Վիկտոր Համբարձումյան հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Վ. Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս, Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։
Սեպտեմբեր 18, 1908, Թիֆլիս - Օգոստոս 12, 1996, Բյուրական
Քսաներորդ դարի աստղագիտության մեջ տեղի է ունենում ահռելի հեղափոխություն, միգուցե, իր կարեւորությամբ համեմատելի` կոպեռնիկոսյան հեղափոխության հետ: Դա պայմանավորված է Տիեզերքում որակապես նոր տեսակի գոյացությունների` գալակտիկաների գործուն միջուկների (որոնց մեջ տեղի են ունենում ահռելի պայթյուններ), քվազիաստղային ռադիոաղբյուրների (քվազարների) եւն հայտնաբերմամբ: Պարզվեց, որ այդ տիեզերական մարմիններում ընթացող երեւույթները ամբողջովին անսովոր են, եւ դրանք անհրաժեշտություն առաջացրին արմատապես վերանայել բազմաթիվ աստղաֆիզիկական, տիեզերածնական, տիեզերաբանական պատկերացումներ եւ տեսություններ` կասկածի տակ դնելով նաեւ ներկայումս հայտնի ֆիզիկայի հիմնարար օրենքների համընդհանուր բնույթը: Չի բացառվում, որ Տիեզերքի հետազոտությունը արդեն ոչ հեռու ապագայում կհանգեցնի ֆիզիկական իմացության ամբողջ համակարգի նոր հեղափոխության:
Մենք պետք է հաշվի նստենք նյութական աշխարհի ավելի ու ավելի նոր տիրությների ուսումնասիրմանը զուգընթաց` ֆիզիկական հիմնարար տեսությունների վերանայման հնարավորության (եւ անհրաժեշտության) հետ: Դա բնավ չի բացառում այն, որ երբեք հնարավոր չի լինի իսպառ օգտագործել արդեն գոյություն ունեցող «հին» տեսությունների հնարավորությունները. դրանց մեջ դեռ կան բազմաթիվ տարբեր «անակնկալներ»: Այդուհանդերձ, ֆիզիկայի եւ աստղագիտության հետագա զարգացումը, այդ տեսանկյունից, պետք է կապված լինի ավելի ու ավելի մեծ ընդհանրականությամբ հիմնարար տեսությունների ձեւակերպումով: Այլ կերպ ասած` աշխարհի միասնականության սկզբունքը հարկ է հասկանալ դիալեկտիկորեն: Դա նյութական աշխարհի անվերջ բազմազանության հետ կապված միասնականություն է : Անբավարար է պատկերացումն այն մասին, թե երեւույթների անվերջ բազմազանությունը, որ աստղաֆիզիկան ուսումնասիրում է ներկայումս կամ կկարողանա ուսումնասիրել ապագայում, հնարավոր պիտի լինի նկարագրել սահմանափակ քանակով ֆիզիկական հիմնարար օրենքների եւ տեսությունների միջոցով: Ավելի արդյունավետ պետք է համարել բնության բազմազանության գաղափարը նաեւ օրենքների մակարդակի վրա:
Վ. Համբարձումյանը ծնվել է հայկական ընտանիքում Թիֆլիսում 1908 թ. սեպտեմբերի 5(18), ին։ Հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը, եղել է բանասեր, բանաստեղծ 1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի Մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը և մեկ տարի անց տեղափոխվել Լենինգրադի Պետական համալսարան։ 1930 թ ամուսնացել է Վերա Ֆյոդորովնա Համբարձումյանի հետ (ծնյալ՝ Կլոչիխինա, ծնունդով՝ Պերմի նահանգի Սոլիկամսկի գավառի Լիսվա գյուղից)։ 1934 թ Լենինգրադի Համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Վ. Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1934 – 1941 թթ Վ. Համբարձումյանը եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրենը։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբում Վ. Համբարձումյանը զբաղեցնում էր Լենինգրադի Համալսարանի գիտական պրոռեկտորի պաշտոնը։ Պատերազմի ամենասկզբում Համալսարանի գիտական աշխատանոցները տարհանվում են ռազմաճակատից հեռու` Թաթարստանի Ելաբուգա քաղաքը, ուր Համբարձումյանը անց է կացնում չորս տարի՝ ղեկավարելով Համալսարանի գիտական մասնաճյուղը։ Պատերազմի ամենածանր փուլում՝ 1943-ին, հիմնադրվում է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիան։ Հավանաբար դա արվել էր իբրև շնորհակալություն Հայաստանին՝ պատերազմի տարիներին ցուցաբերած հավատարմության համար։ Հ. Ա. Օրբելին դառնում է Ակադեմիայի նախագահ, իսկ Վ. Համբարձումյանն ընտրվում է փոխնախագահ։ 1947 թ Վ. Համբարձումյանն ընտրվում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվում է այդ պաշտոնում մինչև 1993 թ, որից հետո դառնում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։ 1946 թ Համբարձումյանը հիմնադրում է Բյուրականի աստղադիտարանը, որի անփոփոխ տնօրենն է լինում մինչև 1988 թ։ 1961 – 1964 թթ Վ. Համբարձումյանը եղել է Միջազգային Աստղագիտական Միության նախագահ։ Երկու անգամ (1968 – 1970 և 1970 – 1972 թթ) ընտրվել է Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ։ Վ. Հ. Համբարձումյանը վախճանվել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը։
Գիտական գործունեության հիմանական ուղղությունները
- Աստղերի թաղանթների և գազային միգամածությունների ֆիզիկա
1932 թ Թագավորական Աստղագիտական ընկերության «Monthly Notices» հանդեսը հրապարակեց Վ. Համբարձումյանի «On the radiative equilibrium of a planetary nebula» հոդվածը, որն այժմ համարվում է գազային միգամածությունների ժամանակակից տեսության անկյունաքարը։ Այդ խնդրին է նվիրված Համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք, որոնցում ստեղծված է աստղերի գազային թաղանթների և գազային միգամածությունների տեսության հենքը և բացատրված են դրանց սպեկտրերի մի շարք առանձնահատկություններ։ Նրա մշակած եղանակները կիրառվել են անկայուն աստղերի գազային թաղանթների հետազոտման համար։ Այդ աշխատություններից մեկում (Ն. Ա. Կոզիրևի հետ համատեղ) հաջողվել է առաջին անգամ գնահատել նոր աստղերի արտանետած գազային թաղանթների զանգվածները։ Այդ զանգվածների գնահատականը շատ էական դեր ունեցավ աստղերի զարգացման խնդիրները դիտարկելիս։ Մասնավորապես, այն հնարավորություն ընձեռեց հայտնաբերել աստղային անկայունության ամենաաննշան դրսևորումները։
- Աստղային համակարգերի դինամիկա և վիճակագրական մեխանիկա
Կիրառելով վիճակագրական մեխանիկայի ինքնատիպ եղանակներ` Վ. Համբարձումյանը ստացել է կարևոր արդյունքներ, որոնց մեջ հատկապես նշանակալի են հետևյալները։ 1936 թվականին Վ. Համբարձումյանը նրբագեղ լուծում տվեց անգլիացի նշանավոր աստղագետ Արթուր Էդինգտոնի առաջադրած մաթեմատիկական խնդրին՝ գտնել աստղակույտի աստղերի տարածական արագությունների բաշխումը՝ ունենալով դրանց տեսագծային արագությունների բաշխումը։ Այդ խնդրի լուծումը տպագրվեց «Monthly Notices» հանդեսում հենց Ա. Էդինգտոնի