Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Բոլորը

Ջովանի Բոկաչչո
Ջովանի Բոկաչչո 
իտալերեն՝ Giovanni Boccaccio [bokˈkattʃo]
իտալացի գրող և բանաստեղծ, հումանիստ, 
վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ

 
1313թ հունիս կամ հուլիս, Չերտալդո կամ Ֆլորենցիա — 1375թ. դեկտեմբերի 21, Չերտալդո 

Անտիկ դիցաբանության սյուժեների հիման վրա գրված պոեմների, «Ֆիամետա» հոգեբանական պատմվածքի (1343, հրատարակվել է 1472թ.), հովվերգությունների և սոնետների հեղինակ: Նրա գլխավոր ստեղծագործությունը «Դեկամերոն» (1350—1353, հրատարակվել է 1470թ.) նովելների ժողովածուն է (թարգմանվել է հայերեն):



Կադր «Կույսերի տարածք» (ըստ «Դեկամերոնի»,  2007 թ., պրոդյուսեր` Դինո դե Լաուրենտիս) կինոնկարից 

Ջովաննի Բոկկաչոն մանկությունն ու հասուն տարիներն անցկացրել է Ֆլորենցիայում: Իրավունք է ուսումնասիրել Նեապոլում: Նրա աշխարհայացքի ձևավորման վրա մեծապես ազդել է նեապոլյան ազնվականական մշակույթը:
Լատիներեն գրել է գիտական աշխատություններ. մոտ 20 տարի աշխատել է «Աստվածների ծագումնաբանությունը» գրքի վրա: Գրել է նաև «Նշանավոր կանանց մասին», «Նշանավոր մարդկանց դժբախտությունների մասին» գրքերը: 
Բոկաչչոյի գրական ժառանգության մեջ ամենաարժեքավորը գեղարվեստական գործերն են: Նա ստեղծագործական ուղին սկսել է ասպետական գրականությամբ, որը նրան հրապուրել էր ազնվական, անտիկ գրականության ու դիցաբանական թեմաներով և հումանիզմով: Գրել է «Ֆիլոկոլո» (1336 թ., հրատարակվել է 1472 թ-ին), «Ամետո» (1341 թ., հրատարակվել է 1478 թ-ին) վեպերը և «Ֆիլոստրատո» (1338 թ., հրատարակվել է 1498 թ-ին), «Թեզեիդա» (1339 թ., հրատարակվել է 1475 թ-ին), «Սիրային տեսիլք» (1342 թ., հրատարակվել է 1521 թ-ին) պոեմները, որտեղ միջնադարյան քրիստոնեական դիցաբանությունը փոխարինված է դասական հնադարի նյութով, կրոնամիստիկական մտածողությունը՝ ռեալիստական պատկերներով: Մարդասիրական գաղափարներն առավել ցայտուն արտահայտվել են նրա «Ֆյամետա» (1343 թ., հրատարակվել է 1472 թ-ին) վիպակում, «Ֆիեզոլայի հավերժահարսները» (1345 թ., հրատարակվել է 1477 թ-ին) պոեմում, որտեղ Բոկաչչոն գովերգել է երկրային սերը, քննադատել միջնադարյան ճգնակեցական բարոյականությունը, դասային անհավասարությունը:
Բոկաչչոյի ստեղծագործության գլուխգործոցը «Դեկամերոն» (1350– 1353 թթ., հրատարակվել է 1471 թ-ին) ժողովածուն է, որի 100 նովելներն ունեն կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական կապ: Նրա հերոսների մեծ մասն իրական դեմքեր են, օրինակ՝ նկարիչ Ջոտտոն, բանաստեղծ Գվիդո Կավալկանտին, օրենսգետ Ֆորեզե դե Ռաբատտան և ուրիշներ: Գիրքն սկսվում է 1348 թ-ին Ֆլորենցիային պատուհասած ժանտախտի նկարագրությամբ: 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորենցիայի մերձակա ամառանոցներից մեկում: 10 օրվա ընթացքում (այստեղից էլ` գրքի անվանումը. հունարեն «դեկամերոն» նշանակում է տասնօրյակ) խմբի անդամները զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան նրանցից մեկը պատմում է որևէ պատմություն: Նրանք սիրում են մարդկանց և հավատում, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի լավագույն հատկանիշներ: Նովելներում մեծ տեղ է տրված անհատի ազատագրմանը ավանդական, կեղծ բարեպաշտական կապանքներից: 
Բոկաչչոն կնոջը համարել է հիասքանչ էակ, իսկ սերը՝ բարձրագույն պարգև. նա համոզված էր, որ միայն իսկական սերն է մարդուն ոգևորում և նրա մեջ արթնացնում ամենանվիրական զգացումները: Բոկաչչոն ճշմարտացիորեն է բնութագրել իր հերոսներին և բացահայտել նրանց ներաշխարհը:
Լինելով իտալացի մեծ գրողներ Ալիգիերի Դանտեի և Ֆրանչեսկո Պետրարկայի գաղափարների ժառանգորդը՝ Բոկաչչոն շարունակել է զարգացնել իտալական ազգային գրականությունը՝ օգտագործելով Ֆլորենցիայի բարբառը: Նա գրել է նաև պատմաբանասիրական աշխատություններ («Դանտե Ալիգիերիի կյանքը», մոտ 1360 թ., հրատարակվել է 1477 թ-ին), կարդացել հրապարակային դասախոսություններ: 

«Դեկամերոնը» հայերեն թարգմանվել և առաջին անգամ հրատարակվել է 1876 թ-ին Զմյուռնիայում:

Ծանոթագրություններ
Դեկամերոն: [Նովելներ] / Ջ. Բոկաչչո; Թարգմ.՝ Ս. Վահունի; Առաջաբ.՝ Ս. Սողոմոնյան; Խմբ.՝ Խ. Հրաչյան. - Երևան : Հայպետհրատ , 1960. - 759 էջ:

Կատեգորիա: Բոլորը | Ավելացրեց: armenlur (10.02.2013)
Դիտումներ: 4807 | Տեգեր: գրողներ, գրքեր, իտալացիներ | - Վարկանիշ -: 5.0/1