգամ, Հռոմի հարեւանությամբ գտնվող Ալբանո կղզում, Ստենդալը ավազին սկսեց գրել բոլոր այն կանանց անունները, ում սիրել: Հետո սկսեց գրել բոլոր այն խենթութոյւնները, որ արել է հանուն նրանց: Պատմում են, որ ամենից մեծ տառերով գրված է եղել ԿԼԵՄԵՆՏԻՆԱ անունը: