Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան


ԵՐԵՔ  ՄԱՐԴ
(դեդեկտիվ)

Երեք մարդ
տարբեր ոճի ու կրքերի
որ ոչինչ չեն անում
ու հիվանդանոց են ընկնում
ու հիվանդանոցում ծխում են
ու բուժքույրը բողոքում է Գլխավորին
ու Գլխավորը ասում է.
- Ոչինչ
Ու Գլխավորին ասում են.
- Շնորհակալություն
ու Գլխավորն ասում է.
- Հա
ու նրանք ասում են.
- Եղավ
ու նրանց դուրս են գրում հիվանդանոցից
ու նրանք մեքենա են գողանում
ու քշում են քաղաքով մեկ
մինչև մի խախտում են անում
ու Տեսուչը նրանց կանգնեցնում է
ու նրանք կանգնում են
ու Տեսուչին ասում են
- Հը՞, ի՞նչ ես ուզում
Տեսուչն էլ ասում է.
- Ձեր իրավունքն եմ ուզում
նրանք էլ ասում են.
- Մենք իրավունք չունենք
Տեսուչն էլ ասում է.
- Որ իրավունք չունեք` կտուգանեմ
նրանք էլ ասում են.
- Որ տուգանես, մեկ է, էլի իրավունք չենք ունենա
ու Տեսուչը ասում է.
- Լավ, գնացեք կոնյակ խմեք
ու նրանք գնում են
ու մի տեղից կոնյակ են ճարում
ու խմում են
ու նրանց մի ծերուկ է մոտենում
ասում է` անուշ խմեք
նրանք անուշ խմում են
ու ծերուկն ասում է.
- Լավ, ես գնացի
ու նրանք ասում են.
- Գնա, գնա, քյաֆթառ
ու մի Միլիցիոներ է հայտնվում
ասում է` տղերք, ո՞նց եք
տղերքն էլ ասում են՝ լավ ենք
ու Միլիցիոներն ասում է.
- Վառեցի՞ք
- Վառեցինք,- ասում են
- Փող վերցրի՞ք
- Վերցրինք,- ասում են
- Դե տվեք
- Ի՞նչը,- ասում են
- Փողը
ու իրենք փողը տալիս են
ու Միլիցիոներն ասում է.
- Ոչինչ որ ռուբլիանոցներով է
ու նրանք սկսում են փորել
ու կատվին թաղում են
ու մի միլիցիա է հայտնվում
ու ասում է` ազատ եք, կարող եք գնալ
ու նրանք գնում են
և ոչինչ չեն ունենում անելու
ու հիվանդանում են
ու հիվանդանոց են ընկնում
ու հիվանդանոցում ծխում են
ու բուժքույրը բողոքում է Գլխավորին
ու Գլխավորը ասում է.
- Շնորհակալություն:

1988


Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 993 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 5.0/1