Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 22 » Գիշատիչ պետություն
23:05
Գիշատիչ պետություն

Ներկայացնում ենք Կառավարության ծրագրի վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից Լեւոն Զուրաբյանի կողմից ԱԺ 2013թ. մայիսի 22-ի լիագումար նիստում հնչեցված ելույթի առաջին մասը:
Նյութի աղբյուրը՝ ilur.am

«Հարգելի խորհրդարան,

Այս լսարանում ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ կառավարության ծրագրի ներկայացումը, համաձայն մեր Սահմանադրության տրամաբանության, իրականում առիթ է՝ կառավարո համար Ազգային ժողովում վստահության քվե ստանալու համար: Բովանդակային քննարկումն այդ առումով անիմաստ գործ եմ համարում: Նախ, այս կառավարության խոսքը գրոշի արժեք չունի, քանի որ անցյալում ներկայացված ծրագրային դրույթները երբեւէ չեն իրականացվել:

Երկրորդ, մինչեւ հիմա ներկայացված ծրագրերը, ինչպես վկայում է Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը, մասնավորապես, Գյումրիի տեխնոպարկի ծրագրի իրականացման ուսումնասիրությունը, վերածվել են պետական բյուջեի միջոցների հափշտակման վակխանալիայի:

Ավելի ուշ կանդրադառնամ Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվությանը, բայց այստեղ կցանկանամ նշել այն հանգամանքը, որ իշխանությունները խորամանկորեն այդ հաշվետվության քննարկումը դրել են կառավարության ծրագրի քննարկումից հետո: Հակառակ դեպքում պարզ կլիներ, որ մենք իրականում այստեղ քննարկում ենք ոչ թե երկրի տնտեսության զարգացման, այլ պետական միջոցների բացահայտ հափշտակության ծրագիր:

Ավելի կարեւոր եմ համարում մեր հանրության ուշադրությունը սեւեռել նույն այս կառավարության հինգ տարվա գործունեությանը վերաբերող հետեւյալ զարմանահրաշ իրողություների վրա:

Նշված ժամանակաշրջանում ամբողջ Եվրոպայում միջազգային տնտեսական ճգնաժամը սրբեց-տարավ կառավարությունները հիմնականում արտահերթ ընտրությունների միջոցով, քանի որ եվրոպական ընտրողները երբեք թույլ չեն տա իշխել որեւէ կուսակցության, որի օրոք տնտեսական անկում է տեղի ունեցել:

Բացառություն եղավ Էստոնիան, որի ինտելեկտուալ կառավարիչները կարողացան բացատրել ոչ պակաս ինտելեկտուալ ընտրազանգվածին, որ կառավարությունը կատարել է բոլոր անհրաժեշտ քայլերը`ճգնաժամի հետեւանքները նվազագույնի հասցնելու նպատակով:

Ամենազարմանալի բանը, սակայն, տեղի ունեցավ Հայաստանում: Հակառակ ՀՆԱ-ի ռեկորդային 15 տոկոսանոց անկմանը՝ աղքատության սրընթաց աճին, ռազմական ժամանակներին հատուկ ծավալների հասնող արտագաղթին եւ կոռուպցիայի ահռելի մեղադրանքներին, հայ ժողովուրդը աննախադեպ եւ տարեցտարի աճող էնտուզիազմով գնաց եւ, խփելով ընտրողների մասնակցության անցյալի բոլոր ռեկորդները, վերընտրեց իրեն կեղեքող եւ աղքատության շեմին հասցնող Հանրապետական կուսակցությանը՝ վերջին ընտրություններում արդեն նրան տալով անհավատալի՝ գրեթե 60 տոկոս ձայն: Ո՞րն է այս ոգեւորության բացատրությունը: Մի՞թե Հայաստանի կառավարիչներին էստոնացի գործընկերների նման հաջողվեց համոզել ընտրողներին, որ կառավարությունը ազնիվ է աշխատել եւ մաքսիմալ ջանքեր գործադրել երկրի տնտեսական զարգացման համար: Դա հանարավոր չէ: Ձեր էստոնացի գործընկերները հասարակ մահկնացուների նման ապրում են սովորական բնակարաններում եւ երթեւեկում քաղաքային տրանսպորտով: Մինչդեռ դուք, պարոն վարչապետ, եւ ձեր թիմի այլ կարկառուն դեմքերը, մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որեւէ հոդաբաշխ պատասխան այդպես էլ չտվեցին, թե ինչպես առանց ժառանգություն ստանալու, զուտ ձեր հայտարարագրած պաշտոնական աշխատավարձի շնորհիվ կարողացել եք առասպելական հարստություններ դիզել:

Ուստի ո՞րն է Ձեր ապշեցուցիչ ընտրական հաջողության գաղտնիքը. այս ամենից հետեւում է մի պարզ եզրակացություն. ձախողվելով պետական կառավարման բոլոր բնագավառներում եւ իշխանության լծակներն օգտագործելով միայն սեփական հարստացման նպատակով՝ այս կառավարությունը կատարելագործվել է միայն մեկ`կրիմինալի, ընտրակաշառքի եւ ապօրինի քվեարկողների բանդաների միջոցով ընտրությունները կեղծելու մեջ:

Համաշխարհային քաղաքագիտության մեջ նման իշխանությամբ կառավարվող պետությունները հայտնի են որպես «գիշատիչ պետություններ» «predatory states»: Գիշատիչ պետություններում իշխանությունները անխնա կեղեքում են սեփական ժողովրդին՝ ազգային հարստությունը կենտրոնացնելով մի քանի ընտանիքների ձեռքում, մինչդեռ ժողովրդի մեծամասնությունը ապրում է ծայրահեղ աղքատւթյան մեջ կամ ստիպված է արտագաղթել: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ իրականում այն իրավիճակը, որում մենք այսօր գտնվում ենք, պետական մի աղետ է, քանի որ Հայաստանը հայտնվել է դասական գիշատիչ պետությունների շարքում, ինչպիսիք են, օրինակ՝ Զաիրը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը եւ Նիգերիան:

Հարցն, ուստի, այլ կերպ պետք է ձեւակերպել՝ ինչպե՞ս է համարձակվում վստահության քվե պահանջել մի կառավարություն, որը հինգ տարվա ընթացքում նախագահել է 250 հազար մարդկանց արտագաղթը: Ի վերջո, չմոռանանք, որ 1920թ. սկսած՝ Հայաստանում արտագաղթ եղել է միայն պատերազմի տարիներին, մասնավորապես՝ 1991-94թթ. եւ հոկտեմբերի 27-ի արյունալի ոճրագործությանը հաջորդող կարճ ժամանակաշրջանում: Հայաստանի պատմության մեջ այն բացառիկ կառավարությունն եք, որի կառավարման օրոք՝ խաղաղ պայմաններում, տեղի է ունենում աղետալի արտագաղթ:

Ինչպե՞ս է համարձակվում վստահության քվե մեզանից պահանջել մի կառավարություն, որը ընտրությունների շրջանում թաքցնում է ժողովրդից գազի գնի բարձրացման հեռանկարը եւ միայն ընտրությունների ավարտից հայտարարում գազի այնպիսի թանկացման մասին, որն իրականում խեղդելու է Հայաստանի տնտեսությունը եւ զարկ տալու արտագաղթի ավելի մեծ տեմպերին: Պետք է ասել ճշմարտությունը. գազի թանկացումը հետեւանք է, մի կողմից, ՀայՌուսգազարդի համակարգում Հայաստանի իշխանությունների կողմից հովանավորվող կոռուպցիայի, մյուս կողմից՝ Ռուսաստանից Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունների այնպիսի կախվածության, որը թույլ չի տալիս կտրուկ պաշտպանել հայ ժողովրդի շահերը Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ օգտագործել Իրանից այլընտրանքային գազամատակարարում ստանալու հնարավորությունները»:




Երեկ իմ ելույթն ընդհատվեց այն պահին, երբ ես թվում էի այն բոլոր փորձանքները, որ մեր ժողովրդի գլխին բերել է այս շնորհալի կառավարությունը: Շարունակեմ:
Այսօր վստահության քվեի համար մեզ համարձակվում է դիմել մի կառավարություն, որի օրոք Հայաստանը զրկվեց իր ազգային ավիափոխադրողից, իսկ բազմաթիվ լուրջ ավիաընկերություններ հրաժարվեցին սպասարկել մեր երկիրը: 
Մենաշնորհների մասին: Անցած աշնանը Հայ Ազգային Կոնգրեսը, ստանալով ընդդիմադիր բոլոր խմբակցությունների աջակցությունը, ներկայացրեց մենաշնորհների վերացմանն ուղղված մի փաթեթ, որը, սակայն, առանց որեւէ հիմնավորումների, ցինիկաբար մերժվեց հենց այս նույն կառավարության կողմից: Քննարկումների ընթացքում, ցուցադրելով դեմագոգիայի բարձրագույն արվեստ, կառավարությունն, ըստ էության, իրեն դրսեւորեց որպես մենաշնորհների փաստաբան՝ հայտարարելով, որ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների առկայությունն ինքնին չարիք չէ, եւ Կառավարությունը նպատակահարմար չի գտնում պայքարել այդ երեւույթի դեմ: Պատահական չէ, որ համաձայն մրցունակության համաշխարհային զեկույցի տվյալների՝ «Տեղական մրցակցության ուժգնությունը»  ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 130-րդ, իսկ «Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության» ցուցանիշով` 116-րդ տեղը՝ աշխարհի 144 երկրների մեջ: Այսպիսով, այս կառավարության ջանքերով ստեղծված է ժողովրդի հարստահարման մեխանիզմ, որի հետեւանքով երկրում ձեւավորվել են արհեստականորեն բարձր գներ, խեղդվում է մրցակցությունը, մանր եւ միջին գործարարությունը, աճում սոցիալական բևեռացումն ու աղքատությունը:

