Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Բոլորը

Վիլհելմ Մայբախ,
Վիլհելմ Մայբախ
գերմանացի ավտոկոնստրուկտոր, գործարար

  

9 փետրվար, 1846, Հայլբրոնն - 29 դեկտեմբեր, 1929, Շտուտգարդ


Վիլհելմ Մայբախ, լեգենդար անուն, որի պատմությունը սկսվում է 1869 թ.-ին, երբ մանկատան համեստ, շնորհալի սանը ծանոթանում է տաղանդավոր ինժեներ Գոտլիբ Դայմլերի հետ:
Վիլհելմ Մայբախը ծնվել է 1846 թ.-ի փետրվարի 9-ին Գերմանիայի Հեյլբրոնն քաղաքում, ատաղձագործի ընտանիքում: Ծնողների հանկարծակի մահվան պատճառով 10-ամյա Մայբախը 1856 թ.-ին հայտնվում է մանկատանը: Կրթությունը ստանում է մանկատանը կից տեխնիկական դպրոցում, իսկ գործնականում փորձառություն է ձեռք բերում մեքենաշինական գործարանում, որի հովանավորության տակ էր գտնվում մանկատունը: Այդ գործարանի տեխնիկական տնօրենն ավտոմեքենաշինության մեջ իր ուրույն տեղը զբաղեցնող Գոտլիբ Դայմլերն էր, ում մոտ աշակերտում էր պատանի Մայբախը: Դայմլերի ուշադրությունից չի վրիպում իր աշակերտի ընդունակությունը, համառությունը և նպատակասլացությունը: Դպրոցն ավարտելուց հետո Մայբախը կրթությունը շարունակում է Ռոյտլինգենի տեխնիկական քոլեջում` ստանալով կոնստրուկտորի մասնագիտություն: 1869 թ.-ին ընդունվում է Կառլսրուհեում գտնվող մեքենաշինական գործարանի կոնստրուկտորական բյուրո: 1872 թ.-ին Դայմլերը Otto und Langen Gasmotorenfabrik Deutz ընկերությունից տեխնիկական տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հրավեր է ստանում, որը թողարկում էր Otto գազային շարժիչներ: Դայմլերն ընդունում է հրավերը միայն այն պայմանով, որ եթե տեղ գտնվի նաև իր տաղանդավոր աշակերտի համար: Պայմանագիրը կնքվում է և Մայբախը սկսում է զբաղվել Otto շարժիչների կատարելագործմամբ և արտադրության կազմակերպմամբ: 1882 թ.-ին ղեկավարության հետ տարաձայնությունների հետևանքով երկուսն էլ հեռանում են ընկերությունից: 
Արդեն սեփական ընկերություն հիմնելու ժամանակը հասունացել էր: Ուստի` նույն`1882 թ.-ի ապրիլին Դայմլերը հիմնում է Daimler Motoren Gesellschaft ընկերությունը և, բնականաբար, Մայբախը ստանձնում է կոնստրուկտորի պաշտոնը: Նրանց անբաժան միությունում Գոտլիբը կատարում էր ղեկավարի, մտահղացումների գեներատորի և մենեջերի դերը, իսկ Մայբախը փոխարինում էր մի ամբողջ կոնստրուկտորական բյուրոյի: Դե ինչ, միությունը երկու կողմից էլ ձեռնտու էր: Նրանք լրացնում էին մեկը մյուսին: Մեկի գործարար, մյուսի` կոնստրուկտորական տաղանդը հանգեցրին այն արդյունքին, որի պտուղները քաղում ենք մինչև այսօր: Մայբախի տաղանդի մասին է խոսում նաև այն փաստը, որ Ֆրանսիայում նույնիսկ մրցակիցներն ավելի ուշ նրան անվանում են «Կոնստրուկտորների արքա»: 
Ընկերության հիմնադրումից մեկ տարի անց արդեն հաջողությամբ փորձարկվում է Մայբախի մշակած 4-տակտային շարժիչը, որը գազի փոխարեն աշխատում էր բենզինով: Շուտով սկսվում է շարժիչի արտադրությունը, իսկ երկու տարի հետո` 1885 թ.-ին այն գործի է դրվում նրանց ստեղծած հեծանիվի վրա: Այսպիսով, կարելի է ասել, որ ստեղծվում է առաջին մոտոցիկլետը, ինչն արդեն անկասկած տեխնիկական հեղափոխություն էր: 0,5 ձիաուժ հզորությամբ, 6 կամ 12 կմ/ժ արագություն զարգացնող մոտոցիկլետը փորձարկում է ինքը` Մայբախը, իր որդու` Կառլի և Դայմլերի որդու` Պաուլի մասնակցությամբ: Դժվար չէ պատկերացնել անցորդների զարմացական հայացքները, որոնց ուղեկցությամբ փողոցով սլանում է մոտոցիկլետը: Դայմլերի և Մայբախի միության գագաթնակետը կարելի է համարել քառանիվ կառքի ստեղծումը, որի վրա Մայբախը տեղադրեց 1,5 ձիաուժ հզորությամբ, 16 կմ/ժ արագություն ունեցող շարժիչ: Այդ կառքով նրանք մոտեցան Դայմլերի տանը` հարևաններին տեղեկացնելով, որ դա Դայմլերի կնոջ ծննդյան նվերն է: Հետագա տարիներին Մայբախը զբաղվում է ավտոմեքենաների և շարժիչների կոնստրուկցիայով և վերամշակմամբ: Նա ոչ միայն շարժիչի կշիռն է թեթևացնում, այլ նաև արտաքինն ավելի նրբագեղ է դարձնում: 1885 թ.