Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 16 » Ի՞նչ է սպասվում փետրվարի 18-ից հետո
06:48
Ի՞նչ է սպասվում փետրվարի 18-ից հետո

Գագիկ Ծառուկյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը՝ նախագահական պայքարի մեջ չմտնել, հանգեցրեց նրան, որ փետրվարի 18-ին նախատեսված նախագահական ընտրությունները վերածվեցին Սերժ Սարգսյանի վերարտադրման միջոցառման: Հայկական պետության համար Սերժ Սարգսյանի վերընտրությունը կործանարար հետևանքներ կունենա, ու շուտով սա կզգան բոլորը` խոշոր բիզնեսմեններից մինչև աշխատավոր: Ու բոլոր նրանք, ովքեր կարծում են,որ Սերժ Սարգսյանին երբեմն մատուցած իրենց ծառայությունները հնարավորություն կտան խուսափել ու հեռու մնալ առաջացող խնդիրներից, իրականում կլինեն առաջին դուրս մղվողները, բայց սա արդեն նրանց խնդիրն է: Սակայն հասարակության առողջ հատվածը, որ չի ծախվել իշխանություններին, չպետք է ձեռքերը ծալած նստի:  Հիմա պետք է հստակ հասկանալ, թե ինչ վերադասավորումներ են սպասվում քաղաքական հարթությունում, ու դրա հետ կապված ինչ քայլեր է պետք է ձեռնարկել:

Փետրվարի 18-ից հետո Հայաստանի քաղաքական դաշտում փաստացի երկու քաղաքական ճամբար են գործելու, ավելի ճիշտ,  պետք է գործի երկու քաղաքական ճամբար`Սերժ Սարգսյանն իր հաճախորդների հետ մի կողմում, ազգային-ժողովրդավարական ուժերը մյուս կողմում: Իշխանությանը այլընտրանք հանդիսանալով (չեմ ուզում օգտագործել «ընդդիմություն» բառը, քանի որ շնորհիվ այնպիսի գործիչների, ինչպիսիք են Գեղամյանը, Շահնազարյանը, Արամ Զավենի Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր բառը ինֆլացիայի է ենթարկվել):

Սերժ Սարգսյանը կփորձի հետագայում էլ քիչ թե շատ նշանակալի քաղաքական ուժերի «տրաֆիկինգ» իրականացնել` նրանց առաջարկելով տեղ զբաղեցնել ՀՀԿ ցուցակում՝ Գեղամյանից հետո:

Սերժ Սարգսյանը նաև կփորձի իշխանության կենտրոնացման գործընթաց իրականացնել` դրան զուգահեռ «անկախ» ԶԼՄ-ների միջոցով այդ գործընթացը շուռ տալով ու ներկայացնելով որպես օլիգարխների ու կոռուպցիայի դեմ պայքար:

Ինչ վերաբերում է երկրորդ` ազգային-ժողովրդավարական ճամբարին, ապա այն պետք է ձևավորվի անմիջապես փետրվարի 18-ից հետո: Այդ ճամբարի մեջ, առանձին վերապահումներով, պետք է մտնեն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, ու այն բոլոր իրական ուժերը, որոնք չեն երկխոսեցվել Սերժ Սարգսյանի կողմից ու տեսնում են տարվող տնտեսական ու քաղաքական կուրսի կործանարար լինելը:

Ես նշեցի, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը պետք է մտնեն այդ ճամբարի մեջ որոշակի վերապահումներով: Վերապահումները հետևյալն են. այդ քաղաքական ուժերի վերնախավի փոփոխություն ու երիտասարդացում պետք է լինի, ու նրանք պետք է միավորվեն ազգային-ժողովրդավարական արժեքների, ուժեղ ու ազատ Հայաստանի, անկախ Արցախի գաղափարների շուրջ:

Շատերի մոտ հարց է առաջանում.ո՞վ պետք է ղեկավարի ազգային-ժողովրդավարական ճամբարը: Այս հարցի պատասխանը շուտով ավելի տեսանելի կուրվագծվի: Նոր ճամբարի լիդեր կարող է դառնալ ինչպես նոր ֆիգուր քաղաքական դաշտում, այնպես էլ փորձառու քաղաքական գործիչը: Ամեն ինչ կախված է իրադարձությունների զարգացումից, եթե հիշենք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ-ի վերջին համագումարում, երբ առաջին նախագահն ասաց, որ ժամանակին Չերչիլի ու Ստալինի քաղաքական հակառակորդները միավորվեցին ֆաշիզմի սպառնալիքների դեմ: Եթե որոշակի միավորում լինի, ապա մենք երկրի քաղաքական կյանքում հետաքրքիր զարգացումների ականատես կլինենք: Իսկ այժմ նախ պետք է հասկանալ, թե ինչ պետք է անեն քաղաքական ուժերը:

