Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 7 » Ինչու՞ են քննադատում Բագրատյանին
04:58
Ինչու՞ են քննադատում Բագրատյանին

Եթե Կոնգրեսի ղեկավարությունը չի քննադատել Բագրատյանի առաջադրումը, ինչու՞ են դա անում համակիրները


Կոնգրեսի ղեկավարությունը հրապարակավ չի կարող քննադատել Կոնգրեսի որևէ անդամի առաջադրվելը այն պարզ պատճառով, որ նրանք այդ իրավունքն ունեն... Հռչակագրով։ Բայց տվյալ դեպքում Կոնգրեսի քաղխորհրդի այն որոշումը, որ չի աջակցելու որևէ թեկնածուի ավելին է, քան «քննադատությունը»։ Այսինքն դա հստակ անհամաձայնություն է Բագրատյանի կատարած քայլին։ Իսկ եթե անհամաձայնություն է, ուրեմն այդ առաջադրումը խանգարում, վնասում է վարչախմբի դեմ ուղղված մի այլ, ավելի կարևոր քաղաքական գործընթացի։ Հակառակ դեպքում անբացատրելի պիտի մնար, թե ինչու որևէ մեկը չպաշտպանեց Բագրատյանի թեկնածությունը այն դեպքում, երբ Կոնգրեսից այլ, համաձայնեցված թեկնածու չկար։ 

Ի սկզբանե այդ անհարմարությունը շատ լավ հասկացել է նաև Բագրատյանը, դրա համար էլ նա նախօրոք հայտարարել էր, որ «սառեցնում է համագործակցությունը կոնգրեսի քաղխորհրդի հետ», ինչը փաստացի նշանակում էր, թե դուրս է գալիս Կոնգրեսից։ Դրանով է, որ նա իրեն բարոյական իրավունք վերապահեց կատարելու այդ քայլը։ Այսնքն հասկանում էր, որ բարոյական և քաղաքական էթիկայի հարթության վրա իր քայլը, մեղմ ասած, խնդրահարույց է։ Հակառակ դեպքում նա պարզապես պետք է «Տղե՛րք, ի՞նչ եք կարծում, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ պատճառով չառաջադրվի, ես եմ ուզում առաջադրվել» հարցադրմամբ պաշտոնական քննարկում կանցկացներ Կոնգրեսի քաղխորհրդում կամ ոչ պաշտոնական խորհրդակցություններ՝ կուսակցություններց յուրաքանչյուրի հետ առանձն-առանձն։ 

Էլ չասենք, որ նա այդ խնդիրը պետք է քննարկեր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Վերջին հարցազրույցում ասում է՝ քննարկել եմ և Լևոն Տեր-Պետրոսյանը... «վատ չի արձագանքել, նա ինձ վատ բաներ չի ասել, նա ինձ բացատրել է... խնդրել է սպասել»։ Պիտի գորգոռա՞ր, վատ բան ասե՞ր, տնից քշե՞ր։ Այսինքն՝ նա իր քայլը կատարել է առանց ունենալու Կոնգրեսի առաջնորդի, Կոնգրեսի կուսակցություններց որևէ մեկի, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համաձայնությունը։ Ավելին՝ փորձ էր չի արել դրանք ձեռք բերել։ 

Ուրեմն հիմա ճիշտ կաներ ոչ թե զարմանար, որ իրեն չեն պաշտպանում, այլ ասեր՝ «ժողովուրդ, այն ինչ ես արել եմ, դրանից հետո Կոնգրեսն ինձ պաշտպանելու ոչ մի պարտավորություն չունի, ես ոչ մեկին չեմ մեղադրում, դուք էլ չիմանամ որ մեղադրեք»։ Բագրատյանի դեպքում դժվար, կարելի է ասել՝ անհնար է դավադրություն տեսնել (Սերժի լեգիտիմություն հայթայթելու գործում), ինչը հստակ կարելի է պնդել մյուս բոլոր դրածոների դեպքում։ Բայց Բագրատյանը, հակառակ մասնագիտական գտելիքների, իր քաղաքական մտածողության զարմանալի պակասով, փաստական չգոյությամբ կարող է նույն դրածոների դերը խաղալ ակամա ու նրանցից շատ ավելի արդյունավետ։