-ին Փարիզում կազմակերպված ավտոմոբիլային ցուցահանդեսի համար հատուկ մշակվել էր Stahlradwagen (ճագատագրի անիվներ) անունով նոր ավտոմեքենա` 1,6 ձիաուժ հզորություն ունեցող 2-գլանային V-աձև շարժիչով: Ի սկզբանե մեքենան մշակվում է որպես կոնցեպտուալ տարբերակ, բայց արդյունքում դառնում է Daimler-ի առաջին սերիական ավտոմեքենան և նույնիսկ ֆինանսական եկամուտ է բերում: Իրենց հերթին ֆրանսիացիներ Պեժոն և Լևասորը գնում են շարժիչի արտադրման արտոնագիրը և պարտավորվում իրենց թողարկած շարժիչների վրա դնել Daimler-ի ապրանքանիշը: Արտոնագրից ստացված գումարը հնարավորություն է տալիս Դայմլերին իր տաղանդավոր գործընկերոջ համար բացել առանձին արհեստանոց, որտեղ հետազոտություններն անցկացվում էին բուռն թափով: Սա Մայբախի տաղանդավոր մտքին հնարավորություն է տալիս ցուցաբերել առավելագույն արդյունք, ինչի արդյունքում 1893 թ.-ին ստեղծվում է 2-գլանային շարային Phonix շարժիչը, որը կատարելագործվելով դառնում է 6-գլանային: 1901 թ.-ին Նիցայում Ավստրո-Հունգարիայի հյուպատոս Էմիլ Ելինեկի պատվերով Մայբախի կոնստրուկցիայով ստեղծվում է մեքենա, որն անվանվում է Mercedes` Ելինեկի դստեր պատվին և շուտով դառնում է Daimler-ի ապրանքանիշը: Մեքենան սարքավորվում է Phonix շարժիչով: 1900 թ.-ին Մայբախի հովանավոր, ուսոցիչ և երկարամյա ընկեր Գոտլիբ Դայմլերը վախճանվում է: Մայբախի դրությունն ընկերությունում վատթարանում է: Մարդ, որն իրեն ամբողջովին նվիրել էր այդ ընկերության բարգավաճմանը, ստիպված էր գրել ստորացնող և անպատասխան դիմումներ` աշխատավարձի բարձրացման համար: Վայրիվերումները կայքնում, իրոք, անկանխատեսելի են: 1907 թ.-ին Մայբախը, փաստորեն, հեռանում է այն ընկերությունից, որը փառքի էր հասել հենց իր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ: Ընկերությունն ավելի ուշ` 1926 թ.-ին միավորվում է Carl Benz und Co.-ի հետ` վերանվանվելով Daimler Benz, որն էլ հետագայում դառնում է Կառլի` Մայբախի որդու հիմնադրած ընկերության մրցակիցը: Սակայն Վիլհելմի նման տաղանդավոր անհատը, որ նախորդ դարասկզբին լուրջ ներդրումներ էր ունեցել համաշխարհային ավտոմեքենաշինության զարգացման գործում, դուրս գալով Daimler ընկերությունից, չէր կարող դադարել աշխատելուց, առավել ևս, եթե հրավեր էր ստացել նոր ոլորտում իր ստեղծագործական միտքը ներդնելու համար: Նրան աշխատանքի էր հրավիրել կոմս Ֆերդինանդ ֆոն Զեփփելինը` օդապարիկների համար շարժիչներ արտադրող ընկերություն հիմնելու նպատակով: 1909 թ.-ին կոմսի աջակցությամբ հիմնվում է Luftfahrzeug-Motorenbau-GmbH շարժիչաշինական ընկերությունը, որը 1921 թ.-ին վերանվանվում է Maybach Motorenbau-ի: Մինչ կոմսը կառուցում էր իր հսկայական Zeppelin օդապարիկները, ընկերությունը սրանց համար շարժիչներ էր թողարկում: 1910 թ.-ից ընկերության ղեկավարությունը ստանձնում է արդեն Կառլը: 1916 թ.-ին Մայբախին շնորհվում է Շտուտգարդի Տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչումը: Առաջին համաշխարհայինի տարիներին Մայբախները թողարկում են ավիացիոն շարժիչներ: Գերմանիայի պարտությունից հետո ընկերությունը զրկվում է այդ իրավունքից և նորից անցնում ավտոմեքենաների համար շարժիչների թողարկմանը: 