Մեզանից այսօր վստահության քվե է հայցում մի կառավարություն, որը խոստացել էր 5 տարվա ընթացքում կրկնապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, մինչդեռ նույն այդ 5 տարվա ընթացքում իրական ՀՆԱ-ն հետեւողականորեն նվազել է, ինչի հետեւանքով բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը 2008թ. եղել է 114-րդ տեղում, 2011թ` արդեն 141-րդ տեղում:
Նույն ժամանակաշրջանում աղքատության ցուցանիշը՝ 2008թ. 27,6%-ից աստիճանաբար աճել է ու 2012թ. հատել է 40%-ի սահմանը: 
Հիմա ես խնդրում եմ ասեք՝ է՞լ ինչ վնաս պետք է դուք հասցրած լինեիք այս երկրին, որ չհամարձակվեիք գալ այս դահլիճ ու փորձել ստանալ խորհրդարանի վստահության քվեն: Կարծում եմ՝ ինչ էլ որ չեք արել, կանեք շատ մոտ ապագայում:

Իսկ հիմա իմ խոստացած անդրադարձը՝ Վերահսկիչ պալատի հաշվետվությանը. այն իրականում դատավճիռ է այս կառավարության համար եւ բացահայտում է նրա քրեական եւ կեղեքիչ բնույթը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ չարաշահումները, պետական միջոցների հափշտակումները եւ վատնումները կրում են համակարգային եւ համատարած բնույթ:

Բերեմ մի քանի մեջբերում. քաղաքաշինության ոլորտ՝ «Վերահսկողության ընթացքում արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ և թերություններ, որոնք ընդհանրական են և նույնությամբ կրկնվում են գրեթե բոլոր օբյեկտներում», ճանապարհաշինության ոլորտ՝ «Ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով նույնպես բացահայտվել են մի շարք բացթողումներ և խախտումներ, որոնք ընդհանրական են, կրում են համակարգային բնույթ», գնումների ոլորտ՝ «Իրավիճակը գնումների համակարգում, առհասարակ, խիստ մտահոգիչ է: Ակնհայտ է, որ խնդիրներն ունեն համակարգային բնույթ»:

Ընդամենը 16 ձեռնարկությունների և 4 ԾԻԳ-երի ստուգումները հայտնաբերել են չարաշահումների, մսխումների, վարկերի անարդյունավետ օգտագործման 850 մլն. դրամի, այսինքն՝ 2 միլիոն դոլարից ավելի ծավալի հանրագումար:
Քանի որ այստեղ մեծ-մեծ խոսեց կրթության եւ գիտության նախարարը, ես կբերեմ այդ թվերի հանրագումարը՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության «Կրթության ոլորտ» գլխից: Պարոն նախարար, պարզվում է, որ միայն ձեր ղեկավարած ոլորտում եւ միայն Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված տարատեսակ չարաշահումների ընդհանուր ծավալը կազմել է 220 մլն 500 հազար դրամ, կամ՝ ավելի քան կես միլիոն դոլար: Կարո՞ղ ենք այստեղից ենթադրել, որ նա, ով ավելի շատ է գողացել, նա է՛լ ավելի ակտիվ հարձակվում է ընդդիմության վրա:

Մեզանից վստահության քվե ցանկանում է ստանալ մի իշխանություն, որի ղեկավարած բանակում տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ իրենց կյանքով են վճարում ոչ կանոնադրական հարաբերությունների, կոռումպացված հրամանատարության եւ ոչ կոմպետենտ ղեկավարության համար:

Եվ վերջապես, մեզանից վստահության քվե է հայցում մի կառավարություն, որը անգամ ցեղասպանության ուրացման գնով, ստորագրելով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին Ցյուրիխյան արձանագրությունները, չկարողացավ հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը, իսկ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում ավելի եւ ավելի զիջում է բանակցային դիրքերը՝ համաձայնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա ԼՂ խնդրի կարգավորմանը:

Եթե դուք համարձակվում եք այսքան հանցագործություններից եւ ձախողումներից հետո հայցել խորհրդարանի վստահության քվեն, ապա մենք կարծում ենք, որ պատասխանը կստանաք ոչ թե մեզանից, այլ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդից:

Կատեգորիա: Ելույթներ | Դիտումներ: 1502 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Լևոն Զուրաբյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 5.0/1