ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԽԱՐԱՆԸ
«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հավերժ մնալու է որպես Հայոց պետականության գլխին կախված ամոթալի խարան, ինչը կարելի կլինի որոշ չափով մեղմել միայն գործի լիակատար բացահայտման դեպքում»։
Հոկտեմբերի 27-ի աշխարհը ցնցած ոճրագործության դատավարությամբ՝ - Մի քանի ստահակներ ստացան ցմահ բանտարկություն։
- Կազմակերպիչների գործը փակվեց, իբր, այդպիսիք չլինելու պատճառով։
Բայց իրենց «վճիռը» կայացրին նաեւ զոհերի հարազատները եւ փաստաբանները, ովքեր դատարանի դահլիճից հեռանալիս հայտարարեցին. «Հոկտեմբերի 27-ի գործը չի բացահայտվի այս իշխանության օրոք»։ Եւ դա նաեւ ամբողջ ժողովրդի վճիռն էր ու համոզմունքը։ Համաժողովրդական այս վճիռ-համոզմունքը հենված էր հետեւյալ հիմքերի ու փաստերի վրա.
1. Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ծանրակշիռ շարժառիթներ ունեին Վազգեն Սարգսյանից ու Կարեն Դեմիրճյանից ազատվելու համար
- 1998թ. նախապես պայմանավորվելով, որ իրենցից ոչ մեկը չի առաջադրվելու Նախագահի պաշտոնում, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը եւ Ռ. Քոչարյանը խախտեցին պայմանավորվածությունը։ Նրանց միացան նաեւ Սամվել Բաբայանը եւ Արկադի Ղուկասյանը՝ Վ. Սարգսյանին կանգնեցնելով փաստի առաջ։ Ռ. Քոչարյանը, խախտելով Սահմանադրությունը, առաջադրվեց Նախագահի թեկնածու։
- Արդեն որոշակի անվստահություն ունենալով Քոչարյանի նկատմամբ՝ Վ. Սարգսյանը շարունակեց իր ազդեցության տակ պահել խորհրդարանական մեծամասնությունը։ Ապա նա դաշնակցեց Կարեն Դեմիրճյանի հետ, 1999-ին նոր, ավելի հզոր մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում, ինքը դարձավ վարչապետ, Կարեն Դեմիրճյանը՝ Աժ նախագահ։
- Ինքնասիրահարված Քոչարյանը հայտնվեց «անգլիական թագուհու» կարգավիճակում՝ առանց փաստական իշխանության (Սահմանադրությունը նման վիճակ նախատեսում էր)։ Անսահման վիրավորված՝ նա ինքն էլ իրեն անվանում էր «դիտորդ»։
- Վիրավորված էր նաեւ Սերժ Սարգսյանը։ Նրա գլխավորած ՆԳ եւ ԱԱ միացյալ նախարարությունը Վ. Սարգսյանը բաժանել Էր երկու մասի՝ նրան թողնելով միայն ԱԱ նախարարությունը։ Դրանով էականորեն կրճատվել Էր Սերժ Սարգսյանի իշխանությունը եւ սահմանափակվել էին նրա ազդեցության ոլորտները։
- Վ. Սարգսյանը եւ Կ. Դեմիրճյանը վերջին խոսքերով կոպտել Էին Ռ. Քոչարյանին եւ դուռը խփել նրա երեսին, երբ Քոչարյանը նրանց հրավիրել Էր քննարկելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում Մեղրին Լաչինի հետ փոխանակելու իր ծրագիրը։
- Վերջնականապես համոզվելով, որ իրեն խաբել են, զայրացած Վ. Սարգսյանը 1999 թ. ամռան վերջին անզգուշություն էր ունեցել տարբեր միջավայրերում խոսել այն մասին, որ պետք Է հեռացնել Քոչարյանին եւ Նախագահ ընտրել Կ. Դեմիրճյանին։ Այդ լուրերը հասել էին Ռ. Քոչարյանին։
Հիշենք, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կազմակերպվել էր այնպես, որ հնարավոր լիներ Վ. Սարգսյանին եւ Կ. Դեմիրճյանին վերացնել միաժամանակ։
2. Քոչարյանի առաջին տարօրինակ գործողությունները
