Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Բոլորը

«Ուլիսես»
Ջեյմս Ջոյս «Ուլիսես» 
«Ուլիսեսի» մասին տարածված անեկդոտային կարծիք կա, որ դա բոլոր ժամանակների լավագույն վեպն է, որը ոչ ոք մինչև վերջ չի կարդացել:

«Ուլիսեսը» գրվել է 1911-1921 թթ. և առաջին անգամ հրատարակվել է 1922թ. Փարիզում: Այն վաճառել է «Շեքսպիր ընդ քամփընի» գրախանութում, որի տնօրենը Սիլվիա Բիչն էր: Գիրքը տպագրվել է 500 օրինակով և սպառվելուց հետո տպագրվել է ևս 2000-3000 օրինակ:
«Ուլիսեսի» բոլոր գործողությունները ծավալվում են մեկ օրում՝ 1904 թ. հունիսի 16-ին՝ Իռլանդիայի ազգային Բլումի տոնի օրը: Դա պատմություն է մի մարդու մասին՝ Լեոպոլդ Բլումի, որի հետ նրա տոնի օրը ծանոթանում է Սթիվեն Դեդալը, ով համարվում է Ջոյսի նախատիպը:
1926 թ. այն արգելվել է անգլիալեզու բոլոր երկրներում և որակվել պոռնկագրություն: Միացյալ Նահանգներում արգելքը հանվել է 1936 թ., իսկ վերջին պետությունը, որ հանել է արգելքը, Ջոյսի հայրենիք Իռլանդիան է (1960-ականներին): Ջոյսն ապրել է շատ աղքատ, իսկ Դուբլինն ու Իռլանդիան, որ այսօր Ջոյսով փող են աշխատում այնպես, ինչպես Լիվերպուլը՝ «Բիթլզով», եղել են Ջոյսի բոլոր ստեղծագործությունների առարկան: Իռլանդիայի ազգային գրադարանը Ջոյսի 20-էջանոց ձեռագրի համար վերջերս վճարել է 1.5 մլն. ֆունտ ստեռլինգ:

Ջեյմս Ջոյսը ծնվել է 1882թ. Դուբլինում, և մահացել է 1941թ. Ցյուրիխում:

Ջոյսն ունեցել է երկու զավակ՝ Լուչիան և Ջորջոն: Նրանք ծնվել են Իտալիայում: Ջորջոյի որդին այրել է նամակագրությունը, որպեսզի կոծկի ընտանեկան գաղտնիքը: Նա նաև այրել է Լուչիայի և Սեմյուել Բեքեթի նամակագրությունը: Լուչիան սիրահարված է եղել Բեքեթին, որը որոշ ժամանակ եղել է Ջոյսի գրական քարտուղարը: Ջոյսի տեսողությունն այդ ժամանակ շատ վատ է եղել, և նա «Ֆինեգանի հոգեհանգիստը» թելադրել է Բեքեթին: Այդ վեպը որևէ լեզվով չի թարգմանվել և համարվում է գիրք «մասնագետների» համար:

2012 թվականին լույս է տեսել Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»
Սամվել Մկրտչյանի հայերեն թարգմանությամբ



«Ուլիսեսը» աշխարհում թարգմանվել է 20 լեզուներով, և հայերենը 21-րդն է: Մկրտչյանը թարգմանության վրա աշխատել է ուղիղ երկու տարի. մեկուկես տարի վեպի, և վեց ամիս՝ ծանոթագրությունների: Ռուսերեն թարգմանությունն, ի դեպ, տևել է 8 տարի:
Ջոյսի լեզուն համարվում է չափազանց բարդ, և շատ լավ անգլերենի իմացությունը թարգմանչի համար բնավ երաշխիք չէ, որ նա կարող է Ջոյս թարգմանել: Կա Ջոյսի անգլերեն կամ ջոյսյան անգլերեն ընկալումը, որով գրում է միայն Ջոյսը:

Ջեյմսի թոռան հեղհեղուկ պատասխանից հետո Սամվել Մկրտչյանը, ուսումնասիրելով Ջեյմսի ժառանգության թարգմանության իրավունքը և պարզել, որ 1922 թ. լույս տեսած «Ուլիսեսը» եվրագոտու համար հանրային սեփականություն է դառնում 2012 թ. հունվարի 1-ից: Մկրտչյանը թարգմանել է հենց 1922թ. լույս տեսած տարբերակը:

