Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Եվա Թովմասյան
լեզվաբան



Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն և հունարեն լեզուներին:
Սովորել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանում:
Աշխատում է iLur.am լրատվական կայքում, որպես միջազգային բաժնի թարգմանիչ:
Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ: 


«Քաղաքացիների եւ ընդդիմության տանդեմի շնորհիվ հնարավոր է փոփոխությունների հասնել»



Եվա Թովմասյանը սովորել է Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում, կյանքի կարգախոսն է` ինչ-որ երեւույթ քննադատելուց բացի պետք է գործ անել եւ փորձել ուղղել դա։ Եվան եւս ընդգրկված է Հայ ազգային կոնգրես կուսակցության` Երեւանի ավագանու ընտրությունների ներկայացված նախընտրական ցուցակում։


Եվա, չնայած երիտասարդ տարիքիդ բազմիցս մասնակից ես եղել թե՛ նախընտրական, թե՛ բուն ընտրական գործընթացներին եւ ականատես ես եղել ընտրակեղծարար մեքենայի բոլոր գործիքներին ու հնարավորություններին։ Ի՞նչ ես կարծում, այս ընտրություններին ե՞ւս նույն մեքենան գործի կդրվի։

- Ընտրակեղծարար մեխանիզմներին դեռ 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ եմ ծանոթացել, եւ փորձը ցույց է տալիս, որ հաստատված վարչակարգը երբեք հեշտ չի զիջում իր դիրքերը եւ ցանկացած ընտրությունների ժամանակ էլ ե՛ւ կեղծարարություններ են լինելու, ե՛ւ ընտրակաշառքներ։ Այստեղ շատ մեծ նշանակություն ունի այն քաղաքացիական կամքը, որը կդրսեւորեն ընտրողները, այն հաստատակամությունը, որը ընտրողները կցուցաբերեն։ Դա շատ կարեւոր է, քանի որ ինչքան էլ քաղաքական ամբիոններից կոչեր հնչեն, միեւնույն է` հենց ընտրողը պետք է իր մեջ վճռականություն գտնի եւ անկախ այն բանից, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքացու վճռականությունը պետք է դեր խաղա, քաղաքացու որոշումը` գնալ եւ չնպաստել իշխանության թալանմանը, իշխանության գողացմանը եւ իր մեկ քվեով որոշում կայացնել եւ հարց լուծել։

Ինչպե՞ս ես պատկերացնում ընտրակեղծիքների դեմ պայքարը։

- Իշխանության տերը, միանշանակ, քաղաքացին է, պետության տերը քաղաքացին է, կառավարությունը ձեւավորողը քաղաքացին է։ Եւ եթե այն, ինչ քոնն է, լավ հսկողության տակ չի գտնվում, դու լավ չես հսկում այն ամենը, ինչ ունես, կողքից ավազակային հայացքը քո ունեցածի վրա միշտ կլինի, եւ միշտ կգտնվի ինչ-որ մեկը, ով կուզենա քեզնից զավթել դա։ Պետք է հստակ պատկերացնել, որ եթե դու ինքդ չես գնահատում ու ամուր չես պահում քո պետությունը, կգտնվեն հազարավոր հանրապետական կուսակցություններ, հազարավոր սերժսարգսյաններ, որոնք կգան եւ կուզենան քեզնից խլել քո պետությունը։ Եւ այստեղ հենց քո ամրությունը պետք է դեր խաղա։ Ընտրակեղծիքների դեմ պայքարում բացի քաղաքացիների վճռականությունից կարեւորում եմ նաեւ քաղաքական որոշումը։ Ես նկատի ունեմ, որ ընդդիմադիր թեկնածուները այս պարագայում պետք է միահամուռ գործեն, միասին պետք է փորձեն վերահսկել ընտրական գործընթացը, որովհետեւ մի բան է, երբ մի կառույցը փորձում է առանձին վերահսկողություն իրականացնել, այլ բան է, երբ ընդդիմադիր ճակատը միավորվում է եւ փորձում է հսկողության տակ առնել անընդհատ ընտրակեղծիքներին ձգտող իշխանությանը։

Երեւանում կան բազմաթիվ խնդիրներ։ Ըստ քեզ, որո՞նք են այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն առաջին հերթին։  

