Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 20 » «...և այդ պայքարը չի կարող վերջ ունենալ»
23:25
«...և այդ պայքարը չի կարող վերջ ունենալ»

Հասմիկ Հարությունյան

«...եւ այդ պայքարը չի կարող վերջ ունենալ». Սասուն Միքայելյան

Մի հին անեկդոտ կար. մեկը կատաղած, բահ-գերանդի առած գնում է, հարևանն ասում է՝ էս ո՞ւր, պատասխանում է, թե բա էն մեր մյուս հարևանն ինձ 15 տարի առաջ բեգեմոտ անվանեց, հիմա գնում եմ տամ-սպանեմ։ Հարց տվողն ասում է՝ բա որ 15 տարի առաջ է ասել, ինչո՞ւ ես հիմա գնում։ Պատասխանում է՝ երեկ նոր գնացի գազանանոց և տեսա, թե բեգեմոտն ինչ բեջուռա կենդանի է։

Հիմա ես եմ։

Այսօր նոր կարդացի Սասուն Միքայելյանի մի քանի օր առաջվա հոդվածը և, մեղմ ասած, բավական զարմացա, թե ինչպե՞ս կարելի է սեփական ընկճվածությունը շրջել փաստերի կամ նրանց մեկնաբանման դեմ ու խեղաթյուրել դրանք։ Զարմացա նախևառաջ այն հանգամանքից, որ դա հարցազրույց չէր, որի դեպքում պատասխանները կարող էին սադրանքի արդյունք լինել, այլ հոդված էր։ Իսկ դա նշանակում է, որ ինքը նստել ու գրել է՝ իր նախաձեռնությամբ, առանց կողմնակի միջամտության (հուսով եմ)։

Հոդվածն ամբողջությամբ հետևանքների ու պատճառների շփոթության արդյունք է։ Եթե նման բանի ամեն օր ականատես ենք լինում, դա դեռ չի նշանակում, թե այդ երևույթը նորմալ է կամ չնչին մի բան է։ Դա նշանակում է, որ հոդվածն ամբողջությամբ հիմնված է տրամաբանական, կոնցեպտուալ սխալի վրա։ Որպեսզի միանգամից պարզ լինի, թե պատճառի ու հետևանքի շփոթությունն ինչի է նման, պատկերավոր ու հակիրճ մի օրինակ կլինի, ասենք, այն, որ մեկն ավտովթարից մահանա, մենք ապրիորի ասենք, թե քաղցկեղ ուներ։ Դա էլ բավական չի, սկսենք այդ մահի համար մեղադրել ընտանիքի անդամներին ու բժիշկներին, որ ուշադրություն չեն դարձրել հիվանդությանը, ժամանակին չեն հայտնաբերել այն ու բուժել։ Մինչդեռ ոչ մի քաղցկեղ չի եղել։

Բարձր գնահատելով պրն. Միքայելյանի անցած մարտական ուղին՝ այնուամենայնիվ կարծում եմ, որ նրա միայնակ կամ ընկերովի մտորումները չպետք է հասնեին հոդվածի մակարդակի։

Եթե Կոնգրեսի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իրադրության ներկայացումն «ի սկզբանե անհեռանկար քաղաքագիտական վերլուծություն» ես անվանում, առնվազն տարակուսելի է այսքան ժամանակ տևած լռությունդ։ Հետևաբար, ենթադրում եմ, որ իրականում խոսքն «ի սկզբանե»-ի մասին չի, որքան էլ այն ոսկեղենիկ հնչի։ Ենթադրում եմ, որ խոսքը նախագահական ընտրություններին դաշինքով ներկայանալու, ինչպես ինքն է շարունակում, «անհեռատես քաղաքական սիրախաղերի» մասին է։ Այդ դաշինքի նպատակահարմարության մասին այնքան շատ է խոսվել, որ մարդ էլ սիրտ չունի որևէ բան ավելացնելու։ Նախ, հաջողությունն արդեն իսկ ակնառու է, թեև վերջնականը 100 տոկոսանոց ու այն շռնդալի արդյունքը չէր, որին ձգտում էինք։ Բայց մի՞թե դա նշանակում է, որ այն սխալ էր։ Իսկ եթե դաշինքի արդյունքը իշխանափոխությունը լիներ, ապա ուրեմն այդ «սիրախաղերն» ավտոմատ կերպով կդառնային հույժ հեռատես ու ճիշտ վերլուծություն, հա՞։ Կոնգրեսի մեջ ինչ իրար անհարիր ուժ ու հատկապես անհատ ասես, որ չկար։ Դրանից բխո՞ւմ է, որ Կոնգրեսն ի սկզբանե սխալ միավորում էր և անհեռատես սիրախաղ։ Ինչ վերաբերում է դրանից ոմանց հեռանալուն և դրա մեջ առաջին նախագահին մեղադրելուն, այդ կոնտեքստում լավ կլինի հիշել կուսակցություններ ու դաշինքներ փոշիացնելու անցյալի «հարուստ» փորձը, որը նշանավորեց վերջին 15 տարվա իշխող կլանի դպրոցի հիմնադրումը։ Եվ ասել, թե Կոնգրեսի դեպքում դա չհաջողվեց իշխանություններին (այլ հաջողվեց ՀԱԿ-ին), նշանակում է ամենամոտ անցյալն անգամ մոռանալ։

