Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Վազգեն Շուշանյան
Վազգեն Շուշանյան
Վազգեն (Օննիկ) Գրիգորի Շուշանյան 
ֆրանսահայ արձակագիր, բանաստեղծ, հասարակական գործիչ



1903, փետրվարի 9, Ռոդոսթո, Արևելյան Թրակիա – 1941, հունիսի 2, Փարիզ

Գրել է վեպեր, բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ, օրագրեր, գրական-մշակութաբանական և քաղաքական հոդվածներ։
Մահացել է թոքերի հիվանդության անսպասելի սրացումից։

Հայրը` Գրիգոր Շուշանյանը, իրավագետ էր, բայց զբաղվում էր պապենական հողերի կառավարմամբ: Մայրը` Նարիկ Դանիելյանը, երկաթագործի աղջիկ էր: Նյութապես ապահովված, հարուստ ընտանիք էր Շուշանյանների ընտանիքը: Վազգենը տան անդրանիկ զավակն էր: Նախնական կրթությունն ստացել է Ռոտոսթոյի Սուրբ Խաչի Հիսուսյան և Սուրբ թագավոր թաղի Հովհանյան նախակրթարանում (1906-11): 1915-ին Շուշանյանների ընտանիքը աքսորվում է Մերձավոր Արևելքի անապատները, և պատանի Վազգենը կորցնում է հարազատներին, որոնք բոլորն էլ զոհ են գնում թուրքական յաթաղանին: 1919-ին որբացած Շուշանյանն ընդունվում է Արմաշի երկրագործական վարժարանը և այդ վարժարանի կազմի հետ էլ տեղափոխվում է Կ. Պոլիս, ապա Հայաստան, որտեղ մնում է մոտ մեկ տարի և կրկին վերադառնում ետ: Սկսվում է թափառական կյանքը Կ. Պոլսից մինչև Նյու Յորք, Նյու Յորքից ետ` Իզմիր, կրկին Կ. Պոլիս և, վերջապես, 1922-ի նոյեմբերի 30-ին` Փարիզ: Փարիզում ունենում է անհանգիստ կյանք, պայքարում ապրուստի համար: Բանվորություն է անում Ռընոյի գործարանում և Մոնրուժի մետաղագործարանում, սովորում` երկրագործություն և կաթնային արդյունաբերություն, հետագայում` Սորբոնի համալսարանում: Մահացել է ֆրանսիական մի հիվանդանոցում, միայնակ ու լքված:
Շուշանյանի ստեղծագործության հիմնական թեման սփյուռքն է, սփյուռքահայի դժվարին ու հակասական կյանքը, պայքարն ուծացման վտանգի դեմ: Լույս են տեսել Շուշանյանի «Գարնանային» (1927), «Օրերը գեղեցիկ չեն» (1929), «Մթին պատանութիւն» (1956), «Ճերմակ Վարսենիկ» (1960) վեպերը, «Մահուան առագաստը» (1959) պատմվածքների ու վիպակների ժողովածուն: 1960-ականների Շուշանյանի արխիվը բերվել է Հայաստան, որից հետո Երևանում տպագրվել են նրա մի շարք ստեղծագործություններ ևս («Երկիր հիշատակաց», 1966, Երկու վիպակ, 1983, Ներքին դաշտանկար, 1995, Օրագիր, 1999, Քրոնիկոն քնարական, 2000, Խառնիխուռն, 2001):

Երբ 39 տարեկանում թոքերի իր հին հիվանդութեան կարճատեւ սրացումից հետո, նա անսպասելիորեն մահացավ` պայծառ տղու հանդէպ սրտառուչ սիրո եւ ազնիվ ու աննկուն մարտիկի հանդէպ մեղքի զույգ ու հաճախ նաեւ խառն զգացումով ալեկոծելով ֆրանսահայ գաղութն ու ողջ սփյուռքը, վաղամեռիկ Վազգենին ափսոսելուց զատ, Սփյուռքը անդրադարձավ, ըմբռնեց ու ափսոսեց այն եզակի հնարավորությունը, որ Վ.Շուշանեանն էր հայ գրականութեան համար: Ասելիքի այն խորությունը ու ասելու այն բյուրեղացած վարպետությունը, որին հասել էր գրողը, գրական մեծ ու մնայուն արժեքների ծնունդ էին խոստանում: Չարվածի համար անկեղծ ափսոսանքը արվածի լավագույն գնահատականներից մեկն է անշուշտ: Այդ ափսոսանքի մյուս եզրը թերեւս մեր հայացքի առավել ուշադիր ու խնամքոտ, առավել լուրջ ու թափանցող անդրադարձն է Շուշանեանի ստեղծածին` նրա վէպերում ու բանաստեղծություններում, արձակ էջերում ու օրագրերում, գրական-մշակութաբանական ու քաղաքական հօդվածներում տեսնելու մարդու, գործչի, մտավորականի, գրողի ու արվեստագէտի այն ազնվական դիմագիծը, որ իրեն` ապրելու ու ստեղծագործելու ավելի երկար ժամանակ շնորհվելու դէպքում շատ ավելի ամբողջական ու լիալիր կդառնար անշուշտ, որը սակայն այդ կարճատեւ, բայց բուռն կեանքի ընթացքում իսկ հասցրեց կազմվել հայ գրականութեանը, մշակութային ու ազգային կեանքին ՎԱԶԳԷՆ ՇՈՒՇԱՆԵԱՆ անունով եկած չաղոտացող պայծառությունը բերելու, մարդու ու գրողի նրա տեսակը անկասկածելիի ոլորտում զետեղելու ու, գեղագիտական բոլոր գնահատականներից անդին, նրա հանդէպ խորին բարեկամութեան ու մտերմուրթեան թանկ ապրումը քեզ նվիրելու չափ: 
ՆԱԻՐԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