- Ցավոք, Երեւանում առկա բոլոր խնդիրները այնքան ծայրահեղ աստիճանի են հասել եւ այնքան ցավոտ են, որ դժվար է խնդիր առանձնացնել եւ ասել, որ սա առաջնային է, իսկ սա` ոչ։ Մենք ունենք բազմաթիվ աղետալի հարցեր, օրինակ, հին քաղաքի ոչնչացումը, հանրային տարածքների սեփականաշնորհումը, որը հենց քաղաքապետարանի հովանավորությամբ է իրականացվում։ Կարող եմ օրինակ բերել Ժամանակակից արվեստների թանգարանի դիմացի հատվածը, որը հատկացվել էր պարոն Իգիթյանին թանգարանի տարածքը ընդլայնելու համար, սակայն քաղաքապետարանի հանրապետական հատվածից հովանավորություն ստանալով` Իգիթյանը այդ հատվածում կրպակներ բացեց, եւ հիմա այնտեղ կոշիկի եւ մանկական հագուստի կրպակներ են գործում, եւ թանգարանը այստեղ ոչինչ չշահեց։ Այսօր Երեւանում հազարավոր ծառահատումներ են տեղի ունենում, բազմաթիվ նորակառույցներ են հայտնվում, սակայն հաշվի չի առնվում, որ մայրաքաղաքի բնակֆոնդի 80 տոկոսը փլուզման վտանգի տակ է։ Մայրաքաղաքում չկա տարածք զբոսանքի համար, վտանգված են Դալմայի այգիները եւ այստեղ էկոլոգիական շատ մեծ վտանգի առաջ ենք կանգնում։  Ես հույս ունեմ, որ Երեւանում առանցքային փոփոխությունների հասնելու դեպքում մենք ոչ միայն Երեւանը կփրկենք այս վիճակից, այլեւ մարզերին էլ ցույց կտանք, որ միասնական գործելու դեպքում, քաղաքացիների եւ ընդդիմության տանդեմի շնորհիվ հնարավոր է փոփոխությունների հասնել։

Ինչպիսի՞ն ես պատկերացնում քո աշխատանքը Երեւանի ավագանու կազմում։

- Նախեւառաջ պետք է, որ Երեւանի ավագանին հաշվետու լինի քաղաքացիների առաջ, որպեսզի այն ամենը, ինչ տեղի է ունենում քաղաքապետարանում, թաղապետարաններում, թափանցիկ լինի քաղաքացու համար։ Քաղաքացին միշտ պետք է տեղյակ լինի, թե իր հարեւանությամբ ինչ է կատարվում։ Ես փորձելու եմ քաղաքացուն հասկացնել, որ նա է իշխանություն իրականացնողը եւ որ երկրի իշխանությունը իրականում պատկանում է ոչ թե առասպելական փողկապներով եւ կոստյումներով գործիչներին, այլ հենց իրեն` քաղաքացուն։

Ինչպիսի՞ Երեւանում կցանկանայիր ապրել։

- Ես ուզում եմ ապրել կյանքի համար հարմարավետ Երեւանում, որտեղ կզգամ, որ պետական կառույցները ամեն վայրկյան մտածում են քաղաքացու շահին ծառայելու մասին, ամեն քայլափոխին հանդիպում ես այն բոլոր հարմարությունների համայնապատկերին, որը ծառայում  է քո հարմարություններին եւ այն բանին, որ դու քո քաղաքում հարմարավետ ապրես։ Ես խոսում եմ ոչ թե հաճույքի մասին` որ հաճելի լինի նայել նորակառույց շենքերին, հին քաղաքին եւ այլն, այլ այն մասին, որ ամեն առավոտ ուսանողը դասի գնալիս, աշխատանքի գնալիս, գնումների համար տանից դուրս գալիս այս անհարմարությունների շարանին չհանդիպի։

Հարցազրույցը վարեց՝ Անի Գևորգյանը

«Չորրորդ իշխանություն», 12 ապրիլ 2013 թ

Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (27.04.2013)
Դիտումներ: 2202 | Տեգեր: Եվա Թովմասյան, ՀԱԿ, Անի Գևորգյան | - Վարկանիշ -: 0.0/0