Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 11 » Միանանք որ ի՞նչ
06:15
Միանանք որ ի՞նչ

Վազգեն Պապոյան

Ի՞նչ նպատակ են հետապնդում Րաֆֆու քայլերը

1. Իրո՞ք նա իշխանափոխության օգնությամբ փորձում է երկրում օրինականություն հաստատել: 

Եթե այո, ապա ինչու չմիացավ նույն առիթով 5 տարի առաջ ծավալված համաժողովրդական շարժմանը, այլ մասնակցեց ու շնորհավորեց փշալարերի հետևում երդում տվող 10 զոհերի կյանքի գնով իշխանությունը զավթած անձին: Եւ ի՞նչ է նշանակում սրա նրա կողմից միտինգներում ու տարբեր հանդիպումներում հնչող այն տեսակետներին, թե իբր ի տարբերություն 2008 թ. այժմ չեն հնչում ավերելու ու ջարդերի կոչեր: Ինչ է, 5 տարի առաջ այդպիսի կոչեր հնչում էի՞ն: Թե այն ժամանակ չմասնակցելով հավատացել են միշիկական պրոպագանդային ու հալած յուղի տեղ ընդունելով Սերժին հավասար ու մի բան էլ ավելի քննադատում են Տեր-Պետրոսյանին՝ իբր տեսեք, մենք ջարդելու կոչեր չենք անում:

Հատուկ Րաֆֆիի վկաներին. Տեր-Պետրոսյանը երբեք այդպիսի կոչեր չի արել, այդպիսի կոչեր արել է շարմազանովը՝ տարբեր ալիքներով հայտարարելով իբր Տեր-Պետրոսյանի կողմից արած հայտարարությունների մասին, ու քանի որ որևէ մեկին թույլ չէին տալիս բացահայտել այդ ստերը, հասարակության անտեղյակ մասի մոտ այդպիսի տպավորություն ստեղծվել է, որը ցանկանում են իրենց օգտին ծառայեցնել րաֆֆիականները՝ այս պարագայում ՀԱԿ-ի հետ անիմաստ մրցակցությունը իրենց օգտին ծառայեցնելու համար:

Ինչպես 2008թ., այնպես էլ հիմա ժողովուրդը ոտքի է կանգնել ոչ թե Լևոնի կամ Րաֆֆիի համար, այլ իր ընտրելու իրավունքը ոտնահարելու պատճառով: Եւ այն, որ ժողովուրդն այսօր ավելի վճռական ու ավելի հասուն է, դա առավելապես ՀԱԿ-ի վերջին 5 տարիների կատարած գործունեության հետևանքն է առավելապես, որովհետև հարյուրավոր մարդկանց բանտերը լցնելով այդպես էլ նրանց մեծ մասին չկարողացան որևէ կերպ կոտրել:

Մարտի 10-ի միտինգում անուղղակի Տեր-Պետրոսյանի հասցեին արված ակնարկներն ինձ լրիվ այլ բան են հուշում: Լևոնը ուղղակի հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Րաֆֆին ու պատրաստակամություն հայտնեց միանալ կոնկրետ ծրագրի առկայության դեպքում: Ու ինչ է ասում Րաֆֆի՞ն: Ըստ երևույթին կամ անընդունակ է իր թիմով որևէ ծրագիր ներկայացնել, կամ ցանկություն չունի, կամ էլ նպատակն այլ է (որին ես ավելի եմ հակված հավատալ ու դրա մասին վերջում): 

Րաֆֆին, քաջ գիտակցելով, որ Տեր-Պետրոսյանի թիկունքում ռեալ ուժ գոյություն ունի, կոնկրետ գործողություններ առաջարկելու փոխարեն ասում է թող կուսակցությունը (՞՞՞) ու արի իմ կողքին կանգնի: Քաղաքականությամբ զբաղվողի համար սա ի՞նչ դատողություն է: Առանց կուսակցության մարդ ինչպե՞ս է իր ծրագրերն ու գաղափարախոսությունը ներկայացնելու հասարակությանը, ԱԺ-ում անց կացնելու իր կարծիքով հասարակության համար օգտակար օրինագծերը: Իսկ ՀԱԿ-ի ամենամյա մարտիմեկյան միտինգի ձախողելը լրիվ ուրիշ բանի մասին է խոսում:

2. Ինչ գործոններ նպաստեցին Րաֆֆու կողմից կես միլիոնից ավելի ձայներ հավաքելուն:

Այստեղ ես պարտավոր եմ զուգահեռներ անցկացնել 2008թ. կայացած ընտրությունների ընթացքի հետ: 2008թ. Տեր-Պետրոսյանի քարոզարշավը խոչընդոտվում էր բոլոր հնարավոր միջոցներով, նրա ելույթները չէին ցուցադրվում էլեկտրոնային լրատվամիջոցներով, շրջաններում հանդիպումների օրերին կաթվածահար էին անում ողջ տրանսպորտը, որպեսզի մարդիկ հնարավորություն չունենան լսել նրա ուղղակի խոսքը, կողմնակիցներին զրկում էին աշխատելու ու ընտանիքը պահելու համար միջոցներ ստեղծելու հնարավորությունից (ի դեպ, ես դրանցից մեկն եմ, որին 2007թ. դեկտեմբերին կրճատման պատճառաբանությամբ ազատեցին աշխատանքից՝ մինչ այդ 2 անգամ բանավոր զգուշացնելուց հետո, որ չմասնակցեմ Տեր-Պետրոսյանի քարոզարշավին): Եւ ոչ միայն չէին ցուցադրում Տեր-Պետրոսյանի ելույթները, այլ, ռեժիմի նկատմամբ ատելությամբ լցված ժողովրդի ձայները փոշիացնելու համար կեղծ ընդդիմություն էին խաղացնում՝ ի դեմս Արթուրիկ ԱԽՔ-ի, որը Տեր-Պետրոսյանի նախորդ օրերին արված առարկայական քննադատություններն իշխանության հասցեին թութակի նման հաջորդ օրը կրկնում էր հեռուստատեսությամբ՝ ժողովրդի մոտ իր «ընդդիմադիր» իմիջը տպավորելու համար ու այպիսով զգալի ձայներ փախցնելով, որը հետո օգտագործվեց սպանդի միջոցով իշխանությունը զավթելու համար: Ի դեպ, նշեմ նաև տարբեր ծախու լրատվամիջոցների կողմից իրականացվող քարոզը իբր ընդդիմության կողմից ջարդել-փշրելու, պետությունը կազմաքանդելու, մութ ու ցուրտ տարիները միտումնավոր ժողովրդի վզին փաթաթելու և այլնի մասին, որն այսօր կրկնում են նաև «ժառանգության» բազմաթիվ ներկայացուցիչներ: 

Ինչ վերաբերում է 2013թ. ընտրություններին: Րաֆֆին որևէ խոչընդոտ չի ունեցել իր քարոզարշավի ընթացքում: Ավելին, նրա հաշվեհամարին ունեցած գումարը և դրա օգտագործումը համարժեք է եղել օրենքով թույլատրելի առավելագույն չափին: Բոլոր լրատվամիջոցներով նրան ներկայացնում էին ի հակադրություն Տեր-Պետրոսյանի որպես բարի, ոչ «ջարդարար» և այլն ու որևէ խոչընդոտ չէին հարուցում: Նպատակը պարզ էր՝ նրան լուրջ չընդունելով, ռեժիմը փորձում էր իդեալական ընտրությունների պատրանք ստեղծելով ապահովել իր վերարտադրությունը: Բայց ռեժիմը հաշվի չէր առել 2 գործոն, որոնք էլ գումարվելով բոյկոտին, ապահովեցին Րաֆֆու «խփած» ձայները: Այդ գործոններն են ա) Ժողովրդի ատելությունը, բ) վերջին 5 տարվա պայքարի արդյունքում թոթափած վախը՝ պլյուս հաղորդակցման արդիական միջոցների ընձեռած հնարավորությունները: 