ՅՈՒՍԱՀԱՏՈՒԹԻՒՆ

Շընորհապարտ եմ նոյնիսկ` ինծի տրուած այս քիչին,
Այս ցուրտ լոյսին համար, որ կեանքիս վըրայ կը ծագի:
Հոգիս խոնջ է այլեւըս այս աղմուկէն անյարկի
Ու տենչանքիս սիւները գըլխուս վըրայ կը փըլչին:

Կը պաղատիմ ձեռամբարձ` յետին շնորհ մը չընչին, -
Աղքատիկ խուց մը` առանց դուրսը բացուող դըռնակի,
Ուր կարենամ ձեզ ատել, մեռնիլ առանց աղօթքի,
Ուր մենութեան մէջ քակեմ կեանքիս կըծիկը վերջին:

Կըռիւներուն մէջ ձեր բիրտ` տաք արիւնըս թափեցի,
Բաւական ծունկ չոքեցի սուտ կուռքերու ոտքին տակ, -
Այժըմ կ’ուզեմ, որ ինծի ատելութեան շուքը տա՜ք:

Կուզեմ, որ ալ չբաշխէ՜ք ձեր շընորհները ինծի,
Ոչ մէկ բաժին կ, ուզեմ ալ ձեր գանձերէն անյատակ`
Միայն թէ զիս ազատէք ձեր աշխարհէն բովանդակ:

(Արտատպուած` «Արեւմուտք» շաբաթաթերթ, Փարիզ, 3 յունիս, թիւ 12)

ՕՐԱԳԻՐ
Հատուածներ
Ութը փետրուար <1940>

Ոտքի ելայ, մարեցի լոյսս, փեղկերը բացեցի ու կռթնեցայ պատուհանի բազրիքին: Կրնայի՞ երբեւիցէ մտածել թէ այսպէս մարդ մը պիտի ըլլայի, կ, ըսէի մտովի: Բոլոր կեանքիս արմատները խրած են անցելոյն մէջ ու ակնարկս իսկ` միշտ ետ կը նայի: Բնախօսական ունակութեան մը վերածուած է այս միտումը մօտս Ապագան կարծես գոյութիւն չունենայ ու ներկան հազիւ թէ կը շահագրգռէ զիս: Անմիջապէս որ ինքս ինձ հետ մնամ` կը վերադառնամ խուճապահար տղու մը պէս անցելոյն: Ու ողջ անցեալը վերակազմած եմ` համաձայն քմայքիս: Այն բոլոր էակները, որ կը շարունակեն բաբախուն ներկայութեամբ մը ապրիլ հոն, արտակարգ լուսաւորումի մը տակ պայծառացած են: Եթէ գրիչս ձեռք առնեմ պատմելու համար այս ամենօրեայ վերադարձս, հաւատացած եմ թէ մարդիկ գրական երեւակայութեանս պիտի վերագրեն ատիկա: Բոլոր արարքներուս ծածուկ շարժառիթները անցեալէն կուգան: Կեանքս անցելոյն մէջ է:

***

Գիշերուան այդ ժամուն, կռթնած պատուհանի բազրիքին` կը վերյիշէի տասնըեօթը տարիներու կեանքս եւ ես իսկ կ, ապշէի` ամէ՛ն քայլի հանդիպելով նոյն սահմռկեցուցիչ անփութութեան: Ապրած էի` կարծես թէ անտեսելով ապագան, առ ոչինչ համարելով ծերութիւնը, ոչ՛ մէկ ապահովութիւն ու ոչ՛ մէկ երդիք որոնելով: Իրողութեան մէջ որեւէ հաճոյքի առջեւ իսկ երկար կանգ չէի առած: Ո՛չ հարստութիւն, ո՛չ դիրք, ո՛չ հանգստութիւն եւ ո՛չ իսկ որեւէ մնայուն գործ որոնած էի:

Ո՞րն էր կեանքիս բնորոշ գիծը: Ընդամէնը երկու կիրք կը նշմարէի կեանքիս մէջ, - ծառայութեան յամառ ոգին ու գրականութեան սէրը: Ու հոգւոյս խորը մարդիկը անարժան կը համարէի բարեկամութեան, որովհետեւ չէին զգար թէ փառասիրութիւնս ազնիւ էր ու ի՛նչ որ կեանքէն կը սպասէի հասարակ հաճոյքներ չէին: Բայց այս յեղակարծ գորովը ինքզինքիս հանդէպ կը նեղէր զիս: Կ, ըսէի ահա՛ երկիրը կը սարսի իր խարիսխէն ու դուն կեցած պատուհանի մը առջեւ վերստին կ, ապաւինիս անցեալին` անկարգ ու անիշխանական կեանք մը արդարացնել ճգնելով: Արդարացման ճիգը միշտ կ, ընկերանայ յանցանքի նախազգուշացման: Ու չե՞ս գիտեր միթէ, որ արժանի պէտք է ըլլալ ամէ՛ն սիրոյ ու ամէ՛ն հաւատարմութեան: Ամէ՛ն սէր ու ամէ՛ն գորով յաղթանակ մըն է կեանքի բացասական ուժերուն վրայ:

***

Եթէ կարելի ըլլար կեանքը վերսկսիլ, պիտի ուզէի՞ միթէ տարբեր ընթացք մը տալ այս օրերուն: Շուրջ տասնըհինգ տարիներէ իվեր կ, ապրէի համաձայն ներքին պայծառութեանս` ո՛չ ոքէ ոչինչ ակնկալելով, որոնելով ճշմարտութիւնս հոգւոյս խորն իսկ: Ի՛նչ որ փորձառութիւնը սորվեցուցած էր ինձ` քիչ մը աւելորդ ճարտարութիւն էր ի խնդիր կեանքի հարուածներու շեղումին: Վտանգին հետ սկսած էի խարդախել: Այդ փորձառութիւնը, իրողութեան մէջ, թակարդ մըն էր միայն: Ո՛չ ոք կրցած էր էական փոփոխութեան ենթարկել ինձ: Սէրն իսկ, որ ամէ՛ն հանդիպումի, ուժգնօրէն կը ցնցէր զիս, ուշ կամ կանուխ կը հաշտուէր կեանքիս երեւութական անկարգութեանը ետին ծածկուած հիմնական բրտութեան հետ: Ո՛չ նահանջ գիտցած էի, ո՛չ ալ պատեհապաշտութիւն: Մարիան էր, որ իրաւունք ունէր, երբ կ, ըսէր թէ` ներքին չափս չէր յարմարէր կեանքին: Որքա~ն յաճախ կը դիտէի ու պակաս կը գտնէի զանոնք: Ու այս խստութիւնը արդիւնքը չէր ընդոծին հպարտութեան մը ու ո՛չ իսկ արտակարգ ինքնվստահութեան: Ու իրողութեան մէջ` հոգիս ո՛չ մէկ յամառ արհամարհանք, ո՛չ մէկ ոխակալ քէն ճանչցած է: Կշռելու խնդիր էր: Կեանքն ու մարդիկը: Արդարութեամբ դատելու զանոնք: Կեանքի մէջ կը վրիպի ան, որուն փառասիրութիւնները սահմանափակ են, իրագործելի, ընթացիկ չափի վրայ: Բայց մէկը, որ աստղերը կ, ուզէ իր հոգւոյն կողովին մէջ հաւաքել, երբեւիցէ կրնա՞յ զրկուիլ միթէ կեանքի հրճուանքէն: Իւրաքանչիւր ձախողութիւն աւելի կը լուսաւորէ երկինքը: Կեանքին կրակը անընդհատ նոր սաստկութեամբ կը վառէ զինքը: Ամէ՛ն գարուն կը հրկիզէ իր արիւնը: Ու երբ ներկան չյագեցնէ իր ծարաւը, կ, ապաւինի անցելոյն, վասնզի իր ակնարկը յիշատակներուն նոր գեղեցկութիւն մը պարգեւելու մոգութիւնը գիտէ: Կեանքի մէջ կը վրիպի ան, որ կ, ուզէ իր մագիլներով ճանկել ի՛նչ որ շօշափելի է ու ի՛նչ որ մոխիր կը ձգէ, ի՛նչ որ կը հիննայ ու ի՛նչ որ կը սպառի: Մինչդեռ տենչանքներ կան` որ արծաթածագ ծառերու պէս ամէ՛ն առաւօտեան կը նորոգուին:

***

Առաւօտը զիս գտաւ այդ պատուհանին առջեւ` գրեթէ թեթեւ:

Արտատպուած` «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, թիւ 6, նոյեմբեր-դեկտեմբեր 1942

Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (09.02.2013)
Դիտումներ: 3493 | Տեգեր: ֆրանսիահայեր, գրողներ | - Վարկանիշ -: 5.0/2