Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Կանոնադրություն
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» կուսակցությունը (այսուհետ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ) իր 
գաղափարական ծրագրերի հիման վրա, իր անդամների շահերի ընդհանրությամբ ստեղծված կամավոր 
հասարակական միավորում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, օրենսդրությանը, միջազգային 
պայմանագրերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

1.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցման պահից ձեռք է 
բերում ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձի կարգավիճակ և ունի 
դրոշմակնիք, ձևաթուղթ, կնիք:

1.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հայերեն լրիվ անվանումն է`«Հայ Ազգային  Կոնգրես», կարճ` 
«Կոնգրես», հապավումը` «ՀԱԿ»:

1.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խորհրդանշանն է.


Նկարագրությունը՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ  պտտվող եռապարույր հայկական  
խոյակապատկեր, որի վերջին պտույտի ծայրից արձակված են կարմիր, կապույտ, նարնջագույն 
ժապավեններ, որոնք ավարտվում են խոյակապարույրի կենտրոնին հավասար: Ժապավենների 
վերին մասերը թեքված են դեպի ձախ, իսկ ներքևի մասերը՝ դեպի աջ: Ժապավենների  ստորին 
սահմանին զուգահեռ երկու տողով հայերեն մեծատառերով գրված են «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ 
ԿՈՆԳՐԵՍ»  բառերը:

1.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կենտրոնական գրասենյակի գտնվելու վայրի հասցեն է` ՀՀ, Երևան, Սարյան 
38: 

2.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ

2.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նպատակն է սոցիալ-ազատական, ժողովրդավարական սկզբունքների հիման 
վրա ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական և հոգևոր   զարգացումը: 

2.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ունի իր նպատակին հասնելու քաղաքական ծրագիր, որից ելնելով 
մշակում և իրականացնում է իր գործունեությունը:

2.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ իր ծրագիրն իրականացնելու նպատակով ընտրությունների միջոցով 
մասնակցում է ՀՀ պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների 
կազմավորմանը և դրանց գործունեությանը:

2.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ իր նպատակներն իրականացնելիս կարող է համագործակցել ՀՀ այլ 
կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, պետական հաստատությունների և 
անձանց հետ: ՀՀ օրենսդրությանը համապատասխան` կարող է համագործակցել նաև միջազգային և 
օտարերկրյա կազմակերպությունների հետ:

2.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ գործում է օրինականության, կամավորության, իրավահավասարության, 
ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:

2.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ գործում է ՀՀ ողջ տարածքում: Այլ պետություններում կուսակցությունը 
կարող է ունենալ ներկայացուցչություններ:

3.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ իրավունք ունի օրենքով սահմանված կարգով.
  1. մասնակցել համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, թեկնածուներ առաջադրել Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ավագանու ընտրություններում,
  2. ստեղծել տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներ, ներկայացուցչություններ, ինչպես նաև կազմալուծել դրանք,
  3. տարածել տեղեկատվություն իր գործունեության մասին, քարոզել իր նպատակները և    խնդիրները,
  4. հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ և հրատարակչություններ,
  5. կազմակերպել հավաքներ և հանրային միջոցառումներ,
  6. այլ կուսակցությունների հետ ստեղծել դաշինքներ (միավորումներ),
  7. ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել դրանց հետ կապված պարտականություններ,
  8. կնքել պայմանագրեր և գործարքներ,
  9. կնքել համաձայնագրեր այլ երկրների ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների, կուսակցությունների հետ, անդամակցել միջազգային միություններին և ասոցիացիաներին,
  10. իրականացնել օրենսդրությամբ չարգելված, իր նպատակներին համապատասխանող այլ      գործունեություն:

3.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր
պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

3.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական 
ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ 
պատասխանող:

3.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների, իսկ նրա 
անդամները` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պարտավորությունների համար:

3.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պարտավոր է`
  1. պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ինչպես նաև իր կանոնադրությունը, ծրագիրը և որոշումները,
  2. օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել իր միջոցների և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն՝ նշելով դրա կազմավորման աղբյուրները,
  3. վարել իր անդամների հաշվառումը:

4.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ 
ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ կարող է դառնալ տասնութ տարին լրացած, կուսակցության անդամ 
լինելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև 
Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված անձը, որն ընդունում է 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագիրն ու կանոնադրությունը, ցանկանում է մասնակցել վերջինիս 
գործունեությանը և չի հանդիսանում այլ կուսակցության անդամ:

4.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ անդամագրվել կամ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ դուրս գալ ցանկացող 
անձինք սահմանված կարգով գրավոր դիմում են ներկայացնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 
համապատասխան տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավարի անունով:

4.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը սահմանված կարգով մուծում է մուտքի վճար և անդամավճար, 
որոնց չափը սահմանում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հանրապետական խորհուրդը, ստանում է 
անդամատոմս և ունենում է հաշվառման թերթիկ:

4.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամն իրավունք ունի.
  1. ընտրել և ընտրվել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմիններում, եթե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
  2. մասնակցել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեությանը, ստանալ սպառիչ տեղեկատվություն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության մասին, այն բարելավելու նպատակով ներկայացնել դիմումներ և առաջարկություններ,
  3. սահմանված կարգով մասնակցել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների նիստերին,
  4. բողոքարկել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների որոշումներն ու գործողությունները ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերադաս մարմիններում,
  5. իր կամքով դուրս գալ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ` մնալով կամ չմնալով նրա համակիրների ցուցակում:
4.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը, վարչության և վերահսկիչ հանձնաժողովի անդամը չի կարող 
միաժամանակ լինել տարածքային կազմակերպության խորհրդի կամ սկզբնական կազմակերպության 
ղեկավար:

4.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը պարտավոր է.
  1. մուծել անդամավճար,
  2. մասնակցել կուսակցության գործունեությանը,
  3. պաշտպանել կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում,
  4. չծավալել գործունեություն կուսակցության ծրագրին և կուսակցության մարմինների ընդունած որոշումներին հակառակ,
  5. կատարել սույն կանոնադրության պահանջները:
4.7. Մեկ տարվա ընթացքում անդամավճար չմուծած անձինք տարածքային կազմակերպության խորհրդի 
որոշմամբ կարող են հանվել հաշվառումից` որպես կուսակցության անդամներ:

4.8. Եթե ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը խախտում է սույն կանոնադրության պահանջները, ապա 
տարածքային կազմակերպության խորհուրդը կարող է նրան նախազգուշացնել կամ հեռացնել 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամությունից:

4.9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամի հարցը չի կարող քննարկվել նրա բացակայությամբ,
բացառությամբ այն դեպքերի, երբ կուսակցականը գրավոր կամ հրապարակավ հրաժարվում է 
քննարկմանը ներկա գտնվելուց, կամ հրավերից հետո անհարգելի պատճառով կամ երեք անգամ 
անընդմեջ չի ներկայանում համապատասխան նիստին:

4.10. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ հեռացված անդամը կարող է վերականգնել իր անդամությունը ոչ շուտ, 
քան երեք ամիս անց` ընդհանուր հիմունքներով, կամ մեկ ամսվա ընթացքում բողոքարկել իր հեռացման 
վերաբերյալ ընդունված որոշումը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչությանը:


5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ 
ՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

5.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային մարմիններն են.
  1. համագումարը,
  2. վարչությունը,
  3. հանրապետական խորհուրդը,
  4. տարածքային կազմակերպությունների ընդհանուր ժողովները,
  5. տարածքային կազմակերպությունների խորհուրդները:
5.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերահսկողություն իրականացնող մարմիններն են.
  1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերահսկիչ հանձնաժողովը,
  2. տարածքային կազմակերպությունների վերստուգիչները,
  3. հանձնաժողովների (հանձնախմբերի) և ակումբների վերստուգիչները:
5.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային ստորաբաժանումներն են.
  1. տարածքային կազմակերպությունները,
  2. ներկայացուցչությունները. ստեղծվում են ըստ անհրաժեշտության,
  3. սկզբնական կազմակերպությունները. ստեղծվում են ըստ անհրաժեշտության:
5.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների կառուցվածքային ստորաբաժանումներն են.
  1. հանձնաժողովները (հանձնախմբերը). ստեղծվում են ըստ անհրաժեշտության,
  2. ակումբները. ստեղծվում են ըստ անհրաժեշտության,
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինները կարող են ստեղծել նաև այլ  կառուցվածքային ստորաբաժանումներ:

