Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Արձակ

ԾԻՎԻ ՀԵՔԻԱԹԸ

Արմեն ֆոն Գևորգյան

ՀԱՅՐԻԿԸ ՇՈՒՏՈՎ ԿԳԱ

(կրճատումներով)

Ծիվը որ ծնվեց, ասաց.
- Աստվա՜ծ իմ, հիմա ի՞նչ պիտի անեմ։
- Պիտի ապրես, ձագուկս,- շոյելով Ծիվի աղվամազերը ասաց մայրը։
- Մայրի՜կ,- բացականչաց Ծիվը,- լա՞վ է, որ ես ծնվել եմ, թե՞ վատ։
- Իհարկե լավ է,- ասաց մայրը։- Հրաշք է, որ դու ծնվել ես։
- Մայրի՜կ,- նորից հարցրեց Ծիվը,- հրաշքները միայն ծնվելու՞ց են լինում։
- Ա՜խ, ձագուկս,- ասաց մայրը,- մեր ապրած յուրաքանչյուր օրն է հրաշք, չէ՞ որ մենք չգիտենք, թե հաջորդ օրն ինչ պիտի լինի։
- Մայրի՜կ,- հանկարծ բացականչեց Ծիվը,- հայրիկին տեսնեմ՝ կճանաչե՞մ։
Մայրը զբաղված էր բնային գործերով և, հավանաբար, չլսեց Ծիվի հարցը։ Ծիվը այն չկրկնեց ու ասաց ինքնիրեն.
- Իհարկե կճանաչեմ։ Չէ՞ որ աշխարհի բոլոր հայրիկներից միայն իմ հայրիկն է իմ հայրիկը։
- Մայրի՜կ,- նորից դեմեց նա մորը,- ինչու՞ եմ ես՝ ես։
Մայրը ծիծաղեց և ասաց.
- Դու դու ես, իմ սիրելի Ծիվ, որովհետև քո մայրիկը քո՛ մայրիկն է, քո հայրիկն էլ՝ քո՛ հայրիկը։
«Պարզ է,- մտածեց Ծիվը,- եթե իմ հայրիկը իմ հայրիկը չլիներ, ես ես չէի լինի»։
- Մայրի՜կ,- նորից դիմեծ Ծիվը մայրիկին,- ինչու՞ եմ ես ծնվել։
- Որովհետև ես էլ եմ ծնվել, հայրիկդ էլ է ծնվել։
- Մայրի՜կ, իսկ ինչու՞ եմ ես այսօր ծնվել։
- Որովհետև, իմ խելոք Ծիվ, այսօր քո ծննդյան օրն է։

..........................................................


Բնից այն կողմ, լեռների ուսերին թիկնել էր նարնջագույն արևը։
- Մայրիկ,- հարցրեց Ծիվը,- ինչու՞ է մայրամուտը գեղեցիկ։
- Ինչն աշխարհում գեղեցիկ է, սիրելի Ծիվ, նրանից է, որ այն քոնն է։
«Այո՜,- մտածեց Ծիվը,- իմ տեսած գեղեցիկը միայն իմն է։ Ես այն ոչ մեկին տալ չեմ կարող, որովհետև այն միայն ինձ է պատկանում։ Բոլորն էլ իրենց գեղեցիկն ունեն»։
Այսօր Ծիվը բավականին երկար ապրեց և նրա հոգնածությունն, անշուշտ, դրանից էր։ Նրա աչքերը դանդաղ փակվեցին և Ծիվը սկսեց ննջել։

«Հայրիկը շուտով կգա»- մտածեց Ծիվը ու քնեց։



 

 
Կատեգորիա: Արձակ | Ավելացրեց: armenlur (23.08.2014)
Դիտումներ: 1645 | Տեգեր: Արմեն ֆոն Գևորգյան, ՀԵՔԻԱԹ | - Վարկանիշ -: 5.0/2