 

Մայբախն ինքն աստիճանաբար հեռանում է աշխատանքից` իր տեղը զիջելով որդուն, ով իր տաղանդով չէր զիջում հորը և երազում էր սեփական ավտոարտադրության մասին: Վերջապես 1919 թ.-ին Կառլը հասնում է նրան, որ Maybach անունը դրվում է իր ստեղծած շարժիչի վրա, իսկ արդեն 1921 թ.-ին ստեղծում է սեփական Maybach W2 բարձր դասի ավտոմեքենան: Սա էլ որոշում է Maybach-ների ապագա կոնցեպցիան` որպես թանկարժեք ավտոմեքենա մեծահարուստների և արիստոկրատիայի համար: Պետք է նշել, որ դա հաջող ընտրություն էր, քանզի մրցակցել Daimler-Benz-ի հետ զանգվածային արտադրության հարցում, նա չէր կարող: Daimler-Benz-ն ուներ խոշոր կապիտալներ և հմուտ մենեջերներ, մինչդեռ Մայբախները հենվում էին միայն իրենց տաղանդի վրա: Այսպիսով, նրանք որոշում են հանճարեղ ձևով «ցատկել» ավտոբիզնեսի վերին աստիճանին` թողարկելով ավտոմեքենաներ, որոնք գերազանցում են Mercedes-ին` բոլոր չափանիշներով: 
1929 թ.-ին Վիլհելմ Մայբախը հանկարծամահ է լինում: Հանճարեղ կոնստրուկտորի անունն անմահացվել է Դեթրոյթի «Ավտոմոբիլային փառքի սրահում» (Automotive Hall Of Fame): Նրա անունով են կոչվում Գերմանիայում գտնվող մի քանի դպրոցներ և ուսումնարաններ: Շարունակելով հոր սկսած պատվավոր գործը` 1929 թ.-ին Կառլը ստեղծում է իր նոր գլուխգործոցը` Maybach Zeppelin-ը, որը կարծես օդապարիկ լիներ անիվների վրա: 1921-1941 թթ.-ին թողարկվում է ընդհանուր առմամբ մոտ 1800 տարբեր մոդել: Նրանցից 152-ն են պահպանվել մինչև մեր օրերը և յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է կենդանի լեգենդ: Դա չափազանցություն չէ, քանի որ այս ավտոմեքենաները վարել են հարուստ և ճանաչված քաղաքական գործիչներ, արիստոկրատներ և գործարարներ: Ի դեպ, հենց Maybach 42-ում են գաղտնի հանդիպել Շտիրլիցը և Բորմանը` հայտնի «Գարնան 17 ակնթարթ» հեռուստաֆիլմում:
1960 թ.-ին Կառլ Մայբախը վախճանվում է: Ճակատագրի հեգնանքով Maybach ընկերությունն անցնում է վաղեմի «բարեկամ» Daimler-Benz ընկերությանը, որն իր ծնունդով և փառքով պարտական էր Վիլհելմ Մայբախին: 
Ավարտելով 19-20-րդ դարերի հանճարեղ դեմքերից մեկի պատմությունը` ուզում եմ ավելացնել, որ, այնուամենայնիվ, ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում:

Կատեգորիա: Բոլորը | Ավելացրեց: armenlur (09.02.2013)
Դիտումներ: 1915 | Տեգեր: գործարարներ, կոնստրուկտորներ, գերմանացիներ | - Վարկանիշ -: 5.0/1