Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Վահե Բոյաջյան
իրանագետ

Վահե Բոյաջյան. ՀՀԿ-ն ավագանիում չի անում որևէ բան, որը դուրս կլինի «դրվածքի» շրջանակներից
Աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնը, բանասիրական գիտությունների թեկնածու։ Ներկայումս պատրաստում է դոկտորական ատենախոսություն Մեծ Բրիտանիայի Սենթ-Էնդրյուսի համալսարանի սոցիալական անթրոպոլոգիայի ամբիոնում։ 


wŸ Հոդվածներ  wŸՀարցազրույցներ  wŸԵլույթներ 

Վահե Բոյաջյան.
ՀՀԿ-ն ավագանիում չի անում որևէ բան, որը դուրս կլինի «դրվածքի» շրջանակներից

iLur.am-ի հետ զրույցում ասում է Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակի 23-րդ համար, իրանագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրությանինստիտուտի ավագ գիտաշխատող Վահե Բոյաջյանը։

Վահե, ավագանու ընտրություններում մասնակցում ես որպես Կոնգրեսի թեկնածու, ընդգրկված ես ցուցակում: Ինչո՞ւ:

- Ինձ համարում եմ թիմի, տվյալ դեպքում՝ Կոնգրեսի մասնիկ։ Ինչպես ՀԱԿ դաշինքը ոչ վաղ անցյալում, նմանապես և ՀԱԿ նորաստեղծ կուսակցությունն այժմ ինձ համար, առաջին հերթին, գործողություն կատարելուն միտված և տրամաբանված հետևողականություն որդեգրած մարդկանց խումբ է, որում ընդգրկված անձանց հետ ճանապարհ եմ անցել՝ կրելով ընկերականից մինչև քաղաքացիա-քաղաքական հատույթ ընկած հարաբերությունների պատասխանատու բեռը։ Ցուցակում ընդգրկվելու որոշումն ընդունելիս առաջնորդվել եմ շատ պարզ մոտեցմամբ՝ ՀԱԿ-ի կողմից ավագանու ընտրություններին որպես թեկնածու մասնակցողների մեջ են այնպիսի անհատներ, որոնց կարիքն ունեմ ես, և, թող անհամեստ չհնչի, որոնք ունեն իմ կարիքը՝ ավագանիում աշխատելու պարագայում, միմյանց թիկունք կանգնելով՝ Երևանը ՔԱՂԱՔ դարձնելու հարցում։

Ինչպիսի՞ Երևանում է ցանկանում ապրել Վահե Բոյաջյանը՝ որպես քաղաքացի:

- Ձեր հարցի մեջ արդեն իսկ նախանշվում է պատասխանս՝ որպես քաղաքացի՝ ցանկանում եմ ապրել, բառիս իսկական իմաստով՝ ՔԱՂԱՔՈՒՄ։ Թե ինչ եմ հասկանում քաղաք ասելով՝ արդեն պարզաբանման կարիք ունի։ Այսօր Երևանը քաղաք է այնքանով, որքանով նրանում ապրող բնակիչներն այն անվանում են քաղաք։ Ինձ համար, առաջին հերթին, քաղաքն օրգանիզմ է, հստակ կառուցվածք ունեցող մարմին, որը պետք է ղեկավարվի կենտրոնի՝ ուղեղի կողմից։ Ցավն այն է, որ «վարձու աշխատող»՝ ըստ էության պատվաբեր, մեր իրականության մեջ, սակայն, ոմանց համար քամահրական երանգ պարունակող եզրն է ընկալվում որպես «ուղեղ», տվյալ դեպքում՝ քաղաքապետարան, ավագանի, քաղաքապետ եզրերին փոխարինող։ Այդպես չէ, և պետք է իրենց անուններով կոչված իրերը հե՛նց իրենց տեղում լինեն։ Ես ցանկանում եմ ապրել քաղաք Երևանում, որտեղ «ուղեղը» քաղաքացին է, քանի որ նա է որոշում՝ ում և ինչքան վարձատրի իր գրպանից՝ սահմանված ժամկետում կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Քաղաքացին՝ որպես քաղաք-օրգանիզմի որոշում կայացնող ուղեղ, և ոչ թե պարզապես քաղաքային կյանքի մասնակից, այսօր զրկված է օրենքով իրեն վերապահված այդ իրավունքից։ Եկեք մի կողմ դնենք այն, որ քաղաքն ապրելու համար պետք է լինի հարմարավետ, գրավիչ, ենթակառուցվածքները՝ հստակ գործող։ Այս բոլորը, մեծ հաշվով, կարող է ապահովել նաև ցանկացած տիպի այլ իշխանություն իր հպատակների համար։ Օրինակներ կարելի է գտնել։ Ամբողջ խնդիրն ինձ համար այսօրվա Երևանում բնակվող, ներկայիս քաղաքապետի՝ իր իսկ նեղ ծննդավայր-թաղին «լավ աչքով» նայելու փաստից հիացած հպատակ-բնակչին Երևան քաղաքի ՔԱՂԱՔԱՑԻ դարձնելն է։ ՀԱԿ-ը գնում է ավագանու ընտրություններին հենց այս մտայնությամբ ու քաղաքական ծրագրով։ Ավագանու դերն, ըստ այդմ, պետք է գործնականում, օրենքի սահմաններում համապատասխանեցնել այնպիսի չափանիշների, որոնց շնորհիվ Երևանի քաղաքացին ավագանու անդամին կամ քաղաքապետին կդադարի տեսնել անձեռնմխելիության, «ավագության», «պետի» (իմա՝ տիրոջ) շղարշով պարուրված։ Ես, որպես քաղաքացի, հենց նման Երևանում եմ ուզում ապրել, որտեղ մարդիկ քաղաքապետարանում ցանկացած պաշտոն զբաղեցնողի կվերաբերվեն ոչ առավել, ոչ պակաս, քան որևէ այլ ծառայություն մատուցող անհատի։ Վստահ եմ, ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկված թեկնածուները ավագանիում ապահովելու են վերոնշյալ չափանիշների համար անհրաժեշտ աշխատանքային և մարդկային որակներ՝ սկզբունքայնություն, անկաշառություն, քաղաքացու առջև ստանձնած պարտավորության գիտակցում, քաղաքացու վստահության քվեն արդարացնելու մղում, քաղաքաբնակին քաղաքացի տեսնելու պարտադիր կարողություն և այդ քաղաքացու հանդեպ ցանկացած պահի, առանց սեթևեթելու և հեքիաթասացության, հաշվետու լինելու զգացողություն։

Արդյո՞ք ընտրություններում հաջողության հասնելու դեպքում թեկնածու Վահե Բոյաջյանը կկարողանա ստեղծել այն Երևանը, որտեղ ցանկանում է ապրել քաղաքացի Վահե Բոյաջյանը:

- Օրենքով սահմանված կարգով և շրջանակներում թեկնածու Վահե Բոյաջյանը անելու է ամեն ինչ` այդ Երևանը ստեղծելու համար։ Որևէ մեկի մեջ կասկած չպետք է առաջանա առ այն, որ ստեղծվում է այն Երևանը, որտեղ քաղաքացի Վահե Բոյաջյանը, ինչպես նաև՝ քաղաքացի Տարոն Մարգարյանը, ապրելու և ստեղծագործելու են որպես ազատներ՝ քաղաքացիներ, ովքեր իրենք են որոշում իրենց քաղաքի այս կամ այն տիպի լինելը։ Երբ ասում ենք՝ օրենքով սահմանված կարգ, երբեմն թվում է, թե նախապես փորձ է արվում ապագայի հանցավոր անգործությունն ու անսկզբունքայնությունը քողարկել օրենքի սահմանափակումներով։ Այսօրվա օրենքով սահմանված կարգը շատ ավելի լայն հնարավորություններ է տալիս իրապես գործելու ի շահ քաղաքացու։

Մի քիչ շաբլոն հարց եմ ուզում տալ, բայց՝ ամեն դեպքում. ո՞րն եք համարում Հայ ազգային կոնգերսի նախընտրականցուցակի հիմնական մեսիջը:

- ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի հիմնական մեսիջը հենց նրանում ընդգրկված թեկնածուներն են։ Անձերից և նրանց անցած ճանապարհից առավել հստակ մեսիջ ես չեմ պատկերացնում։ Ցուցակում ընդգրկված անհատներն են՝ իրենց սկզբունքայնությամբ, իրենց արհեստավարժությամբ, ինչպես ասում է Ավետ Պողոսյանը՝ ատկատներից անտեղյակ և տեղեկանալու ցանկության նշույլ անգամ չունեցող մարդիկ։ Ընտրված են մարդիկ, որոնց՝ ավագանիում աշխատելու պարագայում ցանկացած քաղաքապետ պարտադրված է լինելու իրեն հաշիվ տալ, այլ ոչ թե համեստորեն հրճվել ավագանու անդամների քծնանքից, կամ, լավագույն դեպքում, անմեղսունակ պաշտպանական ճառերից։ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի մեսիջը քաղաքացիներին ամբողջացնում է այն մոտեցումը, որ վերջին 5-6 տարիներին հայաստանցիների ճնշող մեծամասնությանը ծանոթ՝ հայտնի մակդիրներով նախշազարդված իշխանության դեմ պայքարող երիտասարդներն են այսօր իրենց վրա վերցնում Երևանը քաղաքացիներին վերադարձնելու պատասխանատվությունը, դրանով իսկ օրինակ ծառայում քաղաքացիների համար, որպեսզի նրանք ոչ մի պարագայում չհուսահատվեն և չընկրկեն կեղծիքի, երեսպաշտության ու ծախու-քսու երևույթների առջև։

Իշխանություններին քննադատելիս՝ ընդհանրապես, և Երևանի քաղաքապետարանի գործունեությունը գնահատելիս՝մասնավորապես, շատ է խոսվում, որ նրանք այս կամ այն բանը այսպես չեն անում, սխալ են անում: Իսկ ի՞նչ է անելուԿոնգրեսը՝ եթե լինի Երևանի ավագանու կազմում, եթե ունենա մեծամասնություն, կամ՝ ձևավորի հետընտրականդաշինք: Ի՞նչ է անելու Կոնգրեսը, որը չի անում այսօրվա ՀՀԿ-ն՝ ավագանիում:

- Նախ ցույց տվեք, թե ինչ է անում ՀՀԿ-ն ավագանիում։ ՀՀԿ-ն ավագանիում չի անում որևէ բան, որը դուրս կլինի «դրվածքի» շրջանակներից։ Իսկ դրվածքի մասին բոլորս գիտենք։ Ամեն օր մամուլում տասնյակներով տեղեկություններ են հրապարակվում՝ քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետի գործունեությանն առնչվող։ Իրավապահ մարմինների աձագանքը թողնենք մի կողմ։ Մինչև ե՞րբ պետք է քաղաքացին մնա լուսանցքում իր իսկ քաղաքում կատարվող իրադարձությունների առումով։ Կոնգրեսը կամ կոնգրեսի թեկնածուները գալիս են կոտրելու հենց այդ «դրվածք» կոչեցյալը։ ՀՀԿ-ի թեկնածուն լավ է աշխատում, կուսակցությունը վստահում է իր երիտասարդ կադրին, քաղաքապետն ամբողջությամբ կատարում է իր վրա դրված պարտականությունները՝ ահա սա ենք մենք լսում իշխող վարչակարգից։ Եթե վաղը կարիք լինի, այդ նույն քաղաքապետն իր տեղը կզիջի մեկ այլ՝ իր պարտականությունները մեկ աստիճանով «ավելի լավ» կատարող քաղաքապետի՝ միևնույն կրծքանշանով, և որևէ մեկը չի ասի՝ եթե լավ էր աշխատում նախորդը, ի՞նչ պատահեց։ Կոնգրեսը գալիս է քաղաքապետարան՝ քաղաքական պատասխանատվություն կրելու և, որ ամենակարևորն է, իր արածների համար պատասխան տալու ու հաշվետու լինելու պատրաստակամությամբ։ Վերջին մեկուկես տասնամյակում «քաղաքական պատասխանատվություն կրել» երևույթ կոչվածը, ցավոք, նույնացվել է մեկ անձի կողմից վերբալ հավաստիացման հետ՝ «մենք պատասխանատվություն ենք կրում», սակայն ե՞րբ են կրում, որտե՞ղ են կրում՝ այդպես էլ չի երևում։ Պատասխանատվություն կրելու մասին հայտարարություններ անելը այսօրվա քաղաքապետին աջակցող «քաղաքական» ուժի մենաշնորհն է։ Կոնգրեսը գալիս է ցույց տալու, որ պարտադիր է այդ պատասխանատվությունը ոչ միայն կրել, այլև կյանքի կոչել։

Օտարի, զբոսաշրջիկի համար Երևանը, առաջին հայացքից, բավականին ներկայանալի տեսք ուենցող մայրաքաղաք է: Որպես մարդ, ով դրսում է սովորել և աշխատել, ու նաև Երևանի բնակիչ է, կարո՞ղ եք մատնանշել այն թերությունները, որոնք կան իրական Երևանում, և որն անտեսանելի է օտարի համար:

- Կներեք, բայց ի՞նչ առումով ներկայանալի տեսք ունեցող մայրաքաղաքի մասին է խոսքը։ Նախ՝ պետք է տարբերել քաղաքի կենտրոնն ու այդ փոքր կենտրոնից դուրս գտնվող քաղաքի այլ մասերը։ Զբոսաշրջիկը անկարգելով չի հայտնվում քաղաքի կենտրոնում, զորօրինակ՝ քաղաքապետարանի շենքի մատույցներում։ Նա քաղաքի կենտրոն է հասնում՝ անցնելով տարբեր փողոցներով, տեսնելով մայրաքաղաքի այլ շրջաններ, ընդ որում՝ ոչ թե կոնկրետ մի քանի բակերով, ուր ականատես կարող էր լինել համատարած գորշության ֆոնին մի քանի «տուռնիկի», «կարուսելի» կամ ծաղկաթմբի, այլ իր նախընտրած՝ քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաների մտքով չանցած այլ երթուղով տեսնում է աղբ, թափթփված ու անխնամ, ատկատի զոհ մայթերի սալիկներ, որոնք երկու-երեք անձրևից հետո շաքարի նման հալվում են, գարշելի գետնանցում՝ քաղաքապետարանից երկու խաչմերուկ վեր գտնվող։ Եթե կարծում եք՝ զբոսաշրջիկն այնքան հիացած կլինի Հյուսիսային պողոտայով կամ օպերայի շենքով, կամ Բոտերոյի մի քանի արձանիկով, ապա սխալվում եք։ Այն, ինչ կարող էր իրականում գրավել զբոսաշրջիկին, վաղուց գոյություն չունի Երևանում։ Բազմիցս զրուցել-շփվել եմ օտարազգի զբոսաշրջիկների հետ, շեշտում եմ՝ օտարազգի, և ոչ սփյուռքահայ։ Նրանց այսօր Երևանում որևէ բան, լինի դա շինություն, արձան՝ մնայուն զարմանք ու հաճույք չի պատճառում։ Այն, ինչ կա Երևանում, այս կամ այն չափով կա նաև աշխարհի ցանկացած այլ մայրաքաղաքում։ Այս առումով մայրաքաղաքի, այն էլ՝ իրեն մոտ 3000 տարվա կյանք վերագրող մայրաքաղաքի այցեքարտ կարող էր լինել Հին քաղաքը կամ այն, ինչ մնացել էր Հին Երևանից․․․ Չկա։ Ուրեմն՝ մնում է խոսենք հարմարավետությունից։ Որքանով է՞ հարմար քաղաք Երևանը զբոսաշրջության համար։ Զբոսաշրջիկի համար թերևս մեկ-երկու անգամ երթուղայինով արկածախնդրային ճամփորդությունը համարվի գրավիչ և կոլորիտային, սակայն՝ ոչ ավելի։ Փողոցների ցուցանակները կենտրոնից դուրս բացակայում են։ Այսինքն՝ փորձված օտարերկրացի զբոսաշրջիկը հաստատ Երևանի մասին միայն քաղաքի կենտրոնով պատկերացում չի կազմում։

Կանխատեսումն անշնորհակալ գործ է, բայց, ամեն դեպքում, ի՞նչ եք կարծում, ի՞նչ է լինելու մայիսի 6-ին:

- Մայիսի 6-ին լինելու է այն, ինչ մենք պատրաստել ենք քարոզարշավի ընթացքում, ընտրությունների օրը։ Ես սա ասում եմ առանց զգացմունքայնության։ Ինչ ցանել ենք քարոզարշավի ընթացքում, կոնկրետ ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկված թեկնածուների առումով՝ ինչ ցանել ենք նաև պայքարի այս տարիների ընթացքում, այն էլ հնձելու ենք մայիսի վեցին։ Ցանքի կարևորագույն բաղադրամաս եմ համարում, ի դեպ, ընտրությունների օրը ցանկացած օրինական միջոցով տեղամասերում կռիվ տալը և երևանցու քվեի հանդեպ որևէ մեկի կողմից ոտնձգության փորձի դեմ «Խեղդամահ արգանդում» օպերացիայի իրականացումը։

Զրուցեց Քրիստինե Խանումյանը 
ilur.am


Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (02.05.2013)
Դիտումներ: 968 | Տեգեր: Վահե Բոյաջյան, ՀԱԿ, Քրիստինե Խանումյան | - Վարկանիշ -: 0.0/0