Հեղինակն ասում է, որ «Ուլիսեսը» թարգմանելու գաղափարը եղել է դեռևս ինստիտուտի տարիներից: Նա գնել է 50 անուն գրականություն Ջոյսի մասին, իր խոսքով՝ թալանել է Օքսֆորդի և Լոնդոնի բոլոր գրախանութները:

«Գլուխներ կան, որոնք ուղղակի չեն կարողանում թարգմանել,- ասում է Մկրտչյանը,- վրացիներն, օրինակ, թարգմանել են միայն երեք գլուխ, որը տպագրվել է երկու տարբեր գրական ամսագրերում»:

Աշխատելով «Ուլիսեսի» վրա՝ Մկրտչյանը պարզել է հայոց լեզվի անսպառ հնարավորություններն ու գեղեցկությունը: «Մենք պարզապես տեղյակ չենք մեր լեզվի պոտենցիալից,- ասում է նա,- լեզվի այսպիսի ճկունություն ես որևէ տեղ չեմ տեսել, բացի անգլերենից: Հայերենը, փաստորեն, այն լեզուն է, որը հնարավորություն է տալիս թարգմանելու Ջոյսի անգլերենը, և ես համոզվեցի, որ մենք փառահեղ լեզու ունենք»:

Վեպը 18 գլուխ ունի, որոնք գրված են տարբեր ոճերով: «Այնտեղ ամեն տեսակ «իզմ» կա՝ սկսած ռեալիզմից և վերջացրած սյուրռեալիզմով,- ասում է Մկրտչյանը,- և շատ գրական ուղղություններ ծնվել են «Ուլիսեսի» մի որևէ գլխից»:Մկրտչյանն ասում է, որ Ջոյսը մոդեռնիստական գրականության հիմնադիրն է և իր թողած ժառանգությամբ նույն հարթության վրա է, ինչ Պիկասոն գեղանկարչության կամ Ստրավինսկին երաժշտության մեջ. «Այն դադարել է վեպ լինելուց և դարձել է մշակութային երևույթ՝ թափանցելով ոչ միայն թատրոն ու կինո, այլև` կենցաղ»:
Մկրտչյանը կարևորում է հայերեն «Ուլիսեսի» գոյությունը: «Մենք` որպես ոչ անհայտ ազգ, նույնպես պետք է ճանաչենք և ազդվենք «Ուլիսեսից», որովհետև դա հուժկու գրականություն է, որում ամեն ինչ կա,- ասում է նա,- և այդ վեպի ազդեցությամբ մեծացած սերնդից էլ այլ գրականություն կգա»:



«Ուլիսես» (հայերեն առաջին հրատարակություն), Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ (անգլերենից), ծանոթագրություններով, ձևավորմամբ և հեղինակային հրատարակությամբ հայերեն տպագրված (2012) Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը: Նախագիծը` Հասմիկ Դանիելյանի: Թարգմանված է James Joyce, Ulisses. Ed. with an Introduction and Notes by Jeri Johnson. Oxford University Press (2008) հրատարակությունից: Տպագրված է  «Հայրապետ» հրատարակչատան տպարանում (տնօրենն է Սարգիս Թումանյան): Գիրքը կրկնաշապիկով է, բաղկացած` 735 էջից:
Գրքում ներկայացված է Սամվել Մկրտչյանի «Ջեյմս Ջոյս և «Ուլիսես». տեքստ, կառուցվածք, լեզու» առաջաբանը` Ջ. Ջոյսի կյանքի ժամանակագրության զուգահեռությամբ, «Ուլիսես»-ի սխեման ըստ Ս. Գիլբրթի, վեպի տեքստը` տողատակի և լուսանցքի ծանոթագրություններով, ինչպես նաև հավելված, որն ընդգրկում է պատկառելի պատկերասրահ:
Գիրքը գրախանութներում չի վաճառվում և կարելի է պատվիրել միայն առցանց՝ այստեղ։
Տպագրության ծախսերը ֆինանսավորել է ոչ հայաստանաբնակ գործարար Հասմիկ Դանիելյանը:
Կատեգորիա: Բոլորը | Ավելացրեց: armenlur (02.02.2013)
Դիտումներ: 2700 | Տեգեր: «Ուլիսես», Ջեյմս Ջոյս, Սամվել Մկրտչյան | - Վարկանիշ -: 0.0/0