5.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների (բացառությամբ համագումարի) և կառուցվածքային 
ստորաբաժանումների գործունեության կանոնակարգերը հաստատվում են վարչության կողմից:

5.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի և ընտրովի մարմինների ընտրության կարգը վարչության 
ներկայացմամբ հաստատում է հանրապետական խորհուրդը:

5.7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարն իրավազոր է, եթե նրան մասնակցում է (գրանցված է) 
պատվիրակների ընդհանուր թվաքանակի առնվազն 2/3-ը: Կուսակցության մնացած մարմինների 
ընդհանուր ժողովներն իրավազոր են, եթե նրանց մասնակցում է (գրանցված է) այդ մարմինների 
անդամների կեսից ավելին:

5.8. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի և մնացած մարմինների ընդհանուր ժողովների որոշումներն 
ընդունվում են մասնակիցների (գրանցվածների) ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն 
կանոնադրության 5.9. կետում նշված որոշումների:

5.9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կանոնադրության և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և 
լրացումներ կատարելու, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման մասին 
որոշումներն ընդունվում են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 

5.10.  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խորհուրդների և կառուցվածքային ստորաբաժանումների նիստերն 
իրավազոր են, եթե նիստերին մասնակցում է նրանց անդամների կեսից ավելին: Նիստերի որոշումներն 
ընդունվում են մասնակիցների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան այդ մարմինների և 
ստորաբաժանումների անդամների ընդհանուր թվի 1/3-ը:

6.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

6.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ բարձրագույն մարմինը համագումարն է: Համագումարն իրավասու է 
քննարկել և լուծել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:

6.2. ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ`
  1. ընդունում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագիրն ու հաստատում կանոնադրությունը, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանց մեջ,
  2. իր աշխատանքները կազմակերպելու նպատակով ձևավորում է ժամանակավոր հանձնաժողովներ,
  3. քննարկում և որոշումներ է ընդունում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության կարևորագույն խնդիրների և առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ,
  4. պատվիրակներից երկու տարի ժամանակով ընտրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահ,
  5. որոշում է վարչության թվակազմը, պատվիրակներից երկու տարի ժամանակով  ընտրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչություն: Կանոնադրության 5.8 կետով սահմանված կարգով ընտրված են համարվում առավել ձայներ ստացած թեկնածուները, 
  6. պատվիրակներից երկու տարի ժամանակով ընտրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերահսկիչ հանձնաժողով,
  7. ստեղծում և կազմալուծում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունները,
  8. լսում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի և վարչության հաշվետվությունները` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագրի և համագումարների ընդունած որոշումների կատարման վերաբերյալ,
  9. վարչության առաջարկով հաստատում է ՀՀ Նախագահական ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից առաջադրվող անձի թեկնածությունը:
6.3. Համագումարում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը և վարչությունը ընտրվում են գաղտնի 
քվեարկությամբ, եթե համագումարը պատվիրակների ընդհանուր թվի 2/3-ով այլ որոշում չի ընդունում:

6.4. Հերթական համագումարը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ`վարչության կողմից: 
Համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամներին ոչ ուշ, 
քան 30 օր առաջ:

6.5. Համագումարի պատվիրակ են հանդիսանում ի պաշտոնե ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը, 
վարչության անդամները, վերահսկիչ հանձնաժողովի անդամները, կուսակցության կողմից առաջադրված 
ՀՀ նախագահի թեկնածուն, կուսակցության անդամ Ազգային Ժողովի պատգամավորները և 
կառավարության անդամները, ինչպես նաև` վարչության սահմանած կարգով համագումարի պատվիրակ 
ընտրված ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամները:

6.6. Արտահերթ համագումար հրավիրում է վարչությունը` իր կամ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի 
նախաձեռնությամբ, կամ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առնվազն 1/3-ի 
պահանջով: Արտահերթ համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:

6.7. Արտահերթ համագումարի պատվիրակներ են հանդիսանում նախորդ` հերթական համագումարի 
պատվիրակները:

7.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

7.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը իրականացնում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընդհանուր 
ղեկավարումը, ապահովում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների բնականոն գործունեությունը, հետևում 
է կանոնադրական դրույթների պահպանմանը

7.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը`
  1. ապահովում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարների որոշումների իրականացումը,
  2. առանց լիազորագրի հանդես է գալիս ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից,
  3. ներկայացնում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պետական, միջազգային և այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում,
  4. ի պաշտոնե հանդիսանում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչության ղեկավարը, կազմակերպում է վարչության և հանրապետական խորհրդի աշխատանքները, հրավիրում և վարում է վարչության և հանրապետական խորհրդի նիստեր, ստորագրում դրանց որոշումները և արձանագրությունները,
  5. հանդես է գալիս արտահերթ համագումար, ինչպես նաև` վարչության և հանրապետական խորհրդի արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությամբ,
  6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեությանը վերաբերվող կարևորագույն հարցերը քննարկելու նպատակով հրավիրում է համաժողովներ, որի ընդունած որոշումներն ունեն ուղենիշային, խորհրդատվական նշանակություն,
  7. կայացնում է որոշումներ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների կողմից կանոնադրությամբ սահմանված իրենց լիազորությունները չկատարելու դեպքում, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անխափան գործունեությունն ապահովելու համար,
  8. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից անում է քաղաքական հայտարարություններ,
  9. քննության է առնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային մարմինների (բացառությամբ համագումարի) ընդունած որոշումների դեմ բերված բողոքները և կայացնում է համապատասխան որոշում,
  10. վարչության կազմից առաջարկում և վարչության հաստատմանն է ներկայացնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի տեղակալների և վարչության գործադիր քարտուղարի թեկնածությունները,
  11. նշանակում է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցչությունների ղեկավարներին կամ ներկայացուցիչներին,
  12. վարչության հաստատմանն է ներկայացնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի, ինչպես նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հիմնադրած զանգվածային լրատվության այլ միջոցների կամ հրատարակչությունների ղեկավարների թեկնածությունները,
  13. հաստատում է վարչության աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը,
  14. վավերացնում է վարչության որոշումները ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների ձեռք բերման, օգտագործման և գույքի օտարման մասին,
  15. հաստատում և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում պետական լիազոր մարմնին է ներկայացնում և հրապարակում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ֆինանսական հաշվետվությունները:
7.3. Ազգային ժողովի ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պատգամավորության թեկնածուներ 
առաջադրելու համար ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 
նախագահը հրավիրում է վարչության հատուկ նիստ, որում որոշում է ընդունվում Ազգային ժողովի 
ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը, ինչպես նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 
կողմից առաջադրվող պատգամավորության թեկնածուներին հաստատելու մասին: Այդ նիստին 
մասնակցում են նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների 
ղեկավարները:

7.4. Երևան քաղաքի ավագանու ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը 
առաջադրելու համար ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 
նախագահը հրավիրում է վարչության հատուկ նիստ, որում որոշում է ընդունվում Երևանի ավագանու 
ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը հաստատելու և Երևանի քաղաքապետի 
թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Այդ նիստին մասնակցում են նաև Երևան քաղաքում գործող 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունների խորհուրդների ղեկավարները, 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

7.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հանրապետական խորհրդի կողմից կանոնադրության 9.2(2) և 9.2(3)  
կետերով նախատեսված դեպքերում բացասական եզրակացություն տալու պարագայում, 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը, հաշվի առնելով վարչության որոշումը և հանրապետական խորհրդի 
եզրակացությունը, կայացնում է վերջնական որոշում և ներկայացնում է վարչության հաստատմանը:

7.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների (բացառությամբ համագումարի)` սույն կանոնադրությամբ 
չկանոնակարգված միևնույն հարցի վերաբերյալ հակասական որոշումների դեպքում, 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի որոշումը վերջնական է:

7.7. Առանձին դեպքերում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը իր լիազորությունների մի մասը կարող է 
պատվիրակել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի տեղակալներին:

7.8. Կուսակցության նախագահի տեղակալները`
  1. կատարում են կուսակցության նախագահի հանձնարարությունները և պատվիրակված լիազորությունները և փոխարինում նրան`բացակայության ժամանակ,
  2. կատարում են վարչության և հանրապետական խորհրի կանոնակարգերով սահմանված այլ լիազորություններ,
  3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի հանձնարարությամբ կամ նրա բացակայության ժամանակ վարում են վարչության կամ հանրապետական խորհրդի նիստերը:

8.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

8.1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ` որպես 
իրավաբանական անձի լիազորությունները և կառավարումն իրականացնում է մշտական գործող 
ղեկավար մարմինը` վարչությունը:

8.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչությունը`
  1. կազմակերպում է համագումարների որոշումների կատարումը,
  2. որոշում է ընդունում հերթական համագումար հրավիրելու մասին, սահմանում է համագումարի օրակարգը, մշակում է համագումարի քննարկմանը ներկայացվելիք որոշումների, հայտարարությունների, բանաձևերի նախագծերը, սահմանում է հերթական համագումարի պատվիրակներ ընտրելու կարգը,
  3. իր կամ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կամ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առնվազն 1/3-ի պահանջով որոշում է ընդունում արտահերթ համագումար հրավիրելու մասին, 
  4. համաձայնեցնելով ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի հետ, իր գործառույթների և լիազորությունների շրջանակներում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից անում է քաղաքական հայտարարություններ, քննարկումներ է անցկացնուն և որոշումներ ընդունում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության ցանկացած հարցի վերաբերյալ`բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի, նախագահի և հանրապետական խորհրդի բացառիկ իրավասությանը,
  5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի առաջարկությամբ նշանակում և ազատում է նախագահի տեղակալներին և վարչության գործադիր քարտուղարին,
  6. մինչև հանրապետական խորհրդին ներկայացնելը, քննարկում և հաստատում է վարչության գործադիր քարտուղարի տարեկան հաշվետվությունը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների օգտագործման մասին,
  7. մշակում, քննարկում և հաստատում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախընտրական ծրագրերը,
  8. հաշվի առնելով Ազգային ժողովի ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը կազմելու սկզբունքների և չափորոշիչների վերաբերյալ հանրապետական խորհրդի առաջարկությունները և Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրելու վերաբերյալ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առաջարկությունները, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից հրավիրված հատուկ նիստում որոշում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից առաջադրվող Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների ընտրական ցուցակը և այդ ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից պաշտպանվող պատգամավորության թեկնածուներին, 
  9. ընդունում է որոշումներ  ՀՀ նախագահի թեկնածուին պաշտպանելու, Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրելու կամ պաշտպանելու, վարչապետի թեկնածու առաջարկելու կամ պաշտպանելու վերաբերյալ, և ներկայացնում է հանրապետական խորհրդին` եզրակացության,
  10. հաշվի առնելով Երևան քաղաքում գործող ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առաջարկությունները, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից հրավիրված հատուկ նիստում որոշում է ընդունում Երևանի ավագանու ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը հաստատելու և Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ,
  11. որոշում է կայացնում քաղաքական դաշինքներին ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամակցության վերաբերյալ, և ներկայացնում է հանրապետական խորհրդին` եզրակացության,
  12. քննարկում է Ազգային Ժողովում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պատգամավորական խմբակցության կամ խմբի գործունեության ծրագիրը, լսում է պատգամավորական խմբակցության կամ խմբի հաղորդումը կատարած աշխատանքների վերաբերյալ,
  13. հաստատում է Ազգային Ժողովում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պատգամավորական խմբակցության կամ խմբի ղեկավարի թեկնածությունը,
  14. համագումարների միջև ընկած ժամանակահատվածում հանրապետական խորհրդին տարեկան հաղորդում է ներկայացնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագրի և համագումարների որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ,
  15. սահմանում է վարչության հերթական նիստերի օրակարգերի ձևավորման կարգը,