Պարզվում է, Լևոն Տեր-Պետրոսյանը «մի՞թե հնարավոր չէր գոնե 1-2 տարի առաջ արժանի փոխարինող ասպարեզ բերելու» գործում զլացավ։ Սասուն Միքայելյանը փորձում է անաչառ վերլուծություն կատարել. «Ես ամենեւին համաձայն չեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ քաղաքականությունից իր բացակայության ժամանակահատվածում նոր լիդերներ չեն ծնվել։ Ռոբերտ Քոչարյանը, թերեւս այն լիդերն է, որը նրա աճեցրած կադրն է եւ որին հաջողվել է 10 տարվա ընթացքում փոշիացնել Հայաստանի քաղաքական դաշտը։ Ու եթե այսօր, 21 տարվա անկախության պայմաններում, մեր երկրի երեկվա կամ վաղվա նախագահի օրինակարգությունը համեմատվում է Սադամ Հուսեյնի ու Քադաֆիի օրինակարգության հետ, ապա դրանում մեղավորը ոչ ժողովուրդն է, ոչ էլ Կեւորկովը...»։ Սա արդեն առնվազն պարկեշտ չէ, պարոն Միքայելյան։

Նախ և առաջ, ի՞նչ է նշանակում 1-2 տարի առաջ արժանի փոխանորդ ասպարեզ բերելը։ Էդպես, Լ. Տեր-Պետրոսյանը պետք է բռներ ու «արժանի փոխանո՞րդ» կարգեր։ Թե՞ տանը նստեր ու դասեր տար իր նախընտրած մեկին։ Եվ կամ գուցե մեկն ինքնաբուխ հսկա լիդերի հատկանիշներ ուներ, և Տեր-Պետրոսյանը նրան խեղդե՞ց սաղմնային վիճակում։ Չեմ կարծում, թե արժե այս մասին շարունակել խոսել։

Իսկ երկրորդ մասի առնչությամբ մեկ ասում եք, որ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի քաղաքականությունից բացակայության 10 տարիների ընթացքում է ծնվել, մեկ էլ ասում եք, որ իր աճեցրած լիդերն է։ Ավելի լավ կլիներ հստակ որոշումը կայացնեիք, թե Քոչարյանին հատկապես ո՛ր մեկն է վերագրում։ Եթե, ըստ Ձեզ, Տեր-Պետրոսյանը Քոչարյանին «աճեցրեց», ապա միայն մի հարց ունեմ. իսկ հանրապետությունում որևէ մեկը կա՞, ում մասին չէիք ասի, թե նա է աճեցրել։ Հայրիկյանից բացի։ Եթե կա, ապա ուրեմն էդպես աճած թող լիդերություն անեն։ Իսկ եթե ինքնաբուխ են աճում, ապա ուրեմն առավել ևս պետք է վաղուց աճած լինեին և հիմա էլ լիդերություն անեին. ինչո՞ւ եք հույսներդ դնում մի մարդու աճեցման վրա։ Թե չէ մի տեսակ այն անեկդոտի նման է ստացվում, որ ասում են՝ «Իմացա՞ր՝ Իցհակ Ռաբինին սպանել են», պատասխանում ես. «Իյա. մալադե՛ց Վանո»։

Այնուհետև կարդում ենք. «Փաստորեն ստացվում է, որ եթե առաջադրվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Գագիկ Ծառուկյանը, ապա պայքարը ավազակապետության կազմաքանդման համար շարունակվում էր, իսկ եթե` ոչ, ապա նախագահական ընտրություններին մասնակցելով` մենք լեգիտիմացնում ենք վարչախմբի վերարտադրությունը»։ Չէ, հարգելի Սասուն Միքայելյան, էդպես չի ստացվում։ Պարզապես ստացվում է, որ 2-ը 1-ից մեծ է, իսկ 3-ը 1-ից ավելի մեծ է, ոչ թե հակառակը։ Պարզապես ստացվում է, որ ամբողջը մասից ավելի մեծ է, հետևաբար՝ ավելի ուժեղ, հետևաբար՝ հաղթելու ավելի մեծ ներուժ ունի։ Մի՞թե դժվար է այդքանն ընդունելն ու առաջ անցնելը։

Այնուհետև ասում եք. «Ի՞նչ պատասխան ենք մենք տալու մարտի 1-ի զոհերի հարազատներին եւ առհասարակ մեր բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքներին ու ժողովրդին։ Սա՞ է պայքարի վերջը, սրա համա՞ր են զոհվել տղաները»։ Սա՞ էլ դարձավ Կոնգրեսի մեղքը՝ Մարտի 1-ի զոհերն ու զոհված բոլոր ազատամարտիկները, հա՞։ Ես հասկանում եմ, անշուշտ, որ հռետորաբանության տեսակետից զոհերի, սրբերի հիշատակումը միշտ տպավորիչ է։ Բայց հենց այդ է պատճառը, որ զոհերի, ինչպես նաև շատերի կողմից աստծու հարկի-անհարկի հիշատակումը ամենամեծ վիրավորանքն է նույն այդ զոհերի և աստծու հասցեին։

Մի խոսքով, հոդվածում միակ կետը, որին համաձայն եմ՝ «Իհարկե, մենք շարունակելու ենք պայքարել հանուն մեր բոլորիս երազած Հայաստանի, եւ այդ պայքարը չի կարող վերջ ունենալ»։

Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 1598 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Հասմիկ Հարությունյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Սասուն Միքայելյան | - Վարկանիշ -: 5.0/2