- Քոչարյանը հոկտեմբերի 27-ին անմիջապես Մոսկվայից հրավիրեց «Ալֆա» ջոկատը՝ ահաբեկիչներին ոչնչացնելու համար, ինչից հետո անհնար կլիներ պարզել կազմակերպիչների հարցը։ Դա լավ հասկացավ բանակի ղեկավարությունը եւ թույլ չտվեց այդ ջոկատին գործել։
- Ոճրագործների պարագլուխը առերեսում պահանջեց իր, Քոչարյանի եւ վերջինիս աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հետ։ Ալեքսան Հարությունյանը Հունանյանի մտերիմ ընկերն էր։ Քոչարյանը ստիպված էր գնալ այդ առերեսմանը, մեկ ժամ զրուցել Հունանյանի հետ, կատարել նրա պայմանները։
- Նույն Ալեքսան Հարությունյանը հաջորդ օրը հարբած ու ծայրահեղ հուսահատ գնաց Պաշտպանության նախարարություն, որտեղ արդեն հռնդում էին տանկերը, բոլորի ներկայությամբ հայհոյեց Ռ. Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին որպես կատարվածի համար պատասխանատուներ ու խնդրեց. «Ինձ հետ ինչ ուզում եք արեք, երեխաներիս ձեռք չտաք»։ Այսինքն՝ նա համոզված Էր, որ ամեն ինչ բացվելու Է։
- Առաջիններից մեկը Քոչարյանը հայտարարեց, որ կատարվածը բացահայտելու խնդիր գոյություն չունի, այն ընդամենը մի «ուչաստկովիի գործ է»։ Այսինքն դրանով հրահանգեց, որ կազմակերպիչներ չփնտրվեն։ Նրան միացան նաեւ ուրիշները, օրինակ Վազգեն Սանուկյանը Հունանյանի բանդային կոչեց «ռոմանտիկներ»։ Մինչդեռ նմանօրինակ դեպքերում առաջին հերթին փնտրվում են հենց կազմակերպիչները։
- Որեւէ պատասխանատու պետական պաշտոնյա Ռ. Քոչարյանի կողմից հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար չպատժվեց։ Ընդհակառակը՝ Քոչարյանը նրանց վերցրեց իր պաշտպանության տակ։ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց միայն «Արդարություն» դաշինքի կտրուկ ճնշման տակ, բայց անմիջապես էլ նշանակվեց Նախագահի աշխատակազմի ղեկավար։
3. Ոճրագործի ով լինելը
Ն. Հունանյանը ԱԱ գործակալ էր։ Նա սերտ կապեր է ունեցել նախարարության սպայական անձնակազմի հետ։ Մեկ այլ ԱԱ գործակալ՝ Հանրային հեռուստատեսության աշխատակից, Հու– նանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը նրա խորհրդատուն էր ոճրագործության ամբողջ ընթացքում։ Հանձնվելուց առաջ Ն. Հունանյանը մեկ հիմնական պայման էր դրել, որ իրենց պահեն ԱԱ նախարարության մեկուսարանում։ Սերժ Սարգսյանին երեք տարբեր աղբյուրներ նախօրոք տեղյակ էին պահել Հունանյանի ծրագրերի մասին, ինչին նա որեւէ ընթացք չէր տվել։
4. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի ապօրինի ճնշումները եւ ոճրագործներին պաշտպանելը
- Հետաքննության մարմինը (զինվորական դատախազությունը) 2000թ. գարնանը մի քանի անգամ բողոքեց իր վրա գործադրված ճնշումների դեմ։ Այդ ճնշումների դեմ բողոքեց նաեւ Հանրապետական կուսակցությունը։ Զինդատախազության վրա կարող էր ճնշում գործադրել միայն երկրի նախագահը եւ նրա աշխատակազմի ղեկավարը, որ արդեն Սերժ Սարգսյանն էր։
- Զինդատախազը հայտարարեց, որ ոճրագործությունը կազմակերպիչներ է ունեցել եւ ակնարկեց Հունանյանի կապը Սերժ Սարգսյանի ղեկավարած Ազգային անվտանգության հետ։ Քոչարյանը, խախտելով օրենքը եւ գերազանցելով իր լիազորությունները, զինդատախազին արգելեց մասնակցել Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ի գործով կազմակերպված լսումներին՝ վախենալով, որ նա կարող է ավելին ասել։
- Իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը բացահայտ պաշտպանության տակ առան մարդասպաններին ու նրանց մեղսակիցներին։ Միաժամանակ, նույն լրատվամիջոցներով նրանք սկսեցին անխնա վարկաբեկել զոհերին, մասնավորապես Վ. Սարգսյանին եւ Կ. Դեմիրճյանին։
- Քոչարյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովը համաներման օրենք ընդունեց։ Կոպտորեն խախտելով օրենքը՝ Քոչարյանի հրահանգով համաներումը կիրառվեց 27-ի գործով 6 կարեւոր մեղադրյալների նկատմամբ, եւ նրանք ազատ արձակվեցին։
- Քոչարյանը պաշտոնապես հայտարարեց, որ ոճրագործները չեն գնդակահարվի։ Իր այդ խոստումը նա 2003թ. փորձեց ամրագրել Սահմանադրությամբ։
5. Ապացույցներ կեղծելը եւ կարեւոր վկաներին չեզոքացնելը
- Վազգեն Սարգսյանի փաստաբանի պահանջով Մոսկվայում կատարված փորձաքննությունը ցույց տվեց, որ մոնտաժվել, կեղծվել է հոկտեմբերի 27-ի տեսաժապավենը։
- Նույն կերպ մոնտաժվել, կեղծվել էր ահաբեկչության ժամանակ կատարված ռադիոձայնագրությունը։
- Անհետ կորավ մեկ այլ տեսաժապավեն, որն ամփոփում էր միջանցքում կատարված անցուդարձը, մասնավորապես Ռ. Միրոյանի սպանության նկարահանված կադրերը։
- Ասպարեզում չհայտնվեց այն տեսաժապավենը, որտեղ պատկերված է Ալեքսան Հարությունյանի այցը Պաշտպանության նախարարություն եւ նրա ինքնախոստովանությունը։
- Բանտում սպանվեց ոճրագործների հանցակից, նրանց համար զենք ձեռք բերած, մեղադրյալ Ն. Եղիազարյանը։
- Երկրից դուրս բերվեցին եւ հեռավոր երկրներ ապրելու ուղարկվեցին հոկտեմբերի 27-ի գործով կասկածյալներ ու կարեւոր վկաներ։ Նրանցից մեկը որոշ ժամանակ անց արտասահմանում սպանվեց։
- Ո՛չ քննչական մարմինները, ո՛չ էլ դատարանը այդպես էլ չստացան Ն. Հունանյանի եւ Ռ. Քոչարյանի մեկժամյա զրույցի ձայնագրությունը։
- Չնայած բազմաթիվ պահանջներին, ԱԱ նախարարությունը դատարան չներկայացրեց նաեւ Ն. Հունանյանի՝ իր մոտ պահվող անձնական գործը։
* * *
Անցել է բավականին ժամանակ։ Բոլորին թվում էր, թե այլեւս այս գործին անդրադարձ չի լինի, որ ողջ ժողովուրդը կուլ տվեց ու մարսեց այս անմարսելի ոսկորը։ Բայց դա խրված է մեր բոլորի կոկորդում։ Դրա հետեւանքով է առաջին հերթին, որ Հայաստանում ամենուրեք հաստատվել ու թանձրացել է մարդու արժանապատվությունը վիրավորող վախի մթնոլորտը։ Դրա հետեւանքով է, վերջին հաշվով, որ չի դադարում արտագաղթը։ Միակ թեկնածուն, որ համարձակվեց հոկտեմբերի 27-ի հարցը կրկին բարձրացնել ու դրա բացահայտումը 2008 թվականի նախագահական ընտրություններում իր նախընտրական ծրագրի մաս դարձնել, Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Հենց դա է պատճառը, որ վարչախմբի ահաբեկված պարագլուխները՝ մեկ անգամ եւս մատնելով իրենց, ոչ մի միջոցից չեն խորշում եւ նրա դեմ կատաղի հակաքարոզչություն են ծավալել նույնիսկ այս ընտրությունների ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանն չի առաջադրել իր թեկնածությունը։ Բազմափորձ քաղաքական ու պետական գործիչը, սակայն, շատ լավ է հասկանում, որ Հոկտեմբերի 27-ը միայն խարան չէ մեր ժողովրդի ու երկրի ճակատին, այլ հյուծիչ մի խոց, որ կարող է վերջնական կործանման հասցնել ցանկացած օրգանիզմ։