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո Բաղրամյան 26-ի ձեռքերով ՀԱԿ-ը սկսեց փլուզվել: «Գաղափարական» համոզմունքներից ելնելով` Կոնգրեսի կազմից մեծաթիվ քաղաքական գործիչներ ու կուսակցություններ դուրս եկան: Սա պետք է դաս լինի Լևոն Տեր-Պետրոսյանի համար, ու նա պետք է համապատասխան եզրակացություններ անի առկա իրավիճակի մասին: Լևոն Տեր Պետրոսյանը անքննելի հեղինակություն ունի ՀԱԿ-ում, ու կարող է վերաձևափոխել ՀԱԿ-ը կուսակցության, որի կազմի մեջ կտնեն նվիրյալ մարդիկ: Նրանք, ովքեր անկախ ամեն ինչից, այս 5 տարիների ընթացքում եղել են առաջին նախագահի կողքին, ու չնայած իշխանության  կողմից գրավիչ առաջարկներին, շարունակում են պայքարը ազատ Հայաստանի համար: Եթե սա տեղի չունենա, ու Լևոն Տեր-Պետրոսյանը  չգնա փոփոխությունների, ապա ՀԱԿ-ի ապագան շատ մշուշոտ կլինի:

Պետք է վերափոխումների ճանապարհով գնա նաև ավանդական կուսակցություններից Դաշնակցությունը: Հրանտ Մարգարյանը, իր անձնական շահերից ելնելով ու Սերժ Սարգսյանի հետ երկխոսության գնալով, կասկածի տակ դրեց ՀՅԴ-ի ապագան: Կուսակցության ներսում կան մարդիկ, ովքեր դեմ էին Մարգարյանի որոշմանը:

Ու եթե ՀՅԴ-ն չի ուզում կրկնել Հնչակների կամ Հայաստանի կոմունիստական կուսակցության ճակատագիրը, որոնց մասին մենք հիշում  ենք տոնից տոն, ապա պիտի մաքրի իր շարքերը: Պետք է գան նոր, երկխոսությամբ իրենց չկեղտոտած գործիչներ: Գործիչներ, որոնց համար հայ-թուրքական արձանագրությունները ետ կանչելու հարցը կլինի ոչ թե առևտրի առարկա, այլ սկզբունքային դիրքորոշում:

Վերակառուցման կարիք ունի նաև ԲՀԿ-ն: Այս կուսակցությունից պետք է դուրս մնան այն բոլոր կարիերիստներն ու օպպորտունիստները, որոնք Ծառուկյանի շուրջ հավաքվել են «որտեղ հաց` այնտեղ կաց» սկզբունքով:

Միայն քաղաքական ուժերի նման վերակազմակերպման դեպքում է հնարավոր ստեղծել միասնական ճակատ ու տանել արդյունավետ քաղաքական պայքար: Դրա հետ միասին պետք է դիմել նաև որոշ քաղաքական նորարարությունների:

Պետք է ստեղծել մեծաթիվ ԶԼՄ-ներ, որոնք կզբաղվեն հանրության շրջանում ազգային-ժողովրդավարական գաղափարների տարածմամբ: Մենք կարող ենք իշխանություններին կշտամբել, որ նրանք երկխոսեցրին նաև ԶԼՄ-ներին, որ կայքերը վեր չածվեցին Գեղամյանի էլեկտրոնային տարբերակների: Իհարկե, սա շատ զզվելի է, սակայն  ի՞նչն է խանգարում իշխանությանն այլընտրանք հանդիսացող ուժերին ստեղծել իրենց ԶԼՄ-ներն ու ի հակադրություն իշխանական ստի`տարածել առողջ գաղափարներ ու օբյեկտիվ տեղեկատվություն: Հետևաբար, ազգային-ժողովրդավարական ճամբարի առաջադրանքներից մեկը պետք է լինի առողջ տեղեկատվական տարածության ստեղծումը՝ ի հակադրություն իշխանության ստեղծած շինծու կամ կեղծ տեղեկատվական իմպերիային:

Բացի այդ, ՀՀԿ-ն իր ունեցած բոլոր թերություններով հանդերձ, ունի առանձնահատկություն` Երևանում ու մարզերում իր գրասենյակների հզոր ցանց: Հենց այս ցանցի միջոցով է ՀՀԿ-ին հաջողվում  ընտրությունների ժամանակ կեղծիքներ իրականացնել: Գրասենյակների հզոր ու գործուն ցանց պետք է ունենա նաև ազգային-ժողովրդավարական  ճամբարը: Ընդ որում, ցանցը պետք է աշխատի ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ միշտ: Պետք է աշխատել ժողովրդի հետ: Միայն վերոհիշյալ քայլերի իրագործման պարագայում Սերժ Սարգսյանի ռեժիմին հնարավոր կլինի այլընտրանք ստեղծել:Կլցվի այն վակուումը, որ այսօր գոյություն ունի մեր երկրում: Եթե սա տեղի չունենա, ապա այդ վակուումը կարող են լցնել դրսից: Քաղաքական պայքարի այլ տարբերակ չկա`կա՛մ վերակազմավորում ու միավորում առաջող գաղափարների շուրջ, կա՛մ հաճախորդացում:

Սևակ Դանիելյան

zham.am

Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 865 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0