ներկայացմամբ։ Տասնամյակներ անց այդ նույն խնդիրը վերստին ի հայտ եկավ՝ բժշկական համակարգչային ախտորոշման կապակցությամբ։ Ի վերջո (1979 թ), այդ մաթեմատիկական խնդրի լուծումը նշանավորվեց բժշկության բնագավառի Նոբելյան մրցանակով «Համակարգչային տոմոգրաֆիայի մշակման համար»։ Աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի եղանակները Վ. Համբարձումյանին հնարավորություն տվեցին գնահատել աստղային համակարգերի տարիքները։ Մասնավորապես, 1935 – 1937 թթ Համբարձումյանը գիտական բանավեճ ունեցավ անգլիացի նշանավոր գիտնական Ջեյմս Ջինսի հետ՝ մեր աստղային համակարգի՝ Գալակտիկայի տարիքի առիթով և ապացուցեց, որ մեր Գալակտիկան առնվազն 1000 անգամ երիտասարդ է համընդհանուր ընդունելություն ունեցող՝ Ջ. Ջինսի տված գնահատականից։ Աստղային համակարգերի դինամիկայի և վիճակագրության վերաբերյալ Վ. Համբարձումյանի աշխատություններն ընկած են աստղային համակարգերի արդի վիճակագրական մեխանիկայի հիմքում։ 1995 թվականին՝ իրենց սկզբնավորումից 50 տարի անց, այդ հետազոտությունները պսակվեցին Ռուսաստանի Դաշնության Պետական Մրցանակով՝ գիտնականի մահից մեկ տարի առաջ։
- Միջաստղային նյութի բնույթը և ելևէջումների (ֆլուկտուացիաների) տեսությունը
Վ. Համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք նվիրված է Գալակտիկայում միջաստղային նյութի հետազոտությանը։ Վ. Համբարձումյանը ստացավ սզբունքորեն նոր արդյունք, համաձայն որի, Գալակտիկայում կլանող նյութն ունի պատառաձև բաշխում և լույսի կլանման պատճառը միջաստղային տարածության մեջ բազմաթիվ գազափոշային ամպերի առկայությունն է։ Միջաստղային ամպերի ամբողջության հետազոտման հզոր միջոց եղավ ելևէջումների (ֆլուկտուացիաների) տեսությունը, որ նոր ուղիներ բացեց աստղագիտության մեջ։
- Պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Վ. Համբարձումյանը ստեղծեց պղտոր միջավայրում լույսի ցրման նոր տեսություն, որ հիմնված էր իր առաջարկած՝ ինվարիանտության սկզբունքի վրա։ Կիրառելով այդ նրբագեղ մաթեմատիկական հնարքը` Համբարձումյանը լուծեց լույսի ցրման ոչգծային խնդիրների մի ամբողջ շարք։ Ինվարիանտության սկզբունքը ներկայումս լայնորեն կիրառվում է մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ ճյուղերում։ R.E.Bellman, R.E.Kalaba and M.C.Prestrud-ը իրենց «Ինվարիանտ համադրում. ճառագայթային տեղափոխումը վերջավոր լայնության շերտերում» գրքում գրում են. «Այդ նորարարական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձան վերլուծական մոտեցումներ և պարզ թվային լուծումներ։ Հետագայում այդ գաղափարները զարգացվեցին և ընդհանրացվեցին Չանդրասեկհարի կողմից՝ վերջինիս հիմնարար հոդվածների շարքի և 1950 թ գրքի մեջ... Լուծվեցին բազմաթիվ խնդիրներ, որ չէին լուծվում այլ եղանակներով, և կատարվեց մեծ առաջընթաց» (American Elsevier Publishing Co., 1963, p1.)։ 1946 թ պղտոր միջավայրում լույսի ցրման տեսութունն ստեղծելու համար Վ. Համբարձումյանը պարգևատրվեց առաջին Ստալինյան Մրցանակով։
- Աստղասփյուռներ և աստղերի էվոլյուցիան
