Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 3 » Արյունոտ իշխանության դեմ...
13:09
Արյունոտ իշխանության դեմ...


Երջանիկ Աբգարյան

Հասանք: Իշխանական սոխակները եւ սրանց կից «անկախ» վերլուծաբանները սկսել են դայլայլել Րաֆֆու «բերած» ընդդիմադիր «նոր կուլտուրայի» թեմաներով: Այդ կապակցությամբ ապշահար զարմանքով մատնացույց են անում Րաֆֆու «սահմանադրական ուղիով» պայքարը շարունակելու «հաստատակամությունը» եւ նրա «բարիությունը»: Մի բան պարզ է, եթե քաղաքական հակառակորդներդ սկսում են քեզ գովել, ուրեմն կամ դու ես ինչ որ բան սխալ անում, կամ իրենք ուզում են իրենց «լայնախոհության» ցուցադրմամբ զգացմունքային ազդեցություն գործել հասարակության որոշակի խավի վրա: Սա այսպես է: Բայց իսկապե՞ս Րաֆֆու ընդդիմադիր շարժումը «նոր կուլտուրա» է մտցրել հայաստանյան ընդդիմության գործելակերպում: Րաֆֆին համարյա ամեն օր խոսում է պայքարի սահմանադրական ուղուց շեղում չկատարելու մասի: Բայց այդ նույն բանը չէ՞ր անում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր գլխավորած շարժման հինգ տարիների ընթացքում: Այստեղ բացարձակապես ես չեմ տեսնում «նոր կուլտուրա»: Րաֆֆու եւ նրա գլխավորած շարժման «բարիությո՞ւնը»: Այստեղ արդեն ծիծաղելի է: Լսեք, ախր «բարությունը» քաղաքական կատեգորիա չէ: Քաղաքական լուրջ պայքար, այն էլ այնպիսի վարչախմբի դեմ՝ ինչպիսին է մինչեւ ուսերը ձեռքերը արյունոտ այս վարչախումբը, բարությամբ կամ չարությամբ չես կարող վարել: Առաջին հերթին դու պետք է գիտակցես, թե ո՛ւմ դեմ ես պայքարում: Տվյալ դեպքում արյունոտ վարչախումբն է կանգնած քո դեմը, որն իր իշխանության պահպանումը (կրկնեմ մի հարյուրերորդ անգամ) համարում է կենաց-մահու կռիվ: Այստեղ դիմացինի բարությունը կամ չարությունը պղնձադրամի արժեք չունի, նույնիսկ կարող է դառնալ ծաղրի առարկա: Իսկ բարությամբ կամ չարությամբ պարտվելը՝ նույն բանն է: Ուղղակի մեղք է մեր ժողովուրդը, հարկավոր է ուշքի գալ եւ պայքարը շարունակել հաշվի առնելով վերոհիշյալ սպառնալի հանգամանքը ամեն գնով հաղթահարելու առաջնահերթ անհրաժեշտությունը:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1047 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Րաֆֆի Հովհաննիսյան, Երջանիկ Աբգարյան, Լևոն Տեր-Պետրոսյան | - Վարկանիշ -: 0.0/0