Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 10 » Կոմանդոսն ականջին օղ պիտի անի... ճշմարտությունը
21:13
Կոմանդոսն ականջին օղ պիտի անի... ճշմարտությունը


Երջանիկ Աբգարյան

Այսօր առավոտյան պատահաբար հայտնվեցի առաջին ալիքի տիրույթում, որտեղ խոսում էր կոմանդոսը: Հայ-հայ է փոխելու էի, մեկ էլ ի՛նչ լսեմ. թե իբր 1992-ին ՀՀՇ-ն ու դաշնակները վիճում էին, թե ո՛վ է կռիվը վարելու եւ դրանից օգտվեցին ադրբեջանցիները եւ գրավեցին Շահումյանի շրջանն ու Մարտակերտի շրջանի մի մասը շրջկենտրոնով հանդերձ: Սա մասնակիորեն սուտ է ՀՀՇ-ՀՅԴ իրական հակասությունների առումով, իսկ ընդհարապես՝ բացահայտ կեղծարարություն Շահումյանի եւ Մարտակերտի կորուստների հարցերում: Հայտնի է, որ իրերի բերումով ջոկատները սկզբնական շրջանում հիմնականում կազմավորվում էին հհշականների կամ Շարժման համակիրների կողմից եւ ՂՇՀԿ-ի, իսկ հետագայում նաեւ ՀՀՇ-ի նստավայրում՝ նախկին Տեխնիկայի տանը ունեին իրենց կենտրոնատեղին: Բայց ուզում եմ միանշանակ ընդգծել, որ հենց սկզբից ՂՇՀԿ-ն եւ ՀՀՇ-ն այդ զինված ջոկատները երբեք չեն դիտարկել իբրեւ քաղաքական կամ գաղափարախոսական գործունեության շրջանակ: Այլ հանգամանք էր, որ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ 1991 թվականից ծրագրված կերպով սկսեցին խրամատներում քննարկել հատկապես քաղաքական-գաղափարախոսական թեմաներ, միաժամանակ իրականացնելով կուսակցական մարդաորս մարտիկների եւ հրամանատարների շրջանում: Ես անձամբ այդ ժամանակներում Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում առնչվել եմ դաշնակների այդպիսի գործունեության մի շարք դրվագների՝ կապված ռազմիկների շրջանում դաշնակցական քարոզչության, սննդամթերք, հանդեձանք, զենք ու զինամթերք ըստ կուսակցական պատկանելության բաժանելու հետ: Այդ բոլորով հանդերձ դաշնակները շոշափելի արդյունք չունեցան, որովհետեւ դա, այն էլ պատերազմի պայմաններում, մերժելի գործելակերպ էր գնահատվում մարտիկների եւ հրամանատարների մեծագույն մասի կողմից: Բայց այս կարգի եւ ընդհանրապես այդ ժամանակվա քաղաքական հակասությունը ՀՀՇ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ արդյո՞ք կարելի էր գնահատել իբրեւ քաջալերիչ քայլ Ադրբեջանի համար, որ հարձակում սկսեր Հյուսիսային Արցախի ռազմաճակատի ողջ երկարությամբ: Կարծում եմ՝ ո՛չ: Եւ ընդհանուր առմամբ Հայաստանում 1991-1994թթ. այնպիսի լուրջ իրադարձություններ չեն եղել, ինչպիսիք եղան Ադրբեջանում, որոնք հակառակորդին առիթ կտային սկսել խոշորամասշտաբ հարձակումներ: Եթե Արկադի Տեր-Թադեւոսյանն այսօր հակառակն է պնդում, ապա, ակամա, ստիպված ես մտածել, որ նա «մեղմացուցիչ դեպք հանցանաց» է փնտրում իր կյանքի ռազմական մեծագույն ձախողման համար, որն, ի դեպ նրան ոչ ոք չի հիշեցրել առ այսօր, հաշվի առնելով այն, որ պատերազմում հաղթանակները միայն հաղթություններով չեն լինում, ինչպես նաեւ այն, որ նա որոշակի վաստակ ունի հայոց զինված ուժերի կայացման, նրա սկզբնական հաղթանակների եւ այլ գործերում: Ուզում եմ, որ նա ուղղակի իր ականջին օղ անի ճշմարտությունը, որն, ի դեպ, հենց իր օգտին է. ինքը 1992թ. հունիսին ադրբեջանցիներին չի պարտվել, պարտվել է մինչեւ ատամները ամեն ինչով զինված ռուսներին: Սա է իրականությունը եւ ռուսների նկատմամբ իր սիրատոչոր թուլությունը թող չդարձնի պատվանդան հայերի նկատմամբ «ադրբեջանցիների» տարած «խոշոր հաղթանակի» հուշասյուն կանգնեցնելու համար:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1950 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: ՀՀՇ, Երջանիկ Աբգարյան, ՀՅԴ, Կոմանդոս | - Վարկանիշ -: 0.0/0