Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան


ՄԻ ՖԼԵԳՄԱՏԻԿ

Մի ֆլեգմատիկ
որ կտրում է մեքենաների հոսքը
ու բարձրանում սալահատակված մայթը
որտեղ վտառներով վխտում են մելանխոլիկները
խոլերիկներն ու սանգվինիկները
Եվ վերամբարձվելով մարդկային այդ խտությունից
փիլիսոփայական կատեգորիաներից
բարոյական բոլոր նորմերից
երևակում է փողոցային սրճարաններից նկարահանող աչքերը
հոգեզուրկ ու հոգեհարուստ մարմինները
ոտնատակ է տալիս հսկայական ծառերի արմատները
հետո նետվում քաղաքակրթության վրա
որտեղ փլվում են փողոցը երիզող մետաղյա ճաղերը
ընկնում արմատախիլ եղած ծառերի փոսերում
ու միլիցիոներական մեքենաների
խանութների ցուցափեղկերի
շենքերի գեղատեսիլ ճարտարապետական ճակատների
ու փոշեկուլի նման ներքաշող մահկանացուների միջով
ճեղքում հասնում է կարմրադեղին հորիզոնին
ու անապատում
կակտուսի ստվերի ներքո
ավազների մեջ
ծնկները գրկած ու կծկված
տառապում է սևամութի մեջ փայլատակող աստղի մերկությունից
ու թևաթափ եղած
մինչև վերջին կաթիլը արտասված
վերադառնում է դեպի սանգվինիկները
վերադառնում է դեպի մելանխոլիկներն ու խոլերիկները
որոնք համաչափ ռիթմով անընդմեջ արտաբերում են.
- Դու հոգեկան ես
- Դու հոգեկան ես
- Դու հոգեկան ես

Ու ամեն ինչ փուլ է գալիս ԶԱԳՍ-ի բյուրոյում
ու օժիտով նախատեսված գորգի ու կահույքի հյութը
ներծծվում է մինչև ոսկրածուծը
ու 36 աստիճան ամառային շոգին
ցրտից դողում են գլխուղեղի կիսագնդերը
ու սրտի կծկումները հապաղում են մի պահ
հապաղում է արյան մատակարարումը
հապաղում է փոխզիջման վրա թքելու անհրաժեշտությունը
ու լարվում է ողջ մկանանյարդային համակարգը
ու հավերժացած դարի մեջ ծնվում-արթնանում է աքլորականչը
արթնանում է այգաբացի գեղեցկությունը
արթնանում է մարդկային բանականության կենդանի պատկերը
ու սրտխառնուք է առաջանում
համաշխարհային քաոսի այդ անմարսելիությունից
ու 172 ռուբլիանոց մատանու ոսկե փայլը
կուրացնում է արտաքին տեսողությունը
ու նորից է գործի գցվում սրտանոթային մկանաշարժիչը
ու արյան մատակարարումը հասնում է նորմալի գագաթնակետին
և իրականություն են վերադառնում
մարդկային անասնական մռութները
սրճող փիլիսոփաների սիգարեթների ծխաքուլաները
ու անձրևն ու ամպրոպը թվում են սովորական տեսիլք
ավտոբուսների պետական համարանիշները
ոչինչ չեն ներշնչում
վերնաշապիկի օձիքին վայրէջք կատարած զատիկը
ոչ մի անդրադարձում չի ակնկալում
նեխած այդ ողնուղեղամտածողությունում
ու քանդակված ամեն մի շինություն
վերաձևվում է հեքիաթի նման
ու ամենակուլ ստրկամտությունը
ածխե դոնդողի նման
լցվում-խցանում է մարսողամտածողությունը
ու մեռնում է այդտեղ ձգտումը
ու մեռնում է այդտեղ գաղափարը
ու նորից
աջ ու ձախ կողմերից
առջևից ու ետևից
տակից ու գլխավերևից հասնում են միևնույն մռնչոցները.
- Դու հոգեկան ես
- Դու հոգեկան ես
- Դու հոգեկան ես
- Դու մեզ հավասար ես


Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 1162 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 0.0/0