Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ |
Սուրեն Սուջյան
«Երեւանում իշխանություն կորցնելը վարչախմբի համար ծանրագույն հարված կլինի»
- Հայ ազգային կոնգրեսի հիմնական խնդիրը 2008 թ.-ից չի փոխվել։ Այն եղել եւ մնում է Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումը։ Այս ընտրությունները մենք դիտարկում ենք որպես եւս մեկ քայլ այդ ուղղությամբ։ Առավել եւս, որ այս անգամ բարենպաստ պայմաններ են ստեղծվել` ընդդիմության միավորման եւ ՀՀԿ-ին պարտության մատնելու համար։ Արդեն ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերներն են հայտարարում, որ այսպես այլեւս չի կարող շարունակվել։
- Իսկապես այս ընտրությունները շատ կարեւոր են նախ եւ առաջ քաղաքական տեսանկյունից։ Մայրաքաղաքի նշանակությունը թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ բիզնեսի բնագավառում ահռելի է, եւ Երեւանում իշխանություն կորցնելը վարչախմբի համար ծանրագույն հարված կլինի։ Հենց այդ պատճառով է, որ իշխանական քարոզչամեքենան փորձում է այս ընտրությունները ներկայացնել որպես զուտ քաղաքի կենցաղային ու տեխնիկական խնդիրներ լուծող մարմնի ընտրություններ` հույս ունենալով, որ այդպես կկարողանա շեղել քաղաքացիների ուշադրությունը քաղաքական հարթությունից դեպի կենցաղայինը։ Այստեղ պիտի նշեմ, որ այդ հարթությունում էլ ներկայիս իշխանությունները մեղմ ասած խոցելի են։ Նրանց գործունեության արդյունքը բոլորիս աչքի առաջ է` Փակ շուկա, Մաշտոցի պուրակ, ոչնչացվող կանաչ գոտիներ, քաղաքն այլանդակող շինություններ եւ այլն։ Ինչ վերաբերում է ակտիվիստների ու լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպերին, ապա վարչախմբի այս գործելաոճը նորություն չէ։ 2009-ի ավագանու ընտրություններից առաջ էլ նույն ծեծուջարդը կար։ Այդ առումով հատկապես աչքի ընկավ հենց Տարոն Մարգարյանի ղեկավարած Ավան թաղամասը, որտեղ ՀԱԿ ակտիվիստներին սպառնալիքներով հետեւում էին Տարոնի մարդիկ եւ ասում, որ նրանք պիտի հեռանան, որովհետեւ «Էս Տարոնի թաղն ա»։ Եվ ամենացավալին այն է, որ մարդիկ իրոք հավատում են, որ դա ինչ-որ մեկի թաղն է։
- ՀԱԿ-ն ընտրատեղամասերում ունենալու է վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամներ, եւ այստեղ շատ կարեւոր է լինելու ընդդիմադիր ուժերի համատեղ աշխատանքը։ Բայց կա ընտրակեղծիքի մի շատ վտանգավոր եւ միեւնույն ժամանակ շատ ցավալի տեսակ` ընտրակաշառքը։ Այն վտանգավոր է, որովհետեւ դրա դեմ պայքարել կարող է միայն այդ կաշառքը վերցնողը, իսկ ցավալի է, որովհետեւ այսօր ժողովրդի բավական մեծ զանգված հասցվել է այն վիճակի, որ նույնիսկ այդ 5000 դրամը նրանց համար մեծ գումար է։
- Կարծում եմ` ցանկացած խնդիր, մեծ թե փոքր, անընդունելի է։ Իրականում, այսօր Երեւանում խնդիրներն այնքան շատ են, որ ես չեմ նախանձում ապագա քաղաքապետին։ Ինչ-որ կոսմետիկ միջոցառումներով ուզում են բարեփոխումների տպավորություն թողնել (այն էլ հիմնականում փոքր կենտրոնում), իսկ ծայրամասերը մնում են սարսափելի վիճակում։ Հերիք է պարզապես մտնել արվարձանների բակերը կամ շենքերի մուտքերը, եւ ամեն ինչ պարզ կլինի։
- Կուզեի ապրել այն Երեւանում, որտեղ «Էս էսինչի թաղն ա» արտահայտությունը ոչ թե վրդովմունք կամ վախ, այլ պարզապես ժպիտ առաջացներ։ Հարցազրույցը վարեց՝ Անի Գևորգյանը chi.am | |
Դիտումներ: 1209 | | |