Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան


ՁՄԵՐՈՒԿԻ ՀԵՐԹ

Երևան
1987 թվական
28-ը օգոստոսի
բարձրահարկ շենքեր
միանգամից տասնչորս հարկանի
նաև իննը
նաև ութ, յոթ, հինգ
նաև միահարկ տներ
պատշգամբներով ու պատուհաններով
ու լվացքի պարաններով
ու փողոցներ, պողոտաներ ու նրբանցքներ
ավտոբուսներ, տրոլեյբուսներ ու տրամվայներ
որտեղ թթվածին կա
Երիտասարդական պալատ
մարզա-համերգային համալիր
ու «Զվարթնոց» օդանավակայան
ու ռեստորաններ, սրճարաններ, կինոսրահներ
ու զբոսայգիներ, հրապարակներ
ու կարգ պաշտպանող միլիցիոներներ
քաղաքաբնակներ, առևտուր անողներ ու զբոսաշրջիկներ
ու աղավնիներ, ծիծեռնակներ, ճնճղուկներ
ու ձմերուկներ
ու ճաքած ձմերուկներ
ու ճաքած ձմերուկներին
ճանճեր, մեղուներ
ու ձմերուկի հերթ.
 
Առաջին՝
աշխարհին կարեկցանքով նայող մարդ
բողոքը խորքերում թաքցրած
 
Երկրորդ՝
հարսանեկան գիշերվա մանրամասները
ցավով վերհիշող տատիկ
ատամնաթափ ամուսնուց հիասթափված
 
Երրորդ՝
սեփական գեղեցկությունը գնահատելուց հյուծված
քսանութամյա աղջիկ
ջղային ու մայրական բնազդից խամրած
 
Չորրորդ՝
համակրելի մի երիտասարդ
որ կյանքում ոչ մի անգամ
փող չի գտել
 
Հինգերորդ՝
գիտաշխատող կին
դրամապանակում երեք ռուμլի
 
Վեցերորդ:
 
Յոթերորդ՝
պապիկ
 
Ութերորդ, իններորդ, տասներորդ
տասնմեկերորդ՝
գրեթե մերկ աղջիկ
 
Տասներկուերորդ
Եվ տասներեքերորդ, տասնչորսերորդ, տասնհինգերորդ:
 
Եվ տասնվեցերորդ՝
գզգզված մազերով:
 
Հետո տասնյոթերորդ
տասնութերորդ
տասնիններորդ`
Էդգար Դեգա
քսաներորդ`
Պիկասսո
քսանմեկերորդ`
տիեզերքի նվաճողը
քսաներկուերորդ, քսաներեքերորդ, քսանչորսերորդ...
 
Քառասունհինգերորդ` բանաստեղծ...
Վաթսունիններորդ` մարզիչ...
Հարյուրերորդ` մի կին
ազնվականական պահվածքով
Հարյուրմեկերորդ` հավաքարար
102-րդ, 103-րդ, 104-րդ...
157-րդ` քրիստոնյա...
264-րդ` ձախողակ գիտնական...
308-րդ` Նապոլեոն Բոնապարտ...
320-րդ` կոսմոպոլիտ...
422-րդ` Թութանհամոն կամ Ռամզես 13-րդ...
477-րդ` չտպագրված հանճարեղ պոետ...
523-րդ` Լյուդովիկոս 14-րդ...
631-րդ` Հիտլեր,
կամ Չարլզ Չապլին,
կամ Պոլոզ Մուկուչ...
998-րդ` կրիշնայական...
999-րդ:
 
1000-րդ` կին,
որ դեռ չի կանգնել հերթ
ու տանը ընտրում է զգեստ...
 
Ու թաղման թափոր
առաջ ընկած «Երազով»
որի վրա հանգուցյալի դիմանկարն է
ձմերուկի թփերով ձևավորված
ու պսակներով
ու լույսերը վառ մեքենաներ
ձմերուկե անիվներով
որ, մեկ է, պայթելու են
ու երկնքում սևացած ամպեր
որոնցից ձմերուկներ են կախվել
և ամպերի գոռգոռոց, հրմշտոց
ու 40 կոպեկանոց ձմերուկների անձրև
ու 40 կոպեկանոց ձմերուկների հեղեղ
ու 40 կոպեկանոց ձմերուկների փոթորիկ
ու 40 կոպեկանոց ձմերուկների մուրաբա
ու 40 կոպեկանոց ձմերուկները պայթում են ռումբերի պես
ու հիմա են պայթում ձմերուկե անիվները
ու կեղևների ճեղքերից կրակվում են կորիզները
ու կպչում են մարդկանց ականջներին
քթերին, այտերին
ու նոր արդուկած զգեստներին
ու իրար են խառնվում կորիզներն ու կոպեկները
հետո մեղուները, հետո ճանճերը
հետո նոր միայն` ռուբլիները
ու ձմերուկահյութից
ցցված կանգնում են մարդկանց մազերը
ցցված մազերը կպչում են իրար
ու հերթի մարդիկ էլ են կպչում իրար
բայց նրանք կանգնած են
կանգուն է և վաճառասեղանը.
ՉՎԱՃԱՌՎԱԾ ՁՄԵՐՈՒԿԸ
ԴԵՌ ՉԻ ՎԵՐՋԱՑԵԼ


Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 1321 | - Վարկանիշ -: 5.0/2