ՏԱՊԱԿԱԾ ՄԻՍԸ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԽԱՎԱՐՏՈՎ
0,5 կգ տավարի կամ խոզի փափուկ միսը լվանալ, կտրտել կոտլետի տեսքով, յուրաքանչյուր կտորը թակիչով ծեծել, վրան ցանել աղ, պղպեղ, թաթախել հարած ձվի մեջ, այնհուտեև աղացած պաքսիմատի և յուղով երկու կողմից տապակել, որից հետո դասավորել սկուտեղի մեջ, վրան յուղ լցնել, յուրաքանչյուր կտորի վրա մի շերտ կիտրոն դնել, լցնել մանր կտրտած կարոս կամ սամիթ, իսկ մսի շուրջը լցնել տապակած կարտոֆիլ և առանձին ամանով՝ բուսական յուղով պատրաստած բանջարեղենի ցանկացած սալաթ:
ՏԱՊԱԿԱԾ ՄՍՈՎ ԳՆԴԻԿՆԵՐ՝ ԿԻՏՐՈՆԻ ՍՈՈՒՍՈՎ
0,5 կգ տավարի աղացած միս, 1 սուրճի բաժակ բրինձ, 1 գլուխ մանր կտրտած միջին չափի սոխ, կտրտած կարոս, 2 ձու, աղ, պղպեղ, 0,5 թեյի բաժակ բուսական յուղ:
Բոլոր մթերքը լցնել մեծ թասի մեջ, բացի ձեթից, լավ խառնել, ապա պատրաստել ընկույզից մեծ գնդիկներ, դասավորել կաթսայում, վրան լցնել 1 թեյի բաժակ ջուր, բուսական յուղ, դնել կրակին: Երբ սկսի եռալ, կրակը թուլացնել և սպասել, մինչև գնդիկները տապակվեն, որից հետո վրան լցնել ձվով պատրաստած կիտրոնի սոուս, որը պետք է պատրաստել հետևյալ կերպ.
1 կիտրոնի հյութին խառնել մի քիչ ալյուր, 1-2 սուրճի բաժակ մսի արգանակ, 2 հատ լավ հարած ձու, թողնել 2-5 րոպե եռա:
Մատուցել տաք վիճակում:
ՏԱՊԱԿԱԾ ՄՍՈՎ ԼՈԼԻԿ ԵՎ ԿԱՆԱՉ ՊՂՊԵՂ
6-7 հատ միջին մեծության լոլիկ, 6-7 հատ քաղցր պղպեղ, 2 գլուխ միջին մեծության սոխ, 500 գրամ տավարի աղացած միս, 2 գդալ տոմատի մածուկ, կտրտած կարոս, 0,5 թեյի բաժակ բրինձ:
Լոլիկի ու պղպեղի միջուկը հեռացնել, ինչպես տոլմայի համար, լոլիկի միջուկը մանրացնել, լցնել առանձին ամանի մեջ, միսը սոխի հետ տապակել յուղով, ավելացնել ջրով նոսրացրած տոմատի մածուկ, կտրատած կարոս, աղ, սև կամ կարմիր պղպեղ, բրինձ և թույլ կրակով եփել, որից հետո լցոնը լոլիկի ու պղպեղի մեջ լցնել, շարել յուղ քսած թիթեղի վրա և մոտ 1 ժամ մեղմ կրակով եփել ջեռուցում:
Մատուցել տաք վիճակում:
ՏԱՊԱԿԱԾ ՏԱՎԱՐԻ ՄԻՍ
1 կգ տավարի փափուկ միսը բաժանել կտորների, լվանալ և թակիչով թեթևակի ծեծել, յուրաքանչյուր կտորի վրա աղ ու պղպեղ ցանել, 2 կողմից թաթախել լավ հարած ձվի մեջ, հետո աղացած պաքսիմատով պատել երկու կողմից և յուղով տապակել մինչև լրիվ եփվելը: Տապակած միսը մատուցել որևէ խավարտով՝ տապակած կարտոֆիլի, խորոված բադրիջանի ու կանաչ պղպեղի, տարբեր մթերքներով պատրաստած փլավների հետ: Նախընտրելի է վերջին դեպքում մատուցել նաև թանձրահյութ (տոմատով կամ թարմ լոլիկով պատրաստած սոուս):
ՏԱՊԱԿԱԾ ՍԻՐՏ
1 կգ սիրտ, աղ, սև պղպեղ, ալյուր, յուղ, 2 հատ սոխ, 0,5 թեյի բաժակ արգանակ, կամ տաք ջուր
Որքան խաշած սիրտ ուտեք,
Այնքան սրտոտ կլինեք,
Որքան համով սիրտ ուտեք,
Այնքան խղճով կլինեք:
Ամենօրյա սեղանին
Սիրտը որքան շատ լինի,
Սիրտն ու սերը միասին
Նոր «համ» կտան ձեր ճաշին:
Տապակելուց առաջ սիրտը կտրատել մանր կտորներով, լվանալ, վրան ցանել աղ, սև պղպեղ, այնուհետև թաթախել ալյուրի մեջ և երկու կողմից յուղով տապակել, որից հետո ավելացնել մանր կտրատած կանաչ կամ գլուխ սոխ, մի քիչ արգանակ (կամ տաք ջուր), 0,5 բաժակ սպիտակ գինի, 1 ճաշի գդալ ալյուր ու եփել մինչև թանձրանալը: Մատուցել տաք վիճակում տապակած կարտոֆիլի կամ ցանկացած փլավի հետ (նախընտրելի է հաճարով փլավը):