Գալակտիկայում աստղային համակարգերին վերաբերող դիտողական նյութի տեսական վերլուծության միջոցով Վ. Համբարձումյանը հայտնաբերեց նոր տիպի աստղային համակարգեր։ Դրական էներգիայով այդ լայնացող համակարգերը նա անվանեց «աստղասփյուռներ» և ապացուցեց դրանց «երիտասարդ» լինելը։ Դա հեղաշրջում էր աստղեր տիեզերաբանության մեջ, քանի որ այստեղից հետևում էր, որ աստղառաջացման գործընթացը Գալակտիկայում շարունակվում է նաև ներկայումս, և աստղերը առաջանում են խմբերով։ Աստղասփյուռների հայտնաբերման և հետազոտության համար 1950 թ Վ. Համբարձումյանը պարգևատրվեց երկրորդ Ստալինյան Մրցանակով։
- Երիտասարդ աստղերի ֆիզիկա և աստղերի էներգիայի աղբյուրները
Շատ ուշագրավ են երիտասարդ T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի սպեկտրերում դիտվող այսպես կոչված «անընդհատ առաքման»ը վերաբերող՝ Համբարձումյանի հետազոտությունները։ Այդ հետազոտությունները հանգեցրին աստղերի էներգիայի աղբյուրների բնույթի վերաբերյալ կարևոր եզրակացությունների։ Վ. Համբարձումյանը առաջարկեց նախաստղային նյութի նոր հայեցակարգ։ Դասական վարկածը ենթադրում է, որ աստղերը առաջանում են ցրված նյութի խտացման միջոցով։ Նոր վարկածը, նախորդին հակառակ, ընդունում է անհայտ բնույթի զանգվածեղ մարմինների՝ նախաստղերի գոյությունը։ Նախաստղերի պայթյուններով տրոհման գործընթացը հանգեցնում է աստղերի առաջացմանը աստղասփյուռներում։
- Արտագալակտիկական աստղագիտություն
Վ. Համբարձումյանի աշխատությունների մի մեծ շարք նվիրված է մեր Գալակտիկայի նման հսկայական աստղային համակարգերի՝ գալակտիկաների էվոլյուցիայի խնդիրներին։ Ի մասնավորի՝ հարկ է նշել գալակտիկաների կորիզների (կենտրոնական խտացումների) ակտիվության մասին նոր հայեցակարգը։ Ըստ այս հայեցակարգի գալակտիկաների կորիզները վճռորոշ դեր են կատարում գալակտիկաների և դրանց համակարգերի ծագման և էվոլյուցիայի մեջ։ Այս հետազոտությունների շնորհիվ արտագալակտիկական աստղագիտության գլխավոր խնդիրը դարձավ գալակտիկաներում դիտվող ահռելի չափերի անկայունության երևույթների ուսումնասիրությունը։ Այս շարքին են հարում և Վ. Համբարձումյանի և իր աշակերտների կարևոր հետազոտությունները՝ նվիրված հսկա գալակտիկաների կորիզներից կապույտ արտանետումների, նոր տիպի գալակտիկական համակարգերի՝ այսպես կոչված՝ կոմպակտ գալակտիկաների կոմպակտ խմբերի հայտնաբերմանն ու ուսումնասիրությանը։ Գալակտիկաների կորիզների պայթյունների մասին 1958 թ Վ. Համբարձումյանի առաջին Սոլվեյյան դասախոսությունը ահռելի ազդեցություն ունեցավ։ Այդ դասախոսությունը և դրա հետևանքները նկարագրված են Ջերսի Նոյմանի «Հիշողություններ տիեզերաբանության մեջ հետղափոխական շրջափուլի մասին» հոդվածում (Problems of Physics and Evolution of the Universe, Publishing House of the Armenian Academy of Sciences, Yerevan, 1978, pp. 243–250)։ Ինչպես հիշում է Ջ. Նոյմանը, հակառակ սկզբնական թերահավատությանը, «Համբարձումյանի փաստարկները և համակողմանի ապացույցները ներկա գտնվող գիտնականներին ստիպեցին մտմտալ, որին հետևեց միջազգային բազմաբնույթ մեծ գործունեությունը...»։ Նոյմանը եզրակացնում է. «Այժմ Համբարձումյանի վարկածի օգտին եղած տվյալները շշմեցնում են։ Սրտագին շնորհավորանքս պրոֆեսոր Համբարձումյանին՝ Կոպեռնիկոսյան Հեղափոխականին»։
