Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Գաթա
Հայկական թխվածքների զարդը ընդունված է համարել գաթան և փախլավան: Գրեթե բոլոր տնտեսուհիները տոնական ընդունելության օրերին նախապատվությունը տալիս են գաթային ոչ միայն համեղ ու հարգված լինելու, այլև այն պատճառով, որ գաթան համեմատաբար երկար է պահպանվում ու երբեք չի փոխում համը: Գաթայի պատրաստման շատ եղանակներ կան: Ստորև առաջարկվում է դրանցից երկուսը՝ արագ պատրաստվող և շերտվոր խմորով:

ԱՐԱԳ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԳԱԹԱ

Սեղանին լցնել 4 բաժակ ալյուր, վրան կտրտել 400 գր. սառը կարագ կամ մարգարին, դանակով մանրացնել այնքան, որ կարագի կտորները խառնվեն ալյուրին և դառնան լոբու կամ սիսեռի չափ: Ստացվում են ալյուրախառն փշուրներ: Մեջտեղը փոս անել, մեջը կոտրել 2 ձու, ավելացնել 1 թեյի բաժակ մածուն՝ 0,5 թ/գ սոդայով, և արագ հունցել, բայց այնպես, որ ալյուր չերևա, նույն պահին բաժանել գնդերի, հերթով բացել, խորիզը լցնել, պատրաստի գաթայի երեսին ձու քսել և թխել ջեռոցում միջին կրակով: Այս եղանակով պատրաստվող գաթան կլինի շերտավոր, եթե մածունը և կարագը լինեն սառը և խմորը արագ պատրաստվի: Բացի այդ, այն համեղ է և կարելի է երկար պահել, որովհետև թարմությունը չի կորցնում:

Խորիզ - 1 թ/բ յուղը 1,5 բաժակ շաքարավազի հետ հարել մինչև սպիտակելը, խառնել 3 պտղունց սոդա, այնքան ալյուր, որ ստացվի թեթևակի կպչող խորիզ, վերջում ավելացնել վանիլին:

ԳԱԹԱ` ՇԵՐՏԱՎՈՐ ԸՆՏԻՐ ԽՄՈՐՈՎ 

Վերցնել 800 գր կարագ կամ մարգարին, 4 ձվի դեղնուց, 1 թ/բ գոլ ջուր, 2 ճ/գ ընտիր քացախ, մի պտղունց աղ, 6-8 թեյի բաժակ ալյուր։

4 ձվի դեղնուցը մի քիչ հարել, ավելացնել 400 գր կարագ, խառնել, վրան լցնել 1,5 թեյի բաժակ գոլ ջուր, մի պտղունց աղ, 2 ճ/գ քացախ, 6-8 թ/բ ալյուր (եթե քիչ լինի, կարելի է ավելացնել), հունցել ձեռքերին չկպչող փափուկ խմոր, բաժանել 4 գնդի, 20-25 րոպե դնել սառնարանում, որից հետո յուրաքանչյուր գունդն առանձին բացել, կարագ քսել, ծալել, դնել սառնարանում։ Նույնը կրկնել բոլոր գնդերի հետ 3 անգամ՝ հավասարապես օգտագործելով մնացած 400 գրամ կարագը։ Նախընտրելի է խմորը պատրաստել մեկ օր առաջ։

Այս խմորով կարելի է թխել գաթա, նապոլեոն, փախլավա, խաչապուրի, մսով կարկանդակներ, սիգարետ, ձագար (տրուբոչկա), բոնբոնչկի և այլն։

ԳԱԹԱ ԿԱԹՆԱՇՈՌՈՎ 

200 գր կարագը 200 գր թթվասերի հետ լավ խառնել, ավելացնել 1 ճ/գ քացախի և 0,5 թ/գ սոդայի խառնուրդ, 2 թ/բ ալյուր, հունցել և բաժանել 2 մասի (եթե ալյուրը քիչ լինի, կարելի է ավելացնել):
ՄԻՋՈՒԿ։ 200 գր կաթնաշոռը  1 թ/բ շաքարավազի, 1 ձվի դեղնուցի և 1 ճ/գ ալյուրի հետ լավ խառնել, բաժանել երկու մասի: Գնդերից յուրաքանչյուրը գրտնակով բացել, վրան լցնել միջուկի մի մասը, փաթաթել ռուլետի պես, կտրատել գաթայի չափով, երեսին ձու քսել և թխել ջեռոցում: 



Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (06.03.2013)
Դիտումներ: 19866 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, խմորներ, խորիզ | - Վարկանիշ -: 3.6/8