***
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է շուրջ 14 տարի, եւ այսքան ժամանակ անց էլ լինում են անակնկալ խոստովանություններ ու ինքնաբացահայտումներ։ Առայժմ դրանց հեղինակը ոչ այլ ոք է, քան նույն Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը։ ՊԱԶ-ի նախկին վարորդ, այսօր հարյուրավոր միլիոնների տեր այս մարդուն ծովը արդեն ծնկներից է թվում։ Նա բազմաթիվ մարդկանց ներկայությամբ հոխորտացել էր. «Մենք էդքան մարդկանց պառլամենտում պառկցրինք ոչ թե նրա համար, որ էսօր վլաստը էդպես հեշտ ու հանգիստ տանք ուրիշներին։ Պետք լինի էդքան էլ կպառկցնենք» (տես «Հայկական ժամանակ», 27.12.2007)»: Դրանից հետո ՍԵրժը եղբոր վրա զայրացել ու դաստիարակել էր. «Դու հո էշ չես...», եւ արտաքսել էր ԱՄՆ, որ հեռու լինի, նոր բաներ դուրս չտա եւ չխանգարի իր ընտրարշավին։ Բայց Սաշիկին այստեղ էլ հարցրել են, թե նա իրո՞ք նման բան է ասել։ «Դաստիարակված» Սաշիկը այս անգամ պատասխանել է. «Ես հո էշ չե՞մ, որ տենց բան ասեմ։ Ինչի՞ պտի Ռոբի արածը մեր վրա վերցնենք»: Սաշիկի այս երկու արժեքավոր վկայությունները միմյանց գումարելով ստանում ենք «ովքեր են կանգնած եղել հոկտեմբերի 27-ի ոճրագործության թիկունքում» հարցի տրամաբանական պատասխանը։ Իսկ իրավական պատասխանը կտա անկողմնակալ դատաքննությունը, որն անպայման տեղի կունենա ավազակապետության տապալումից հետո։
***
Քարոզարշավի ընթացքում նախագահի ոչ մի թեկնածու բառ անգամ չի արտասանել «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտելու անհրաժեշտության մասին և դեռ նեղացողներ կան, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոյանի առաջնորդած Հայ Ազգային Կոնգրեսը ոչ միայն չի մանակցում թատերականացված ներկայացմանը, այլև չի սատարում ոչ մի թեկնածուի։
Սույն տեղեկանքի բոլոր փաստերն ստուգված են եւ հրապարակված մամուլում
Ի ԴԵՊ
Նկարի ձախ կողմում «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Դերենիկ Բեջանյանն է։ Նրանից աջ` առաջին պլանում «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին է։ Վերջինիս կողքին` 2008-ի փետրվարին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց բողոքի ցույցեր կազմակերպող Արտյոմ Խաչատրյանն է, ով հանրությանը հայտնի է «Շիզոլինի» մականվամբ։ Նկարի աջ կողմում` հետին պլանում նստածը «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանն է։ Նկարի կենտրոնական մասում` հետին պլանում նստած ճաղատ գլխով մարդու ինքնությունն անհայտ է, քանի որ դեմքը հստակ չի երեւում։ Բերված նկարը, ամենայն հավանականությամբ, արվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալների խցում։ Նկարը մոտ 2 ամիս առաջ է տեղադրվել ինտերնետում։ ՀՀ օրենսդրությունը խմբակային տեսակցություն չի նախատեսում, այն էլ` դատապարտյալների խցում։ Բացի այդ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ով է ապահովում Հոկտեմբերի 27-ի ոճրագործների բարեկեցությունը։
«Հայկական Ժամանակ» - Նոյեմբեր 26, 2009
|