Սերժիկի հետ ունեցած հանդիպման ժամանակ Սերժի կողմից արված առաջարկը՝ գլխավորել ընդդիմությունը հաջորդ ընտրական ցիկլում բացատրում է իշխանության իրական նպատակը, որին նպաստում են նաև որոշ ժառանգականների կողմից արվող համահունչ մեղադրանքները ՀԱԿ-ի հասցեին:

Հիմա անցնենք հաջորդ փաստարկներին: Այն, որ ռեժիմն իր իշխանությունը պահելու համար ոչ մի քայլի առջև չի կանգնելու, պարզից էլ պարզ է, դա են վկայում դեռևս 1998թ. սկսած սպանությունների շարքը՝ որոնց գագաթնակետը հոկտեմբերի 27-ի ու մարտի մեկի սպանդն էին, որոնց արդյունքում իշխանությունը զավթվեց իշխող խմբավորման կողմից: Ու այսքանից հետո ռեժիմը պետք է որևէ ձևով արձագանքի՞ Րաֆֆիի հացադուլին: Այսինքն, Րաֆֆին այնքան միամիտ է, որ սա չի հասկանու՞մ: Ես այդպես չեմ կարծում: 

Հիմա վերը նշված երրորդ նպատակի մասին: Պարզից էլ պարզ է, որ հացադուլն իր նպատակին չի հասնելու: Այդ դեպքում որն է նպատակը: Քանի որ որևէ ռեալ ծրագիր չի առաջարկվում, ժողովրդի հիասթափությանը չարժանանալու ու ընդդիմության դրոշակակրի կոչումից չզրկվելու համար պետք էր ինչ որ քայլի դիմել, որն ապահովեր այդ իմիջը: Ու Տեր-Պետրոսյանին ուղղված անուղղակի հորդորը միտինգին մասնակցելու ու կուսակցական «խաղերը» թողնելու մասին հենց այդ նպատակն են հետապնդում՝ դե ֆակտո ընդդիմության լիդեր հռչակվելու համար: 

Ո՞րն է լուծումը: Ժողովուրդը ոչ թե ցանկանում է իշխանության բերել Րաֆֆիին կամ Լևոնին, այլ ցանկանում է տեր կանգնել իր ընտրելու իրավունքին, որպեսզի այդ մեխանիզմի օգնությամբ կարողանա հեռացնել իրեն վատ դրսևորող ցանկացած իշխանության, որն էլ հանդիսանում է իրական ժողովրդավարության հիմքը:

Րաֆֆիի քայլերն իմ տեսնելով ավելի շատ նպաստում են առկա պոտենցիալի փոշիացմանը և այսպես շարունակելու դեպքում նրան անփառունակ ապագա է սպասվում՝ համալրել ժողգործիքների ցանկը ամենածանրակշիռ կերպով ու թոռների համար մեմուարներ գրել հավաքած կես միլիոնի մասին:

Իմ հասկանալով Րաֆֆին պետք է մի կողմ թողնի ամբիցիաներն ու կոնկրետ քայլեր անի ընդդիմության միավորման համար, քանի որ «խաղաթղթերն» առայժմ իր ձեռքում են, և ոչ թե նեղացածի կեցվածքով հայտարարի եկեք միացեք ժողովրդին: Ինչ է, ժամանակին դու միացա՞ր: Անծրագիր Րաֆֆիին միանալը միայն մի բան է նշանակում՝ հագուրդ տալ նրա փառասիրությանը: Միանանք որ ի՞նչ:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1106 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Րաֆֆի Հովհաննիսյան, Վազգեն Պապոյան | - Վարկանիշ -: 0.0/0