Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

ՀԵՌԱՆԿԱՐ
ՀԵՌԱՆԿԱՐ
«Ես գիտեմ» շարքից

Կանացի միանման աչքեր
տղամարդկային միանման խոսելաձև
ամեն տեսակ հոսանքներից անկախ երաժշտություն
այգիներում
սրճարաններում
մեքենաների մեջ
հյուրանոցի համարներում
և թերթեր, ամսագրեր
ու հոդվածներ, ակնարկներ, էսսեներ
արձակ
պոեզիա
ու բուհեր
բուհերում սովորող ուսանողներ
բուհերում աշխատող դասախոսներ
դոցենտներ
պրոֆեսորներ
ամբիոնի վարիչներ ու դեկաններ
նաև պահակներ
հանդերձապահներ, հավաքարարներ ու բուֆետապաններ
որ սիրում են հացով երշիկ
կամ պանիր
կամ մսով կարկանդակ
կամ խորոված գառ
կամ թեկուզ խաշ
հարյուր գրամ օղիով
ու հեռուստատեսային աշտարակ
բարձր
գեղեցիկ
ու կոօպերատիվներ
մասնավոր դերձակներ
կարի ֆաբրիկաներ
որ արտադրում են վերարկու
մորթիով
վերնաշապիկ
մոդայիկ
անդրավարտիք
արտասահմանյան
ու կաթսայատներ
որ աշխատում են գազով
կամ առանց գազի
ու մատակարարում են ջուր
կամ տաք ջուր
իսկ ձմռանը ջերմացնում են ջեռուցիչի խողովակները,
որ անցնում են բնակարանից բնակարան
շենքից շենք
թաղամասից թաղամաս
ու նաև բամբակ
իհարկե` տեխնիկական
որով ձմռանը խցանում են պատուհանի ճեղքերը
հետո մեկուսիչ ժապավենով սոսնձում
որ ցուրտը
ոչ մի կերպ ներս չսողոսկի
ու բազկաթոռներին ու բազմոցներին
բնակիչները նստեն առանց վերմակների
կամ էլ որ զուր տեղը
էլեկտրական վառարան չմիացնեն
թե չէ հոսանքը չի բավարարի
և հաճախ կանջատվեն լույսերը
լույսերի հետ և հեռուստացույցները
և մարդիկ օրվա թարմ լուրերն ստիպված կիմանան
ժողովրդի մեջ տարածվող շշուկներից
որ երբեմն չեն համապատասխանում իրականությանը
և զուր տեղը
ինչ-որ մարդիկ կդատապարտվեն
կեղծ լուրեր տարածելու համար
իսկ հետո ամեն ինչ կլինի լավ
մեր երեխաները կունենան բազում գիտելիքներ
(այո, ձեր երեխաները կունենան բազում գիտելիքներ)
որոնց կնախանձեին միջնադարի մտավորականները
և մեր երեխաները անպայման կլինեն երջանիկ
(ձեր երեխաները անպայման կլինեն երջանիկ)
կունենան սեփական բնակարան
կունենան սեփական մեքենա
կունենան սեփական հողամաս
որտեղ կմշակեն կարտոֆիլ
կաղամբ
կամ գազար
ու նաև անասուն կպահեն
մսատու
կով կպահեն
որ կաթ ունենան
կարագ
պանիր
թթվասեր
երբեմն թան կխմեն
տնական
ու կգնահատեն իրենց համար զոհված մարդկանց
նրանց անունները կգրեն շենքերի ճակատներին
տանիքներին
կարելի է և ավտոբուսների վրա
նրանց մասին հսկայական տպաքանակով
գրքեր լույս կտեսնեն
և գրքերը չեն մնա գրախանութներում.
մեր խելամիտ երեխաները կգնեն դրանք
(ձեր խելամիտ երեխաները հաճույքով կգնեն դրանք)
ու այլևս գրադարանների կարիք չի լինի
գրքերը կհրատարակվեն յուրաքանչյուրի համար
և ընդհանրապես
նրանց համար ամեն ինչ կարտադրվի
կլինի առատություն
իսկ երեկոները
փողոցներում միլիցիոներներ չեն հերթապահի
ամեն ինչ կլինի խաղաղ
կլինի հանգիստ
կլինի անդորր.
ՀԵՌԱՆԿԱՐ
27.01.88 թվական
քաղաք Երևան
վերջ:


By Armen Fon Gevorgyan, 1988


 

 
Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (23.04.2014)
Դիտումներ: 1479 | - Վարկանիշ -: 5.0/1