Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Արման Մուսինյան



Մասնագիտությունը՝ արեւելագետ-կոնֆլիկտոլոգ։
Ուսանել է՝ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետում` մագիստրոսի աստիճանով, Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում մասնագիտացել է կոնֆլիկտոլոգիայի գծով, 
Նախկինում աշխատել է՝ Համաշխարհային անվտանգության ինստիտուտում (Վաշինգտոն, ԱՄՆ), Կովկասի հարցերով փորձագետ։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակն է,
Տիրապետում է անգլերենին, պարսկերենին, ռուսերենին։

2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է Հայ Ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ: 
Հայ Ազգային կոնգրեսի մամլո խոսնակն է։

Ամուսնացած չէ։ 


wŸՀղումներ 

Հարցազրույցներ



Արման Մուսինյան. 
Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ ռեժիմի մեջ պաթոլոգիական վախ կա


Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, մամուլի խոսնակ, մասնագիտությամբ արևելագետ Արման Մուսինյանը Երևանի ավագանու ընտրություններում Կոնգրեսի ներկայացրած ցուցակում 3-րդ համարն է: Կյանքի կարգախոսն է՝ մի արա մի բան, որ խղճիդ առաջ պատասխան տաս, և այնպիսի բան, որ մտերիմներդ քեզ համար ամաչեն:

Արման, ինչպե՞ս եք գնահատում Կոնգրեսի շանսերը Երևանի ավագանու ընտրություններում:

- Շասները գնահատում եմ շատ լավ, այն իմաստով, որ անցած 20-25 օրերին, իսկ ընդհանրապես՝ նաև անցած տարիներին, մեր հետևողական աշխատանքը հասարակության հետ բերել է այն արդյունքի, որ այսօր այս ռեժիմի, այս երկիրը, քաղաքը կառավարող մարդկանց նկատմամբ կա արդարացված, հիմնավորված ատելություն: Եվ մենք դիմել ենք ժողովրդին՝ խնդրանքով այդ վստահությունը, որը նա կորցրել է այս ռեժիմի նկատմամբ, տալ մեզ: Մեր քարոզչությունը, դռնեդուռ շփումները ցույց են տալիս, որ հասարակությունում կա մի ստվար զանգված, որը վստահում է Հայ ազգային կոնգրեսին, նրա ղեկավար թիմին, նրա ունակություններին՝ վերցնել ինչպես քաղաքի, այնպես էլ երկրի կառավարումը, և ընդհանրապես՝ այս ռեժիմի դեմ պայքարի հարցում:

Քարոզարշավի ընթացքում հանդիպեցիք խոչընդոտների, եղան նաև բռնության դեպքեր: Ըստ Ձեզ՝ այդ դեպքերը կարելի՞ է դիտել որպես հաստատում այն պնդման, որ իշխանությունները պատրաստ են գնալ ամեն ինչի՝ իրենց իշխանությունը պահելու համար:

- Բռնության բացատրությունը մեկն է՝ վախը: Չկա ուրիշ բացատրություն: Եթե որևէ քաղաքական ուժի նկատմամբ իշխանությունը, իշխանական ներքին օղակների քրեական տարրերը դիմում են սադրանքների, բռնությունների, դա ունի մեկ պատճառ՝ նրանք վախենում են, քանի որ հասկանում են, որ այդ ուժը համակրանք ունի հասարակության շրջանում: Պատկերացրեք մի ուժ, որը որևէ համակրանք չունենար հասարակության շրջանում: Ինչո՞ւ պետք է նրա նկատմամբ որևէ բռնություն, սադրանք, ծեծ ու ջարդ հրահրվեր: Իմաստ չէր լինի: Քարոզարշավի ակտիվացմանը զուգահեռ՝ ակտիվացան նաև Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների, ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները: Տեղի ունեցան նաև դեպքեր լրագրողների նկատմամբ: Սա մի բան է վկայում՝ Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ ռեժիմի մեջ կա պաթոլոգիական վախ:

Ինչպե՞ս եք պատկերացնում ընտրակեղծիքների դեմ պայքարը:

- Ես ընտրակեղծիքները կբաժանեի չորս մասի: Առաջինը ցուցակային աճպարարություններն են, որոնք արվում են նախօրոք, պետական իշխանության օղակների ակնհայտ աջակցությամբ, և մենք դրա մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Մասնավորապես՝ Երևան են բերվում, գրանցվում մարդիկ, որոնք նախագահական ընտրություններին մասնակցել են, բայց ընտրել են ոչ Երևանում, այսինքն՝ հաշվառված են եղել այլ վայրերում: Երկրորդ՝ բազմակի քվեարկություններ, կեղծ անձնագրեր, թանաքի հետ կապված մեքենայություններ, ընտրակաշառքներ, մարդկանց ստիպելով, վախեցնելով ընտրատեղամասեր բերելը: Երրորդը՝ բուն ընտրության օրը ընտրատեղամասերում կեղծիքները, և չորրորդը՝ արդեն հաշվարկի ժամանակ տեղի ունեցող կեղծիքները: Հիմա՝ բարդ է միայնակ պայքարել կեղծիքների դեմ, եթե պետական մեքենայի աջակցությամբ ՀՀԿ-ն կեղծիքների այս ամբողջ շարանը գործի է դնում: Իսկ որ արդեն գործի է դրել և մյուս մասն էլ գործի է դնելու՝ ես կասկած չունեմ: Քանի որ ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս անգամ իշխանությունների, ռեժիմի դեմ պայքարում են մի քանի ոչ իշխանական ուժեր, ապա նրանց ջանքերի համադրումը կարող է արդյունք տալ: Իհարկե, դա չի կարող 100 տոկոսանոց արդյունք տալ, բայց հնարավոր է ՀՀԿ-ի կեղծիքների ողնաշարը ինչ-որ կերպ կոտրել: Հուսով եմ, որ քաղաքական ուժերը կմիաբանվեն այդ խնդրի շուրջ և գոնե կմինիմալիզացնեն կեղծումների քանակը, որովհետև Հանրապետականը հասկանում է, որ կեղծիքը միակ ճանապարհն է քաղաքապետարանն իր ձեռքում պահելու համար:

Երևանի ավագանու անդամ դառնալու դեպքում Հայ ազգային կոնգրեսը ո՞ր խնդիրը պետք է լուծի առաջին հերթին:

- Կոնգրեսը պետք է քաղաքական խնդիր դնի: Հասնել նրան, որ քաղաքապետը չլինի հանրապետական: Դրան հասնելու երկու ճանապարհ կա՝ կամ միանձնյա հաղթել, միանձնյա ձևավորել  քաղաքային իշխանության գործադիր կազմը, կամ կոալիցիայի միջոցով: Դա առաջինը: Երկրորդը՝ պետք է ընդհանրապես փոխել մթնոլորտը: Այս կոռումպացված հանցագործների խմբակը պետք է, որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չունենա: Ատկատներ, կոռուպցիա, գումարների մսխում, յուրացում, կեղծ արժեքների ներդրում, անճաշակություն, ծառահատումներ՝ դրանք բոլորը Երևանի քաղաքային կառավարման խնդիրներ են, բայց առաջնայինը քաղաքականն է: Մենք պետք է մթնոլորտը փոխենք, կարողանանք հանրապետականի ձեռքից վերցնել քաղաքը: Դա հսկայական փոփոխություն է բերելու, դուք դա նկատելու եք անմիջապես: Իսկ քաղաքային կառավարման տեսանկյունից՝ մի պարզ բան: Այն պահին, երբ ղեկավար պաշտոնում հայտնվում է մի մարդ, որը կաշառք չի վերցնում, այդ հիմնարկությունում կաշառքը կիսով չափ նվազում է: Եթե նրա երկու, երեք, չորս ենթակաները ևս կաշառք չեն վերցնում, ըստ էության՝ կաշառքն այդ հիմնարկությունում բացառվում է: Եթե մենք կարողանում ենք վերցնել քաղաքապետարանը, քաղաքական առումով հսկայական լիցք ենք հաղորդում երկրում ընթացող քաղաքական իրադարձություններին, իսկ քաղաքային կառավարման տեսանկյունից քաղաքապետարանը ամբողջությամբ կերպարանափոխվում է, դառնում է թափանցիկ աշխատող, գումարները ծախսելու համար հաշվետու, ընդհանրապես՝ ցանկացած գործունեության համար հաշվետու քաղաքային իշխանություն:

Զրուցեց Անի Գևորգյանը
«Չորրորդ ինքնիշխանություն»


 



Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (27.04.2013)
Դիտումներ: 1560 | Տեգեր: Արման Մուսինյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0