Քաղաքական մարդը երբեք անհատ չի լինում։ Քաղաքականությունը թիմայն գործ է, թիմն էլ քաղաքականության մեջ կուսակցությունն է։ Բագրատյանը առաջին անգամ եղել է ՀՀՇ քաղաքական թիմում։ Այն ժամանակ՝ 1990-ին, նա անհատապես չկարողացավ ընտրվել պատգամավոր։ Այսինքն՝ որպես քաղաքական մարդ չկարողացավ համոզել տվյալ ընտրատարածքի ընտրողների կեսից ավելիին (1990թ. ՀՀՇ-ից այդ բանը կարողացան անել 70-ից ավելի մարդիկ)։ 

Հաջորդ քաղաքական քայլը նա արեց 1996-ին՝ ՀՀՇ-ից դուրս գալով ու առանձին «Ազատություն» կուսակցություն հիմնելով։ Դա շատ թույլ քայլ էր, քանի որ դրդապատճառը վիրավորվածությունն էր, որ նրան կրկին վարչապետի պաշտոնում չնշանակեցին։ Ստեղծած կուսակցությունն էլ չկայացավ։ Կայանալ նշանակում է մասնակցել ընտրություններն և ինչ-որ նշանակալի արդյունք ստանալ։ Նման շատ թե քիչ հիշվող արդյունք «Ազատությունը» չի ունեցել ոչ մի ընտրությունում։ 

Հիմա էլ Հ. Բագրատյանը իր առաջադրվելու հիմնավորումների մեջ ոչ մի քաղաքական փաստարկ չի բերում։ Տնտեսագետ, շատ լավ տնտեսագետ, հանճարեղ տնտեսագետ լինելը ոչ մի կապ չունի նախագահի պոստին հավակնելու հետ, դրա հետ կապ չունի նաև «54 տարեկան եմ, 10 տարի հետո հնացած կլինեմ, ուզում եմ ինձ ցույց տալ» և այլ պատճառաբանությունները։ 

Տնտեսագետ լինելը կապ չունի անգամ վարչապետ աշխատելու հետ։ Դրանք քաղաքական պաշտոններ են և կարող են զբաղեցնել քաղաքական գործիչներ, ովքեր Հայաստանի մասշտաբով պետք է սկզբի համար ունենան առնվազն 3-4 հազարանոց թիմ։ Բագրատյանը չունի դրա անգամ 0,5%-ը։ 

Այս ամենը ոչնչով չի նվազեցնում շատ լավ տնտեսագետ լինելու, Հայաստանի և ցանկացած այլ երկրի խնդիրներն անգիր իմանալու նրա նախանձելի գիտելիքների արժեքը։ Պարզապես քաղաքական նման քայլի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար սրանք շատ օգտակար բայց շատ անբավարար հիմքեր են։ Եվ եթե պարոն Բագրատյանը դա չի գտակցում, ուրեմն նրա մոտ քաղաքական մտածողությունն է բացակայում։ Ինչը նույնպես վատ կամ սարսափելի բան չէ։ Առավել ևս վիրավորական չէ։ Ճիշտ այնպես՝ ինչպես վիրավորական չէ, եթե երկրի շատ լավ նախագահը լավ չհասկանա ֆուտբոլից կամ երաժշտությունից։ Մեկի մոտ զարգացած է ինժեներական մտածողությունը, մյուսի մոտ՝ տնտեսագիտականը, երրորդի մոտ՝ գեղագիտականը, մյուսի մոտ՝ քաղաքականը։ 

Եվ պարտադիր չէ, որ հանճարեղ մարդը հանճարեղ լինի բոլոր ասպարեզներում։ Սակայն իր բնագավառում հանճարեղ մարդը կարող է մեծապես օգտակար լինել ամեն մի քաղաքական մեխանիզմի, եթե դրվի իր տեղում, ցավոք, անկախ այն բանից՝ այդ մեխանիզմը ստեղծված է գործելու ի բարօրություն հասրակության, թե՞ այդ հասարակությանն ստրկացնելու համար։ Շատ վատ կլինի, լավագույն իրավաբանը, լավագույն պատմաբանը, լավագույն տնտեսագետը դրվի ավազակապետության կառույցում։

Գրիգոր Բաղդասարյան
Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 1161 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: ՀԱԿ, Հրանտ Բագրատյան | - Վարկանիշ -: 5.0/1