Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Վիսոցկի՝ Ենգիբարովին...



ԵՆԳԻԲԱՐՈՎԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐԻՑ
 
Ծաղրածուն գող էր. և ամեն անգամ
Տխուր պահեր էր միայն գողանում.
Իր պիտույքները` գրիմ թե կեղծամ,
Ծաղրածուների ուրիշ նվիրում:
 
Ընդմիջումների լուսավոր պահին
Աննկատ, հանգիստ ու թեթևասահ
Հայտնվում էր նա հանդիսատեսին`
Երբեմն գլխին հիմար մի թասակ:
 
Երես է տվել ամեն ձեռնածու
Մեր ծիծաղատենչ փողոտ դիտողին,
Գոռում է ահա. «Սա ի՞նչ ծաղրածու,
Էլ ի՜նչ ծաղրածու` անծիծաղելի»;
 
Մենք էլ փնթփնթում, նետում ենք հատ-հատ.
«Թե դուրս ես եկել, դե ծիծաղեցրու»,
Իսկ նա մեր հոգուց այնպես աննկատ
Հենց այդ նույն պահին թախիծ է կորզում:
 
Կասկածում ենք դեռ, թե մեր այս դարում
Կրկես ունենանք համաշխարհային,
Սակայն ծաղրածուն այսքան դառնարյուն,
Այսքան անկենդան ու մռա՞յլ լինի...
 
Իսկ նա, որ կարծես չքվել էր, կրկին
Հայտնվել է ու ձեռքերով սահուն
Պիջակներ հագած մեր հոգու ներքին
Գրպաններից է թախիծ գողանում:



Հովհաննես Սարոյանի թարգմանությամբ
Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (25.01.2013)
Դիտումներ: 920 | Տեգեր: Լեոնիդ Ենգիբարյան, երգի խոսքեր, Վլադիմիր Վիսոցկի | - Վարկանիշ -: 5.0/1