Հետաքրքիր տվյալներ
Քաղվածք Նոբելյան դափնեկիր Ա. Կորմակի «Computed tomography: some history and recent developments» (Proc. of Symposia in Applied Mathematics, Vol 29, p 35, 1985) հոդվածից. «...Ռադոնի խնդիրը արագությունների եռաչափ տարածության մեջ... Համբարձումյանը տվեց դրա լուծումները երկու և երեք չափումների համար այն ձեով, ինչ և Ռադոնը։ Ավելին, նա վերցրեց երեք սպեկտրային դասերի աստղերի խմբեր՝ յուրաքանչյուրում 400 – 500-ական աստղով և օգտագործեց իր տեսական արդյունքները՝ տեսագծային արագությունների բաշխումից արագությունների բաշխումը ստանալու համար։ ... Դա Ռադոնի ձևափոխության առաջին թվային հակադարձումն է, և դա հերքում է տարածված պատկերացումը այն մասին, թե իբր համակարգչային տոմոգրաֆիան անհնար է առանց համակարգչի։ Այդ հաշվարկի մանրամասները բերված են Համբարձումյանի հոդվածում, և դրանք հանգեցնում են այն մտքին, որ մինչև իսկ 1936 թվականին համակարգչային տոմոգրաֆիան ի զորու պիտի լիներ օժանդակել, ասենք, ուղեղի ուռուցքների ախտորոշմանը... Շատ հնարավոր է թվում, որ Համբարձումյանի թվային եղանակները պիտի կարողանային մեծապես օժանդակել բժշկությանը, եթե դրանք կիրառվեին 1936 թվականին»։
Մանկավարժական գործունեություն
Համբարձումյանը գիտական աշխատանքը զուգակցել է աշխույժ մանկավարժական գործունեության հետ։ Նա հեղինակն է Տեսական աստղաֆիզիկա առարկայի՝ ԽՍՀՄում առաջին դասագրքի (1939) և հեղինակակիցն է «Տեսական աստղաֆիզիկայի» դասընթացի (1952) , որ թարգմանված է բազմաթիվ լեզուների։ 1931-ից դասախոսություններ է կարդացել Լենինգրադի Համալսարանում։ 1934-ին Լենինգրադի Համալսարանում հիմնել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիղիկայի ամբիոնը, որ ղեկավարել է մինչև 1947 թ.։ 1939 – 1941 թթ. եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրենը, իսկ 1940-ից՝ նույն համալսարանի գիտական պրոռեկտորը։ 1941 – 1943-ը եղել է Լենինգրադի Համալսարանի տարհանված գիտական մասնաճյուղի վարիչը Ելաբուգայում։ 1944-ին աստղաֆիզիկայի ամբիոն է հիմնում Երևանի Համալսարանում։ Վ. Հ. Համբարձումյանը գիտական դպրոցներ է հիմնել Լենինգրադում և Բյուրականում, որոնք զգալի հետք են թողել աստղագիտության տարբեր ճյուղերի զարգացման վրա։ Վ. Համբարձումյանը նաև գիտության ժողովրդականացման-տարածման ջատագով է, հեղինակ է աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի։
Գիտա-կազմակերպչական գործունեություն
Վ. Համբարձումյանը եղել է գիտության երևելի կազմակերպիչ Հայաստանում, Ռուսաստանում և միջազգային ասպարեզում։ Նա եղել է Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն ու տնօրենը, Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի փոխնախագահն ու նախագահը, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի նախագահության անդամ, Միջազգային Աստղագիտական Միության փոխնախագահ (1948 – 1955) և նախագահ (1961 - 1964), ապա երկու անգամ ընտրվել է Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ (1968 – 1970, 1970 – 1972)։
Հասարակական-քաղաքական գործունեություն