  16. ստեղծում և կազմալուծում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային ստորաբաժանումները, նշանակում և ազատում է այդ ստորաբաժանումների նախագահներին, քարտուղարներին և վերահսկիչներին, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները,
  17. Տարածքային կազմակերպությունների խորհուրդների ներկայացմանբ որոշում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից առաջադրվող կամ պաշտպանվող թեկնածուներին: Այդ նիստերին մասնակցում են համապատասխան տարածքային կազմակերպությունների խորհուրդների ղեկավարները,
  18. սահմանում է տարածքային կազմակերպությունների գործունեության տարածքը, նշանակում է տարածաքային կազմակերպության խորհրդի ղեկավար` համապատասխան տարածքային կազմակերպության խորհրդի ներկայացմամբ,
  19. ստեղծում և կազմալուծում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցչություններ, սահմանում է ներկայացուցչությունների գործունեության տարածքը,
  20. կազմում և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կամ նախագահի որոշմամբ` տեղակալների հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը,
  21. օրենքով սահմանված կարգով հիմնում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պաշտոնաթերթ, զանգվածային լրատվության այլ միջոցներ կամ հրատարակչություններ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի ներկայացմամբ նշանակում և ազատում է պաշտոնաթերթի գլխավոր խմբագրին, ինչպես նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հիմնադրած զանգվածային լրատվության այլ միջոցների կամ հրատարակչությունների ղեկավարներին,
  22. ընդունում է որոշումներ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների ձեռք բերման, օգտագործման և գույքի օտարման մասին, 
  23. քննության է առնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների և անդամների դիմումները կանոնադրական դրույթների վերաբերյալ և տալիս եզրակացություն,
  24. տալիս է եզրակացություն տարածքային և սկզբնական կազմակերպությունների գործունեությունը կասեցնելու վերաբերյալ,
  25. կասեցնում է տարածքային կազմակերպության խորհրդի գործունեությունը` մինչև հանրապետական խորհրդի առաջիկա նիստի որոշումը, որը վերջնական է,
  26. մեկ ամսվա ընթացքում քննության է առնում և վերջնական որոշում ընդունում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամությունից հեռացման կամ այլ հարցերի վերաբերյալ տարածքային կազմակերպությունների խորհուրդների որոշումները բողոքարկելու դեպքում,
  27. տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներին կարող է օգտագործման իրավունքով տրամադրել գույք, սահմանում է տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից գույքի կառավարման կարգը,
  28. սահմանում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրովի մարմինների ընտրության կարգը և ներկայացնում է հանրապետական խորհրդի հաստատմանը,
  29. որոշում է ընդունում միջազգային հասարակական-քաղաքական միավորումներին ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամակցության վերաբերյալ:
8.3. Վարչության գործադիր քարտուղարը`
  1. ղեկավարում է վարչության աշխատակազմը,
  2. մշակում և վարչության քննարկմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը,
  3. վարում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամների և համակիրների հաշվառումը,
  4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների որոշումների հիման վրա տնօրինում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գույքը, կնքում տնտեսական պայմանագրեր,
  5. կազմակերպում է մուտքի վճարների և անդամավճարների հավաքագրումը,
  6. հանրապետական խորհրդին և վարչությանը ներկայացնում է տարեկան հաշվետվություն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների օգտագործման մասին,
  7. ապահովում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ,
  8. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի հանձնարարությամբ նախապատրաստում է վարչության և հանրապետական խորհրդի նիստերը,
  9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կամ նրա տեղակալների բացակայության ժամանակ վարում է վարչության կամ հանրապետական խորհրդի նիստերը:
8.4. Վարչության նիստ հրավիրվում է առնվազն երկու շաբաթը մեկ անգամ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 
նախագահի, կամ, նախագահի կողմից պատվիրակելու դեպքում` նախագահի տեղակալների կողմից: 
Նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է վարչության անդամներին ոչ ուշ, քան երեք օր 
առաջ:

8.5. Վարչության արտահերթ նիստ հրավիրվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից` իր 
նախաձեռնությամբ, կամ վարչության անդամների 1/3-ի, կամ հանրապետական խորհրդի անդամների 
1/5-ի, կամ որևէ տարածքային կազմակերպության խորհրդի պահանջով:
Վարչության արտահերթ նիստը հրավիրվում է նախաձեռնողի օրակարգով` եռօրյա ժամկետում:

Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (18.05.2013)
Դիտումներ: 1756 | Տեգեր: ՀԱԿ | - Վարկանիշ -: 5.0/1