Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 2 » Ազատագրական շարժման հաջորդ փուլը
11:04
Ազատագրական շարժման հաջորդ փուլը

Ժիրայր Սէֆիլեան

‎2008 թ. մարտի 1-ին ժողովուրդը գնդակահարվեց իր Հայենիքի մայրաքաղաքում: Աշխարհաքաղաքական կենտրոնները շրջանցեցին այս հանգամանքը և շարունակեցին գործակցել վարչախմբի հետ: Այդ օրվանից պարզ դարձավ, որ գործող պետական կառավարման համակարգը ոչ միայն անարդյունավետ է, այլև թշնամական: Այլևս կասկած չէր կարող լինել, որ այն ստեղծված է որպես ապազգային ու անմարդկային վարչախմբի ձեռքով օտար ուժերի շահերը սպասարկող գործիք: Ժողովուրդն իր տասը զավակների կյանքի գնով հասկացավ, որ Հայաստանն ինքնիշխան պետություն չէ և փաստորեն օկուպացված է: Քաղաքական գիտակցության այս արթնացումը ծնեց զուգահեռաբար գործող այլընտրանքային համակարգ ձևավորելու և առկա նորգաղութային համակարգին դրանով փոխարինելու միջոցով նոր որակի պետություն ստեղծելու ու Հայրենիքն ազատագրելու գաղափարը: Ներկայումս` 2013 թ. այսպես կոչված նախագահական ընտրությունների հերթական կեղծումից և օտար ուժերի կողմից դրա վավերացումից հետո, այս այլընտրանքային գաղափարն արդեն դառնում է ժողովրդի լայն շերտերի սեփականությունը և վերածվում է համազգային ծրագրի: Արցախյան համաժողովրդական շարժմամբ սկսված 25-ամյա պայքարի փուլն ավարտվում է: Սկսվում է ազգային-ազատագրական շարժման հաջորդ փուլը, որը կավարտվի նոր որակի պետության ստեղծմամբ և Հայաստանի լիարժեք ինքնիշխանության հաստատմամբ: Այլընտրանքային ծրագիրը երաշխավորում է ստեղծված քաղաքական փակուղուց դուրս գալու, մարտի 1-ի կրկնությունից խուսափելու և մեր Հայրենիքն ազատագրելու հնարավորությունը: Որքան շուտ և ակտիվորեն մեր ժողովուրդը ձեռնամուխ լինի այս ծրագրի իրագործմանը, այնքան արագ ու առանց ցնցումների կհասնենք մեր նպատակին:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 872 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Մարտի 1, Ժիրայր Սեֆիլյան | - Վարկանիշ -: 0.0/0