1940 թ. Վ. Համբարձումյանը դարձել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության (ԽՄԿԿ) անդամ։ 1947-ին ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Նա ընտրվել է 1950 – 1990 թթ. բոլոր գումարումների ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Վ. Համբարձումյանը եղել է ԽՄԿԿ 19, 22 – 25-րդ համագումարների պատգամավոր։ 1989-ին ընտրվել է ԽՍՀՄ Ժողովրդական Պատգամավորների Համագումարի պատգամավոր։ 1948 – 1989 թթ. Վ. Համբարձումյանը Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է եղել և եղել է Հայաստանում գիտության պետական հովանավորության քաղաքականության պատասխանատուն։
Պարգևներ և կոչումներ
Վ. Հ. Համբարձումյանին շնորհվել են երկու Ստալինյան մրցանակ, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և ԽՍՀՄ ԳԱ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ, Վ. Հ. Համբարձումյանը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական Աշխատանքի Հերոսի կոչման, պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։ Վ. Հ. Համբարձումյանն արժանացել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչման և պարգևատրվել Հայրենիքի շքանշանով։ Վ. Հ. Համբարձումյանն ընտրվել է մի շարք ակադեմիաների արտասահմանյան կամ պատվավոր անդամ. ԱՄՆ, Ավստրիայի, Ադրբեջանի, Բելգիայի, Բուլղարիայի, ԳԴՀ, Դանիայի, Իտալիայի, Լոնդոնի Թագավորական Ընկերության, Նիդերլանդների, Շվեդիայի, Վրաստանի, Ֆրանսիայի, Բոստոնի Արվեստների և Գիտությունների Ամերիկյան Ակադեմիայի, Նյու Յորքի Գիտությունների Ակադեմիայի, Հալեի Բնագետների Գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի, Անգլիայի և Կանադայի Թագավորական աստղագիտական ընկերությունների, Ամերիկյան աստղագիտական ընկերության, Քեմբրիջի փիլիսոփայական ընկերության։ Եղել է Լիեժի, Ավստրալիայի ազգային, Լա Պլատայի, Փարիզի, Պրահայի, Ն. Կոպեռնիկոսի անվան Տորունի համալսարանների պատվավոր դոկտոր։ Վ. Համբարձումյանն արժանացել է Խաղաղօվկիանոսյան և Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերությունների Ոսկե մեդալներին, Սլովակյան Գիտությունների Ակադեմիայի ոսկե մեդալին, Ֆրանսիական աստղագիտական ընկերության Ժանսենի անվան ոսկե մեդալին, Բեռլինի Գերմանական Գիտությունների Ակադեմիայի Հելմհոլցի անվան ոսկե մեդալին։ Վ. Հ. Համբարձումյանի անվամբ է կոչված թիվ 1905 փոքր մոլորակը (Ambartsumian), որ հայտնաբերել է Տ. Մ. Սմիռնովան` Ղրիմի աստղադիտարանում 1972 թ. մայիսի 14-ին։
Մատենագրություն
В. А. Амбарцумян Научные труды. [В трех томах]. Под редакцией В.В.Соболева. Издательство АН Армянской ССР. Т.1 и Т 2-1960г., Т.3-1988г. Ambartsumian, V.A. A life in astrophysics: selected papers of Viktor Ambartsumian. 1998 Allerton Press, Inc. В. А. Амбарцумян Философские вопросы науки о вселенной. Сборник докладов, выступлений и статей. Издательство АН Армянской ССР. 1973г. В. А. Амбарцумян Эпизоды жизни. Издательство "Гитутюн" НАН РА. 2001г. Վ. Հ. Համբարձումյան, Կյանքի դրվագներ, ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 2002: |